Հայաստան

Կորցրածի Հետքերով

ՀՅԴ-ի դժգոհ վերաբերմունքը և նեղ կուսակցական շահեր հետապնդող վարքագիծը դատապարտելի են: Տեսակետ կա, որ դա պայմանավորված է հայաստանյան Դաշնակցության Քոչարյանի հետ դաշինքով, որոնք ընդգծված ռուսամետ դիրքորոշում ունեն։

Սասուն Քոսյան

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ԱՄՆ–ում բնակվող արվեստագետ Սասուն Քոսյանը

Պարոն Քոսյան, ինչպե՞ս եք գնահատում Երևանում ընդդիմության կողմից փողոցներ փակելու, հանրահավաքներ ու երթեր անելու գործողությունները: Նրանց առաջնորդները հայտարարում են, որ Նիկոլն այլևս չկա, օրերի հարցէ նրա հեռացումը: Որքանո՞վ է Սփյուռքը աջակցում այդ շարժմանը:

Նրանք ունեին մեծ սպասելիքներ, որ կրկնօրինակելով չորս տարի առաջվա գործողություններ կարող են հանրությանը մոլորության մեջ գցել և Արցախի զգայուն հարցը շահարկելով մեծ հանրահավաքներ, երթեր ու քաղաքացիական անհնազանդություն կազմակերպել: Սակայն դրանք տեղի չունեցան: Այդպիսի հայտարարությունները, թե իբր Նիկոլը չկա և հաշված օրերի հարց է նույնպես հանրությանը մոլորեցնելու հնարք է: Բայց հանրությունը տեսնում է ինչ է կատարվում և նման հնարքները եղանակ չեն կարող փոխել ու ընդդիմությունը հաջողության չի հասնելու:

Ինչպես և վերջին հարցազրույցում նշեցինք, Սփյուռքի լայն շերտեր չեն աջակցում ընդդիմության գործողությունները: Սատարում են միայն ՀՅԴ կառույցները:

Քանի որ ՀՅԴ–ն Երևանում բողոքի գործողությունների հիմնական դերակատարներից է, Սփյուռքի դաշնակցականներն ի՞նչ վերաբերմունք ունեն այդ ակցիաներին, որքանով են աջակցում:

Ինչ վերաբերվում է անհատ դաշնակցականներին, որքանով ինձ է հայտնի նրանց մի մասն աջակցում են: Բայց միևնույն ժամանակ դա մասսայական բնույթ չի կրում, ինչպես ասենք Ցեղասպանության հետ կապված հավաքները կամ երթերը կարող են լինել: Սակայն վերջին շրջանում տեղի է ունենում մեկ այլ բան: Դաշնակցական կառույցները, որոնք ավանդաբար չեզոքություն են ցուցաբերել Հայաստանի իշխանության հանդեպ, վերջին մեկ-երկու տարում իջեցրել են նշաձողը և ընդդիմադիր դիրքերից են հանդես գալիս Հայաստանի իշխանությունների, դիվանագիտական ներկայացուցիչների նկատմամբ: Դա հատկապես ընդգծված է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում: Կարելի է ասել նրանք ամբողջովին դեն են նետել նշաձողը և միացել են Երևանի փողոցների շարժմանը: Դրա դրսևորումներից մեկն է իրենց ցույց տված անընդունելի վերաբերմունքը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանին և ԱԳ նախարարին:

Վերջին շրջանում ԱՄՆ-ի հասցեական հայտարարությունները Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ, Միրզոյանի այցելությունը ԱՄՆ, հանդիպումը պետքարտուղարի հետ, համագործակցության հուշագրի ստորագրումը և ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սերտացումը՝ սրանք բոլորը կարելի է համարել դիվանագիտական ձեռքբերում և պետք է միայն ողջունել և օժանդակել: Սակայն տեսնում ենք դրա ուղիղ հակառակը: ՀՅԴ-ի դժգոհ վերաբերմունքը և նեղ կուսակցական շահեր հետապնդող վարքագիծը դատապարտելի են: Տեսակետ կա, որ դա պայմանավորված է հայաստանյան Դաշնակցության Քոչարյանի հետ դաշինքով, որոնք ընդգծված ռուսամետ դիրքորոշում ունեն: Եթե դա իրոք այդպես է, ուրեմն ոչ միայն կուսակցական շահեր են հետապնդում, այլ նաև Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող աշխարհաքաղաքական խաղի են մասնակցում: Ժամանակը ցույց կտա իրերի տեղը, սակայն ՀՅԴ-ն և առհասարակ Սփյուռքի կառույցները պարտավոր են հարգել Հայաստանի լեգիտիմ իշխանության դիվանագետներին որպես պետության ներկայացուցիչներ, հակառակ դեպքում անհարգալից վերաբերմունքն ուղղված է ոչ թե այդ անհատներին, այլ ՀՀ քաղաքացուն և պետությանը:

Ձեր կարծիքով ի՞նչն է խանգարում, որ հանրությունը չի միանում նրանց պայքարին, արդյոք պատճառը այդ ուժերի անցած ճանապարհն է:

Իմ կարծիքով դա պատճառներից մեկն է: Նրանք եղել են իշխանության և հիշողությունները դեռ թարմ են և հանրությունը չի ուզում վերադառնալ անցյալին: Սակայն կա ևս մեկ պատճառ՝ նրանք ըստ էության լուծում չեն առաջարկում: Նրանց հռետորաբանությունը հիմնականում մոլորեցնելու փորձ է՝ հավատացեք մեզ և մենք բոլոր խնդիրները կլուծենք: Թե ինչպես պետք է լուծեն, այդ մասին ոչ մի արժանահավատ բան չի ասվում: Հանրությունն էլ տեսնելով սա գալիս է այն եզրակացությանը, որ այս շարժումը միայն իշխանություն վերցնելու համար է և բնականաբար չի վստահում ու չի միանում:

Հեղաշրջման վտանգ Հայաստանում տեսնո՞ւմ եք, թե ոչ:

Այդ ուժերից միանգամայն սպասելի է, որ նրանք հնարավորության դեպքում կգնան հեղաշրջման: Օրինակ հայտնի դարձավ նրանց ԱԺ ներխուժելու մտադրությունները: Մասնավորապես այդ վտանգին կարող է նպաստել արտաքին միջամտությունը: Իմ կարծիքով հեղաշրջման վտանգ կա, բայց այս պահին այդ վտանգը մեծ չէ:

Հարցազրույցը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *