Հայաստան

Ռուս-Թուրքական Վանդակ

Մաս 11-րդ

Երևանում ժողովրադական խմբերի, ինքնապաշտպանության ուղղության կողմնակիցների կողմից աշխատանքները սկսվել էին դեռևս փետրվար ամսից, երբ թուրքերն անարգել առաջանում էին:

Հրանտ Տէր Աբրահամյան

Շարունակում ենք ներկայացնել պատմաբան Հրանտ Տէր-Աբրահամյանի և «Կողբ» հիմնադրամի կողմից մշակված «Ռուս-թուրքական վանդակ» պատմավերլուծական հաղորդաշարի հերթական մասը:

Սարդարաբադի ճակատամարտ

Նախորդ հատվածում պատմությունը կանգ առավ այնտեղ, երբ թուրքերը մի քանի ուղղությամբ պատրաստվում էին հարվածել Երևանին: Հրանտ Տէր-Աբրահամյանը նշեց, որ պատրաստվում է խոսել ոչ թե Սարդարաբադի ճակատամարտի ժամանակագրության կամ այն մասին, թե ով ինչ մասնակցություն ունեցավ, այլ Սարդարաբադի ճակատամարտի իմաստի, էության մասին ընդհանրապես:

Ինչպես բնորոշեց պատմաբանը. «Մենք Սարդարաբադի մասին շատ բան գիտենք, բայց միաժամանակ նաև ոչինչ չգիտենք»: Նա մերժեց այն տեսակետը, որ Սարդարաբադը հանկարծահաս հրաշք էր, ինչ որ գերբնական բան: Հրանտ Տէր-Աբրահամյանը պաշտպանեց այն տեսակետը, որ հրաշք կարող է լինել կրոնի մեջ, կրոնական տրամաբանության, բայց ոչ գիտական: Երբ մենք փորձում ենք իրականությունը բացատրել հրաշածին սկզբունքով, հենց նույն պահին էլ կորցնում ենք և՛ այդ իրականության ձեռքբերումները, և՛ կտրվում ենք իրականությունից: 

Սարդարաբադը հրաշք չէր և ոչ էլ անսպասելի մի բան: Սարդարաբադը ամենասառը տրամաբանությամբ և ռացիոնալ, չոր հաշվարկներով կատարված եղելություն էր:

Նախ և առաջ, ինչպես նշեց բանախոսը, Երևանում մարդիկ պարապ նստած չէին մինչև մայիսի 25-26-ը և միանգամից անցան պաշտպանության: Ո՛չ: Երևանում ժողովրադական խմբերի, ինքնապաշտպանության ուղղության կողմնակիցների կողմից աշխատանքները սկսվել էին դեռևս փետրվար ամսից, երբ թուրքերն անարգել առաջանում էին: 

Ընդհանուր իրավիճակը կատաստրոֆիկ էր: Զորքը շատ քիչ էր, եղածն էլ ընկճված, հուսահատված: Բարոյահոգեբանական խիստ ցածր վիճակ էր: Երևանում երկու տրամադրվածություն կար՝ առաջինը ժողովրդական շարժումն էր, որը պահանջում էր ու պատրաստվում էր ինքնապաշտպանության, իսկ երկրորդը՝ քաղաքային խորհուրդը, կամ այլ կերպ ասած, քաղաքային իշխանությունները, որոնք ավելի հակված էին զիջելու և թուրքերին հանձնվելու: Ավելին, Երևանի երիտասարդ քաղաքագլուխ Արմենակ Թոշյանն ասում էր, որ այն ինչ խոսվում է ջարդերի մասին, ֆանտաստիկայի ժանրից է, եթե թուրքերը մտնեն Երևան, մենք կհանձնվենք նրանց: Ավելի լավ է ժողովրդի մի մասը կոտորվի քաղաքում, քան ողջ ժողովուրդը սովամահ լինի սարերում: Քաղաքային խորհուրդը չէր ցանկանում համաձայնվել ինքնապաշտպանությանը և համարում էր, որ ունեցած հնարավորություններով անհնար է և հավասարազոր է ինքնասպանության, իսկ զիջումներով թերևս հնարավոր լինի պահպանել գոնե մարդկանց կյանքը: 

Հրանտ Տէր-Աբրահամյանը հետաքրքիր դիտարկում կատարեց առ այն, որ Աստված չանի, եթե հիմա թուրքերը մտնեն Երևան, ի՞նչ է կատարվելու: Արդյո՞ք հենց մենք ինքներս ունենալու ենք ինքնապաշտպանությանն ուղղված այդ նույն կամքն ու մտածողությունը: Խիստ կասկածելի է: Եվ եթե մենք վերցնենք մեր իսկ հավանած քաղաքական գործիչներին ապա նրանք այդ պարագայում ի՞նչ կառաջարկեին:

Հրանտ Տէր-Աբրահամյանը նաև մի քանի համեմատություններ արեց ներկայի և անցյալի մեջ՝ ցույց տալով պատմական որևէ դեպքի՝ իրականության զգացումից կտրված լինելու և հեքիաթ համարելու մեր տրամաբանությունը:

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *