Հայաստան

Միշելի Լռությունն Ու Բրյուսելի Կարգավիճակի Հարցը

Հայաստանն ունի խնդիր հասկանալ, թե հատկապես ո՞ր ուղղությունից կարող է լինել առավել մեծ ազդեցություն, և ի՞նչ տրամաբանություն կարող է բերել այդ ազդեցությունը՝ գործընթացը սառեցնելու՞ն, թե՞ առկա քննարկումների ընդհանրական օրակարգը արդեն որևէ կոնկրետությամբ այս կամ այն ուղղությամբ ծանրացնելուն:

Հակոբ Բադալյան

ԵԽ նախագահ Շարլ Միշելը շարունակում է լուռ մնալ հայ-ադրբեջանական սահմանի միջադեպից հետո, որի հետևանքով զոհվել էր հայ զինծառայող: Ըստ երևույթին, Միշելն ինքն էլ փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվել կամ կատարվում: Այդ առումով, Արցախյան հարցն ու հայ-ադրբեջանական խնդիրը Բրյուսելի գործընթացի պրիզմայում դիտարկելիս, թերևս շատ կարևոր է մի հանգամանք՝ չգերագնահատել Բրյուսելի գործընթացի հնարավորությունը, չգերագնահատել Եվրամիության և դրա նախագահի քաղաքական ուժը, հաշվի առնելով թեկուզ մի պարզ հանգամանք: Որքանո՞վ է Եվրամիությունը միատար քաղաքական սուբյեկտ, որն արտացոլում է իր հավաքականության կուռ ռազմավարություն: Այդ հարցի լավագույն պատասխանը այսօր Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ ԵՄ ներսում եղած և չհաղթահարվող տարակարծություններն են: Կան մի շարք այլ վկայություններ, նշաններ, որոնք խոսում են այն մասին, որ Եվրամիություն՝ իբրև այդպիսին, իբրև քաղաքական միատարր սուբյեկտ, գոյություն չունի, հետևաբար ԵԽ նախագահ Շարլ Միշելի դիվանագիտական ջանքն ինքնին ունի տարբեր ուժային բևեռների միջև մանևրելու, որոշակի հավասարակշռություն պահելու անհրաժեշտություն:

Այդպիսով, Բրյուսելի գործընթացը գերագնահատել պետք չէ, որովհետև այն չունի ինքնաբավության համար անհրաժեշտ բավարար ներուժ, բավարար ռազմա-քաղաքական ռեսուրս: Դա էլ ինքնին նշանակում է, որ բոլորովին միարժեք չէ այն, որ Հայաստանը պետք է ամեն գնով նպաստի այդ գործընթացի զարգացմանն ու ծավալմանը: Հայաստանը պետք է ձեռքը պահի դրա զարկերակին, սակայն չցուցաբերի դրա հանդեպ ավելորդ դյուրահավատություն: Հատկապես այն պայմաններում, երբ նկատելի է, որ Անկարան ձեռնամուխ է լինում ուկրաինական գծի ուղղությամբ միջնորդական նոր աշխուժացման: Էրդողանը նախօրեին խոսել է Պուտինի և Զելենսկու հետ, դարձյալ առաջ քաշել Ստամբուլում նրանց հյուրընկալելու պատրաստակամությունը: Ի՞նչ է ակնկալում Էրրդողանը հերթական անգամ, շաբաթներ առաջ նախորդ փորձի տապալումից հետո, բարդ է ասել: Ընդ որում ուշադրության է արժանի այն, որ նախորդ փորձը ըստ էության տապալվեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի ակտիվ միջամտությամբ: Գործնականում այդ փորձի տապալումից հետո նկատվեց աշխուժություն Հարավային Կովկասի ուղղությամբ և թերևս ուշադրության է արժանի այն, որ այդ շրջանակում ի դեպ նախապես չհայտարարված այցով Բաքու ժամանեց նաև Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարարը: Առիթ եմ ունեցել խոսելու այն մասին, որ բրյուսելյան գործընթացը որքան կարող է լինել Ռուսաստանի դերը նվազեցնելու ուղղությամբ, նույնքան և գուցե ավելի կարող է պայմանավորված լինել Թուրքիայի դերակատարումը զսպելուն, հատկապես եվրոպական ուղղությամբ: Իսկ դրա համար Անկարային պետք է «շեղել» այլ ուղղություններով, որոնցից մեկն էլ կարող է լինել Հարավային Կովկասը:

Իսկ այդ պարագայում առաջանում է հարց, թե արդյո՞ք Մոսկվան ու Անկարան չեն գործակցի ընդդեմ Բրյուսելի: Ընդ որում ուշադրության է արժանի և այն, որ Թուրքիան հայտարարել է Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ գործողությունների մասին, ավարտել օպերացիայի պատրաստությունը, սակայն չի սկսում այն, թերևս մեկնարկը կապելով Պուտինի և Զելենսկու հետ զրույցների արդյունքին: Այդ ամենը արագացող պտույտներ են Իրանի շուրջ, որի ուղղությամբ Իսրայելը սկսել է անգամ կոնկրետ գործողություններ՝ հատուկ օպերացիաներ իրականացնելով Իրանի ներսում: Իսկ ԱՄՆ-ն գաղտնի բանակցություններ է վարում Սաուդյան Արաբիայի իշխանության հետ, որը հրապարակային մակարդակում հրաժարվում է խոսել Վաշինգտոնի հետ: Այդ իրավիճակում առավել հավանական է, որ բրյուսելյան գործընթացը ինքնին ունի ավելի շուտ օբյեկտային, քան սուբյեկտային «ֆունկցիա», լինելով ենթակա հարակից գործընթացների ազդեցությանը: Այլ կերպ ասած, նախ կարիք ունի ճշտվելու հենց բրյուսելյան գործընթացի կարգավիճակը: Հայաստանն ունի խնդիր հասկանալ, թե հատկապես ո՞ր ուղղությունից կարող է լինել առավել մեծ ազդեցություն, և ի՞նչ տրամաբանություն կարող է բերել այդ ազդեցությունը՝ գործընթացը սառեցնելու՞ն, թե՞ առկա քննարկումների ընդհանրական օրակարգը արդեն որևէ կոնկրետությամբ այս կամ այն ուղղությամբ ծանրացնելուն: Նկատելի է, որ թե Բաքուն, թե Երևանը կարծես թե փորձում են մայիսի 22-ից հետո «ոտքն» ավելի շատ պահել արգելակի վրա:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *