1991թ. սկսած ոչ մի ռեալ բարեփոխում չարվեց, ոչ մի հիմնական, էական բան չփոխվեց: Սոցիալական արդարություն չհաստատվեց, գաղափարական ամեն ինչը մի կողմ դրեց:
Սերգեյ Շահվերդյան
Թաթուլ Հակոբյանի հյուրն է Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախարար, Արցախի Հանրապետության ներկայիս մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի նախագահ Սերգեյ Շահվերդյանը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել արցախյան 44-օրյա պատերազմին, թե ինչ կատարվեց, ինչու այդպես եղավ և ինչ սպասել ապագայում:
Զրույցի ընթացքում Շահվերդյանն ասաց, որ իր համար շոկային էր այն, ինչ տեսավ պատերազմի օրերին: Իր համար նա պարտությունը կանխորոշված համարեց այն պահից սկսած, երբ տեսավ, որ տղամարդիկ կանանց մի կողմ են հրում, որ իրենք նստեն այն մեքենաները, որոնցով բնակչությանը դուրս էին հանում: Նա ասաց, որ իր համար ապշելու աստիճան դառն էր տեսնել, որ տարիքով կանայք հետ էին հրում երիտասարդներին, որ իրենք կարողանան նստել ավտոմեքենաները: Շահվերդյանը նշեց, որ մշակութային շատ մեծ վիհ է առաջացել այս ընթացքում: Նա ասաց, որ պարտության պատճառ նաև կարելի է համարել այն, որ 1991թ. սկսած ոչ մի ռեալ բարեփոխում չարվեց, ոչ մի հիմնական, էական բան չփոխվեց: Սոցիալական արդարություն չհաստատվեց, գաղափարական ամեն ինչը մի կողմ դրվեց:
Շահվերդյանն ասաց, որ նաև Արցախում կան տրամադրություններ ու մտավախություններ առ այն, որ ՀՀ-ն ձեռք է քաշել Արցախից: Նա ասաց, որ այդ տրամադրությունները հաճախ գալիս են ՀՀ տարբեր աստիճանավորների երկիմաստ խոսքերից, երբ հնարավոր չի լինում հասկանալ, թե ինչ նկատի ունեն:
Շավերդյանը հատուկ ընդգծեց, որ պետք է ամեն կերպ մաքրել մթնոլորտը հայ-արցախցի կեղծ օրակարգից: Արցախը ապրել, ապրում և պիտի ապրի Հայաստանի հետ անբաժան թելերով կապված: Այդ և՛ անհրաժեշտ բան է, և՛ տրամաբանական, քանի որ մենք մի ընդհանուր ժողովուրդ ենք, մենք նույնն ենք:
Զրույցի ընթացքում շոշափվեց նաև մշակութային ժառանգական ինքնուրույնության մասին: Պրն. Շահվերդյանը նշեց, որ ադրբեջանցիներին անցած տարածքներում արագորեն ընթանում է հայկական ճարտարապետական շինությունների ապահայացման գործընթացը: Ադրբեջանցիները փորձում են ամեն կերպ վերացնել հայկական հետքն Արցախից:
Այն հարցին, թե արդյո՞ք ռուսները կմնան նախատեսված 5 տարուց ավել, թե ոչ, Շահվերդյանը նշեց, որ այս պահին համենայն դեպս ռուսական զորքերը միակ խոչնդոտն են արցախահայերի պաշտպանության համար: Նա ասաց, որ մենք միամտաբար փորձում ենք ռուսներին բացատրել, թե որն է իրենց շահը, ինչն է իրենց ձեռնտու, իսկ ինչը՝ ոչ: Մենք նման բան արել ենք նաև արցախյան առաջին պատերազմի ժամանակ, երբ փորձում էին ռուսներին իրենց շահերը բացատրել: Սա միամիտ և խեղճ քայլ է, երբ մենք մի վիթխարի կայսրության շահերը փորձում ենք իրենցից լավ պատկերացնել: Ռուսները ասյտեղ կմանան այնքան, ինչքան պահանջում են իրենց շահերը և ոչ մի վայրկյան ավել:
Պրն. Շահվերդյանը նաև ցավով նշեց, որ Արցախի իշխանությունները այդպես էլ չկարողացան այնպիսի բարեփոխումներ իրականացնել, որ մարդիկ ուզեն մնալ այստեղ, ուզեն ապրել այստեղ: Հանցավոր և աննպատակ կառավարչաձևը, որ մշտապես առկա եղավ, ցուցյ տվեց իր թուլությունները: Պետական կառավարման ինստիտուտը մի փուչիկ էր, որ պայթեց պատերազմի ժամանակ ու ցույց տվեց իր անընդունակությունները: Այն բաժինները, որ պետք է զբաղվեին մարդկանց տարհանելով կամ նմանատիպ այլ գործունեությամբ, լրիվ կաթվածահար վիճակում էին:
Վերջում պրն. Շահվերդյանն ասաց, որ եթե ուզում ենք արցախցուն գոտեպնդել, ապա պետք է հաճախակի այցելել Արցախ, անընդհատ գալ-գնալ: Արցախում միշտ պետք է շատ հայեր լինեն: Դա զորավիգ լինելու միջոց է, բարոյահոգեբանական շատ կարևոր քայլ:
Մեր խնդիրները կլուծվեն միայն այն դեպքում, երբ մենք կարողանանք հզորանալ այն աստիճան, որ աշխարհը ընդունի այն: Իրականում շատ օրենքները կարող են շրջանցվել համաշխարհային հանրության կողմից, շրջանցվել են և էլի կլինեն, բայց նրանք այդ կանեն, երբ տեսնեն, որ իրենց առաջ իրոք ռեալ ուժ է կանգնած:
Ամբողջական տեսանյութը՝