15.8 C
Yerevan

Այլընտրանքա­յին Պատմություն

Հայաստա­նի սովե­տա­կա­նա­ցումից անմի­ջա­պես հետո՝ 1920‑ի դեկտեմբե­րի սկզբին, Ռուբե­նը մեկնում է Զանգե­զուր, հանդի­պում Նժդե­հի հետ: Այստեղ նա նորից իր սիրած ստվե­րա­յին դերում է: Ուղիղ վկա­յություններ կարծես չկան, բայց բազմա­թիվ անուղղա­կի հետքե­րից պարզ երեւում է, որ Փետրվարյան ապստամբության ծրագրա­վո­րումն ու կազմա­կերպումը, ինչպես նաեւ Ինքնա­վար Սյունի­քի հռչա­կումը Ռուբե­նի նախագծերն են:

Հրանտ Տէր Աբրա­համյան

Հայոց պատմությունն 
առանց Մեծ եղեռնի.  
Մաս III‘ Հետգրություն.  
Ռուբեն Տեր-Մինասյա­նը

Որպես հետգրություն այլընտրանքա­յին պատմության շարքի այս հատվա­ծի՝ ճիշտ ենք համա­րում մի ակնարկ նվի­րել դրա գլխա­վոր հերո­սին՝ Ռուբեն Տեր-Մինասյա­նին: 

ԿՐԱԿ ԵՎ ՍԱՌՈՒՅՑ

Ռուբեն Տեր-Մինասյա­նը Հայաստա­նի հիմնա­դիրնե­րից է, բարդ ու հետաքրքիր պատմա­կան, ասենք նաեւ՝ գեղարվեստա­կան կերպար, բավա­կա­նին ուշագրավ գրա­վոր ժառանգություն թողած: Ցավա­լի է, որ անկախ Հայաստա­նի 3‑րդ տասնամյա­կում սովո­րա­կան հայի համար Ռուբե­նի անունը պակաս ծանոթ է մնում, քան, ասենք, Միկո­յա­նի կամ Վորո­շի­լո­վի անուննե­րը:

 Մեղադրե­լու խնդիր չէ: Չճա­նա­չելն ունի առարկա­յա­կան հիմքեր: Բացի սովե­տա­կան՝ դեռ կենդա­նի ավանդույթից, Ռուբե­նի դեպքում կան նաեւ որոշ յուրա­հա­տուկ հանգա­մանքներ: Ռուբեն Տեր-Մինասյա­նը պարտվել է իր կյանքի գլխա­վոր ճակա­տա­մարտը՝ հայ-թուրքա­կան 1920 թվի պատե­րազմը, որի ընթացքում եղել է զինվո­րա­կան նախա­րար, բայց նաեւ երկրի փաստա­ցի առա­ջին դեմք, Դաշնակցության ոչ պաշտո­նա­կան առաջնորդ: Արամ Մանուկյա­նի մահից հետո հենց Ռուբենն է եղել իր սերնդի գործիչնե­րի մեջ կիսա­լե­գենդար այն կերպա­րը, որից սպա­սում էին թեկուզ անհնա­րի­նը: Եթե Արա­մը հաղթեց իր կյանքի ճակա­տա­մարտը՝ Սարդա­րա­պա­տը, ապա Ռուբե­նը պարտվեց ոչ միայն իր, այլեւ հայոց պատմության նորա­գույն շրջա­նի ամե­նավճռա­կան կռի­վը:

 Կարե­լի է բազմա­թիվ առարկա­յա­կան պատճառներ բերել, թե ինչու դա տեղի ունե­ցավ, բայց փաստը մնում է փաստ՝ վճռա­կան պահին Ռուբե­նը չկա­րո­ղա­ցավ լինել հայ ժողովրդի այն առաջնորդը, որը պետք է, հակա­ռակ պայմաննե­րին, ապա­հո­վեր 30 տարի տեւած հայկա­կան հեղա­փո­խության հաղթա­կան ավարտը: Եվ այստեղ էլ հարցը մեղադրանքը չէ, ոչ էլ արդա­րա­ցումը, այլ փաստագրումն ու հասկա­նա­լը: Պարտվողնե­րին չեն հիշում, նույնիսկ եթե, բացի պարտությունից, նրանք ունե­ցել են նաեւ հաղթա­նակներ ու բազմա­թիվ արժա­նիքներ: Արա­մին կամ, օրի­նակ, Նժդե­հին այսօր հիշում եւ ճանա­չում են ավե­լի՝ թեկուզ շատ անգամ ձեւա­կա­նո­րեն, ծիսա­կա­նո­րեն, առանց խորա­նա­լու կերպարնե­րի բարդության մեջ, բայց հիշում են, որովհե­տեւ նրանք հաղթել են:

 Կա, սակայն, եւ այլ՝ մասնա­վոր պատճառ: 1920-ականնե­րից մինչեւ մահը՝ 1951‑ը, Ռուբե­նը եղել է Դաշնակցության փաստա­ցի ղեկա­վա­րը: Նրա եւ այդ ժամա­նակվա Դաշնակցության բյուրո­յի քաղա­քա­կան գիծը, եթե զգույշ ձեւա­կերպենք, բավա­կա­նին տարբեր էր հետա­գա՝ 1960-ականնե­րից ցայսօր հայտնի Դաշնակցության գծից: Դրա գլխա­վոր շեշտը Հայաստա­նի անկա­խությունն էր, հակա­սո­վե­տա­կան կողմնո­րո­շումը, որից էլ բխում էին փորձե­րը՝ լեզու գտնե­լու Կովկասյան հարեւաննե­րի, նաեւ Թուրքիա­յի հետ: Համա­ձայնեք, սա այնքան էլ ցանկա­լի հուշ չէ այսօրվա ՀՅԴ‑ի համար: Դրա համար Ռուբե­նից մնում է ավե­լի շատ անունը, «նկա­րը», բայց գրե­թե երբեք ոչ ավե­լին:

Մենք չենք պատրաստվում տալ այստեղ գործչի դասա­կան կենսագրություն՝ ծնվեց, գործեց, մեռավ… Դա քիչ բան կտար մեր շարադրանքին, եւ բացի այդ, ցանկա­ցողն ամեն դեպքում այդ տվյալնե­րը կարող է եւ ինքնուրույն գտնել: Մեզ ավե­լի հետաքրքիր է կերպա­րի ամբողջությունը վերագտնել, դրա՝ հատկա­պես գեղա­գի­տա­կան, ոճա­բա­նա­կան տարրե­րով հանդերձ: Մենք հեռու ենք դասագրքա­յին մոտե­ցումից՝ անխնա հերո­սա­ցում կամ նույնքան անխնա սեւա­ցում:Մեզ պետք է կենդա­նին, որն անհրա­ժեշտա­բար հակա­սա­կան է, բարդ, բազմե­րանգ, նաեւ՝ մի կողմից անհրա­ժեշտա­բար անհա­տա­կան է, յուրա­հա­տուկ, մյուս կողմից՝ տիպա­կան, նույնիսկ՝ արխե­տի­պա­յին:

ՌՈՒԲԵՆԸ ՈՐՊԵՍ ԱՐԽԵՏԻՊԱՅԻՆ ԿԵՐՊԱՐ

Ցանկա­ցած պատմա­կան կերպար բաղկա­ցած է երկու հիմնա­րար մասից:

Նա մի կողմից իր ժամա­նա­կի ծնունդն է, իր ժամա­նա­կի արտա­հայտումը, եւ իր ժամա­նա­կից դուրս բացարձակ անհասկա­նա­լի, անմեկնե­լի ու մեռյալ:

Մյուս կողմից, եթե նա իրոք ուժեղ, շեշտված անհա­տա­կա­նություն է, ապա նաեւ ժամա­նա­կից դուրս է, մարմնա­վո­րում է մի արխե­տի­պի, մի նախնա­կան ոգու, ինքնին հայտնի ու ընկա­լե­լի տիպա­րի, մի ոճի:

Ռուբեն Տեր-Մինասյա­նի մեջ արխե­տի­պա­յի­նը, ոճա­կա­նը ակնհայտ է եւ շեշտված: Ռուբե­նը սառը, ինչ-որ տեղ նույնիսկ մռայլ, «սեւ» հերոսնե­րից է: Նրա այդ սառնությունը, «հեռա­վո­րությունը»՝ դիստանցա­վորվա­ծությունը զգացվում է նույնիսկ մեծ տարա­ծության վրա: Դա զգա­լու համար պարտա­դիր չէ կենդա­նի շփումը, ոչ էլ ժամա­նա­կա­կիցնե­րի վկա­յություննե­րը նրա մասին: Սառնությունն ու տարօ­րի­նա­կությունը հորդում է նրա գրվածքնե­րից, դատո­ղություննե­րի ոճից, տարբեր իրա­վի­ճակնե­րում արտա­հայտած տեսա­կետնե­րից, ի վերջո նրա ճակա­տագրից:

Հենց թեկուզ հիշե­լով 1914‑ի նրա առա­ջարկը՝ թուրքե­րի կողմից կամա­վո­րա­կան ջոկատներ ստեղծե­լու մասին. 1914-ին էլի կային մարդիկ, որոնք դեմ էին ռուսնե­րի կողմից հայե­րի կռվե­լուն, թուրքե­րի հետ բացարձակ թշնա­մա­նա­լուն, բայց միայն Ռուբե­նի «անդրաշխարհա­յին», կարծես զգացմունքնե­րից զուրկ մտա­ծո­ղությունը կարող էր ձեւա­կերպել հայ իրա­կա­նության մեջ այս դժվար պատկե­րացնե­լի առա­ջարկը՝ հայկա­կան կամա­վո­րա­կան ջոկատներ, որոնք պետք է կռվեին թուրքե­րի կողմից:

ՆՐԱ ՀԱՄԱՐ ԿԱՐԾԵՍ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ ՍԱՀՄԱՆՆԵՐ, ԿԱՂԱՊԱՐՆԵՐ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ՊԱՐԶ ԶԳԱՑՈՒՄՆԵՐ:

Հայկա­կան գիտակցության կրո­ղը պետք է շատ բան հաղթա­հա­րի այսպի­սի մոտե­ցում ձեւա­կերպե­լու համար: Ընդ որում՝ Ռուբե­նը դա անում է՝ լինե­լով թուրքե­րի դեմ կռվի մեջ իր կյանքի բոլոր կարեւոր պահե­րին: Մեկը մյուսին չի խանգա­րում, ինքն իր մեջ էլ կարծես կարո­ղա­նում է տարբե­րա­կել իրա­կա­նություննե­րը, անկողմնա­կալ լինել յուրա­հա­տուկ սառցե անկողմնա­կա­լությամբ:

ՍԱՌՑԵ ՀԵՐՈՍԸ

Երեւի լավա­գույնս բացա­հայտվում է Ռուբե­նի կերպա­րը Արամ Մանուկյա­նի հետ համե­մա­տե­լով: Այս երկուսը կարծես առասպե­լա­կան հին երկվորյակ լինեն, նույն նյութից սարքված, բայց միա­ժա­մա­նակ ամեն ինչում իրար հակա­դիր՝ տաք ու սառը, մարդկա­յին-մարդա­մոտ եւ հեռու, միշտ հաջո­ղակ եւ հակա­ռա­կը՝ նույնիսկ հաջո­ղություննե­րում միշտ ողբերգության, անե­լա­նե­լիության երանգով:

Արամն ու Ռուբե­նը նույն սերնդից են, միա­սին են սկսել իրենց հեղա­փո­խա­կան գործունեությունը՝ երի­տա­սարդ տարի­քում. 20 տարե­կաննե­րը հազիվ լրա­ցած՝      դարձել են ազա­տագրա­կան պայքա­րի կարեւո­րա­գույն երկու շրջա­նի՝ մեկը՝ Վանի, մյուսը՝ Տարո­նի ու Սասունի ղեկա­վարնե­րը: Երկուսն էլ ստանձնել են այդ դերը ծանրա­գույն պահին՝ 1904‑ի Սասնո ապստամբության պարտությունից եւ ֆիդա­յա­կան ուժե­րը երկրից դուրս բերե­լուց հետո:

Հետաքրքիր է, որ նախքան երկիր տեղա­փոխվե­լը, Արա­մը համա­րում էր, որ կարեւո­րա­գույն շրջա­նը Սասունն է, եւ հեղա­փո­խա­կան կենտրո­նը հենց այնտեղ պետք է լինի, իսկ Ռուբե­նը, հակա­ռա­կը, այդպի­սին համա­րում էր Վանը: Եվ ճակա­տա­գիրն արդեն այստեղ կարծես մի խաղ է խաղում երկուսի գլխին. Տարո­նը կարեւո­րո­ղը դեպքե­րի բերմամբ դառնում է Վանի ղեկա­վա­րը, իսկ Վանը կարեւո­րո­ղը՝ Տարո­նի­նը:

 1915-ին երկուսն էլ ղեկա­վա­րում են իրենց շրջաննե­րի ինքնա­պաշտպա­նությունը: Արա­մը հաջո­ղությամբ կարո­ղա­նում է դիմադրել Վանում երկու ամիս, մինչեւ ռուսնե­րի գալը, եւ նշա­նակվում է Վանի նահանգա­պետ: Ռուբե­նը 7 ամիս դիմադրում է Սասունում, ապա կրա­կե­լով վերջին փամփուշտը՝ ստիպված է լինում հրա­ման տալ ողջ մնա­ցածնե­րին՝ փախչել եւ փրկվել ո՛վ ինչպես կարող է՝ հասնե­լով դեպի ռուսա­կան ճակատ: Չնա­յած 7 ամիս դիմադրած Սասունի պարտության պատճառներն ակնհայտ են, բայց այստեղ արդեն երեւում է երկուսի ճակա­տագրե­րի տարբե­րությունը: Վանի ինքնա­պաշտպա­նությունը համարվում է հաջող դիմադրության դասա­կան օրի­նակ: Սասունի ինքնա­պաշտպա­նությունն ունե­նում է ողբերգա­կան ավարտ, եւ բացի այդ էլ, հետա­գա­յում շատե­րը հարցա­կա­նի տակ են դրել Ռուբե­նի որո­շումը՝ ամրա­նալ միայն Սասունում՝ թողնե­լով Մշո դաշտը, որը նա անհնար էր համա­րում պաշտպա­նել: Որո­շումը բնա­կա­նո­րեն միանգա­մայն հասկա­նա­լի էր, բայց զգացմունքա­յին տեսա­կե­տից՝ նույնիսկ ցայսօր չմարսված: Երբ Ռուբե­նը, մի բուռ սասունցի­նե­րով մի կերպ ճեղքե­լով ճակա­տի գիծը, վերա­դառնում է Կովկաս, Դաշնակցության հիմնա­դիրնե­րից Ռոստո­մը կարճ հարցնում է նրան՝ ինչո՞ւ եկար: Այսինքն՝ ինչո՞ւ չմե­ռար Սասունում:

 1918-ին Ռուբե­նը Թիֆլի­սում է՝ Ազգա­յին խորհրդում, Արա­մը՝ Երեւա­նում: Ռուբե­նը 1918‑ի մայի­սին դեմ է քվեարկում Հայաստա­նի անկա­խության մասին որոշմա­նը (եթե հիշո­ղությունս չի խաբում՝ երկու դեմ քվեարկողնե­րից մեկն է): Նրա սառը, հաշվարկող բնա­վո­րությա­նը պետք է խորա­պես խորթ լիներ նման որոշմա­նը կողմ քվեարկե­լը 1918‑ի մայի­սի պայմաննե­րում: Նույն ժամա­նակ Արամ Մանուկյա­նը Երեւա­նում կերտում է Հայաստա­նի իրա­կան, ոչ «քվեարկած» անկա­խությունը: Նա 18‑ի ամբողջ գարնա­նը քարո­զում է եւ կազմա­կերպում դիմադրություն թուրքա­կան արշա­վանքին՝ դիմադրություն, որի հաջողմա­նը չէր հավա­տում ոչ ոք: Հայկա­կան բանա­կի սպա­յա­կազմը կանխո­րոշված էր համա­րում Երեւա­նի հանձնումը եւ նահանջը դեպի Արա­գած ու Սեւան (թե հետո ո՞ւր նահանջել, հայտնի չէր): Երեւա­նի քաղա­քա­յին դումա­յի անդամնե­րը մտո­րում էին, թե ինչպես պետք է աղուհա­ցով դիմա­վո­րեն թուրքե­րին: Ժողո­վուրդն է, որ հավա­տում է Արա­մին եւ նրան հռչա­կում դիկտա­տոր: Ժողովրդա­կան շարժումը փոխում է զորքի տրա­մադրությունը, եւ Սարդա­րա­պա­տում հայե­րը հաղթում են: Սա Արա­մի երկրորդ ու վերջին մեծ հաղթա­նակն էր: Նա մահա­նում է դրա­նից մեկ տարի անց՝ 1919‑ի սկզբին: Ի հակադրություն նրա՝ Ռուբենն ապրում է անհա­մե­մատ երկար եւ տանուլ է տալիս իր «Սարդա­րա­պա­տը»:

Արա­մի մահից հետո Հայաստա­նը ղեկա­վա­րող Դաշնակցության փաստա­ցի առա­ջին դեմքը մնում է Ռուբե­նը: Նա չի սիրում երեւա­ցող դերեր: Նրա ղեկա­վարման ոճը ստվե­րա­յին է, նաեւ՝ չմի­ջամտող, հեռա­վոր, ոչ ուղղա­կի: 1920‑ի մայիսյան ապստամբությունից հետո նա ստիպված էր դուրս գալ ստվե­րից եւ ստանձնել պաշտո­նա­կան դեր. նոր՝ բացարձա­կա­պես ՀՅԴ բյուրո­յից կազմված կառա­վա­րությունում որպես զինվո­րա­կան նախա­րար: Դրանք նրա կյանքի ամե­նավճռա­կան ամիսներն են: Նրա դերը որո­շիչ է բոլշեւիկնե­րին ճնշե­լու խնդրում, նաեւ Հայաստա­նի թուրքաբնակ ապստամբ շրջաննե­րը վերջա­պես՝ երկու տարի անո­րոշ տատա­նումնե­րից հետո մաքրե­լու գործում: Ռուբե­նի՝ գրե­թե անձնա­կան թշնա­մի Շահան Նաթա­լին հետա­գա­յում հայկա­կան մեծա­գույն հաղթա­նա­կը կհա­մա­րի 1920‑ի ամռա­նը Հայաստա­նի թուրքա­կան շրջաննե­րի մաքրումը՝ առանց Ռուբե­նի անունը տալու, բայց Ռուբե­նի դեմ ուղղված բանա­վի­ճա­յին «Թուրքե­րը եւ մենք» գրքում:

 Բայց Ռուբե­նին վիճակված չէր լինել հայկա­կան Քեմալ՝ անկումից ու պարտությունից հայրե­նի­քը վերածնո­ղի եւ արժա­նա­պատվությունը վերա­կանգնո­ղի pater patriae‘ հայրենյաց հոր դերը: Նույնիսկ այժմ՝ ստանձնե­լով պաշտո­նա­կան ղեկա­վա­րումը, նա չէր վերցնում իրե­նից սպասվող՝ փաստա­ցի դիկտա­տո­րի դերը: Նա թողեց ռազմա­կան գործո­ղություննե­րի ղեկա­վա­րումը ռուսա­հայ բարձրաստի­ճան սպա­նե­րին՝ Նազարբե­կո­վին, Սիլիկյա­նին, Փիրումյա­նին: Նա չմի­ջամտեց «մասնա­գետնե­րի» գործին, չդարձավ ժողովրդա­կան շարժման առաջնորդ, որն իրա­կան ազգա­յին ոգի պետք է տար ոգով ավե­լի ռուսա­կան, քան հայկա­կան մեր բանա­կին: Վերջա­պես, երբ Կարսն ընկավ, եւ թուրքե­րը դանդա­ղո­րեն մոտե­նում էին Ալեքսանդրա­պո­լին, բոլո­րի հույսը Ռուբենն էր, որը պետք է վերջա­պես սկսեր հեղա­փո­խա­կան, հայրե­նա­կան պատե­րազմ՝ հայկա­կան ժողովրդա­կան կռիվ: Ռուբենն ասաց, որ եթե գտնի գեթ  կռվե­լու պատրաստ 1000 զինվոր, անձամբ կառաջնորդի զորքը դեպի հակա­հարձա­կում: Նոյեմբերյան մելա­մաղձոտ եւ անձրեւա­յին մի առա­վոտ նա մեկնեց ճակատ եւ երե­կո­յան վերա­դառնա­լով Ալեքպոլ, ուր նրան սպա­սում էր Հայաստա­նի եւ Դաշնակցության ողջ ղեկա­վա­րությունը, ասաց, որ ոչ մի հույս չկա, զորքը պատրաստ չէ կռվե­լու:

Նա չգտավ իր 1000-ին: Իրա­կա­նում չէր էլ կարող գտնել նրանց, քանի որ նրա խառնվածքի տեր մարդուն այդ իրա­վի­ճա­կում միակ իրա­տե­սա­կան ելքը կարող էր թվալ հաշտությունը: Չնա­յած նոյեմբե­րին էլ դեռ կոչեր էր ստո­րագրում՝ վճռա­կան պայքա­րի կարգա­խո­սով, բայց դրանք ընդա­մե­նը կոչեր էին: Նրան պակա­սում էր իր երկվորյակ-հակա­դի­րը՝ Արա­մը, կամ Նժդե­հի պես մեկը, որը կաներ այն, ինչ Ռուբե­նը չէր կարող անել, որովհե­տեւ մարդը չի կարող գործել հակա­ռակ իր բնության: Սառույցից կայծ չի առկայծում, ոչ էլ հակա­ռա­կը, սեւ խոռո­չը լույս չի տալիս, բայց ունի լույս տվող սովո­րա­կան աստղի համե­մատ ամե­նա­կուլ ձգո­ղա­կա­նություն:

Հայաստա­նի սովե­տա­կա­նա­ցումից անմի­ջա­պես հետո՝ 1920‑ի դեկտեմբե­րի սկզբին, Ռուբե­նը մեկնում է Զանգե­զուր, հանդի­պում Նժդե­հի հետ: Այստեղ նա նորից իր սիրած ստվե­րա­յին դերում է: Ուղիղ վկա­յություններ կարծես չկան, բայց բազմա­թիվ անուղղա­կի հետքե­րից պարզ երեւում է, որ Փետրվարյան ապստամբության ծրագրա­վո­րումն ու կազմա­կերպումը, ինչպես նաեւ Ինքնա­վար Սյունի­քի հռչա­կումը Ռուբե­նի նախագծերն են: Կարող է հակա­սա­կան թվալ, թե ինչպես է Տեր-Մինասյա­նը, որն ամեն ինչում ապա­վի­նում է միայն սառը հաշվարկին, նախագծում եւ հեռվից հեռու կազմա­կերպում այնպի­սի անհույս թվա­ցող գործ, ինչպի­սին է փոքր Հայաստա­նի ապստամբությունը բոլշեւիկյան Ռուսաստա­նի դեմ: Ո՞րն էր իմաստը պարտության դատա­պարտված այդ վերջին կռվի:

Փետրվարյան ապստամբության հետ կապված մեր պատմա­գի­տությունը դեռ նոր որա­կի լուրջ, հիմնա­րար վերլուծության կարիքն ունի: Կարող ենք միայն մեր փոքրիկ վարկածն առաջ քաշել, որը դեռ ապա­ցուցման կամ հերքման կարիք ունի: Տարբեր աղբյուրնե­րից ստա­ցած մեր տպա­վո­րությամբ՝ Փետրվարյան ապստամբությունը մասն էր ավե­լի մեծ՝ տարա­ծաշրջա­նա­յին մի ծրագրի: Դրա թիկունքում թերեւս անգլիա­ցի­ներն էին, իսկ մեծ ծրագրի իմաստն էր ամբողջ Կովկա­սի համա­ժա­մա­նակյա ապստամբությունը՝ Հայաստա­նով, Ադրբե­ջա­նով, Հյուսի­սա­յին Կովկա­սով, մինչդեռ Վրաստա­նը զուգա­հեռ անկա­խության պատե­րազմ էր մղում: Ընդ որում՝ թուրքերն առնվազն չեզոք դեր պետք է բռնեին, եթե ոչ ըստ հանգա­մանքնե­րի օգնեին ապստամբությա­նը: Սա մոտա­վո­րա­պես հենց այն նույն ծրա­գիրն է, որն առա­ջարկվում էր հայե­րին թուրքե­րի կողմից 1914‑ի ամռա­նը, եւ որի փաստա­ցի կողմնա­կիցն էր Ռուբե­նը, երբ առա­ջարկում էր թուրքե­րի կողմից կռվող հայկա­կան կամա­վո­րա­կան ջոկատներ կազմել: Փետրվարյան ապստամբության քաղա­քա­կան տրա­մա­բա­նությունն անի­մաստ է այլ կերպ պատկե­րացնել: Այս ծրագրի մի փոքր մասն է միայն իրա­կա­նա­նում, հատկա­պես Վրաստա­նի դիմադրությունը շատ թույլ ու կարճա­տեւ էր, որով եւ մնա­ցած ամբողջ շղթան՝ չիրա­կա­նա­ցող: Չնա­յած Սյունի­քում ապաստա­նածնե­րը դեռ 1921‑ի ամռան սկզբին հույս ունեին վերագրա­վել Երեւա­նը մի նոր գրո­հով, բայց Ռուբենն իրա­վի­ճակն այլեւս անհույս է համա­րում, եւ լքում Զանգե­զուրը՝ ապրի­լին մեկնե­լով Թավրիզ:

Նա երկար է ապրում դրա­նից հետո: Փաստա­ցի ղեկա­վա­րում է Դաշնակցությունը:  Շփումնե­րի մեջ է անգլիացնե­րի ու քրդե­րի հետ: Հերթով թշնա­մացնում է Շահան Նաթա­լիին, Նժդե­հին, նույնիսկ Վրացյա­նին: Գրում է հոդվածներ ու գրքույքներ այնպի­սի ոճով, որոնք հայկա­կան իրա­կա­նության մեջ միայն իրեն են բնո­րոշ: Թեմա­նե­րը բազմա­զան են՝ քիմիա­կան պատե­րազմից մինչեւ Հայաստա­նի աշխարհագրություն եւ հայ-թուրքա­կան հարա­բե­րություններ: Նրա գործե­րից հատկա­պես հետաքրքիր է «Հայաստա­նը միջազգա­յին ճանա­պարհնե­րի վրա» աշխա­տությունը, որը ոմանք համա­րում են հայկա­կան գեո­պո­լի­տի­կա­յի առա­ջին ու թերեւս վերջին նմուշը (չհաշված հետսո­վե­տա­կան դիլե­տանտ փորձե­րը): Այստեղ Հայաստա­նի պատմությունը քննվում է համաշխարհա­յին խոշոր ճանա­պարհնե­րի ազդե­ցության լույսի ներքո: Ռուբենն ընդհանրա­պես շատ ուշա­դիր է աշխարհագրա­կան հարցե­րին, աշխարհագրության եւ քաղա­քա­կա­նության կապին: Հայ հեղի­նակնե­րից ոչ ոք չունի այդ ուշադրությունը (բացի երեւի Հայկ Ասատրյա­նից, բայց մի քիչ այլ կտրվածքով): Օտա­րության մեջ՝ Փարի­զում, նա մահա­նում է 1951 թ.՝ չհասցնե­լով ավարտել իր հուշե­րի առա­վել ցավա­լի, բայց եւ կարեւոր հատվա­ծը հայ-թուրքա­կան պատե­րազմի մասին:

 Ունենք, ուրեմն, մի կողմից Արա­մին՝ կարճ կյանք, երկու փայլուն հաղթա­նակ երկու վճռա­կան պահի, ժողովրդա­կան բաց առաջնորդ, սիրված գործիչ երեկ եւ այսօր: Եվ մյուս կողմից՝ Ռուբե­նը՝ երկար կյանք, երկու ողբերգա­կան պարտություն երկու վճռա­կան պահի, ոչ հրա­պա­րա­կա­յին, ստվե­րա­յին ղեկա­վա­րում նախընտրող, թշնա­մա­ցած գրե­թե բոլո­րի հետ, կիսա­մո­ռացված, վատ հասկացվող, հակա­սա­կան: Երկու մասի բաժանված կյանք՝ հեղա­փո­խա­կա­նի, քաղա­քա­կան եւ ռազմա­կան առաջնորդի՝ հայրե­նի­քում, եւ կուսակցա­կան ղեկա­վա­րի ու քաղա­քա­կան գրո­ղի՝ օտա­րության, հանգիստ ու անփո­թո­րիկ տարագրության մեջ: Կրակ ու սառույց, արեւ ու սեւ խոռոչ:

ՃԱԿԱՏԱԳՐԻ ԴԻԱԼԵԿՏԻԿԱՆ

Ժամա­նա­կին Ռուբե­նի առա­վել աղմուկ հանած գրքե­րից էր հայ-թուրքա­կան կնճի­ռը: Այդ գիրքը, ցավոք, այդպես էլ չեմ կարդա­ցել: Բայց այն հիմք է ծառա­յում, որպեսզի Ռուբե­նը մեղադրվի թուրքա­մե­տության մեջ: Այդ գրքի դեմ է ուղղված Նժդե­հի «Որդի­նե­րի պայքա­րը հայրե­րի դեմ»-ը, որտեղ «հայրե­րի» դերում հենց Ռուբենն է՝ առանց անունը տալու: Նրա դեմ են ուղղված նաեւ Նաթա­լիի «Թուրքե­րը եւ մենք» եւ այլ ժամա­նա­կի բանա­վի­ճա­յին գործե­րը:

Հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի թեման անցնում է կարմիր թելով Ռոբե­նի ամբողջ կենսագրությունով, ինչը զարմա­նա­լի չէ: Բայց այդ թեմա­յի դիա­լեկտիկ բնույթը նրա ճակա­տագրում ուշագրավ է եւ եզա­կի հայ իրա­կա­նության մեջ: Ի տարբե­րություն նույն Շահան Նաթա­լիի՝ Տեր-Մինասյա­նի կռի­վը թուրքե­րի դեմ թուղթ ու գրչով չի եղել: 1904-08 թվա­կաննե­րին՝ դեռ իր 30-ամյա­կը չլրա­ցած, Ռուբե­նը ղեկա­վա­րում է հայկա­կան ազա­տագրա­կան պայքա­րի երկու հիմնա­կան օջախնե­րից մեկի՝ Տարո­նի ընդհա­տակյա կռի­վը թուրք կառա­վա­րության դեմ՝ ապրե­լով լեռնե­րում, գիշե­րա­յին թափա­ռա­կան կյանքով, մշտա­կան վտանգի մեջ:

1915-ԻՆ ՆԱ 7 ԱՄԻՍ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՑ ԿՏՐՎԱԾ ՂԵԿԱՎԱՐԵԼ Է ՍԱՍՈՒՆԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ:

Մի բան, որի անհրա­ժեշտությունը եւ որի դառը հետեւանքնե­րը չէին լինի, եթե հակա­ռակ իր հստակ տեսա­կե­տի՝ նրանք, ովքեր հետո պետք է մեղադրեին Ռուբե­նին թրքա­սի­րության մեջ, չոգեւորվեին ռուսա­կան ու եվրո­պա­կան սին խոստումնե­րով: Վերջա­պես, ինչպես տեսանք, Ռուբե­նը ղեկա­վա­րել եւ պարտվել է հայ-թուրքա­կան վերջին պատե­րազմում: Իր կյանքի ամե­նա­կա­րեւոր դրվագնե­րը Ռուբենն անցակցրել է հայ-թուրքա­կան կռիվնե­րում:

 Մյուս կողմից՝ ոչ թե միայն 1920-ից հետո, այլ դրա­նից շատ առաջ՝ առնվազն 1908-ից, հայ-թուրքա­կան հաշտության, փոխըմբռնման թեման առանցքա­յին է նրա համար, կարծես յուրա­հա­տուկ իդեա-ֆիքս լինի: 1908‑ի թուրքա­կան հեղա­փո­խությունից հետո նա կարծում է, որ Դաշնակցությունը ոչ միայն պետք է դադա­րի լինել զուտ հայկա­կան, այլեւ պատք է վերածվի համաօսմանյան հեղա­փո­խա­կան կուսակցության: Այդ ժամա­նակ դա այնքան էլ հոսանքին դեմ տեսա­կետ չէր՝ հաշվի առնե­լով, որ քննարկվող թեմա­նե­րից էր, Ավստրո-Հունգա­րիա­յի օրի­նա­կով, Օսմանյան կայսրության վերա­ձեւումը՝ որպես թուրքե­րի ու հայե­րի պետություն: Բայց արդեն 1912–14 թթ., երբ խզվե­ցին երիտթուրքե­րի եւ Դաշնակցության հարա­բե­րություննե­րը, երբ Հայկա­կան հարցը նորից դարձավ միջազգա­յին դիվա­նա­գի­տության թեմա, եւ սեղա­նին դրվեց Հայկա­կան բարե­նո­րո­գումնե­րի խնդի­րը, Ռուբե­նը՝ որպես Տարո­նի ներկա­յա­ցուցիչ, արդեն հոսանքին դեմ էր, թեեւ այստեղ էլ միայնակ չէր: ՀՅԴ 7‑րդ Ընդհա­նուր ժողո­վում, երբ քննարկվում էր Հայկա­կան բարե­նո­րո­գումնե­րի, երիտթուրքե­րի հետ հարա­բե­րություննե­րի, միջազգա­յին դիվա­նա­գի­տության հարցը, նրա դիրքը կտրուկ էր:

 Ըստ ԸԺ սղագրություննե­րի (Նյութեր ՀՅԴ պատմության համար, հատոր Ժ)՝ նա երիտթուրքե­րի հետ հարա­բե­րություննե­րի խզումը սխալ է համա­րում, նշում է, որ «մերոնք» նորից «հույսը դրել են դիպլո­մա­տիա­յի վրա», որ Պոլսի ու Կովկա­սի դաշնակցա­կան կոմի­տե­ներն ընկել են «ավանտյուրա­յի գիրկը», դարձել կարծես «ռուսա­կան գործա­կալներ» եւ մեծ աղետներ կարող են բերել ժողովրդի գլխին: Նա համա­րում է, որ հայե­րը բռնել են գործ, որն իրենց իրա­կան ուժե­րից վեր է, որ պետք է լոյալ լինել թուրքա­կան պետության նկատմամբ, պահանջներ դնել նրա առաջ՝ համա­պա­տասխան մեր ուժին, որ դիվա­նա­գի­տության փոխա­րեն պետք է լծվել հեղա­փո­խա­կան ու ինքնա­պաշտպա­նա­կան գործին եւ ուժե­ղա­նա­լով ավե­լի հստակ պահանջներ դնել թուրքե­րի առաջ: Նա չի վարա­նում տարվող քաղա­քա­կա­նությունն անվա­նել նույնիսկ դավա­ճա­նություն: Ավե­լի մեղմ դիրքե­րից, բայց էությամբ նույնն էր այս հարցում նաեւ Վանի ներկա­յա­ցուցիչ Վռամյա­նի տեսա­կե­տը:

 Հատկանշա­կան է, որ այս տեսա­կե­տի կրողն են երկրի ամե­նա­հե­ղա­փո­խա­կան, թուրքե­րի դեմ պայքա­րում առա­վել աչքի ընկած երկու շրջա­նի ներկա­յա­ցուցիչնե­րը: Հակա­ռակ տեսա­կե­տին են հիմնա­կա­նում գաղութա­հայ կենտրոննե­րը՝ Պոլիսն ու Թիֆլի­սը ներկա­յացնողնե­րը:

Հետա­գա­յում, հայի հետին խելքով գաղութա­հայ լիբե­րալնե­րը նույնպես հասկա­ցան այն, ինչ Ռուբենն ու իր համա­խոհնե­րը հասկա­ցել էին արդեն 1912-ին՝ զգուշացնե­լով Աղե­տի մասին: Բայց հասկա­նա­լով այս պարզ ճշմարտություննե­րը՝ հայ լիբե­րա­լիզմը, ի դեմս, օրի­նակ, Լեո­յի, փոխա­նակ խոսեր ու ցույց տար նախեւա­ռաջ լիբե­րալ քաղքե­նիա­կան հոսանքի մեղքը, փորձում է ամեն բան բարդել հայ հեղա­փո­խության վրա այն դեպքում, երբ հենց հեղա­փո­խա­կան տեսա­կետն էր միակ այլընտրանքը Հայկա­կան հարցի միջազգայնացման ու «դիվա­նա­գի­տության», որը Լեո­յի պես «առա­ջա­դեմ» քաղքե­նի­նե­րի սիրած ու փայփա­յած զբաղմունքն է եղել ամբողջ գիտակցա­կան կյանքում, մինչեւ որ նրանց կույր հավա­տը «միջազգա­յին հանրությա­նը» չհանգեցրեց Մեծ եղեռնի, որից հետո նրանք, կորցնե­լով իրենց գլուխնե­րը, սկսե­ցին վայ կապել այն մասին, թե իբր մեղա­վո­րը հայե­րի զինված պայքա­րի գաղա­փարն էր՝ հենված սեփա­կան ուժի վրա:

Անկախ այն բանից, թե ինչ են արել կամ ասել Ռուբեն Տեր-Մինասյա­նը եւ նրա համա­խոհնե­րը նախորդ եւ հետա­գա գործունեության ընթացքում, 1912–14 թթ. նրանց դիրքո­րո­շումն ամե­նասթափ եւ քաղա­քա­կա­նա­պես միակ ճիշտ խոսքն է, որը հնչել է հայ իրա­կա­նության մեջ այդ շրջա­նում: Ցավոք, հայությունը չուներ այն քաղա­քա­կան հասունությունը՝ լսե­լու եւ հետեւե­լու նման տեսա­կետնե­րի: Եթե ունե­նար գոնե այսօր, ապա առնվազն անցյա­լը կկա­րո­ղա­նար վերլուծել:

 1914-ին Ռուբե­նի դիրքո­րո­շումն արդեն հայտնի էր: Նա կտրուկ դեմ էր կամա­վո­րա­կան շարժմա­նը ռուսնե­րի կողմից, եւ գնում է այնքան հեռու, որ առա­ջարկում է հակա­ռա­կը՝ կամա­վո­րա­կան շարժում թուրքե­րի կողմից եւ ընդդեմ ռուսնե­րի: Նրան բնա­կա­նա­բար չեն լսում: Բայց որոշման հետեւանքնե­րը ճաշա­կում են ոչ թե որո­շում ընդունողնե­րը, այլ նույն Տարո­նի ու Վանի գործիչնե­րը, որոնք կանխավ զգուշացնում էին «ավանտյուրա­յի» եւ դրա հետեւանքնե­րի մասին: Պոլսի եւ Թիֆլի­սի դիպլո­մատնե­րը չէին տեղե­րում կազմա­կերպե­լու ինքնա­պաշտպա­նություն եւ կռվե­լու մինչեւ վերջին փամփուշտը:

Հայ-թուրքա­կան փոխհա­մա­ձայնության թեման, ինչպես տեսանք, շարունակվում է Ռուբե­նի կյանքում նաեւ հետա­գա­յում: Բայց դա արդեն, ըստ էության, գրքա­յին բանա­վեճ էր: Թուրքե­րի հետ պետք էր լեզու գտնել մինչեւ 1914‑ը թվա­կա­նը այն ձեւով, ինչպես առա­ջարկում էին Տարո­նից ու Վանից, կամ էլ կռվով հաղթել 1920-ին, ինչը չկա­րո­ղա­ցավ անել մեր պատմության հերո­սը: Իսկ դրա­նից հետո՝ ցայսօր մնա­ցա­ծը խոսակցություններ են:

ՌՈՒԲԵՆ ՓԱՇԱՆ

Ես փորձե­ցի ներկա­յացնել պատմա­կան հերո­սին ոչ թե որպես հերոս կամ հակա­հե­րոս, այլ որպես բարդ, հակա­սա­կան, բազմա­շերտ, կենդա­նի էություն:

Իմ խորին համոզմամբ այսպի­սին պետք է լինի պատմա­կան վերլուծությունը:

Ռուբեն Տեր-Մինասյա­նի կյանքը կարծես անա­վարտ մի վեպ լինի: Շատ խոստումնա­լից սկզբով, բայց ձգված ու ինչ-որ տեղ տխուր ավարտով: Ցավա­լի է պատկե­րացնել մի մարդու, որի կյանքի գլխա­վոր իրա­դարձություննե­րը տեղի են ունե­նում մինչեւ նրա 40-ամյա­կի լրա­նա­լը, իսկ հետա­գա կյանքը կարծես երկա­րած հետգրություն լինի: Մեկը, ով կարող էր լինել Հայաստա­նի նոր պատմության գլխա­վոր հերո­սը, իր կյանքի առա­վել հասուն տարի­նե­րը վատնում է հեռա­վոր Փարի­զում: Մարդ, որի համար Հայաստա­նը կյանք եւ իմաստ էր:

 Հուսով եմ, որ շատ չեմ խանգա­րել նրա հոգու հանգիստը, եթե փորձել եմ կառուցել նրա կյանքի մեկ այլ՝ այլընտրանքա­յին տարբե­րա­կը՝ փորձե­լով պատկե­րացնել, որ 1914‑ի նրա հանդուգն, չտեսնված առա­ջակն ի կատար է ածվում: Ընթերցո­ղը թերեւս կհա­մա­ձայնի, որ դա կլի­ներ նրա կյանքի ու ճակա­տագրի շատ ավե­լի տրա­մա­բա­նա­կան եւ գեղե­ցիկ շարունա­կությունը, կամ այն, ինչ եղավ իրա­կա­նում՝ Կարսի պարտությունն ու տարագրությունը:

Հեղի­նակ՝  Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

Նկա­րա­զարդող՝  Դավիթ Փարթամյան

Ձեւա­վո­րումը՝  Աննա Աբրա­համյա­նի,   Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝  Արա Թադեւոսյան

Նախագծի ձեւա­վորման համար օգտա­գործվել է Էմա­նուել Սարդարյա­նի լուսանկա­րը

Առնչվող Հոդվածներ