Հայաստան

Համաշխարհային Ռազմի Պատմություն՝ 20-րդ Դար

Մաս տասներկուերորդ

Գեներալ Սիլիկյանը հետախուզության օգնությամբ արդեն տեղյակ էր, որ թուրքերի մյուս զորախումբը Երեւան է շարժվում Բաշ Ապարանի կողմից, ուստի հաշվի է առնում գործի նաեւ այդ կողմը։

Արծրուն Հովհաննիսյան

Սարդարապատի ճակատամարտի քրոնիկոնն ու գործող անձինք

Մեդիամաքսը ներկայացնում է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի «Համաշխարհային ռազմի պատմություն` 20-րդ դար» աշխատությունը»:

Արծրուն Հովհաննիսյան

Ալեքսանդրապոլ-Սարդարապատ-Երեւան ուղղությամբ հարձակվող թուրքական խմբավորումներն էին.

1. 36-րդ հետեւակային դիվիզիան, որի մեջ մտնում էին 106-րդ, 107-րդ, 108-րդ հետեւակային գնդերը եւ հրետանային գունդը,

2. հարվածային մեկ գումարտակ,

3. սակրավորների գումարտակ,

4. կորպուսային ուժեղացված հեծյալ գունդ,

5. քրդական կանոնավոր հեծելազոր,

6. տեղական թուրք բնակչությունից հավաքագրված թուրքեր, որոնք մեծ մասամբ շարժվում էին Արփաչայի ձախ ափերով (Ղազարապատ, Ալագյազ): 

Ընդհանուր ուժերը գնահատվում էին 5000-8000-անոց զորք, հրանոթների քանակը՝ 3-4 մարտկոց, այսինքն՝ մոտ 40 հրանոթ: 

Թուրքերի այդ զորախմբի դեմ պետք է մարտնչեր, այսպես կոչված, Ալագյազի զորախումբը, որը երկու հետեւակային բրիգադ էր (Երզնկայի, Էրզրումի, Խնուսի եւ Ղարաքիլիսայի գնդերով եւ մեկ հատուկ հեծյալ գունդ): Մայիսի 21-ի դրությամբ 1-ին բրիգադի հրամանատարն էր գնդապետ Մորելը, սակայն նրան փոխարինում էր բրիգադի շտաբի պետ, փոխգնդապետ Մխիթարյանը: 2-րդ բրիգադի հրամանատարն էր կապիտան Շնեուրը: Յուրաքանչյուր գնդում այդ օրերին հաշվվում էր 300-400 մարդ, որն էլ ցույց էր տալիս նրանց սակավությունը: Այդ զորամասերն անցել էին աննախանձելի ճանապարհ, նահանջել էին Էրզրումից մինչեւ Արարատյան դաշտ, կորցրել էին անձնակազմի մեծ մասը, տեխնիկան: 

Օսմանյան զորքերն առանց լուրջ դիմադրության հանդիպելու գրավում են Արաքս եւ Ղարաբարուն կայարանները, ապա առաջանալով եւս 10 կմ` գրավում են Սարդարապատ կայարանն ու համանուն գյուղը եւ Մրգաշատը: Թշնամու բանակը սպառնում էր գրավել Էջմիածինը, ապա՝ Երեւանը, եւ միավորվելով Բաշ Ապարան-Աշտարակ ուղղությամբ շարժվող 9-րդ դիվիզիայի հետ` առաջանալ Արշալույս-Հայի Զեյվա գծով: Ականատեսները էլ պնդում են, որ դեպի Երեւան առաջանում էին թուրքական երկու դիվիզիա: 

Մայիսի 21-ին թուրքական 36-րդ դիվիզիայի առաջապահ ստորաբաժանումները մոտեցան Սարդարապատ գյուղին: Կասկած չէր կարող լինել, որ Ալեքսանդրապոլից հետո թուրքերը ձգտում էին գրավել Երեւանը եւ ուղղություն վերցնել Սեւան-Դիլիջան-Ղազախ-Թիֆլիս եւ Նախիջեւան-Ղարաբաղ: Գեներալ Նազարբեկյանը իր շտաբով գտնվում էր Ղարաքիլիսայում: Նա հայկական 2-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար գեներալ Մ. Սիլիկյանին կարգադրեց Էջմիածնում կենտրոնացնել համապատասխան ուժեր եւ կանխել թուրքերի առաջխաղացումը դեպի Երեւան:

Գեներալ Սիլիկյանի զորախումբն էր.

1. 2-րդ հրաձգային դիվիզիան, առանց 7-րդ եւ 8-րդ հետեւակային գնդերի,

2. Երեւանի զորախմբի մեջ մտնող առանձին զորամասեր,

3. 3-րդ հետեւակային բրիգադը (Վանի 1-ին եւ 2-րդ գնդերը եւ Մակվի հետեւակային գումարտակը),

4. 2-րդ հեծյալ բրիգադի 1-ին գունդը,

5. Մակվի հետեւակային գումարտակը եւ այլն:

Գեներալ Սիլիկյանը հետախուզության օգնությամբ արդեն տեղյակ էր, որ թուրքերի մյուս զորախումբը Երեւան է շարժվում Բաշ Ապարանի կողմից, ուստի հաշվի է առնում գործի նաեւ այդ կողմը: Առանձնացվեց 6-րդ հրաձգային գունդը (հրամանատար՝ գնդապետ Դոլուխանով), պարտիզանական հեծյալ գունդը (հրամանատար՝ գնդապետ Ջալիլ) եւ գնդապետ Սիլինի սահմանափակ գումարտակը: 

Այս խմբի մարտական խնդիրն էր ուժեղ հակագրոհների միջոցով հետ շպրտել թշնամուն Բաշ Ապարանից:

Սիլիկյանին հայտնի էր, որ Երեւանին վտանգ էր սպառնում նաեւ Կողբի ու Իգդիրի կողմից Երեւան շարժվող թուրքական 5-րդ եւ 12-րդ հետեւակային դիվիզիաներից: Դրանք թուրքական արեւելյան օպերատիվ ուղղության երկրորդ շարակազմի դիվիզիաներն էին, որոնք փորձելու էին Արաքսն անցնել ու անակնկալ հարվածել՝ աքցանի մեջ վերցնելով Երեւանը: Այս դիվիզիաները բավականին հզոր էին եւ լավ համալրված: Երկրորդ շարակազմում էր գտնվում նաեւ թուրքական 15-րդ հետեւակային դիվիզիան, որը, հետագայում երկար մնալով Ալեքսանդրապոլում, կտեղափոխվի Ելիզավետապոլ: Այստեղ Սիլիկյանն առանձին պահուստներ չուներ: Մինչ հայկական ուժերի հակահարձական անցնելը, Իգդիրի ջոկատը Դրոյի գլխավորությամբ անցնում է Արաքսի ձախ ափը` պայթեցնելով Կարակալայի ու Մարգարայի կամուրջները: Դրանով չեզոքացվում էր երեւանյան զորախմբին հանդիպակաց ափից սպառնացող հարձակման վտանգը: Նախիջեւանից հայկական ուժերի թիկունքը պաշտպանում էր հետեւակային երրորդ բրիգադը: 

Թուրքական այս դիվիզիաները պետք է անցնեին Արաքսը, իսկ եթե ոչ, ապա պետք է Նախիջեւանով հարավից ճեղքեին եւ Արցախով հասնեին Բաքու: Թուրքերի Նախիջեւան գնալու մասին վկայում էին նաեւ թուրք գերիները, որոնք չէին հավատում, որ Արարատյան դաշտավայրում կռվում էին հայերը: Նրանք պնդում էին, որ բրիտանացիները Պարսկաստանից օգնության են եկել հայերին: Տեսակետներ կան այն մասին, որ այս դիվիզիաներին գետն անցնել խանգարել է ոչ թե բանակը, այլ գետի վարար լինելը: Այն, որ այս զորախումբը պետք է արդեն Երեւանում միանար գրաված կամ նրա մատույցներում գտնվող վերը նշված այլ դիվիզիաներին, դա կասկածից վեր էր, նրանց պետք էր երկաթգծի այս ուղղությունը, որպեսզի դուրս գային Նախիջեւան, հետո էլ՝ Ղարաբաղ: Սակայն գետն անցնելն այնքան էլ հեշտ գործ չէ ցանկացած պարագայում, իսկ ինչպես տեսնում ենք, գետի այս ափին կազմակերպվել էր բավականին խելացի պաշտպանություն: Գետանց կատարող զորքերը եթե չունեն հզոր աջակցություն, իրենք են հայտնվում թիրախի կարգավիճակում: 

Ինչ վերաբերում է Նախիջևան-Շարուր ուղղությանը, որտեղից նույնպես վտանգ էր սպասվում, ապա այստեղ պաշտպանության եւ թշնամուն հակագրոհ տալու համար գեներալ Սիլիկյանը մարտական առաջադրանք էր տվել գնդապետ Բաղդասարովին, որի տրամադրության տակ էր գտնվում 3-րդ հետեւակային բրիգադը ոչ ամբողջական կազմով: 

Թուրքական զորքերի հարձակմանը դիմակայող հայկական զորքերը պատասխան կրակ բացեցին: Թուրքական հոծ շարքերի ուղղությամբ կրակ է բացում հայկական հրետանին Քրիստափոր Արարատյանի ղեկավարությամբ: Ի դեպ, հայկական հրետանին դիպուկ կրակ էր վարում թե՛ գրոհող հետեւազորի, թե՛ հրետանային ու գնդացրային կրակակետերի վրա: Հարկ է նշել, որ թուրքական կողմի պարտության պատճառաբանությունները, թե իբր հայկական ուժերն ավելի մեծաքանակ էին, մեղմ ասած՝ չի համապատասխանում իրականությանը. թուրքական 40 հրանոթի դեմ գործում էր հայկական 18-ը: Մեծաքանակ հրետանու տպավորություն էր ստեղծվում Արարատյանի հմուտ մարտավարության շնորհիվ: Բանն այն է, որ հայկական հրետանին մարտի ընթացքում անընդհատ տեղափոխվում էր, տարբեր կրակակետերից հրետակոծում թշնամուն: Հրետանու կրակից խուճապահար փախչող թշնամուն որոշիչ հարված են հասցնում 5-րդ` «Մահապարտների» հրաձգային գունդը, Իգդիրի եւ պարտիզանական հետեւակային գնդերը, հատուկ հեծյալ գունդը աշխարհազորային ջոկատների աջակցությամբ: Ճնշելով օսմանյան խիտ պաշտպանությունը` հայկական ուժերը հակառակորդին 15-20 կմ հետ են շպրտում Սարդարապատ գյուղի եւ կայարանի դիրքերից` ազատագրելով Մրգաշատն ու շրջակա տարածքը, իսկ հյուսիսում` Կոշն ու Ուջանը:

Մայիսի 24-ին թուրքերը կրկին հարձակվում են, սակայն հայկական հրետանու դիպուկ կրակի շնորհիվ հարձակումը ձախողվում է, ինչից հետո ճակատամարտի ընթացքը կտրուկ բեկվում է:

Մայիսի 25-ին գեներալ Մ. Սիլիկյանի հրամանով հայկական զորամասերը 6 կմ ձգվող ճակատով դիրքեր են գրավում թուրքական զորամասերից մոտավորապես 700 մ հեռավորության վրա` ճակատով դեպի հյուսիս: Շտաբս-կապիտան Սարգսյանցի գլխավորությամբ ձեւավորված զորասյունը հարձակում է գործում Արաքս-Ներքին Թալին-Մաստարա ուղղությամբ: Հայկական ստորաբաժանումների առաջխաղացմանը դիմակայել փորձող հակառակորդը բոլոր ուժերը կենտրոնացնում է գրոհները կասեցնելու համար եւ վերջնականապես հրաժարվում հարձակողական մարտավարությունից:

Թուրքական զորքերի դիմադրությունը կոտրելու նպատակով հայկական ուժերի հրամանատարությունը մշակում է հնարամիտ ծրագիր: Ըստ դրա` հայկական զորքերի մի մասը պետք է թեւանցում կատարեր եւ թիկունքից հարվածեր հակառակորդին:

Մայիսի 27-ի առավոտյան հայկական հարվածային զորախումբը թեւանցում է Խզնաուզը (այժմ` Արագած) եւ Կոշ գյուղերի կողմից, Շամիրամի ձորով ու լեռներով դուրս է գալիս Արաքս կայարանի մատույցները եւ թիկունքից անակնկալ գրոհում են հակառակորդի դիրքերը: Թալինի կողմից հակառակորդի թիկունքին է հարվածում նաեւ մշեցիների ջոկատը` Միքայել Սերյանի գլխավորությամբ:

Առավոտյան ժամը 9-ին սկսվում է հրետանային հարձակման պատրաստությունը: Ժամը 14-ին տեղեկություն է ստացվում, որ Երզնկայի գունդը շրջանցել է թուրքական զորքերի թեւը: Թուրքերի դիմահար կրակի հետեւանքով փոքր-ինչ դանդաղում է Մակվի գումարտակի թեւանցումը Ներքին Կալակուտ գյուղի մերձակայքում, սակայն իսկույն փոխօգնության ուղարկված Երզնկայի գնդի երկու վաշտերը շտկում են իրավիճակը:

Երզնկայի գունդը կտրուկ թեքվելով հարավ` դուրս է գալիս ամրացված բարձունքների թիկունքը եւ անմիջապես անցնում հարձակման: Միաժամանակ Սարդարապատի կողմից ճակատային գրոհի են նետվում հայկական մյուս զորախմբերը: Հակառակորդը փորձում է դիմադրել, սակայն երկկողմ ճնշմանը երկար չդիմանալով եւ ծանր կորուստներ կրելով` լքում է դիրքերը եւ խուճապահար նահանջում:

Հաջորդ օրը զարգացնելով հարձակումը` հայկական զորքերն ազատագրում են Արագած կայարանը, Ներքին եւ Վերին Թալինն ու Մաստարան: Թուրքական 36-րդ դիվիզիան ջախջախվում ու հետ է շպրտվում դեպի Ալեքսանդրապոլ: Ճակատամարտում թուրքական զորքերի կորուստները կազմում էին ավելի քան 3.500 զինվոր: Սարդարապատի ու Ապարանի հաղթանակը ապահովեց նաեւ Թիֆլիսի անվտանգությունը: 

Առաջին մասը կարդացեք այս հղումով:

Երկրորդ մասը կարդացեք այս հղումով:

Երրորդ մասը կարդացեք այս հղումով:

Չորրորդ մասը կարդացեք այս հղումով:

Հինգերորդ մասը կարդացեք այս հղումով:

Վեցերորդ մասը կարդացեք այս հղումով:

Յոթերորդ մասը կարդացեք այս հղումով:

Ութերորդ մասը կարդացեք այս հղումով:

Իններորդ մասը կարդացեք այս հղումով:

Տասներորդ մասը կարդացեք այս հղումով:

Տասնմեկերորդ մասը կարդացեք այս հղումով:

Արծրուն Հովհաննիսյան

Շարունակելի

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *