Առաջին Հանրապետության այլընտրանքային պատմությունը
Մաս II. Հնարավո՞ր էր արդյոք հաղթել
հայ-թուրքական պատերազմում
Այս իրավիճակից լավագույնս կարող էր օգտվել տարածաշրջանի այն ազգը, որն ուներ առավել մեծ քաղաքական պայքարի փորձ եւ ռազմական ներուժ: Այդ ազգը միանշանակ հայն էին:
Հրանտ Տէր-Աբրահամեան
Սրանից ուղիղ 100 տարի առաջ, 1919-ը թվական…
Այն մտել է պատմության մեջ որպես Հայաստանի առավել ծանր տարիներից մեկը՝ փողոցներում սովից մահացող տասնյակ հազարավոր արեւմտահայ փախստականներ, անտուն որբերի «բանակ», ներքին պատերազմներից արնաքամ լինող երկիր, տնտեսական փլուզում…
Միաժամանակ սա այն տարին է, երբ հիմք է դրվում 20-րդ դարի Հայաստանին: 1919-ի աշնանը Հայաստան է վերադառնում Ռուսաստանում արդեն մեծ հայտնիություն ունեցող ճարտարապետ, ակադեմիկոս Թամանյանը, հիմնադրվում է Հայաստանի համալսարանը, Նժդեհը օգոստոսին մեկնում է Ղափան…
Այս հակադրությունը ավերի ու նորի հիմնադրման որոշ չափով հայտնի պատմություն է:
Բայց 1919-ն առանձնահատուկ է ոչ միայն դրանով:
Իր ավելի հայտնի «ընկերների»՝ 1918-ի, 1920-ի եւ մյուսների համեմատ 1919-ը ստվերված է, որովհետեւ այդ ժամանակ արտաքուստ տեղի չեն ունեցել այն չափի աղմկալից իրադարձություններ, ինչպիսիք են, ասենք, Սարդարապատի հաղթանակը կամ Կարսի անկումը: Բայց ես վստահություն ունեմ, որ կգա ժամանակը, երբ դեռ գոյություն չունեցող, բայց մի օր հաստատապես կազմավորվելիք նոր տիպի՝ հայաստանակենտրոն պատմագիտությունն առանձնացնելու է 1919-ը որպես հայոց նորագույն պատմության կարեւորագույն տարեթիվ, գուցե նույնիսկ ավելի կարեւոր խորքային իմաստով, քան 1918-ը, 1920-ը եւ նույնիսկ 1915-ը: Ցավոք, այդ կարեւորության երանգը լինելու է հիմնականում բացասական: Որովհետեւ 1919-ը եզակի հնարավորությունների տարեթիվ է, որոնք սակայն չեն օգտագործվել: Եվ երբ ասում եմ եզակի, ապա նկատի ունեմ եզակի ողջ մեր նորագույն պատմության մեջ՝ դրանից առաջ եւ հետո, եզակի, որպիսին այսօրվա Հայաստանը չունի եւ հազիվ էլ ունենա:
1919-ը մեր նոր պատմության մեջ այն եզակի տարին էր, երբ տարածաշրջանում ավանդաբար գերիշխող երկու կայսրությունն էլ՝ թե´ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան, այսպես ասած, ժամանակավորապես բացակայում էին: Ճիշտ է, նրանց փոխարեն ժամանակավոր ներկայություն ունեին անգլիացիները, բայց դա այն լիարժեք ներկայությունը չէր, որը կարող էր փոխարինել հիշյալ «բացականերին»: Իրանը, որը ժամանակին տարածաշրջանային երրորդ գերիշխողն էր, այդ շրջանում վաղուց ի վեր չուներ երբեմնի հզորությունն ու ազդեցությունը: Փաստացի Կովկասը՝ Հարավային եւ Հյուսիսային, մնացել էր ինքն իր հետ՝ եզակի դեպք ոչ միայն նորագույն, այլեւ հին պատմության մեջ:
Այս իրավիճակից լավագույնս կարող էր օգտվել տարածաշրջանի այն ազգը, որն ուներ առավել մեծ քաղաքական պայքարի փորձ եւ ռազմական ներուժ: Այդ ազգը միանշանակ հայն էին: Մի քիչ գուցե իրատեսական չէ պահանջել դարերով ենթակա մի ազգից արագ կողմնորոշում նման իրավիճակներում, սակայն, մյուս կողմից այն, ինչ պետք է սկսվեր դեռ 1919-ին՝ ուժերի կենտրոնացում, արագ վճռական գործողություններ, որոշ չափով գիտակցվեց եւ իրացվեց Հայաստանի ղեկավար ուժի՝ Դաշնակցության կողմից 1920-ի մայիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում, բայց արդեն լրիվ այլ՝ ուշացած իրավիճակում, եւ դա էլ ոչ մինչեւ վերջ հետեւողական:
1919-ին Հայաստանում հույսը դրել էին մեծ տերությունների կողմից հայկական խնդրի դիվանագիտական կարգավորման վրա, եւ սպասելով դաշնակիցների վճռին՝ ըստ էության պասիվ քաղաքականություն էին վարում՝ ժամանակ վատնելով փաստացի պատերազմող եւ քայքայված երկրում պառլամենտական դեմոկրատիա խաղալու վրա: Կոալիցիոն կառավարություններ էին կազմվում սալոնային, ոչ լայն ժողովրդական շահեր ներկայացնող կուսակցությունների մասնակցությամբ:
ՄԻ ԽՈՍՔՈՎ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՔԱՂՔԵՆԻԱԿԱՆ «ԱԶԳԱՅԻՆ-ԼԻԲԵՐԱԼԻԶՄԸ», ԹԻՖԼԻՍՅԱՆ «ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ» ՏԱՐԵՐՔԻ ՄԵՋ ԷՐ:
Մինչ արեւմտահայ փախստականներն օրական հարյուրներով մահանում էին Երեւանի փողոցներում, Հայաստանի տարածքի զգալի մասը վերահսկվում էր թուրքական ապստամբների կողմից, որոնց դեմ կառավարությունը գրեթե որեւէ վճռական գործողության չէր դիմում, մինչեւ 1920-ի գարունը եւ ամառը, իսկ որոշ կիսաքայլերի դիմելու դեպքում անմիջապես քննադատության էր ենթարկվում սալոնային կուսակցությունների կողմից: Մինչդեռ ցեղասպանությունից փրկված մնացորդների կորուստները կարելի էր էապես նվազեցնել, եթե արագ ու վճռականորեն լուծվեր ապստամբ թուրքական շրջանների հարցը, ինչպես որ Թալինի հարցի լուծմամբ 1918-ի սկզբին փրկվեց սասունցիների մնացորդը: Ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի թվի մի մասը նաեւ այս անպատասխանատու քաղաքականության արդյունքն է: Բոլորին չեն թուրքերը սպանել: Մի մասին էլ, ով փրկվել է թուրքից, ոչնչացրել է հայկական քաղաքականության անգործությունը:
Սպասելով դաշնակիցների կողմից Արեւմտյան Հայաստանի հարցի լուծմանը՝ բաց թողեցինք ձեռքից Ռուսաստանի հայաբնակ շրջանների հողերի հավաքումը, միավորումը: Եվ, ի դեպ, Արեւմտյան Հայաստանն էլ այն ժամանակ աշխարհի գերպաշտպանված տարածքը չէր. թուրքական բանակը կիսաքայքայված էր, քեմալական շարժումը դեռ չկայացած:
Հայաստանին պետք էր հեղափոխական կենտրոնացում, եթե կուզեք՝ դիկտատուրա եւ ազգային ու սոցիալական նպատակների արագ, վճռական իրացում, իսկ դրա փոխարեն մենք զբաղված էինք անտեղի դիվանագիտությամբ եւ «լիբերալիզմով»: Սրա գինը ցայսօր ենք վճարում. Հայաստանի սահմանները, նաեւ հարեւանների հետ խնդիրները ժառանգությունն են 1919-ի քաղաքականության: Ադրբեջանի հետ գուցե այսօր չունենայինք կոնֆլիկտ, եթե 19-ին հասցնեինք Ղարաբաղի ու Նախիջեւանի հարցերը լուծել:
Անկախ Հայաստանի այլընտրանքային պատմությունը ճիշտ կլիներ սկսել հենց այս կետից՝ 1919-ի այլընտրանքից: Սակայն դա չափից ավելի մեծ ծավալ եւ ռեսուրս է պահանջում: Պետք է դիտարկել չափից ավելի շատ ոլորտներին վերաբերող սցենարները՝ քաղաքական կառուցվածք, արտաքին հարաբերություններ, բանակ, սոցիալական ու դասակարգային հարաբերություններ: Պետք է նախապես տալ համապարփակ քննադատություն, հիմնավորել հնարավորությունները, առանձին-առանձին դիտարկել Արեւելյան Հայաստանի եւ Արեւմտյան Հայաստանի խնդիրները: Դա կլիներ իդեալական, սակայն այս պահին ոչ իրատեսական տարբերակ: Թերեւս մի ամբողջ գիրք պետք կլիներ գրել: Այդ պատճառով կարեւոր համարելով նախանշել, անպայման արձանագրել 1919-ի խնդրի գոյությունը, թեկուզ 100 տարի անց ձեւակերպել այն՝ կկառուցեմ իմ այլընտրանքը, թեեւ պակաս ամուր, բայց այս պահին միակ հնարավոր հիմքի վրա՝ սկսելով 1920-ի աշնանից:
Հնարավո՞ր էր արդյոք հաղթել 1920 թվի հայ-թուրքական պատերազմում:
Ցանկացած պատերազմում հաղթանակը պայմանավորված է նախ՝ քաղաքական, հետո միայն՝ զուտ ռազմական հանգամանքներով: Ռազմական իմաստով 1920-ի պատերազմն առաջին եւ վերջին դեպքն էր ամբողջ հայոց պատմության մեջ, երբ կանգնած էինք թուրքերի դեմ մոտավորապես հավասար ուժերով: Սա ամբողջ հայ ազգային-ազատագրական պայքարի գագաթնակետն էր, վճռական պահը, ահեղ դատաստանը: Սա մի պահ էր, որի հնարավորության մասին հազիվ թե երազում էին նույնիսկ ազատագրական պայքարի ամենաիդեալիստ մասնակիցները՝ հայերը թուրքերի դեմ ոչ թե որպես ապստամբներ, ֆիդայի-պարտիզաններ, այլ որպես կանոնավոր բանակ կանոնավոր բանակի դեմ: Ճիշտ է, հայկական պետությունն ու հայկական բանակն ընդամենը երկու տարեկան էին, եւ երկիրը դեռ կիսավեր վիճակում էր, բայց մեր դեմ կանգնած թուրքերն էլ ոչ թե երբեմնի հզոր կայսերական զորքերն էին, այլ քառամյա մեծ պատերազմում ջախջախված, կազմալուծված, կանոնավոր մատակարարում չունեցող բանակի մնացորդ: Ավելին՝ հենց թուրքերն էին գոնե իրավական տեսակետից այս անգամ ապստամբի դերում, քանի որ քեմալական կառավարությունը միջազգային ճանաչում չուներ, դե յուրե խռովարարների մի խումբ էր հենց Օսմանյան կայսրության նկատմամբ, որի կենտրոնական կառավարությունը Պոլսում, գոնե ըստ ձեւի, չէր ճանաչում քեմալականների օրինականությունը, իսկ Արեւմտյան Հայաստանի տարածքները միջազգային ամենաբարձր մակարդակով, աշխարհի առավել հզոր տերությունների կողմից ճանաչված էին որպես Հայաստանի մաս 1920-ի օգոստոսին:
Ճիշտ է, շատ բարդ էր Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական իրավիճակը, բայց պակաս բարդ չէր նաեւ քեմալականներինը: Այդ հարցում էլ միմյանց դեմ հավասար ուժեր էին կանգնած: Կարող է մի քիչ միստիկ թվալ ասածս, բայց անկեղծորեն հավատում եմ, որ համաշխարհային պատմության մեջ ամեն բան արդար է: Պարզապես այն արդարությունը, որն ունի աշխարհը, տարբեր է մեր կողմից պատկերացրած արդարությունից: Այդ արդարությունը հիմնված է ուժային փիլիսոփայության վրա: Պատմության տեսակետից արդար է ուժեղը, ինչպես եւ բնության տեսակետից: Դա ոչ լավ է, ոչ վատ, պարզապես պատմությանը, ինչպես նաեւ բնությանը «հետաքրքիր է» ավելի ու ավելի ուժեղ «տեսակների» կայացումը, ուժի, հզորության անընդհատ ավելացումը, «բուծումը»: Սա է միակ մեծ դասը, որ կարելի է քաղել թե´ բնության, թե´ մարդկության պատմությունից: Եվ պատմությունը ստեղծում է հնարավորություններ ուժի հայտ ներկայացնողներին: Դրա համար ես հավատում եմ հին աստվածներին, հավատում եմ Վահագնին ոչ թե բառացի իմաստով, այլ որպես բնական եւ պատմական ընթացքները, օրինաչափությունները խորհրդանշող, բացատրող ուժերի անվանումների:
Վահագնը կամ աստվածներից որեւէ մեկը հայ ազգին տվեց հնարավորություն՝ չափելու ուժերը իր հիմնական հակառակորդի հետ՝ ի հատուցումն այն բանի, որ հայ ազգն ուժի հայտ ներկայացրեց ազատագրական պայքարով: Ավելի աշխարհիկ լեզվով ասած՝ այն հավատքը, այն ջանքը, այն զոհաբերությունը, որը ներդրվեց մեր ազատագրական պայքարի մեջ, տվեց իր արդյունքը, ստացավ իր մարմնավորումը որպես 1920 թվին թուրքերի դեմ հավասարը հավասարի կռվի հնարավորություն: Դա պետք է լիներ վերջին փորձությունը, որն անցնելուց հետո մեր պայքարը պսակվելու էր վերջնական հաղթանակով, որից հետո արդեն կանցնեինք հաջորդ «դասարան» եւ կզբաղվեինք մեր պետության ներքին կառուցմամբ: Մենք ունեինք հնարավորություն 20-րդ դարում լինելու այլ պետություն եւ այլ «կլասի» ազգ՝ ավելի մեծ տարածքով, ավելի մեծ ռեսուրսներով, ավելի մեծ բնակչությամբ, տասնամյակների անկախությամբ, աշխարհի հզոր պետությունների հնարավոր դաշնակցությամբ եւ, ի դեպ, առանց հարեւան Թուրքիայի հետ հիմնարար խնդիրներ ունենալու (Ցեղասպանության ճանաչման խնդիրը չէր լինելու, քանի որ Մեծ եղեռնի փոխհատուցումը հենց մեր հաղթանակն էր լինելու): Մենք այն հնարավորությունը չօգտագործեցինք եւ հիմա ունենք այն, ինչ ունենք, եւ այնքան, որքան արժանի ենք, որքան ներել են մեր ուժերը:
ԵԹԵ ԱՅՍՕՐՎԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ, ԱՊԱ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՉՄՈՌԱՆԱՆՔ, ԿԱՐՍԻ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ Է:
Բայց չեմ ուզում նաեւ անարդարություն գործած լինենք նախորդ սերունդների նկատմամբ: Այո´, ուժերը մոտավորապես հավասար էին: Բայց թուրքերն ունեին մի վճռորոշ առավելություն մեր նկատմամբ: Չեմ ուզում ասել, թե պետություն ունենալու դարավոր ավանդույթն է, որովհետեւ այս ձեւակերպումը նախ շատ մաշված է եւ բովանդակությունը կորցրած, երկրորդ՝ ինքնին շատ վերացական է, քանի որ խոսքը պետք է լինի ոչ թե պետության մասին ընդհանրապես, այլ մասնավորապես քաղաքական ու ռազմական ավանդույթ ունենալու մասին: Օրինակ՝ քրդերն էլ պետությունից զուրկ ազգ են, ընդ որում՝ ի տարբերություն հայերիս՝ թագավորություն երբեք չեն էլ ունեցել, բայց ռազմական եւ իշխանական լուրջ ավանդույթ ունեցող ազգ են: 1920 թվին պատերազմը վարող թուրք զինվորականության կողմից այդ ավանդույթով ձեւավորված մտածողությունն ու հոգեբանությունն էր, որը նման տեւական ավանդույթների դեպքում վերածված է լինում գրեթե բնազդի, ավտոմատիզմի: Դա աշխարհի ուժային օրենքն ընկալելու բնազդն է եւ այդ ընկալումը կոնկրետ իրավիճակներում գրեթե առանց մտածելու, ինքնաբերաբար, ավտոմատ կիրառելու կարողությունը:
Հայկական վերնախավը շատ քիչ չափով ուներ նույնից: Հայկական վերնախավի մեծ մասը մոդեռնի դարաշրջանի մտավորականներ էին կամ Թիֆլիսի քաղքենիներ (բառիս ոչ թե արհամարհական, այլ բուն իմաստով՝ քաղաքաբնակ խավ), որոնք՝ որպես իրենց դասի ներկայացուցիչներ, գործում էին համաձայն մակերեսային լուսավորչական կրթությամբ ձեւավորված գիտակցության, որի համար պատմության, քաղաքականության, աշխարհի օրենքն այն է, ինչ գրված է գրքերում եւ քարոզված ամբիոններից: Մեր վերնախավի միայն մի փոքր մասը՝ այն, որ ուներ բուն հեղափոխական, զինված պայքարին ընդհատակյա գործունեությանը մասնակցելու փորձ, որոշ չափով միայն կարողացել էր ձեւավորել մեծ պայքարների համար անհրաժեշտ ոչ գրքային գիտակցությունը, որը ներառում է մարդու հոգեբանության ամբողջությունը՝ գիտակցության վերջին շերտերից մինչեւ զգացմունքներ ու բնազդներ: Բայց այդ, ընդամենը մեկ-երկու սերնդի փորձը, ի հակադրություն թուրքական դարավոր ավանդույթի, իհարկե թույլ էր:
Գանք նաեւ մյուս տարբերություններին:
Քեմալական թուրքական բանակը, ասացինք, պարտված, կազմալուծված կայսրության երբեմնի մեծ զորքի մնացուկ էր, այն էլ՝ դե յուրե ապստամբ խռովարար ոչ միայն աշխարհակարգի, այլեւ սեփական պետության նկատմամբ: Այս թույլ դիրքում կար սակայն եւ առավելություն՝ այն, ինչ Նժդեհը կոչում է վճռական մենակի դիրք: Պատկերացնելու համար, թե ինչ էր քեմալական շարժումը, մի օրինակ բերենք: Ենթադրենք մի օր աշխարհի հզոր պետությունների մեծ մասը ճանաչում է Արցախի անկախությունը միջազգային մեծ պայմանագրի շրջանակում: Ավելին՝ Ադրբեջանի կառավարությունն էլ է ճանաչում Արցախի անկախությունը եւ ստորագրում պայմանագրի տակ: Բայց ադրբեջանական մի գնդապես Քյուրդամիր քաղաքում բարձրացնում է ապստամբության դրոշը, դեմ է դուրս գալիս միջազգային պայմանագրին, իր շուրջն է հավաքում որոշ քանակով զինված ուժ եւ հայտարարում, որ երբեք չի ճանաչելու Արցախի անկախությունը: Ահա, մոտավորապես սա էր քեմալական շարժումը: Ճիշտ է, օրինակը գուցե շատ չոր է: Քեմալն ուներ կարեւոր դաշնակից՝ Սովետական Ռուսաստանը: Բայց այդ գործոնն էլ չարժի գերագնահատել, ինչպես հաճախ անում ենք: Սովետական Ռուսաստանը դեռ կիսաքանդ, մի քանի ճակատով պատերազմ վարող, միջազգային ճանաչում չունեցող, կիսաքաղց եւ ամենեւին ոչ ամենակարող զինուժով պետություն էր: Եվ ամենակարեւորը՝ Սովետական Ռուսաստանն էլ երբեք օգնության ձեռք չէր մեկնի Քեմալին, եթե ի սկզբանե չլիներ նրա վճռական մենակի քայլը: Եվ ավելին՝ չէր օգնի եւ չէր կարողանա օգնել, եթե Քեմալը չտաներ իր հաղթանակները: Հենց հայ-թուրքական պատերազմին Սովետական Ռուսաստանն անմիջապես չմիջամտեց, այլ միայն դրա արդյունքներով իր բանակը մտցրեց Հայաստան: Ընդհանրապես ռուսները խնդիր ունեն անմիջականորեն կռվի մեջ ներգրավվել Հայաստանի դեմ հասկանալի պատճառներով եւ նախընտրում են հայերի հետ հարցերը լուծել թուրքերի միջոցով:
Քեմալական բանակն ուրեմն սա էր՝ իր թույլ եւ ուժեղ կողմերով:
Ի՞նչ էր հայկական բանակը:
Իմ կարդացած գրականության մեջ լավագույնս այս հարցին անդրադարձել է Կարո Սասունին իր «Հայ-տաճկական պատերազմում», ինչպես նաեւ Վահան Արծրունին համանուն գրքում:
Եթե ամփոփենք այդ երկուսի ասածները եւ մի փոքր էլ գուցե խտացնենք գույները, ապա հայ-թուրքական պատերազմում թուրքերի դեմ կռվում էր ոչ այնքան հայկական, որքան ռուսական բանակը: Հենց այստեղ էլ կարելի է տեսնել պարտության գլխավոր պատճառներից մեկը: Ի՞նչ է նշանակում տվյալ դեպքում ռուսական: Իհարկե, խոսքը բառացիի մասին չէ, ոչ էլ նույնիսկ այն բանի, որ հայ սպաների զգալի մասը ռուսախոս էին (դա տեխնիկական եւ լուծելի խնդիր է): Հարցն այդ բանակի գաղափարաբանությունն է, մտածողությունը, ոճը եւ վերջապես՝ ռազմավարությունն ու մարտավարությունը: Հայկական պետությունը հայկական հեղափոխության՝ ազգային-ազատագրական պայքարի ծնունդն էր, իսկ հայ բանակը՝ ոչ: Այն փաստացի մի կտորն էր ռուսական նախկին բանակի՝ համալրված ռուսահայ նախկին սպաներով: Դրանց մի մասը ոչ միայն շատ լավ մասնագետներ էին, այլեւ հայրենասեր մարդիկ: Մյուս մասը, ինչպես բանակներից շատերում, միջակություններ էին, մեծ հաշվով ռոճիկի դիմաց ծառայողներ: Բայց հարցը դա չէ, այլ այն, որ այդ մարդիկ կրողը չէին հայկական անկախության գաղափարների, չէին անցել հայկական պայքարի ուղով, իսկ նրանց իմացած կռիվ վարելու ձեւերը բնորոշ էին ոչ թե հանուն անկախության պայքար մղող հեղափոխական բանակներին, այլ մեծ կայսրության կանոնավոր զինված ուժին: Դրանք տարբեր են ե´ւ հոգեբանորեն, ե´ւ ռազմավարական ու մարտավարական տեսակետից: Հայ-թուրքական պատերազմը սովորական կռիվ չէր երկու եվրոպական պետությունների միջեւ, այլ հեղափոխական պատերազմ հանուն անկախության ու նույնիսկ կյանքի իրավունքի: Բայց գործիքը, որը հայկական կողմից մասնակցում էր այդ կռվին, հեղափոխական չէր, այսինքն՝ ժողովրդական պայքարի բովով անցած չէր, դրանից ծնված չէր:
Իհարկե, հայկական բանակում կային սպաներ եւ առանձին խմբեր, որոնք հենց ազատագրական պայքարի ծնունդ էին, հեղափոխական ճանապարհ էին անցել: (Հայտնի պատմություն կա Դրոյի մասին, որը՝ որպես ռուսական բանակի կամավոր, երբ ընկնում է հոսպիտալ, եւ երբ նրան այցելում է Նիկոլայ ցարը ու հարցնում, թե որտե՞ղ է նա սովորել զինվորական արվեստը, Դրոն պատասխանում է՝ հեղափոխության մեջ):
Հարցն ուրեմն այն չէր, որ հայկական բանակում չկար նաեւ հեղափոխական տարրը, այլ այն, որ երկու տարրերը՝ մասնագիտական եւ հեղափոխական, պայմանական՝ ռուսական եւ հայկական ճիշտ կերպով ինտեգրված չէին իրար, ճիշտ բալանսի բերված չէին: (Ի դեպ, նմանատիպ իրավիճակում արդեն մեր ժամանակներում՝ 1988-94թթ., երբ կազմավորվում էր մեր բանակը, կարծես հաջողվեց ավելի ճիշտ բալանս գտնել այդ նույն երկու տարրի միջեւ, թեեւ իրավիճակներն ունեն նաեւ էական տարբերություններ): Իսկ դա արդեն քաղաքականության խնդիր էր: Հայկական բանակը ոչ միայն ինչ-որ իմաստով բաժանված, մինչեւ վերջ չինտեգրված երկու մասից էր բաղկացած, եւ ոչ միայն դրա մասնագիտական՝ ռուսական մասը գերակայում էր հեղափոխականի՝ հայկականի նկատմամբ (սխալ բալանս), այլեւ փաստորեն տրված էր ինքն իրեն, քանի որ քաղաքական ղեկավարությունը, այդ թվում պաշտպանության նախարար Ռուբեն Տեր-Մինասյանը՝ հեղափոխական սպա եւ լավագույն թեկնածու (Նժդեհի հետ մեկտեղ) լինելու հայկական Քեմալը շարունակում էր ղեկավարվել պրոֆեսիոնալ զինվորականների գործերին չմիջամտելու սկզբունքով:
Իսկ դա արդեն ոչ միայն ռազմական, այլեւ ընդհանուր քաղաքականության թերիների արտացոլումն էր: Չնայած 1920-ի մայիսին նախկին՝ կազմով կոալիցիոն, իսկ քաղաքական մարտավարությամբ՝ «դիվանագիտական» (ոչ հեղափոխական) կառավարության փոխարեն ստեղծվեց վերջապես ավելի կենտրոնացված միակուսակցական՝ Բյուրո-կառավարություն, այսինքն՝ քայլ արվեց դեպի երկրի հեղափոխական կառավարում արտակարգ իրավիճակում, սակայն, միեւնույն է, լիարժեք դրսեւորում հեղափոխական միտումը չստացավ:
Եթե համեմատելու լինենք Սարդարապատի ճակատամարտի հետ, ապա պետք է առիթը բաց չթողնենք նշելու, որ Սարդարապատի հաղթանակը հնարավոր եղավ միայն ու միայն այն պատճառով, որ ռազմական գործողությունները նախապես՝ երկու-երեք ամսվա ընթացքում պատրաստվեց քաղաքական կազմակերպված ջանքի, ղեկավարման եւ քարոզչության շնորհիվ, որի գլուխն էր Արամ Մանուկյանը, «Աշխատանք» թերթը, որը վերածվեց ժողովրդական հրապարակային շարժման եւ ի վերջո Արամին կարգեց դիկտատոր: Ցավոք, մեր պատմագիտությունը քիչ ուշադրություն է դարձնում այս հանգամանքին (փաստական բավականին լավ նկարագրություն կա Ա-Դոյի «Հայության զարթոնքը» գրքում)՝ հերթական անգամ պատմության փոխարեն մի «հեքիաթ» մատուցելով այն մասին, թե ինչպես անընդհատ նահանջող ու պարտվող հայկական զորքը հանկարծակի ուշքի եկավ Սարդարապատի տակ եւ հաղթեց: Այդպիսով հայ ժողովրդից հերթական անգամ ակամայից թաքցվում է հաղթանակի գաղտնիքը՝ քաղաքական կամքը, ղեկավարումը, կազմակերպումը:
Դարձանք ի շրջանս յուր: Հայ-թուրքական պատերազմում հաղթելու համար պետք էր նախնական լայն քաղաքական աշխատանք. սկսած դեռեւս 1919 թվականից՝ Հայաստանը պետք է ղեկավարվեր հեղափոխական, այլ ոչ թե սովորական տրամաբանությամբ: Այստեղ նորից կանգ առնենք եւ վերադառնանք խնդրի ռազմական կողմին:
Հայ-թուրքական պատերազմի հենց բուն ընթացքը կարծես վկայում է այն բանի մասին, որ մեզանում ինչ-որ պահից ավանդական դարձած այն պատկերացումները, թե թուրքերն ի սկզբանե ունեին այդ պատերազմում վճռական նպատակներ ու առավելություն, կասկածի արժանի են: Ցավոք, չեմ տիրապետում խնդրի վերաբերյալ թուրքական աղբյուրներին, բայց գոնե կասկածելու համար բավական են հայկականները:
Այսպես, 1920 թվի սեպտեմբերի վերջին թուրքերը գրավում են Սարիղամիշն ու Մերդենեկը: Այս գծի վրա կանգ են առնում մոտ մեկ ամիս՝ հնարավորություն տալով հայկական կողմին մոբիլիզացնել ուժերը Կարսում եւ պատրաստել հոկտեմբերի կեսի եւ վերջի հակահարձակումները, որից հետո միայն թուրքերը գրոհում են Կարսի ուղղությամբ եւ գրավում այն: Զուտ ռազմական տեսակետից (եթե դեռ մի կողմ թողնենք քաղաքական հանգամանքները) սա շատ տարօրինակ պահվածք է վճռական առավելություն եւ նպատակներ ունեցող կողմի համար: Շատ ավելի բնական կլիներ սպասել Սարիղամիշի հաջողությունից հետո անմիջական գրոհ Կարսի ուղղությամբ՝ թույլ չտալով հայերին ուշքի գալ, վերադասավորվել եւ ուժեր կենտրոնացնել հակագրոհի համար:
Կարելի է ավելի խորանալ եւ ի հայտ բերել ռազմական գործողությունների ընթացքի մյուս տարօրինակությունները: Իհարկե, դրանք տարօրինակ են միայն այն դեպքում, եթե ենթադրում ենք, որ թուրքերն իրոք ունեին վճռական առավելություն եւ նպատակներ: Բայց ամեն բան տրամաբանական է դառնում, եթե այդ ենթադրությունը հանում ենք մեջտեղից:
Միայն այսքանը բավական է ենթադրելու համար, որ հայ-թուրքական պատերազմն իրոք կարող էր ունենալ այլ ընթացք: Ռազմական առումով հայերի հաղթանակը բացառելի չէ, իսկ քաղաքական իմաստով հնարավոր էր համաձայնության հասնել թուրքերի հետ…
Հենց այս ենթադրության վրա էլ կկառուցենք մեր այլընտրանքային շարադրանքը:
Շարունակելի
Հեղինակ՝ Հրանտ Տէր-Աբրահամեան
Նկարազարդող՝ Դավիթ Փարթամյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Նախագծի ձեւավորման համար օգտագործվել է Էմանուել Սարդարյանի լուսանկարը
Հոդվածը` Mediamax.am կայքից: