Անդրկովկասի պատվիրակությունը դեռ դուրս չէր եկել Թիֆլիսից, երբ Բրեստ-Լիտովսկից ստանում է Լեւոն Կարախանի հեռագիրը, որը հայտնում էր Կարսի, Բաթումի եւ Արդահանի շրջանները թուրքերին զիջելու մասին։
1918թ. փետրվարի վերջին Թուրքիայի հետ վերջնական հաշտություն կնքելու նպատակով Անդրկովկասի պատվիրակությունը մեկնում է Տրապիզոն «Կարլ թագավոր» օժանդակ հածանավով։
Փետրվարի 22-ին նավը ծով է դուրս գալիս։ Հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, նավապետն իր խուց է հրավիրում պատվիրակության ղեկավար Ակակի Չխենկելիին եւ Ալեքսանդր Խատիսյանին ու ասում, որ Սեւծովյան նավատորմի բոլշեւիկյան կոմիտեն պահանջել է նավն անմիջապես ուղարկել Սեւաստոպոլ։ Նավապետը երկմտում էր. մի կողմից հրամանն էր, մյուս կողմից բանագնացներին անվնաս Տրապիզոն հասցնելու իր խոստումը։
60 հազար ռուբլի՝ յուրաքանչյուր նավաստուն
«Մեր ամենեն եռանդուն եւ ճարպիկ աշխատակիցներու միջոցով անմիջապես նախազգուշական միջոցներ ձեռք առինք, դրամներ բաշխեցինք նավաստիներուն՝ ամեն մեկուն տալով միանվագ 60 000 ռուբլի եւ խոստանալով 10 000 ռուբլի եւս վճարել ամեն օր, որ մնանք Տրապիզոնի նավահանգստին մեջ։ Նավաստիներեն ավելի ըմբոստներուն սպառնացինք մեր պահակախմբով։ Այս բոլոր միջոցները հաջողություն ունեցան, եւ մեր նավը, որ արդեն Սեւաստոպոլի ճամբուն վրա էր, նորեն դարձուցինք դեպի Տրապիզոն»: (Ալեքսանդր Խատիսյան, Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը, Պէյրութ, 1968թ.)։
Մի քանի օր անց պարզվում է, որ Բաթումում գտնվող նավատորմը մնացել էր առանց վերահսկողության։ «Կարլ թագավոր» հածանավը ինքնակամ որոշում է վերադառնալ Բաթում, այնտեղից էլ շարժվել դեպի Սեւաստոպոլ։
«Հորիզոն», 7 մարտի, 1918թ., թիվ 48
«Բաթում գալով հածանավը որոշել էր բոլորովին հեռանալ այնտեղից եւ գնալ բաց ծով։ Բոլոր մնացած ռազմանավերը մասամբ գնացին եւ մասամբ էլ պատրաստվում էին գնալ՝ չնայած տեղական իշխանության առաջարկությանը՝ մնալ Բաթումում առատ վարձատրությամբ Բաթումը եւ շրջանը պաշտպանելու համար։ Մեզ հայտնի եղավ, որ օտար էմիսարները բանակցություններ էին վարում առանձին նավաստիների հետ՝ ծովային գույքը եւ նավերը վաճառելու համար՝ առանց դեմոկրատական կազմակերպության գիտության։ Նկատի ունենալով սպասվելիք պատերազմական գործողությունները, որ կարող են տեղի ունենալ Բաթումում ու շրջանում, եւ կենսական անհրաժեշտություն է կազմում ծովային ուժ ունենալու համար՝ հրամանատարությունը եւ հեղափոխական կազմակերպությունները որոշեցին իրենց ձեռքն առնել բոլոր ծովային նավերը, որոնք գտնվում էին Բաթումում»։
«Այդպիսի հաշտության մենք չենք ստորագրի»
Անդրկովկասի պատվիրակությունը դեռ դուրս չէր եկել Թիֆլիսից, երբ Բրեստ-Լիտովսկից ստանում է Լեւոն Կարախանի հեռագիրը, որը հայտնում էր Կարսի, Բաթումի եւ Արդահանի շրջանները թուրքերին զիջելու մասին։
Անդրկովկասյան սեյմը քննարկում է իրադրությունը եւ փորձում ընդհանուր դիրքորոշում ձեւավորել։ Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը Սեյմը չի ընդունում, իսկ Նոյ Ժորդանիան հայտարարում է, որ «Այդպիսի հաշտության, որպես ստորագրեցին բոլշեւիկները, մենք չենք ստորագրի. ավելի լավ է պատվով մեռնել դիրքերում, քան թե խայտառակվել եւ սերունդների անեծքին մատնվել»։
Հայ պատգամավորները հույս ունեին թուրքերի հետ բանակցություններում ստանալ Արեւմտյան Հայաստանում ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորություն։
Հովհաննես Քաջազնունին հայտարարում էր, որ «Դաշնակցությունը հերթից դուրս դնում է պատերազմը վերջացնելու եւ Ռուսաստանի հեղափոխական դեմոկրատիայի ազդարարած սկզբունքներով հաշտություն կնքելու հարցը՝ հաշտություն առանց բռնագրավումի եւ ռազմատուգանքի՝ ժողովուրդների ինքնորոշման հիմունքով։ Այս սկզբունքը պետք է հանգի Թուրքահայաստանի ինքնավարության ստեղծման»։
Ադրբեջանցիները սկզբում զգուշորեն, հետո ավելի ու ավելի բացահայտ իրենց աջակցությունն են հայտնում թուրքերին։ Նրանք նաեւ հայտարարում են, որ պետք է վերջ տալ պատերազմին, բավարարվել 1914թ. սահմաններով եւ չխառնվել թուրքերի ներքին գործերին։
«Բայց հետզհետե լեզուները բացվեցին, եւ Ադրբեջանի գործիչներն այլեւս պետք չէին զգում ծածկելու, որ իրենց համար «եղբայրական Թուրքիայի» շահերն ավելի թանկ են, քան իրենց հարեւան հայերի ազգային բաղձանքները» (Սիմոն Վրացյան, Հայաստանի Հանրապետություն, Երեւան 1993թ.)։
90 հոգով՝ բանակցելու
Տրապիզոն մեկնած Սեյմի պատվիրակության ղեկավարը Ակակի Չխենկելին էր, իսկ անդամները՝ Աբաշիձեն, Հեյդարովը, Գվազավան, Գաջինսկին, Քաջազնունին, Լասխիշվիլին, Մեհթիեւը, Խաս-Մամեդովը, Խատիսյանը, Չիկոլինը, Շեյխ-ուլ-Իսլամովը։ Պատվիրակության կազմում կային բազմաթիվ փորձագետներ, զինվորականներ, թարգմանիչներ։
Հայկական կողմից ներկա էին Ռուբեն Տեր-Մինասյանը, պատմաբան Լեոն եւ ուրիշներ, ինչպես նաեւ մոտ 50-հոգանոց պահակախումբ։ Մոտավորապես 90-հոգանոց պատվիրակության ժամանումը Տրապիզոն թուրքերի համար դառնում է ծաղրի առարկա: «Եթե եկածը զինվորական արշավախումբ է, փոքր է, բայց եթե հաշտության պատվիրակություն մըն է, չափեն ավելի մեծ է»,- գրել էր թուրքական թերթերից մեկը։ Թեեւ Սեյմը պատվիրակությանը խստագույնս հանձնարարել էր հանդես գալ միասնական դիրքորոշմամբ եւ առանձին շփումներ չունենալ թուրքերի հետ, այնուամենայնիվ, ակնհայտ էր, որ պատվիրակության մեջ միասնականություն չկար։
«Այս ահագին բազմությունը ինքնին ցույց կու տա, թե որքան անփորձ էինք տակավին հաշտության խորհրդաժողովի մը պատվիրակություն կազմելու համար, մյուս կողմե ան ապացույց էր, թե ո՛ր աստիճան փոխադարձ անվստահություն կար պատվիրակությունը կազմող զանազան ազգությանց ներկայացուցիչներուն միջեւ, որոնք ամենքն ալ կուզեին իրենց սեփական խորհրդականներն ունենալ՝ չվստահելով ուրիշներուն»,- գրում էր Ալեքսանդր Խատիսյանը։
Թուրքերն ուշանում էին
Թուրքական պատվիրակությունն ուշանում էր, իսկ Սեյմի ներկայացուցիչներին թույլ չէին տալիս պահակախմբով դուրս գալ քաղաք՝ պատճառաբանելով, որ Տրապիզոնը թուրքական քաղաք է, եւ բանագնացների անվտանգությունը իրենք են ապահովելու։ Խատիսյանը հիշում է, որ երկու օր իրենք անցկացնում են նավում։ Միայն երրորդ օրը թուրքերի ներկայացուցիչները ժամանում են Տրապիզոն։
Ակակի Չխենկելին գրում էր.
«Տաճկական պատվիրակությունը «Շեստեց» նավով այսօր, 27-ին հասավ Տրապիզոն։ Պատվիրակությունը բաղկացած է 5 հոգուց։ Պատվիրակությունը նախագահում է ծովային գնդապետ Ռաուֆ բեյը։ Մեր պատվիրակության քարտուղարը ողջունեց նրանց նավի վրա, որից հետո տաճկական մի պատվիրակ մեզ մոտ եկավ, պայմանավորվելու տեսակցության տեղի, ժամի մասին։ Նախնական մի քանի հարցեր պարզելու համար ես եւ Ռաուֆ բեյը տեսնվեցինք մի տան մեջ, որը որոշված էր ժողովի համար։ Որովհետեւ մեզ հայտնի չէ տաճկական կառավարության պատասխանը վերջին հեռագրին, մեր շրջանների էվակուացիայի մասին, ես պատվիրակության նախագահին հարց տվի, թե հայտնի՞ է արդյոք նրան տաճկական գեներալիսիմուսի առաջարկը եւ ընդունո՞ւմ է նախագահը այդ առաջարկությունը, իբրեւ ոչ ցանկություն օսմանյան կառավարության – շարունակել հաշտության բանակցությունները, նախագահը պատասխանեց, որ ինքն այդ առաջարկի մասին ոչինչ չգիտե եւ խնդրում է մեր հարցը գրավոր կերպով ներկայացնել։ Տաճիկները իրենց պատասխանի համար ժամանակ խնդրեցին եւ հայտնեցին, որ իրենց նպատակն է հաստատուն հաշտություն կնքել։ Այսօր երեկոյան ափ ենք դուրս գալիս հաշտության բանակցությունների համար»։
Թուրքերը պնդում են
Սեյմի պատվիրակության հայ ներկայացուցիչների դրությունը հատկապես ծանրանում է, երբ իմանում են, որ թուրքերը գրավել են Էրզրումը, իսկ Բրեստ-Լիտովսկում ստորագրվել է Կարսն ու Արդահանը թուրքերին վերադարձնելու համաձայնությունը։ Թուրքերը պնդում են, որ Սեյմի պատվիրակությունը անմիջապես ճանաչի Բրեստի պայմանագիրը եւ ազատի նշված շրջանները։
Անդրկովկասի ներկայացուցիչներն էլ իրենց հերթին հայտարարում են, որ Անդրկովկասը հեղափոխության առաջին իսկ օրվանից չի ճանաչել բոլշեւիկների իշխանությունը, հետեւաբար նրանց կողմից ստորագրված ցանկացած պայմանագիր իրենց համար ընդունելի չէ։ Թուրքերի պնդումը հիմնված էր այն բանի վրա, որ Բրեստի պայմանագրի ստորագրման պահին Անդրկովկասը չէր հռչակել իր անկախությունը։ Սեյմի պատվիրակությունը գրավոր ներկայացնում է իրենց դիրքորոշումն արտահայտող մի քանի կետ, որոնցից մեկը վերաբերում էր Թուրքահայաստանում հայերի եւ մյուս ազգերի ինքնավարության իրավունքին։
Թուրքական պատվիրակությունը կտրականապես մերժում է այդ կետը՝ հայտնելով, որ թույլ չի տա միջամտել իր երկրի ներքին գործերին։
Համի բեյի երկու տարբերակը
Թուրքական պատվիրակության քարտուղար Համի բեյը առանձին հանդիպում է ունենում Խատիսյանի հետ եւ առաջարկում Թուրքահայաստանի խնդրի լուծման երկու տարբերակ։
Առաջինը բնակչության փոխանակությունն էր. 300 հազար արեւմտահայեր մնում էին Անդրկովկասում, փոխարենը նույնքան թաթարներ տեղափոխվում էին Թուրքիա։ Հայկական կողմը մերժում է այս առաջարկը, որովհետեւ «ան կզրկեր մեզ իրավունքե պահանջել Թրքահայաստանը, ուր թուրքերը կուզեին տեղավորել Անդրկովկասեն տարված մահմեդական տարրերը»,- գրում է Խատիսյանը։
Երկրորդ տարբերակով թուրքերը Արեւմտահայաստանի հարցը դիտարկում էին որպես իրենց ներքին խնդիր։
Ինչ վերաբերում էր Անդրկովկասի անկախությանը, ինչը թուրքերի համար չափազանց կարեւոր էր, ապա Սեյմի պատվիրակության ներկայացրած բոլոր հիմնավորումները, թե իրենք անկախ պետություն են, չի ընդունվում թուրքերի կողմից, եւ նրանք շարունակում են պնդել Բրեստ-Լիտովսկի պայմաններն ընդունելու վրա։
Հաջորդ օրերին Չխենկելին լրացուցիչ պարզաբանումներ է տալիս Անդրկովկասի անկախության, պետական կառուցվածքի մասին, սակայն թուրքերն ամուր էին կանգնած իրեն դիրքերում: Ռաուֆ բեյը շարունակում է պահանջել Բրեստ-Լիտովսկի պայմանագրի կատարումը։
Թուրքերի դիրքորոշումը հետեւյալն էր.
«Լենինի կառավարությունը, տապալելով նախկին կառավարությունը, կատարված փաստի զորությամբ բռնել է նրա տեղը։ Այն հանգամանքը, որ Անդրկովկասը չի ճանաչում այդ կառավարությունը, ունի ներքին նշանակություն եւ չի կարող անդրադառնալ արտաքին հարաբերությունների վրա, քանի այդ երկրի որեւէ մի մաս չի անջատվել եւ չի ստացվել ուրիշ պետությունների ճանաչումը։ Ներկա բանակցությունները միայն մեկ նպատակ ունեն, պատրաստել եւ ընդունել տնտեսական, առեւտրական եւ ուրիշ տեխնիկական մանրամասնություններին վերաբերող եւ Բրեստ-Լիտովսկի դաշնագրից բխող պայմաններ»։
Անդրկովկասի պատվիրակությունը Քաջազնունուն, Հեյդարովին եւ Լասխիշվիլուն ստիպված ուղարկում է Թիֆլիս թուրքերի պահանջները Սեյմում քննարկելու եւ որոշում ընդունելու համար։ Մարտի 13-ին Սեյմը լսում է բանագնացներին, սակայն որեւէ որոշում չի կայացնում, փոխարենը մեծացնում է պատվիրակության նախագահ, արտաքին գործերի նախարար Ակակի Չխենկելիի լիազորությունները։
«Բանակցիլ եւ միաժամանակ պատերազմիլ»
Այդ ընթացքում թուրքական բանակը շարժվում էր առաջ եւ մարտի կեսերին ռազմական գործողություններն ընթանում էին արդեն Սարիղամիշի հատվածում։ Խատիսյանը նշում էր, որ սա թուրքերի մարտավարությունն էր՝ բանակցություններին զուգահեռ շարունակել պատերազմը։
«Բոլոր պարագաներուն ալ թուրքերու գործելակերպը նույնն էր, բանակցիլ եւ միաժամանակ պատերազմիլ՝ իրենց կամքը լիովին պարտադրելու համար։ Նույն պատմությունը հետագային ինձ հետ կրկնվեց երկու անգամ եւս նույն թվի մայիսին Բաթումի մեջ եւ 1920թ. նոյեմբերին Ալեքսանդրապոլի մեջ»,- գրում է Խատիսյանը։
Մարտի 23-ին բանակցությունները Տրապիզոնում շարունակվում են։ Պատվիրակությունը ստիպված է լինում տարածքային որոշ զիջումներ անել եւ թուրքերին է անցնում ամբողջ Օլթիի շրջանը, Արդահանի շրջանի հարավային, Կարսի շրջանի հարավ-արեւմտյան եւ Կաղզվանի արեւմտյան մասերը։ Սակայն թուրքերին դա չէր գոհացնում, եւ մի քանի օր անց ստացվում է նրանց վերջնագիրը՝ 48 ժամում ընդունել Բրեստ-Լիտովսկի պայմանագրի պայմանները։ Անդրկովկասի պատվիրակությունը սկսում է քննարկել Կարսը հանձնելու եւ Բաթումը պահելու տարբերակը։
***
Նախագծի վրա աշխատել են՝ Միքայել Յալանուզյանը, Մարի Թարյանը, Լուսինե Ղարիբյանը
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Հոդվածը՝ Mediamax .am կայքից։