Հինգերոդ սերնդի պատերազմի տեսակարար կշիռն այստեղ շատ ավելի ցածր է, քան այն ինչ կիրառվեց մեր դեմ 2020-ին Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից:
Արծրուն Հովհաննիսյան
Պարոն Հովհաննիսյան արդեն 3 ամսից ավել է, ինչ Ուկրաինայի տարածքում ռազմական գործողություններ են ընթանում։ Պաշտոնապես կոչվում է հատուկ օպերացիա, բայց կարծես թե բոլոր հիմքերը կան այն պատերազմ համարելու։ Կարո՞ղ ենք այդ ամենը լիիրավ պատերազմ համարել։ Ընդհանրապես կա՞ չափանիշ, որով կարող ենք պատերազմն առանձնացնել հատուկ գործողությունից։
Եթե նայենք
ակադեմիական տեսանկյունից, ինչ որ ֆիկտիվ կետեր կան, բայց այն ինչ կատարվում է ռուս-ուկրաինական ճակատում, լիարժեք պատերազմ է՝ իր տարատեսակ ֆունկցիաներով, համազորային օպերացիաներով, ու եթե նույնիսկ մեծ օպերացիա, է կիրառվում են բոլոր զորատեսակները՝ նավատորմ, զրահատանկային միավորում, օդուժ, ամեն ինչ: Հիմա այնտեղ ամեն առկա են այն բոլոր չափորոշիչները, որոնք կան ակադեմիական կանոններում որպես պատերազմ:
Մինչև հիմա մենք ականատես ենք եղել որոշակիորեն հաստատված ռազմական գործողությունների տրամաբանության, այսինքն մեզ ծանոթ հարձակողական և պաշտպանական սկզբունքների սահմաններում։ 44-օրյա պատերազմը որակվեց նոր սերնդի, այսինքն իր հետ բերեց նորություններ։ Արցախյան պատերազմը համարվեց փորձադաշտ պատերազմի նոր տեսակի համար։ Եթե համեմատենք այն գործողություններն ու զինատեսակները, որ կիառվում է երկու կողմից էլ, ապա ի՞նչ եզրահանգման կարող ենք գալ։
Նախ մի ուղղում, արցախյան 44-օրյա պատերազմն ինքն իրենով նոր բան չէր, մեզ համար է նորություն համարվում, բայց Իսրայելն ու Ամերիկայն դեռևս 1981թ. վարում են այդ հինգերորդ սերնդի պատերազմները: Մենք դրան ականատես ենք եղել նաև 2003-ին, երբ տեղիունեցավ հինգերոդ սերնդի պատերազմ, ընդ որում բավական լայնամասշտաբ, իսկ հետո կրկնվեց նաև մեզ մոտ, թեև որոշ փոփոխություններով: Նորություն էր միայն մեզ համար: Դժբախտաբար մեր զինվորականությունը ծանոթ չէր նման նորությունների, չէր ուսումնասիրել, չէր տիրապետում: Սա էր խնդիրը:
Ինչ վերաբերում է նրան, որ համեմատենք Ուկրաինան և 44 օրյա պատերազմը, ես չէի համեմատի: Ռուսաստանն այսօր ի վիճակի չէ լիարժեք հինգերորդ սերնդի պատերազմ վարելու, չունի այդքան հնարավորություններ: Չհաշված առանձին տարրեր, օրինակ հեռահար խոցման զինատեսակներ, ասենք «Իսկանդերը» կամ հատուկ գործողությունների հրամկազմը, այս պատերազմը չի կարելի անվանել հինգերորդ սերնդի: Ռուսները չունեն այն հնարավորությունները, որոնք առկա են ամերիկյան կողմում: Էլ ավելի քիչ հնարավորություններ ունի և կիրառում է Ուկրաինան: Թեև նրա հնարավորությունները մեծացել են արևմուտքի տրամադրած օգնություններից հետո, բայց երկու կողմն էլ շատ քիչ հնարավորություններ ունի հինգերորդ սերնդի պատերազմի լիարժեք գործիքակազմ կատարելու: Հինգերոդ սերնդի պատերազմի տեսակարար կշիռն այստեղ շատ ավելի ցածր է, քան այն ինչ կիրառվեց մեր դեմ 2020-ին Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից:
Տարածված կարծիք կար, որ ռուսական կողմը պիտի մեկ երկու շաբաթվա ընթացքում լուծեր իր առաջ դրված խնդիրները։ Արդյո՞ք այդ կարծիքները սթափ էին, թե ռուսական զորքերի մակարդակն ու սպառազինության մակարդակը գերագնահատված էր, երբ համարվում էր աշխարհի թիվ երկրորդ հզոր բանակը։
Նման մտածելակերպը քարոչության հետևանք է, ռուսական բանակի ամենահաղթությունը քարոզչության հետևանք է, քանի որ երկար ժամանակ է էդ քարոզչության տակ ենք, ցարական ժամանակներից, սովետի ժամանակներից, էդ պատճառով էլ կրում ենք նման մտքեր:
Այսինքն ռուսներ աշխարհի երկրոդ հզոր բանա՞կը չեն:
Կարող է և երկրորդն են, հարցն էդ չի, բայց իրենք գերագնահատեցին իրենց և թերագնահատեցին դիմացինին:
Ռուսները կարողանո՞ւմ են անել այն ինչին ձգտում են:
Շատ դանդաղ ու դժվար իսկ ռազմավարական պլանները խիստ վերանայվել են:
Իսկ այս տեմպերով պատերազմը երկա՞ր կտևի:
Ինձ թվում է՝ այո:
Կարո՞ղ ենք ասել, որ կա ատոմային կամ այլ մասսայական ոչնչացման զենքի կիրառման հավանականություն։
Ոչինչ չեմ բացառում բայց քիչ հավանական է:
Համեմատության համար, ի՞նչ հոգեբանական վիճակներում են գտնվում ռուս և ուկրաինացի զինվորները։ Արդյո՞ք նրանք հարմարվել են նոր պատերազմի հոգեբանությանը։
Երկու կողմում էլ կան փոքրամասնություն կազմող ֆանատիկներ, ամեն մեկը յուրովի, բայց մեծ մասի մոտ էնպես չի որ ձգտում են փոխադարձ ոչնչացման: Իմ կարծիքով Ուկրաինայի մեծ մասը պաշտպանվում է որովհետև այլ ելք չունի, իսկ ռուսական բանակի մեծ մասը, այսինքն շարքային ու սերժանտական անձնակազմը պարզապես հրաման է կատարում:
Եթե փորձենք համեմատական անցկացնել 44-օրյա պատերազմի ու այս օրերին Ուկրաինայում տեղի ունեցողի միջև, ապա կարո՞ղ ենք համեմատել նաև հայկական բանակները ռուսականև ուկրաինականի հետ, եթե փորձենք հասկանալ, թե այդ երեքից, որն ինչ չափով է կարողացել իր առաջ դրված խնդիրները կատարել։
Ակնհայտ է որ այս պահին ամենահաջողը Ուկրաինան է կարողանում իր ռեսուրսների ու հնարավորությունների չափով դիմակայել ու իր հնարավորությունների պարագայում ավելի մարտունակ է քան մերը բայց չեմ էլ ուզում գերագնահատել որովհետև իրենք էլ ահռելի մեծ օգնություն են ստանում, բայց հաշվի առնենք, որ այդ օգնությունն էլ ստանում է որովհետև կռվում է: Իրենք ի տարբերություն մեզ, արևմտյան չափորոշիչները բավական խորքային ներդրել են իրենց բանակում: Ոչ իդեալական, բայց խիստ նկատելի:
Եթե փորձենք խոսել հայկական բանակի ու ՊՆ մասին, ապա ինչպե՞ս կգնահատեք ընդհանուր վիճակը՝ բարոյահոգեբանականից մինչև սպառազինություն։
Իմ համար լրիվ նկատելի չէ, որովհետև ներսից քիչ ինֆորմացիա ունեմ, զուտ զինվորական ընկերների հետ շփվելով: Իհարկե կան նեղ ոլորտներ որտեղ լավ բաներ եմ տեսնում բայց ես ամբողջովին չեմ տիրապետում, բայց մյուս կողմից որպես մաքսիմալիստ զինվորական, իսկ զինվորականները հաճախ նաև ռոմանտիկներ են, էդ տեսանկյունից ես կերազեի որ ունենանք լուրջ կապիտալ և տասն անգամ ավելի շատամեն ինչից:
Հայաստանի պաշտպանության նախարարը քաղաքացիական անձ է։ Արդյո՞ք կարող է նախարարի զինվորական կամ ոչ զինվորական լինելը էական նշանակություն ունենալ։
Ես համոզված եմ, որ պաշտպանության նախարարները պիտի լինեն քաղաքացիականներ, դրա փոխարեն ուժեղ գլխավոր շտաբ ունենանք:
Տևական ժամանակ է ինչ ՀՀ ԶՈՒ-ը գլխավոր շտաբը պետ չունի։ Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին։ Արդյո՞ք դա մեծ խնդիր է, թե կարելի է ասել, որ նման բաներ կարող են պատահել և այդ ամենը նորմալ է։
Կատաստրոֆիկ չէ, որովհետև բանակն էնպիսի կառույց է, որ եթե մեկը պաշտոնից դուրս է գալիս, ապա բանակում կա պաշտոնակատար ու իհարկե ցանկալի կլինի որ նշանակվի Գլխավոր Շտաբի պետ և լավ պետ:
Ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատուկ հայկական բանակի բարոյահոգեբանական ու մարտական պատրաստականության վիճակը։ Մեր բանակը կարո՞ղ է դիմագրավել նմանատիպ հարձակման, ինչպիսին 44-օրյա պատերազմն էր։
Բարդ հարց է, իհարկե ոչ: Մենք դեռ չենք հասցրել վերափոխվել, վերազինվել, պետք է 44-օրյան օգնի ճիշտ հետևություններ անել:
Հասարակության մեջ կան նման տրամադրություններ, որ մենք այսօր չենք կարող դիմագրավել ևս մեկ նման հարձակման:
Դա լավ չէ, որ կան նման տրամադրություններ: Ամեն դեպքում ես զինվորական եմ ու գտնում եմ որ մինչև վերջ էլ պետք է կռվել ու կռվել նաև խելքով:
44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի աշխատանքներն արդեն մեկնարկել են: ԱՅդ աշխատանքները հաջողությա՞մբ են ընթանում: Ի՞նչ սպասել հանձնաժողովի աշխատանքներից: Մարդկանցից շատերը հույս ունեն խոշոր դավադրությունների և դավաճանությունների, թերությունների մասին լսել: Արդյո՞ք կա նման հավանականություն:
Եթե չսպասեի արդյունքի ապա որպես փորձագետ չէի աշխատի: Պետք է սպասել, բայց սպասել չի նշանակում որ լուծումն օդից ընկնի, շատ աշխատանք կա անելու: Նորմալ է որ մարդիկ ուզում են լսել նման բաներ, հանրությունները էմոցիոնալ երևույթներից հետո հակված են դավադրությունհերի տեսության:
Մարդիկ կարո՞ղ են հիասթափվել հանձնաժողովից ու նրա կատարած արդյունքներից:
Հասարակության հիասթափվելը չեմ կարղ գնահատել դա չչափելի երևույթ է: Ես ինքս ամեն ինչ անելու եմ որպես փորձագետ որ մենք պատմության առաջ մեր պարտքը լրիվ կատարենք:
Եռամսյա հավաքները նպատակային հարցեր լուծո՞ւմ են։ Արդյո՞ք այդ վարժանքները ի զորու են լրացնելու տարիների բացը։
Եթե ստաբիլ անենք տարեկան 4 եռամսյակ, մի չորս տարի հետո տարիների բացթողումը մոբի շրջանում կլրացվի:
Քաղաքացիական շատ անձինք չեն ցանկանում մասնակցել այդ ամենին։ Ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը։
Չեմ կարող ասել, բայց ցավում եմ դրա համար:
ՀՀ-ն ևս ունեցավ իր տիեզերական արբանյակը ու միանգամից էլ լայն քննարկումներ սկսվեցին: Մի մասը շատ գոհ է՝ նշելով, որ դա մեզ գուցե օգնի ռազմավարական հարցերում, իսկ մյուսներն էլ պնդում են, որ արբանյակը մերը չէ, այլ հավաքել են իսպանացիները, տիեզերք է դուրս բերվել մասնավոր ընկերության միջոցով և Ամերիկայում: Ի՞նչ կարծիք ունեք այս ամենի մասին և արբանայակի՝ ռազմամարական հարցերում կիրառվելու հարցով:
Ես կարծիքս ասել եմ, ողջունել եմ անկախ նրանից թե դա իդեալական լուծում է թե ոչ: Ես էսպես եմ նայում իրականությանը: Չունեինք ոչ մի բան, հիմա ունենք ինչ որ բան: Ու էդ ինչ որ բաննն էլ ինչ որ հնարավորություններ տալիս է:
Իսկ հնարավո՞ր է որ էսօր արբանյակը նույն կերպ մատուցվի հանրությանը ինչպես ժամանակին Իսկանդերը: Որովհետև պատերազմի ժամանակ ասում էինք, որ մի հատ կրակենք Իսկանդերով ու բոլոր հարցերը լուծվեն:
Չէի ուզենա էդպես էմոցիաների հետրից ընկնենք բայց ամեն ինչ հնարավոր է: Անգրագիտության հետևանքն էր մի կրակոցով հարցերը լուծելու մասին մտածելը: Ես դեռ էն ժամանակ, օրինակ 2016-ին հարցազրույց եմ տվել ու ասել, որ պետք չի Իսկանդերից ինչ որ գերբնական բան սպասել: Նրանք ովքեր ասում էին մի հատ կրակեք Իսկանդերից ու բոլոր հարցերը լուծվի ու ես ասում էի դա իրենց խելքի բանը չէ, մի կրակոցով հարց չի լուծվի, նեղանում էին: Նույնն էլ արբանյակն է, ես շեշտեցի որ ինչ որ հնարավորություններ են տալիս: Պետք չէ նաև գերագնահատել ու հրաշք սպասել արբանյակից, այն մեզ տալիս է հնարավորություններ, բայց միայն արբանյակով չի լինի, շատ ուրիշ հարցեր էլ կան, որ պիտի լուծվեն: