ՄԵՐ ՈՒՂԻՆ

Հայկական Հրաշք՝ Մայիսի 28

Մայիսի 28-ը սառը հաշիվների, ռազմական փայլուն գործողությունների, ստրատեգիայի հետևանք էր: Մայիսի 28-ը գրագետ կազմակերպված լոգիստիկ աշխատանք էր: Մայիսի 28-ը գրագետ և փորձառու սպայական աշխատանք էր, խելացի և կիրթ, հմուտ շտաբային ղեկավարում: Մայիսի 28-ը քաղաքական կամք էր, կազմակերպչական ծանրագույն աշխատանք: Մայիսի 28-ը անձնական պատասխանատվություն էր, նախաձեռնողականություն, նախանձախնդրություն, ապրելու կամք, պարտադրանք: Եվ այդ ամենի հետ հաշվի նստեցին թուրքերը:

Արայիկ Մկրտումյան

1918թ. Մայիսի 28-ին ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը: Մայիսի 28-ը այն օրն էր, որով փշրվեց դարավոր շղթան, որով կապկապած էր հայոց անկախությունը: Մայիսի 28-ը հայոց միասնականության և պայքարի հաղթանակի օրն էր, հայոց բարդագույն ճակատագրի հանկարծահաս, լուսավոր կետը:

Հիանալով և ոգևորվելով անկախության տոնով, մենք պետք է այդ հրաշքին նայենք սթափ աչքերով: Այո՛, մայիսի 28-ը հրաշք էր, բայց այն երկնքից չընկավ, այն մեզ պարգև չտրվեց, այն մեզ չնվիրեցին: Անկախությունը մենք խլեցինք, մենք այն հիրավի նվաճեցինք, այն կերտեցինք և այդ անկախությունը պարզապես հաղթանակ չէր: Մայիսի 28-ը սառը հաշիվների, ռազմական փայլուն գործողությունների, ստրատեգիայի հետևանք էր: Մայիսի 28-ը գրագետ կազմակերպված լոգիստիկ աշխատանք էր: Մայիսի 28-ը գրագետ և փորձառու սպայական աշխատանք էր, խելացի և կիրթ, հմուտ շտաբային ղեկավարում: Մայիսի 28-ը քաղաքական կամք էր, կազմակերպչական ծանրագույն աշխատանք: Մայիսի 28-ը անձնական պատասխանատվություն էր, նախաձեռնողականություն, նախանձախնդրություն, ապրելու կամք, պարտադրանք: Եվ այդ ամենի հետ հաշվի նստեցին թուրքերը: Չէին էլ կարող հաշվի չնստել: 

1918թ. մայիսին դեռևս ընթանում էր առաջին համաշխարհային պատերազմը: Դրանից ընդամենը մեկ տարի առաջ՝ 1917թ. հունվարի դրությամբ Անտանտը, այսինքն Ֆրանսիան, Անգլիան, Ռուսաստանը հաջող մարտնչում էին կենտրոնական տերությունների դեմ: Գերմանիան ստիպված էր կռվել ոչ միայն իր, այլև իր ապաշնորհ դաշնակիցների փոխարեն: Ավստրո-Հունգարիան, որին փրկում էր միայն գերմանական զենքը ծանր վիճակում էր: Հյուսիս-արևմտյան ճակատում հաջողության հասնելուց հետո ռուսները խորացան հարավային ճակատում: Արևմտյան Հայաստանի գերակշիռ մասը ռուսները գրավել էին 1916թ, բայց նախորդ տարի էլ տեղի էր ունեցել հայոց ցեղասպանությունը: 1917թ. ռուսական հեղափոխությունը ստիպեց ռուսներին վերաառնալ Ռուսաստան և առանց հակառակորդ մնացած թուրքերը ամենամեծ ախորժակով հարձակվեցին հայկական ուժերի վրա: Ռուսների հեռանալը պատերազմից ազատում էր նաև գերմանացիների ձեռքերը և կենտրոնական տերությունները արևմուտքում նորից կարողացան առաջանալ: Քայքայված ու ջլատված Անդրկովկասն ի զորու չէր դիմադրել այդ ամենին: Ռուսական նահանջից հետո հայկական ուժերը ստիպված էին ծանր մարտերով նահանջել: Ասել թե ուժերն անհավասար էին, նույնն է, թե քար լռություն պահպանել: Թուրքական գերակշիռ զորքերի դեմ կանգնած էին հայկական վտիտ վաշտեր, սակավամարդ ջոկատներ: 

Այդ բարդագույն իրավիճակում փլուզվեց Անդրկովկասյան Սեյմը: Վրացիները պաշտպանություն գտան գերմանական հովանու ներքո, իսկ կովկասյան թաթարները(որոնք հետո հայտնի դարձան Ադրբեջան անունով)՝ թուրքերի: Հայերը դաշնակից, օգնական չունեին: Միակ պետությունը, որ բարյացկամ էր տրամադրված հայերի հանդեպ, Պարսկաստանն էր, որը ոչ մի ուժ չուներ: Թուրքական դիվիզիաները արագորեն գրավում էին գավառը գավառի հետևից: Մայիսի երկրորդ կեսին նրանք պատրաստվում էին մտնել Երևան՝ հայության վերջին հույսը: Այն ինչ չէին հասցրել 1915թ. ցանկանում էին ավարտել 1918-ին: Հայ ժողովրդի վերջնական բնաջնջումն առավել քան իրական էր: 

Նրանք, ովքեր խոսում են մայիսյան եռատոների մասին և մայիսի 28-ը ներկայացնում են միջնադարյան ասպետական ռոմանսի ֆոնով, ոչ մի պատկերացում չունեն, թե ինչ իրական դժոխք էր այդ ժամանակ և թե ինչ ֆանտաստիկ հաջողություններ նվաճեցին հայերը: 

Հաց չկար, համաճարակ, ամեն օր հարյուրավոր մարդիկ էին մահանում Երևանում ու գավառներում, զենքի պակաս կար, տասնյակ հազարավոր գաղթականներ, ովքեր կորցրած ամեն տեսակ հույս՝ մեռնում էին ամենասուր կարիքից: Հանցավորությունը հսկայական չափերի էր հասնում, հուսահատությունը՝ ևս: Այդ պայմաններում եղած ուժերով դուրս գալ թուրքական կորպուսի դեմ՝ խելագարություն էր: Ժամանակակից լեզվով ասած հանձնվելն ավելի խելամիտ էր թվում: Ուստի պատահական չէ, որ Երևանում նաև պատրաստվում էին թուրքերին աղ ու հացով դիմավորել, այն հույսով, որ գոնե բնակչությունը մասսսայական կոտորածի չի ենթարկվի: 

Եվ այդ քաոսի ու հուսահատության, այդ ինքնասպան մթնոլորտի ու սեփական վախից տասնապատկված վտանգի ձայներում հայկական ռազմաքաղաքական ղեկավարությունն իրականացրեց այն, ինչը վավերացվեց մայիսի 28-ին:  Մայիսյան եռատոները պարզապես մարտեր չէին գերակայության համար, այլ փրկարար օպերացիաներ: Փրկակար մի ողջ ժողովրդի, իսկ մայիսի 28-ը պարզապես պետական տոն չէր, այլ փրկության օր: 

Հիմա, երբ 2022թ. դրությամբ շատերը հուսահատված են 2020թ, արհավիքից հետո, երբ ներքաղաքական լարվածությունը երկիրը տանում էր ապակայունացման ուղով, երբ գլոբալիզմով վարակված շատ հայեր թքած ունեն, թե ինչ է կատարվում, դժվար է իրապես ըմբռնել մայիս 28 ասվածն իր ողջ էությամբ:

Մայիսի 28-ի մասին մեկ արտահայտությամբ կարելի է ասել. «հայ ժողովուրդն ապրեց»:

Այո՛, հայ ժողովուրդն ապրեց և այդ ապրելու կամքը պարտադրեց նաև թշնամուն:

Մայիսյան հերոսամարտերը ոչ միայն փրկեցին հայ ժողովրդին, այլև նվեր եղան Անտանտի տերությունների համար: Հայերն իրենց վրա վերցերին առաջին համաշխարհային պատերազմի ամենից ցավոտ հարվածները: Մայիսի 28-ին նախորդող և հաջորդող դեպքերի ժամանակ շատերն են ապշած մնացել, թե ինչպես են հայերը կարողանում այդ պայմաններում մարտ վարել: Թերևս տեղին կլիներ հիշել, թե ինչպես փախուստի դիմեցին անգլիացները 1918թ. Բաքվում, թե ինչպես բրիտանական բանակը շրջապատվեց թուրքերի կողմից Սիրիայում և հանձնվեց, թե ինչպես մի քանի օր սնունդ չունենալու դեպքում կրկին նույն բրիտանացիները թողեցին դիրքերը:

Ինչո՞ւ: Շատ պարզ: Առաջին համաշխարհայինում գրեթե բոլորը ագրեսորներ էին: Անտանտից սկսած, Կենտրոնական տերություններով վերջացրած: Մի քանիսն էին կռվում միայն հանուն սեփական անկախության, ինչպես օրինակ սերբերը և նրանցից հայերն էին կռվում հանուն ապրելու:

Մայիսի 28-ը ապրելու օրն էր և այդ օրը ծնվեց հայոց անդրանիկ հանրապետությունը:

Հայոց Հանրապետության ծնունդը դարձավ այն հիմնաքարը, որի վրա կառուցվեցին նոր ու անկախ Հայաստանի գաղափարները խորհրդային օկուպացիայի տարիներին և որը վերածնվեց 1991թ. սեպտեմբերի 21-ին:

Այս օրվա մասին կարելի է հատորներ գրել և չվերջացնել, թե ինչ նշանակություն ունեցավ և ունի, բայց թերևս սահմանափակվեմ այս հպարտ ու երջանիկ նախադասությամբ՝

ԱՅՍՕՐ ՄԱՅԻՍԻ 28-Ն Է, ՀԱՅՈՑ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *