Հայաստան

ԱՄՆ-ն Դնում Է Մատը Հայաստանի «Ցավոտ» Կետին

Նահանգները անշուշտ փորձելու է իր համար առավել հանգամանալից դիտարկել տնտեսական իրողությունները Հայաստանում և Կովկասում, ըստ այդմ առավել արդյունավետ դարձնել իր քաղաքականությունը:

Հակոբ Բադալյան

Հայաստանում Միացյալ Նահանգների նոր դեսպանի թեկնածուի ընտրության հարցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախապատվությունը տվել է մի թեկնածուի, որն իր դիվանագիտական կարիերայի ընթացքում գերազանցապես զբաղվել է տնտեսական ուղղությամբ: Նահանգների նախագահի այդ քայլն ու դրա հնարավոր քաղաքական համատեքստը դիտարկել եմ ավելի վաղ: Գործնականում, Միացյալ Նահանգները ուղղակի, թե անուղղակի մատը դնում է Հայաստանի «ցավոտ» կետին՝ տնտեսությանը: Մեծ հաշվով, տնտեսությունն է պետական քաղաքականության կայուն հիմքը և դա հատուկ է ոչ միայն Հայաստանին: Որևէ երկրի քաղաքական կշիռ ձևավորող առանցքային գործոններից մեկը դրա տնտեսության վիճակն է, տնտեսության տարբերակվածության աստիճանը, տնտեսական անվտանգության ինստիտիտուցիոնալ աստիճանը: Հայաստանն այդ իմաստով ունի լուրջ խնդիրներ, որովհետև հայաստանյան տնտեսության բնույթը, ծավալը թույլ չեն տալիս դնել քաղաքական լուրջ նպատակներ և առաջ քաշել ծանրակշիռ օրակարգեր, որոնք ապահովված են կայուն բազայով և այդ կերպ նաև հուսալի, համոզիչ են հնարավոր գործընկերների համար: Հետևաբար, Հայաստանի պետական քաղաքականության որակական և բովանդակային վերափոխումը կարող է գործուն և կայուն ընթացք ստանալ միայն տնտեսական բազայի վերափոխման կայուն և գործնական ընթացքի պարագայում: 

Ինչ կփոխի այդ առումով հանգամանքը, որ Միացյալ Նահանգներն օրինակ Հայաստանում մտադիր է նշանակել դեսպան, որը «մասնագիտացած» է տնտեսության հարցերում: Այստեղ հարկ է միանգամից հստակեցնել, որ՝ ինչպես պետք չեն պատրանքներ անմիջական անվտանգության ոլորտի առումով, այդ կերպ նաև պետք չէ պատրանք, թե Նահանգները փորձում է տնտեսությամբ «փրկել Հայաստանը»: Ընդհանրապես, որևէ գործընկերային հեռանկար ու շահընկերության հնարավորություն դիտարկել «փրկչի» պրիզմայով՝ որևէ արտաքին ուժի առնչությամբ, պարզապես ծիծաղելի է՝ տխուր հետևանքով: 

Նահանգները անշուշտ փորձելու է իր համար առավել հանգամանալից դիտարկել տնտեսական իրողությունները Հայաստանում և Կովկասում, ըստ այդմ առավել արդյունավետ դարձնել իր քաղաքականությունը: Այս դեպքում հարցն այն է, որ այդ իրողությունը Հայաստանի համար կարող է բացել նոր հնարավորություն և պատրաստ լինելով այդ հնարավորության ուղղությամբ կոնկրետ, մշակված, նախապես հղկված աշխատանքի, կարող է առաջանալ որոշակի տնտեսական էֆեկտ ստանալու, հետևաբար նաև քաղաքական ներուժի որոշակի լիցք կուտակելու հնարավորություն: Երբ խոսվում է Հայաստանի ինքնիշխան քաղաքականության անհրաժեշտության մասին, այդ ինքնիշխանությունը ձևավորվում է ոչ թե այդ խոսքերի բարեհունչ, ականջահաճո, նաև ոգեղեն բնույթով, այլ պետության և հանրության կենսագործունեության համակարգի և դրա ողնաշարի՝ տնտեսության առողջությամբ և տարբերակվածությամբ: 

Ինքնիշխանության աստիճանը գործնականում ուղիղ համեմատական է տնտեսության ցուցանիշների և տարբերակվածության աստիճանին: Անկասկած է, որ դրա հետ կապված խնդիրները լուծելու համար Հայաստանին անհրաժեշտ է շատ ավելի մեծ ընդգրկում, քան միայն պետական կառավարման համակարգը: 

Իհարկե լոկոմոտիվն այստեղ պետք է լինի այդ համակարգը, սակայն մի շարք իրողություններ, բարդություններ ու մարտահրավերներ անհրաժեշտ են դարձնում ավելի մեծ ընդգրկումը՝ ռեսուրսային սղություն թույլ չտալու համար: Ի վերջո հենց դրա համար է, որ կարևոր է հանրային համերաշխության և ներքին կայունության գաղափարը, որպեսզի հնարավոր լինի տնտեսական էֆեկտի որևէ հեռանկարի շուրջ առավելագույն ռեսուրսի կենտրոնացում: Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուի ընտրությունը թերևս որոշակիորեն անուղղակիորեն ենթադրում է «տնային առաջադրանք» Հայաստանի համար, որն արդյունավետ կատարելու պարագայում հնարավոր է ստանալ բազային էֆեկտ:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *