15.8 C
Yerevan

Այլընտրանքա­յին պատմություն

Հայե­րը ձգտում էին անկախ պետության վերա­կանգնման: Եվ ոչ մի ազգ, որքան էլ քաղա­քա­կա­նա­պես միա­միտ լինի, չի կարող որպես ազա­տագրում ընկա­լել միակցումը որեւէ օտար պետության, թեկուզեւ նախընտրե­լի օտա­րին:

Հրանտ Տէր Աբրա­համյան

Ի՞նչ կլի­ներ, եթե Արեւելյան Հայաստա­նը 19-րդ դարի առա­ջին քառորդում չմիա­նար Ռուսաստա­նին:

Այս հարցադրումն ինքնին մեզ միանգա­մից ներքա­շում է ոչ այնքան գիտա­կան-վերլուծա­կան, որքան կուսակցա­կան, իդեո­լո­գիա­կան, աշխարհա­յացքա­յին գերզգա­յուն եւ գերզգացմունքա­յին խոսակցության դաշտ: Պատասխա­նը թվում է ինքնին պարզ, հարցը՝ անհե­թեթ: Կարծես հինա­վուրց եւ զարմա­նա­լի կոնսե­սուս կա այս հարցում հայկա­կան ներքին բանա­վե­ճի բոլոր կողմե­րի համար. չհաշված որոշ հատվա­ծա­կան, երբեք չամբողջա­ցած, թույլ դրսեւորված՝ նախկի­նում թե այսօր, եւ այդքա­նով իսկ լուսանցքա­յին տեսա­կետնե­րը՝ Ռուսաստա­նին միա­ցումն իր բոլոր թերություննե­րով հանդերձ ընդհա­նուր առմամբ դրա­կան երեւույթ էր, նույնիսկ՝ ազա­տագրում, իսկ եթե դա չլի­ներ, հայ ազգը կամ կկործանվեր, կամ կգո­յա­տեւեր լավա­գույն դեպքում որպես կրո­նա­կան փոքրա­մասնություն: Կարճ ասած՝ միա­ցումը Ռուսաստա­նին ընկալվում եւ մեկնա­բանվում է որպես հայ ազգի արդիա­կա­նացման, մյուս կողմից՝ ֆիզի­կա­կան գոյա­տեւման ապա­հովման միակ տարբե­րակ, այդ պատճա­ռով դրա գնա­հատման հարցում փաստա­ցի միա­կարծիք են եղել եւ կարծես ե՛ն հայ պահպա­նո­ղա­կա­նը, հայ լիբե­րա­լը, հայ սոցիա­լիստը եւ նույնիսկ հայ ազգայնա­կա­նը: 

Պահպա­նո­ղա­կան հայացքի համար միա­ցումը Ռուսաստա­նին վերա­միա­վո­րում էր քրիստոնյա աշխարհի հետ եւ ազա­տում օտար՝ մուսուլմա­նա­կան տիրա­պե­տությունից: Նույն կերպ լիբե­րալ կամ սոցիա­լիստ հայացքնե­րի համար, որոնք պահպա­նո­ղա­կա­նին հակա­դիր էին միայն մակե­րե­սայնո­րեն, միա­ցումը Ռուսաստա­նին վերա­միա­վո­րում էր «առա­ջա­դեմ մարդկության» հետ եւ խզում «հետամնաց ասիա­կա­նությունից»: Որքան էլ Ռուսաստա­նը հետամնաց լիներ, ընկալվում էր որպես եվրո­պա­կան, հետեւա­բար «առա­ջա­դի­մա­կան» մարդկության մաս կամ գոնե ավե­լի սերտ կապ ուներ վերջի­նիս հետ: 

Իր ժամա­նա­կին հայկա­կան (այլեւ վրա­ցա­կան) ռուսա­մե­տությունն այլ բան չէր, քան արեւմտա­մե­տության մասնա­վոր դեպք միայն: Ռուսաստա­նի հետ միա­վորման գնա­հա­տա­կա­նը որպես միանշա­նակ դրա­կան՝ ազա­տագրմա­նը եւ գրե­թե փրկությա­նը հավա­սա­րա­զոր վերջնա­կան եւ ամբողջա­կան ձեւա­կերպում ստա­ցավ մեր պատմության սովե­տա­կան շրջա­նում: 

Սովե­տա­կան գնա­հա­տա­կա­նում միա­վորվե­ցին բոլոր տարրե­րը՝ պահպա­նո­ղա­կան, առա­ջա­դի­մա­կան, սրան էլ գումարվեց սովե­տա­հայկա­կան յուրա­հա­տուկ ազգայնա­կա­նը իր շեշտված հակա­թուրքա­կան ուղղությամբ: Իր զարգացման գագաթնա­կե­տին այս տեսա­կետն ուներ նաեւ խիստ գործնա­կան-քաղա­քա­կան հետեւանքներ՝ եթե Հայաստանն առանձնա­նա Ռուսաստա­նից, անկա­խա­նա, ապա անմի­ջա­պես կկործանվի թուրքա­կան հարվա­ծից: Ի դեպ, երբ փոքր էի, ասում էին, թե նաեւ պարսիկնե­րը կհարձակվեն մեզ վրա անկա­խա­նա­լուց անմի­ջա­պես հետո: Անկա­խության կործա­նա­րար հետեւանքներն իհարկե այսօր հերքված են գործնա­կա­նո­րեն: Այնպես չէ, որ թուրքա­կան ագրե­սիա­յի վտանգ Հայաստա­նին չկա, եւ այնպես չէ, որ Ռուսաստա­նի ավե­լի թուլա­ցումը, քան այսօր կա, չի արդիա­կա­նացնե­լու այդ վտանգը, բայց մեր կյանքի փորձն ապա­ցուցում է, որ պատմա­կան հնա­րա­վո­րություննե­րի դաշտը շատ ավե­լի լայն է, քան պարզունակ սեւ ու սպի­տակ սխե­մա­նե­րը:

Միշտ չէ սակայն այնպես եղել, որ Ռուսաստա­նին միա­նա­լու միանշա­նակ դրա­կան գնա­հա­տա­կա­նը եղել է միա­կը եւ բացարձակ գերա­կա­յո­ղը հայոց մեջ: Մեր հանրա­յին մտքի եւ հանրա­յին բանա­վե­ճի պատմությունը վերջին 200 տարվա մեջ բազմա­թիվ՝ գրե­թե իսպառ մոռացված փուլեր ու հոսանքներ ունի, որոնց ուսումնա­սի­րումը պետք է լինի մեր պատմա­գի­տության կարեւո­րա­գույն խնդիրնե­րից մեկը, եթե մի օր ունե­նանք իրա­պես հայաստա­նա­կենտրոն պատմա­գի­տություն, որի խնդի­րը կլի­նի ոչ թե այս կամ այն պայծառ գաղա­փա­րա­խո­սության, այս կամ այն արտա­քին կողմնո­րոշման հաստա­տումն ու հերքումը, այլ հայկա­կան տեսա­կե­տի բացա­հայտումը: Նոր շրջա­նի մեր պատմության գլխա­վոր, հիմնա­րար խնդիրնե­րից է հանրա­յին, քաղա­քա­կան մտքի ժառանգա­կան շղթա­յի անընդհատ խզումը, սերունդնե­րի փորձի չփո­խանցումը, եւ պատմա­գի­տության գերխնդի­րը պետք է լինի դա վերա­կանգնե­լը: Սա ոչ թե զուտ գիտա­կան, այլ խիստ գործնա­կան խնդիր է, որովհե­տեւ վերագտնված ժառանգա­կա­նության շղթան միանգա­մից մի քանի անգամ կավե­լացնի հայկա­կան անկախ քաղա­քա­կա­նության ներուժը…

Իմ կարո­ղություննե­րից ու գիտե­լիքնե­րից էլ վեր է ներկա­յացնել մեր հանրա­յին մտքի, այդ թվում Ռուսաստա­նի հետ Հայաստա­նի միա­վորման գնա­հա­տա­կա­նի զարգա­ցումը նույնիսկ ամե­նաթռուցիկ կերպով, մանա­վանդ որ չեմ կարող հենվել որեւէ համա­պարփակ ուսումնա­սիության վրա: Ես միայն մի երկու անհրա­ժեշտ նշում կանեմ: 

Վաղուց ի վեր ստույգ է համարվում տեսա­կե­տը, համա­ձայն որի՝ հայե­րը չեն ձգտել անկա­խության Արեւելյան Հայաստա­նում: Իրա­կա­նում այդ տեսա­կե­տը ճիշտ է միայն 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի հայկա­կան ազա­տագրա­կան պայքա­րի նպա­տակնե­րի համար, որն անկախ Հայաստա­նի վերա­կանգնումը պատկե­րացնում էր Արեւմտյան Հայաստա­նում, եւ նույնիսկ դա էր նույնացնում Երկրի՝ Հայաստա­նի հետ, չնա­յած նույնիսկ այստեղ կան կարեւոր նրբե­րանգներ (օրի­նակ՝ ծրագրա­յին մակարդա­կում Հնչակյան կուսակցությունը դիտարկում էր նաեւ ռուսա­կան եւ նույնիսկ պարսկա­կան Հայաստա­նի ազա­տագրումը՝ թողնե­լով սակայն այդ խնդիրն անո­րոշ ապա­գա­յին): Բայց երբ 18-րդ դարում եւ 19‑ի սկզբին հայկա­կան, նաեւ վրա­ցա­կան վերնա­խա­վե­րը կապեր էին հաստա­տում ռուսնե­րի հետ, որոնք դեռ չէին նվա­ճել Այսրկովկա­սը, ապա նպա­տակն ամե­նեւին էլ Ռուսաստա­նին միա­ցումը չէր: Նախագծեր էին մշակվում, այդ թվում ռուսա­կան պաշտո­նա­կան անձանց մասնակցությամբ՝ հայկա­կան թագա­վո­րության վերա­կանգնման Արա­րատյան դաշտում՝ ռուսաց հովա­նու ներքո: Այդպի­սին էին Եկա­տե­րի­նա Մեծի օրոք կազմվող նախագծե­րը, բայց այդպի­սին էին նաեւ Իսրա­յել Օրու ծրագրե­րը: Իսկ վրա­ցի­ներն էլ հույս ունեին վերա­կանգնել միա­վորված Վրաստա­նը եւ ռուսնե­րից ստա­նալ անվտանգության երաշխիքներ, բայց ոչ իհարկե Ռուսաստա­նի հետ միա­ձուլվել:

Այս պահին էական չէ, թե որքա­նով էին իրա­տե­սա­կան նման ծրագրե­րը, կարեւոր է, որ այդպի­սին էին նպա­տակնե­րը՝ հայե­րը ձգտում էին անկախ պետության վերա­կանգնման: Եվ ոչ մի ազգ, որքան էլ քաղա­քա­կա­նա­պես միա­միտ լինի, չի կարող որպես ազա­տագրում ընկա­լել միակցումը որեւէ օտար պետության, թեկուզեւ նախընտրե­լի օտա­րին: Այլ բան է, որ կյանքն այլ կերպ դասա­վորվեց, եւ ոչ միայն Հայաստա­նը միացվեց Ռուսաստա­նին հայկա­կան թագա­վո­րության վերա­կանգնման փոխա­րեն, այլեւ Վրաց թագա­վո­րությունը վերացվեց մուսուլմա­նա­կան գերիշխա­նության տակ դարե­րով գոյա­տեւե­լուց հետո: Իսկ այն, որ ի սկզբա­նե ռուսնե­րի հետ պայմա­նա­վորվա­ծությունը տարբեր էր եղա­ծից, հիշեցնում էր միայն Հայկա­կան մարզ անվա­նումը, որը գոյա­տեւեց մինչեւ 1840թ.: Եվ ի դեպ, շատ բնա­կան էր, որ հայոց պետության վերա­կանգնման հույսե­րը կապվում էին հենց Արեւելյան Հայաստա­նի հետ, քանի որ այստեղ էր Արշա­կունյաց թագա­վո­րության հին ոստա­նը, եւ այստեղ էր Ամե­նայն հայոց կաթո­ղի­կո­սի նստա­վայրը: 

Այլ խնդիր է, թե ինչպես եղավ, որ հայե­րը, այլեւ մեծ հաշվով վրա­ցի­ներն առանց լուրջ դիմադրության համա­կերպվե­ցին նման ելքի հետ: Այս հարցի քննարկումը շատ հեռուն կտա­նի մեզ: Նշեմ միայն, որ չի կարե­լի այդպես պատկե­րացնել, որ դեպքե­րի նման զարգա­ցումն առաջ չի բերել որեւէ հիասթա­փություն կամ լուռ դժգո­հություն եւ այլն: Հայե­րի մեջ առա­ջիննե­րից, որ հիասթափվեց ռուսա­կան քաղա­քա­կա­նությունից, Ղարա­բա­ղի մելիքնե­րից Մեժլումն էր, որը զինակցեց պարսից շահ Աղա Մոհա­մա­դի զորքե­րին եւ մասնակցեց Թիֆլի­սի գրավմա­նը նրանց հետ: Վրա­ցի­նե­րը, ի դեպ, մինչեւ հիմա հիշում են մելիք Մեժլումի մասնակցությունը քաղա­քի ավերմանն ու զայրա­նում այնպի­սի միամտությամբ, կարծես Թիֆլի­սի բնակչության մեծ մասն այն ժամա­նակ նույն հայե­րը չէին, եւ կարծես վրաց արքա­յազն Ալեքսանդրը նույն կերպ չէր զինակցել պարսիկնե­րին եւ թուրքե­րին ռուսնե­րի դեմ, եւ հենց այդ պատճա­ռով էլ այսօրվա Վրաստա­նում հերոս է համարվում: 

Ի դեպ, Ռուսաստա­նին միացմամբ վերա­ցան ոչ միայն հինա­վուրց Բագրա­տունյաց թագա­վո­րությունը Վրաստա­նում (իրա­կա­նում երկու Վրաստաննե­րում՝ Արեւելյան եւ Արեւմտյան կամ Քարթլի-Կախե­թիում ու Իմե­րե­թիա­յում), այլեւ հայկա­կան մելի­քություննե­րը՝ Ղարա­բա­ղում, որով եւ հայկա­կան երբեմնի անկա­խության վերջին մնա­ցորդնե­րը: 

Հիասթա­փության պատմություններ են նաեւ Խաչա­տուր Աբովյա­նի եւ կաթո­ղի­կոս Ներսես Աշտա­րա­կե­ցու կյանքի պատմություննե­րը: Ավե­լին՝ այսպես ասած տոտալ գոհունա­կություն չէր տիրում նաեւ շարքա­յին արեւե­լա­հա­յե­րի մեջ: Երեւա­նի հայ (եւ ոչ միայն հայ) առեւտրա­կաննե­րի գործե­րը կտրուկ վատթա­րա­ցան ռուսա­կան մաքսա­յին քաղա­քա­կա­նության պատճա­ռով: Տարանցիկ առեւտրի կենտրո­նից Արա­րատյան Հայաստա­նը վերածվեց փակուղու: Ընդհանրա­պես երկրի տնտե­սա­կան կյանքը մինչեւ 19-րդ դարի վերջը վերելքի փուլում չէր: Նախաինդուստրիալ հանրության, հատկա­պես Հայաստա­նի այս կամ այն դարում իրա­կան նյութա­կան վիճա­կի լավա­գույն ցուցիչնե­րից է եկե­ղե­ցա­շի­նությունը: Երբ երկրում սկսում է «փող ֆռալ», այդ փողի ավելցուկը մարմնա­վորվել է եկե­ղե­ցի­նե­րի մեջ, որոնք եղել են այն ժամա­նակվա կարեւո­րա­գույն հանրա­յին կառույցներ, այլեւ հանրա­յին հարստության ցուցիչներ: Պատա­հա­կան չէ, որ միջնա­դարյան արեւմտաեվրո­պա­կան քաղաքնե­րի տնտե­սա­կան վերելքի մարմնա­վո­րումը գոթա­կան տաճարներն են: Հայաստա­նում մինչեւ 20-րդ դարն ամե­նից շատ եկե­ղե­ցի­ներ կառուցվել կամ վերա­կա­ռուցվել են 13-րդ եւ 17-րդ դարե­րում (17-ինն ավե­լի համեստ են)՝ չհաշված ավե­լի հին շրջաննե­րի­նը, որոնց զգա­լի մասն ավե­րակ է: Ինչ էլ գրեն ժամա­նա­կա­կից վկա­ներն այդ դարե­րի մասին, օրի­նակ՝ եթե նույնիսկ նկա­րագրեն իրենց ապրած ժամա­նա­կը որպես անկում եւ այլն, իրենց սուբյեկտիվ ընկա­լումն է, իսկ եկե­ղե­ցա­կան շինա­րա­րության վերելքը կարեւոր օբյեկտիվ վկա­յություննե­րից առ այն, որ նյութա­կան իմաստով սրանք եղել են առա­վել բարե­կե­ցիկ շրջաննե­րը: Արդ, Ռուսաստա­նին միա­ցած Հայաստա­նում մինչեւ 19-րդ դարի վերջը եկե­ղե­ցա­կան շինա­րա­րությունը կամ բացա­կա­յում է, կամ դրա հուշարձաննե­րը շատ քիչ են ու խղճուկ՝ համե­մա­տած նույն 17-րդ դարի հետ: Դա ուղիղ վկա­յություն է համայնքնե­րի աղքա­տության եւ ոչ տնտե­սա­կան վերելքի: Միայն 19-րդ դարի վերջից է, որ Ռուսա­հա­յաստա­նը որոշ տնտե­սա­կան վերելք է ապրում, այն էլ՝ բավա­կա­նին համեստ: Իրա­վի­ճա­կի հեգնանքն այն էր, որ չնա­յած հայերն Այսրկովկա­սի առա­ջա­տար տնտե­սա­կան ուժն էին այդ շրջա­նում, սակայն միա­ժա­մա­նակ Հայաստա­նը նույն Այսրկովկա­սի առա­վել հետամնաց մարզն էր 20-րդ դարի սկզբին: Փաստա­ցի Հայաստա­նը Ռուսա­կան կայսրության մեջ տնտե­սա­կան փակուղի էր, ասենք՝ նույնիսկ կույրա­ղիք: Մեր միա­միտ քննա­դատնե­րը թե՛ անցյա­լում, թե՛ ներկա­յում մեղա­վոր են համա­րում հայ բուրժուա­զիա­յին՝ իբր ինչու փոխա­նակ հայրե­նի երկի­րը զարգացնե­լու, գործեր էին անում Թիֆլի­սում եւ Բաքվում: Կարծես հայ բուրժուա­զիան էր ընտրում եւ որո­շում որտեղ կարող է լինել եկամտա­բեր գործունեություն: Դա պայմա­նա­վորված էր մասամբ առարկա­յա­կան հանգա­մանքնե­րով, մասամբ էլ ռուսա­կան քաղա­քա­կա­նությամբ: Համե­նայնդեպս փաստն այն է, որ ռուսա­կան տիրա­պե­տության շրջա­նում Հայաստա­նը տնտե­սա­պես չի զարգա­ցել, իսկ հայկա­կան բուրժուա­զիա­յի կուտա­կած կապի­տալնե­րի մեծ մասը հետա­գա­յում դարձավ Վրաստա­նի, Ադրբե­ջա­նի եւ այլոց ազգա­յին տնտե­սություննե­րի հիմքը, բայց ոչ Հայաստա­նի:

Դժգո­հություն կար ոչ միայն առեւտրա­կաննե­րի եւ բուրժուա­նե­րի, նաեւ գյուղա­կան բնակչության մեջ: Հենց նույն Արեւելյան Հայաստա­նում հաստատված թուրքա­հայ եւ պարսկա­հայ գաղթա­կաննե­րից շատե­րը դժգոհ էին եղած պայմաննե­րից, եւ շատերն ուզում էին վերա­դառնալ բնա­կության նախկին վայրե­րը: Ընդհանրա­պես ռուսա­կան տիրա­պե­տությունը հենվում էր գյուղա­ցիությա­նը շահա­գործող ազնվա­կան դասի վրա, իսկ ազնվա­կան դասի մեծ մասն Այսրկովկա­սում վրա­ցի­նե­րից ու «թաթարնե­րից» էին, իսկ հայե­րի ճնշող մեծա­մասնությունը, մանա­վանդ բուն Հայաստա­նում գյուղա­ցի­ներ էին: Մինչդեռ այսօր հաճախ ենք մոռա­նում, որ հայկա­կան հարցը ե´ւ Ռուսաստա­նում, ե´ւ Թուրքիա­յում ոչ միայն ազգա­յին էր, այլեւ սոցիա­լա­կան: Հայկա­կան ազա­տագրա­կան պայքա­րը ոչ միայն ազգա­յին անկա­խության, այլեւ սոցիա­լա­կան էր՝ հանուն հայ գյուղա­ցիության ազա­տագրման: Եվ պատա­հա­կան չէ, որ ազա­տագրա­կան պայքա­րի զանգվա­ծա­յին հենքը հենց գյուղա­ցիությունն էր, իսկ ղեկա­վարնե­րի մեծ մասը նույն գյուղա­ցիությունց դուրս եկած մտա­վո­րա­կաննե­րը: 

19-րդ դարի կեսից մինչեւ 1870-ականնե­րը հասա­րա­կա­կան կյանքը՝ հոսանքնե­րը, միտքը, մարդիկ, առա­վել մոռացված ու անտեսված շրջաննե­րից է մեզա­նում: Մի երկու անուն ենք միայն հիշում, այն էլ՝ ավե­լի շատ ծիսա­կա­նո­րեն, առանց խորա­նա­լու դրանց ասե­լի­քի եւ դիրքե­րի էության մեջ: Մինչդեռ այդ շրջա­նում կա տեսա­կետնե­րի բավա­կա­նին հետաքրքիր բազմա­զա­նություն, այդ թվում մեզ հետաքրքրող թեմա­յով: Այդ շրջա­նում դեռ կարծես բացա­կա­յում է հետա­գա շրջաննե­րի միանշա­նակ կոնսե­սուսը ռուսա­կան տիրա­պե­տության գնա­հա­տա­կա­նի վերա­բերյալ: Թե՛ արեւմտա­հայ, թե՛ արեւե­լա­հայ գործիչնե­րի մի մասի մեջ կային ռուսա­կան կողմնո­րոշման հակա­ռա­կորդներ, ընդ որում՝ տարբեր գաղա­փա­րա­կան դիրքե­րից՝ ե՛ւ պահպա­նո­ղա­կան, ե՛ւ ավե­լի հեղա­փո­խա­կան: Այդ տեսա­կետներն օդից չէին ծնվում, այլ ունեին նյութա­կան հիմքեր հանրա­յին հարա­բե­րություննե­րում:

Միայն 1870–80-ականներին է, որ Թիֆլի­սի հայ բուրժուա­զիա­յի տեսա­կետներն ու շահերն արտա­հայտող հայկա­կան լիբե­րա­լիզմը Գրի­գոր Արծրունու գլխա­վո­րությամբ ամբողջացրեց ռուսա­կան տիրա­պե­տության միանշա­նակ դրա­կան ընկալման տեսա­կե­տը, վերա­ծեց այն յուրա­հա­տուկ ազգա­յին գաղա­փա­րա­խո­սության, եւ նույն հոսանքն էլ ազա­տագրա­կան պայքա­րի խնդի­րը նույնացրեց միայն արեւմտա­հայկա­կան խնդրի հետ: Ընդ որում՝ արեւմտա­հա­յե­րի ազա­տագրումը պատկե­րացնում էին ոչ թե որպես գյուղա­ցիա­կան զանգվածնե­րի հեղա­փո­խա­կան պայքար ընդդեմ բռնա­պե­տության, այլ որպես օտար «առա­ջա­դի­մա­կան»՝ ռուսա­կան ուժով երկրի «ազա­տագրում», փաստա­ցի նվա­ճում: Այս՝ հայ լիբե­րա­լիզմի աշխարհա­յացքի եւ ծրագրի ազդե­ցությունից ի զորու չեղան վերջնա­կա­նա­պես ազատվել նույնիսկ հայկա­կան հեղա­փո­խա­կան կուսակցություննե­րը, որոնք թեեւ գործնա­կա­նում վարում էին հեղա­փո­խա­կան քաղա­քա­կա­նություն՝ կազմա­կերպե­լով հայկա­կան զանգվածնե­րին, բայց ռազմա­վա­րա­կան մտա­ծո­ղության մակարդա­կում մնում էին օտար ուժով՝ առա­ջա­դեմ մարդկության օգնությամբ (ռուսներ թե եվրո­պա­ցի­ներ) ազա­տագրման ծրագրի գերին: Հայ լիբե­րա­լիզմի քաղա­քա­կան ծրագրի գագաթնա­կետն ու իրա­ցումն էր 1914‑ի կամա­վո­րա­կան շարժումն ու դրա հետ կապված ոգեւո­րությունը, որին նույնպես ոչ միայն ի զորու չեղան հակադրվել հայկա­կան կուսակցություննե­րը, այլեւ գործա­կի­ցը դարձան այդ ծրագրի: Ռուսա­կան ուժով Հայաստա­նի ազա­տագրման ժամը եկել էր: Այն ավարտվեց Արեւմտյան Հայաստա­նի կորստով եւ Մեծ եղեռնով: 

Այս մեծ ողբերգությունը որո­շա­կի ազդե­ցություն ունե­ցավ հայկա­կան աշխարհա­յացքի վրա, թեեւ ոչ այն արմա­տա­պես սթա­փեցնող ազդե­ցությունը, որ թվում էր, թե պետք է ունե­նար նման մասշտա­բի ողբերգությունը (որքան էլ ներկա­յացնենք հայոց պատմությունը որպես ողբերգություննե­րի շղթա, այն այդպի­սին չի եղել, եւ միակ իրա­պես մեծ ողբերգությունը, որ եղել է մեր ամբողջ պատմության մեջ՝ 1915–16‑ի դեպքերն են): 1920–30-ականներն այն ժամա­նակներն են, երբ թե՛ Սփյուռքում, թե՛ Սովե­տա­կան Հայաստա­նում փորձ կա ավե­լի քննա­դա­տա­կան մոտեցման ցարա­կան Ռուսաստա­նի տիրա­պե­տության նկատմամբ Հայաստա­նում: Այդ փուլը, ցավոք, նույնպես մնաց կիսատ եւ շարունա­կություն չստա­ցավ: 1940–60-ականներին վերա­կանգնվեց նախկին կոնսե­սուսը, եւ այստեղ էլ Սփյուռքն ու Հայաստա­նը միասնա­կան էին: Այդ կոնսե­սուսի գերիշխա­նությա­նը մեծ հաշվով ոչինչ չի սպառնում ցայսօր: 

Իսկ ինչո՞ւ է դա խնդիր: Միգուցե կասի ընթերցո­ղը, հենց այդպես էլ պետք է լինի, եւ հեղի­նա­կը հարց է տալիս այնտեղ, ուր պատասխանն արդեն գտնված է: 

Միանգա­մից ասեմ, որ խնդիրն ամե­նեւին էլ այն չէ, որ գերա­կա­յող պատկե­րացման պլյուսը փոխենք մինուսով, սպի­տա­կը՝ սեւով, ու որտեղ ասում ենք՝ լավ էր ու դրա­կան, այժմ ասենք՝ վատ էր ու բացա­սա­կան: Խնդի­րը ոչ մի դեպքում Ռուսաստա­նին Հայաստա­նի միացման, ռուսա­կան տիրա­պե­տության սեւա­ցումը չէ, այն բացա­ռա­պես մռայլ գույնե­րով ներկա­յացնե­լը չէ: Ընդհանրա­պես նման հայե­լա­յին մոտե­ցումնե­րը տհա­սության, մանկամտության ցուցիչներ են: Որեւէ երեւույթի վերաի­մաստա­վո­րումը, քննա­դա­տությունը երբեք չի կարող լինել պլյուս-մինուսի տեղե­րով փոփո­խությունը, ինչպես հաճախ մտա­ծում կամ անում են: Եթե ուզում ենք իրա­պես գիտա­կան, վերլուծա­կան եւ միա­ժա­մա­նակ ազգա­յին քաղա­քա­կա­նության տեսա­կե­տից գործնա­կան մոտե­ցում, պետք է միանգա­մայն այլ ճանա­պարհով գնանք:

Իմի­ջիայլոց, պետք է ասել, որ գիտա­կան մոտե­ցումը՝ որպես կանոն, ամե­նա­ձեռնտուն է հենց ազգայնա­կան աշխարհա­յացքի տեսա­կե­տից: Այս միտքը կարող է տարօ­րի­նակ թվալ, բայց այն ունի հիմնա­վո­րում: Բոլորս էլ գիտակցում ենք, որ պատմա­գի­տությունը քաղա­քա­կան գիտություն է, կարե­լի է ասել նույնիսկ՝ քաղա­քա­գի­տության այլ անվա­նումը: Մեղմ ասած՝ մեծ է քաղա­քա­կան շահե­րի ազդե­ցությունը պատմա­կան գիտության վրա: Որպես պատմա­գի­տա­կան ճշմարտություններ՝ ամրագրվում են այն տեսա­կետնե­րը, որոնք ունեն առա­վել հզոր քաղա­քա­կան հենա­րան: Զարմա­նա­լի չէ, որ դրանք հիմնա­կա­նում մեծա­պե­տա­կան տեսա­կետներն են՝ մեծ տերություննե­րի շահե­րը ներկա­յացնող եւ ամրագրող: Մեծա­պե­տության կարեւոր գործիքնե­րից է միշտ եղել եւ կա պատմա­կան մեծ միֆե­րի միջո­ցով սեփա­կան գերիշխա­նության հաստա­տումը: Իսկ մեծ միֆե­րը լինում են սեւի ու սպի­տա­կի, բացարձակ բարու եւ բացարձակ չարի պատմություններ: Զարմա­նա­լի չէ ուրեմն, որ ազգե­րի պայքա­րը հանուն անկա­խության, հանուն մեծա­պե­տա­կան գերիշխա­նություննե­րից ազա­տագրման՝ պետք է դիմի հակա­ռակ մեթո­դի՝ միֆե­րի ապա­կա­ռուցմա­նը, գիտա­կան, վերլուծա­կան մեթո­դին, որտեղ գերա­կա­յում են ոչ թե սեւ ու սպի­տակ պարզ հարա­բե­րություննե­րը, այլ արտա­հայտվում իրա­կա­նության բարդ, բազմա­շերտ, ոչ միանշա­նակ կառուցվածքը: 

Գիտա­կան մեթոդն ընդհանրա­պես չի սիրում գնա­հա­տա­կաններ տալ: Գերնպա­տա­կը ոչ թե ինչ-որ երեւույթ դրա­կան կամ բացա­սա­կան գնա­հա­տելն է, ոչ թե դատա­պարտե­լը կամ արդա­րացնելն է, այլ հասկա­նա­լը: Միայն հասկա­նա­լու հիմամբ կարե­լի է կառուցել համարժեք գործնա­կան քաղա­քա­կա­նություն: Դրա համար մեր խնդիրն այս հոդվա­ծի հաջորդ մասում պետք է լինի ոչ թե գնա­հա­տե­լը, այլ հենց հասկա­նա­լը՝ ի՞նչ էր Ռուսաստա­նին միա­նա­լը Հայաստա­նի պատմության համար իր ամբողջ բազմա­շերտությամբ, բազմե­րանգությամբ, բարդությամբ: Եվ դա անե­լու համար կդի­մենք մեր սիրած այլընտրանքա­յին պատմության օգնությա­նը՝ իսկ ի՞նչ կլի­ներ, եթե Հայաստա­նը չմիա­նար Ռուսաստա­նին: Քննե­լով հնա­րա­վո­րություննե­րի դաշտը՝ մի փոքր ավե­լի լավ կսկսենք հասկա­նալ իրա­կա­նում եղա­ծը: Եվ հուսամ, հիմա արդեն հասկա­նա­լի է, որ չարժի սպա­սել տրված հարցի պարզունակ պատասխա­նի՝ կլի­ներ շատ լավ կամ կլի­ներ շատ վատ, հայ ազգը կփրկվեր կամ կկործանվեր: Ավե­լի լավ է ուղեւորվենք հնա­րա­վո­րություննե­րի արկա­ծա­յին աշխարհ: 

Շարունա­կե­լի

Հեղի­նակ՝  Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

Նկա­րա­զարդող՝  Դավիթ Փարթամյան

Ձեւա­վո­րումը՝  Աննա Աբրա­համյա­նի,   Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝  Արա Թադեւոսյան

Նախագծի ձեւա­վորման համար օգտա­գործվել է Էմա­նուել Սարդարյա­նի լուսանկա­րը

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ