Ռուսական հանրապետությունը պարտավորվում էր պայմանագրի ստորագրումից հետո, 6-8 շաբաթվա ընթացքում «պատերազմից առաջ գոյություն ունեցող սահմանագծից դուրս բերել իր բոլոր ուժերը, քաղաքացիական եւ զինվորական պաշտոնատար անձանց»։
1918թ. փետրվարի վերջին գերմանական բանակը զգալիորեն առաջ էր շարժվել եւ սպառնում էր Պետրոգրադին։ Բոլշեւիկյան իշխանությունը հակառակորդին կանգնեցնելու որեւէ հնարավորություն չուներ եւ հարկադրված էր ընդունել նրա բոլոր պահանջները։ Մարտի 1-ին Բրեստ է մեկնում բոլշեւիկյան նոր պատվիրակությունը։ Պատվիրակության ղեկավարի հարցը բավականին զգայուն էր, քանի որ ոչ ոք չէր ուզում իր ստորագրությունը դնել պարտության պայմանագրի ներքո։ Ֆինանսների ժողովրդական կոմիսար Գրիգորի Սոկոլնիկովն առաջարկում էր Զինովեւի թեկնածությունը, սակայն, ի վերջո, պատվիրակության ղեկավար է նշանակվում հենց Սոկոլնիկովը։
1918թ. մարտի 3-ին ստորագրվում է Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, որով բոլշեւիկները ոչ միայն հրաժարվում էին Առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակող ռուսական բանակի բոլոր նվաճումներից, այլեւ տարածքային հսկայական զիջումներ էին անում Գերմանիային, Ավստրո-Հունգարիային, Բուլղարիային եւ Օսմանյան կայսրությանը։
Ռուսաստանը կորցնում էր Ուկրաինան, Մերձբալթիկան, Ֆինլանդիան, իսկ Կովկասյան հատվածում Թուրքիային էր զիջում Կարսը, Արդահանը եւ Բաթումը։
Պայմանագրի 4-րդ հոդվածում գրված էր.
«Ռուսաստանը կանի այն ամենը, ինչ որ իրենից կախված է, որպեսզի ապահովի իր զորքերի դուրս բերումը Արեւելյան Անատոլիայի նահանգներից եւ վերջիններիս կանոնավոր վերադարձը Թուրքիային։ Ռուսական զորքերը պետք է անհապաղ դուրս բերվեն նաեւ Արդահանի, Կարսի եւ Բաթումի մարզերից։ Ռուսաստանը չի միջամտի այդ մարզերի պետական-իրավական եւ միջազգային-իրավական նոր կազմակերպման գործին, այլ այդ մարզերի բնակչությանը հնարավորություն կտա դրացի պետությունների, մանավանդ Թուրքիայի համաձայնությամբ հաստատել նոր կարգ»։
Լրացուցիչ պայմանագիրը
Բացի հիմնական պայմանագրից, Բրեստում ստորագրվում է նաեւ հարակից ռուս-թուրքական, այսպես կոչված, լրացուցիչ պայմանագիր, որը պարզաբանում էր հիմնական պայմանագրի 4-րդ հոդվածի կետերը։
Ռուսական հանրապետությունը պարտավորվում էր պայմանագրի ստորագրումից հետո, 6-8 շաբաթվա ընթացքում «պատերազմից առաջ գոյություն ունեցող սահմանագծից դուրս բերել իր բոլոր ուժերը, քաղաքացիական եւ զինվորական պաշտոնատար անձանց»։ Զորքերի դուրսբերման ընթացքում տարածքների անվտանգությունը, զինվորական ու քաղաքացիական գույքի, շենքերի, շինությունների, ռազմական կառույցների պահպանությունը պետք է իրականացներ ռուսական կողմը, մինչեւ այնտեղ կհաստատվեին թուրքական զորքերը։ Առանձին կետով նշվում էր, որ պետք է լիովին պահպանվեր երկաթուղին, շարժակազմը, կամուրջները։
Թեեւ այս քայլերի անհրաժեշտությունը թուրքական կողմը հիմնավորել էր բնակչությանը սննդով ապահովելու մտահոգությամբ, սակայն հասկանալի էր, որ երկաթուղային հանգույցների պահպանությունը նրանց անհրաժեշտ էր հետագա առաջխաղացման եւ զորքերի մատակարարումն ապահովելու համար։ Ռուսաստանն իր սահմանները պահպանելու համար յուրաքանչյուր 150 կիլոմետրի դիմաց կարող էր ունենալ մեկ դիվիզիայից ոչ ավելի. մնացած ուժերը պետք է զորացրվեին եւ հեռացվեին տարածաշրջանից։
Փոխարենը Թուրքիան իր «մնացած հակառակորդների դեմ պատերազմը շարունակելու անհրաժեշտությամբ սեփական բանակը հարկադրված էր պահել պատերազմական դրության մեջ»։
Լրացուցիչ պայմանագրի 5-րդ կետը վերաբերում էր հայկական ռազմական կազմավորումներին, որոնք պետք է անմիջապես լուծարվեին։
«Ռուսական Հանրապետությունը պարտավորվում է զորացրել եւ արձակել թուրքահպատակներից եւ ռուսահպատակներից կազմված հայկական չեթեները, որոնք գտնվում են ինչպես Ռուսաստանում, նույնպես եւ օկուպացված թուրքական նահանգներում եւ վերջնականապես կցրի հիշյալ չեթեները»։
Պայմանագրի ստորագրումից հետո ստեղծվելու էր ռուս-թուրքական հատուկ հանձնաժողով, որը որոշելու էր ռուսական սահմանագիծը այս երեք շրջանում։ «Սահմանագիծը կվերականգնվի այնպես, ինչպես այն գոյություն է ունեցել մինչեւ 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմը»,- գրված էր պայմանագրում։
Վեհիբի հեռագիրը
Բրեստ-Լիտովսկի պայմանագրի ստորագրումից հետո Անդրկովկասի իշխանությունը հայտնվում է դժվարին խնդրի առջեւ՝ ճանաչե՞լ այդ պայմանագիրը, թե՞ ոչ։ Պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո Կովկասյան ռազմաճակատում թուրքական բանակի հրամանատար Վեհիբը հեռագիր է ուղարկում Կովկասյան զորքերի հրամանատար Լեբեդինսկուն՝ պահանջելով հնարավորինս կարճ ժամկետներում ազատել Կարսի, Արդահանի եւ Բաթումի նահանգները.
«Ձերդ գերազանցություն, Ռուսական Հանրապետությունը եւ ռուսական կառավարությունը համաձայնելով դատարկել Բաթումի, Կարսի եւ Արդահանի շրջանները, հենց նոր ստորագրեց հաշտության պայմանագիրը։ Այդ պատճառով հարկ եմ համարում հայտնել, որ ես հենց այժմ ստացա իմ գեներալիսիմուսի հեռագիրը՝ ձեզ խնդրելու, որ ամենակարճ ժամանակում դատարկեք հիշյալ շրջանները»։
Վեհիբ Մեհմեդ
Մեկ այլ հեռագրով Վեհիբը Լեբեդինսկուն հայտնում էր, որ իբր թե հայերը շարունակում են բռնությունները Էրզրումի շրջանի մահմեդական բնակչության հանդեպ, ինչի պատճառով իրենք՝ թուրքերը, ստիպված են «անմիջապես միջոցներ ձեռք առնել հիշյալ վայրերն ազատագրելու համար»։ Հայերի՝ իբր թե գործած բռնություններն ընդամենը առիթ էին Էրզրումի գրոհը սկսելուհամար։
Ինչպես արդեն նշել էինք, թուրքերն իրենք էին նախաձեռնել Անդրկովկասի հետ առանձին բանակցություններ սկսելու եւ հաշտություն կնքելու քայլերը։
Այդ նպատակով 1918թ. փետրվարի 23-ին Տրապիզոն էին մեկնել Անդրկովկասի իշխանությունների պատգամախոսները։ Ստանալով Կարսը, Բաթումը եւ Արդահանը դատարկելու թուրքական պահանջը՝ Անդրկովկասյան սեյմի եւ Կառավարության նախագահներ Չխեիձեի եւ Գեգեչկորիի անունից հեռագիր է ուղարկվում Վեհիբին, որտեղ հարցում էր արվում, թե «Պե՞տք է արդյոք քննել հիշյալ շրջանները դատարկելու խնդիրը, եւ մի՞թե թուրքաց կառավարությունը չի ցանկանում հաշտության բանակցություններ սկսել Անդրկովկասի հետ»։
Սեյմի արտակարգ նիստը
1918թ. փետրվարի 26-ի երեկոյան (հին տոմարով) Անդրկովկասյան սեյմը արտակարգ նիստ է հրավիրում եւ քննարկում թուրքերի պահանջը։ Ելույթ են ունենում տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ։ Բացի Մուսավաթի պատգամավոր Խան Խոյսկուց, բոլորն առաջարկում են հետեւողական լինել եւ ամուր կանգնել Սեյմի՝ նախկինում հաստատած դիրքորոշմանը, այն է՝ Տրապիզոնի բանակցություններում վերջնական հաշտություն կնքել Թուրքիայի հետ։ Խան Խոյսկին ասում էր, որ առանձին քայլեր ձեռնարկելու կարիք չկա, քանի դեռ Տրապիզոնից չեն վերադարձել պատվիրակության անդամները։ Ինչ վերաբերում էր Թուրքիայի վերջնագրին, ապա ըստ Խան Խոյսկու՝ այն բնական էր ու լիովին հասկանալի։
«Թուրքիան ձեզ առաջարկեց ներկայացուցիչներ ուղարկել Բրեստ-Լիտովսկ եւ մասնակցել այնտեղ վարվող բանակցություններին։ Դուք մերժեցիք։ Առաջարկ եղավ հրապարակել Անդրկովկասը անկախ պետություն։ Դուք ձգձգեցիք։ Մի՞թե բնական չէ, որ նա այժմ, համարելով Անդրկովկասը իբրեւ մասն Ռուսաստանի, կնքել է հաշտություն ամբողջ Ռուսաստանի հետ»,- թուրքերին արդարացնում էր Խան Խոյսկին (Մշակ, 1 մարտի, 1918թ., թիվ 44)։
Իսկ Անդրկովկասի մեծաթիվ պատվիրակությունը «Կարոլ Կարլ» (Կարլ թագավոր) նավի վրա Տրապիզոնի ծովափին սպասում էր, թե երբ կբարեհաճեն ներկայանալ թուրքական կողմի ներկայացուցիչները։
***
Նախագծի վրա աշխատել են՝ Միքայել Յալանուզյանը, Մարի Թարյանը, Լուսինե Ղարիբյանը
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Հոդվածը՝ Mediamax.am կայքից։