Այս ծանր պայմաններում պիտի ընտրել մեկին, որը ունենա լայն ժողովրդականություն, ուժեղ կամք, վճռականություն եւ երկրի դրությունն ըմբռնող մի անձնավորություն։
Ռազմաճակատի քայքայումը եւ նահանջն ազդում էր երկրի ներքին դրության եւ զինվորական կարգապահության վրա։ Դասալքությունը ահռելի չափերի էր հասել:
Երեւանի Ազգային խորհրդի անդամ, բժիշկ Հովակիմ Մելիքյանի վկայությամբ «գյուղերում ու քաղաքներում վխտում էին հազարավոր դասալիք զինվորներ»։
Իշխանությունը փորձում էր նրանց հավաքել եւ ուղարկել ռազմաճակատ, սակայն շատերը զորամասերում զենք ու հանդերձանք ստանալուց հետո լքում էին դիրքերը եւ հայտնվում թիկունքում։
«Յուրաքանչյուր գյուղում ու քաղաքում բուն էին դրել ավազակային խմբեր, որոնք ազատ ու անվախ պարապում էին դրամաշորթությամբ ու թալանչիությամբ։ Շատերը մաուզերներով զինված՝ սպառնական նամակներ էին գրում սրան ու նրան եւ փող պահանջում։ Ոչ մի մարդ իրեն ապահով չէր զգում։ Վերացվել էր իսպառ կյանքի ու գույքի ապահովությունը, իսկ երկրի իշխանությունը, անուժ էր դրա դեմ կռվելու։ Յուրաքանչյուր օր, կառավարության կողմից ազդեր ու սպառնալիքներ էին տպագրվում, պատերին փակցվում, ազգաբնակչության մեջ տարածվում, սակայն սպառնալիքները մնում էին անկատար եւ ոչ մի ազդեցություն չէին անում» (Հովակիմ Մելիքյան, Արյան ճանապարհով, Հայրենիք, թիվ 4, 1925թ., Բոստոն)։
«Լրագիրներից եւ նամակներից կտեսնեք, որ Կովկասը ահաբեկված է եւ խուճապի է մատնված. սրա պատճառը փնտրելու եք ոչ թե թշնամու գերազանց ուժերի մեջ, այլ մեր ներքին կացության. զորքը անբարոյականացել է. տուն փախչողների փսիխոզը հասել է ծայրահեղության։ Սրա դեմ վերջերս միջոցների դիմեցինք՝ կիրարկելով մահվան պատիժը, եւ աջ-ձախ սկսել ենք զարկել. առաջին տպավորությունը լավ է։ Այս լքվածությունը մեծապես ազդեց ճակատների վրա» (Հատված Արամ Մանուկյանի նամակից, 6 մարտի, 1918թ., Երեւան։ Աղբյուր՝ Արամ Մանուկյան, Հուշեր, Երեւան, 1990թ.)։
Այս ամենի դեմ վճռական պայքար է սկսում Արամ Մանուկյանը։ Նա իր մոտ է կանչում հայտնի խմբապետ Դալի Ղազարին եւ հրամայում ամենակարճ ժամանակամիջոցում գնալ ռազմաճակատ։ Արամի հրամանն անմիջապես կատարվում է, եւ Դալի Ղազարը «Հայ Կանանց Միության կողմից կարված թավշյա դրոշակով, որի վրան մակագրված էր «Մահ կամ Ազատություն» մեկնում է առաջնագիծ»։ Սակայն բոլոր խմբերի հրամանատարները չէին, որ ցանկանում էին ենթարկվել կարգուկանոնին։
«Ղազարի խմբի մեկնելուց հետո, իր սխրագործություններով հայտնի մաուզերիստ Չոլախ Գեւորգը, իր շուրջն է հավաքում մնացած մաուզերիստներին եւ սկսում շարունակել իր «մաուզերիստական» գործողությունները։ Արամ փաշայի հրամանով սկսեցին խիստ հալածանքներ, գանակոծություններ ու բանտարկություններ մաուզերիստների շարքերում։ Այս ընթացքից վրդովված Չոլախ Գեւորգը մտնում է Ազգային խորհուրդ՝ Արամի գրասենյակը, սկսում է հանդգնաբար խոսել Արամի հետ եւ սպառնալիքներ կարդալ մաուզերիստներին հալածողների հասցեին։ Արամը զայրանալով դուրս է տանում նրան գրասենյակից եւ կարգադրում գնդակահարել նրան» (Հովակիմ Մելիքյան, Արյան ճանապարհով, Հայրենիք, թիվ 4, 1925թ., Բոստոն):
Շուտով Երեւանի Ազգային խորհրդի որոշումով ստեղծվում է արտակարգ դատարան՝ «Հեղափոխական Տրիբունալ» անունով՝ իրավաբան Գիգա Պետրոսյանի նախագահությամբ, որը հետագայում դարձավ Հայաստանի Հանրապետության արդարադատության առաջին նախարարը։
«Իբրեւ դատախազ հրավիրվեց իրավաբան Լեւոն Մուշեղյանը, որ հետո ուղարկվեց Նախիջեւան թուրքերի մոտ, որպես հաշտարար պատգամավոր, ուր եւ տմարդորեն սպանվեց։ Ազգային խորհրդի ներկայացուցիչը ես էի։ Տրիբունալն իր կարճատեւ կյանքում, որոշ դեր խաղաց կարգ ու կանոն երկրի մեջ մտցնելու գործում» (Հովակիմ Մելիքյան, Արյան ճանապարհով, Հայրենիք, թիվ 4, 1925թ., Բոստոն):
Ժողովրդական դիկտատորը
Անիշխանության, ավելի ճիշտ՝ բազմաթիվ իշխանությունների առկայության պայմաններում անհրաժեշտ էր Երեւանի նահանգում ստեղծել միասնական գործադիր իշխանություն, որն իր վրա կվերցներ կարգուկանոն հաստատելու պատասխանատվությունը, կունենար վճռականություն, կվայելեր ժողովրդի վստահությունը եւ կկարողանար կասեցնել թուրքական զորքերի մահաբեր առաջխաղացումը։ Այդ իշխանությունը Երեւանի Ազգային խորհուրդն էր, որի գլխավոր դերակատարը Արամ Մանուկյանն էր։
1918թ. մարտի սկզբին Երեւանում մի խումբ զինվորականներ որոշում են, որ պարտությունները կանգնեցնելու եւ իրադրությունը փրկելու համար անհրաժեշտ է դիկտատոր ընտրել, եւ ամառային ակումբում զինվորական ժողով են հրավիրում։ Այնտեղ սպաներից մեկն ասում է. «Այսպիսի միմյանց չհասկացող ու միմյանց հակասող իշխանությունները չեն կարող երկիրը փրկել անկումից։ Հարկավոր է ունենալ մեկ դիկտատոր, որին պիտի ենթարկվեն բոլոր տեսակի իշխանությունները»։ Ելույթ են ունենում նաեւ այլ մասնակիցներ եւ առաջարկում տարբեր զինվորականների թեկնածությունը՝ Սիլիկյանի, Դանիել Բեկ-Փիրումյանի եւ այլն։ Այնուհետեւ ելույթ է ունենում Երեւանի պարետ Շահխաթունին.
«Այս ծանր պայմաններում պիտի ընտրել մեկին, որը ունենա լայն ժողովրդականություն, ուժեղ կամք, վճռականություն եւ երկրի դրությունն ըմբռնող մի անձնավորություն։ Այդպիսի մարդ կարող է լինել եւ ոչ զինվորական։ Այդպիսի մի անձնավորություն ես ճանաչում եմ հանձին Արամ փաշայի, որի վրա պետք է դնենք այդ ծանր պարտականությունը եւ որը կարող է արդարացնել մեր հույսերը։ …Արամ փաշան է մեր դիկտատորը. գնանք դեպի նա եւ այս ծանր լուծը դնենք նրա շլինքին: Կեցցե Արամ փաշան» (Հովակիմ Մելիքյան, Արյան ճանապարհով, Հայրենիք, թիվ 4, 1925թ., Բոստոն):
«Ես ավելի անողոք կլինեմ»
Ոգեւորված բազմությունը շարժվում է Արամի տուն, որն Ազատության փողոցում էր՝ Քալանթարյանների բնակարանում։ Ներկայացուցիչները մտնում են ներս եւ Արամին հայտնում ժողովի որոշումը։ Ժողովուրդն Արամին ձեռքերի վրա է առնում եւ տանում Ազգային խորհրդի շենքի մոտ, որտեղ նա ելույթ է ունենում։
«Հրապարակավ հայտնում եմ, որ ես եմ խփել տվել Չոլախ Գեւորգին, որ մահ ու թալան էր սփռում իր շուրջը»:
«Շատ շնորհակալ եմ ձեր ցույց տված պատվի համար։ Ես եկել եմ այստեղ ծառայելու իմ հայրենիքին եւ ազգին։ Կծառայեմ, որքանի իմ ուժերս կներեն։ Այդ ծանր պարտականությունը, որ դնում եք ինձ վրա, հաճույքով ընդունում եմ, զգալով, որ այդ պաշտոնն էլ մի միջոց է հայրենիքիս ծառայելու։ Բայց գիտցեք, որ ես դրանով ավելի անողոք կլինիմ նրանց հանդեպ, ովքեր կթերանան հայրենիքի հանդեպ կատարելու իրենց պարտականությունը։
Հրապարակավ հայտնում եմ, որ ես եմ խփել տվել Չոլախ Գեւորգին՝ այն Գեւորգին, որ մահ ու թալան էր սփռում իր շուրջը։ Նման դեպքեր կանեմ նրանց հանդեպ, օրինավոր ճանապարհով, որոնք այս ծանր ճգնաժամին կխանգարեն մեր գործը եւ կվրդովեն հասարակության խաղաղությունը։ Ես կանեմ եւ կպահանջեմ յուրաքանչյուրիցդ, ինչ որ պահանջում է մեր արյունաթաթախ հայրենիքը» (Հովակիմ Մելիքյան, Արյան ճանապարհով, Հայրենիք, թիվ 4, 1925թ., Բոստոն):
Վահանովդ կամ վահանիդ վրա
Նույն օրերին, երբ Արամ փաշային դիկտատոր էին հռչակում, «Աշխատանք» թերթը (հրատարակիչ խմբագիրներից մեկը Արամ Մանուկյանն էր) դիմում է ժողովրդին՝ կոչ անելով զինվորագրվել հայկական բանակին եւ զենքով պաշտպանել հայրենիքը։
«Աշխատանք», 3 մարտի, 1918թ., Երեւան.
«Թող համոզվին ու ըմբռնեն ազգերու դեմոկրատիաները, ինքնորոշման սկզբունք հայտարարողներն ու ընկերվարական տեսականեն ճառողները՝ թե տակավին սուրն է միմիայն այս երկրի վրա իրավունք որոշողը։
Թող յուրաքանչյուր հայ դուրս գա զեն ի ձեռքին, դիմե ռազմաբեմը, իսկ վախկոտներն ու դասալիքները թող չի կնճռոտին հայրենիքը պաշտպանողներու անբիծ ճակատը։
Շարժվի՛ր, հայ ժողովուրդ, դու որոշած ես չի չքանալ այս աշխարհեն, դիմիր դեպի քու փառքդ ու անկումդ որոշող մարտադաշտը, բայց այս անգամ՝ ՎԱՀԱՆՈՎԴ՝ ԿԱՄ ՎԱՀԱՆԻԴ ՎՐԱ»։
Վանի հերոսամարտի խորհրդանիշ Արամը
Երեւանում ծավալվող իրադարձություններից ընդամենը երեք տարի առաջ Արամ Մանուկյանը Վանում էր. նա հերոսամարտի խորհրդանիշն էր: 1915 թվականի մայիսի 7-ին նշանակվել էր Վանի ժամանակավոր նահանգապետ ու չորս ամիս, մինչ ռուսական զորքի անակնկալ հեռանալը, ղեկավարում էր Վանը:
Արամի զինվորական վերնաշապիկը
Վանի պայքարի հերոսական օրերի ամենավառ վավերագրերից մեկն Արամ Մանուկյանի զինվորական վերնաշապիկն է: Այն պահվում է Երեւանում՝ ՀՅԴ պատմության թանգարանում:
Արամ Մանուկյանը ծնվել է 1879թ. Զեյվա գյուղում (այժմ՝ Սյունիքի մարզ, գյուղ Դավիթ Բեկ): Առաջին անգամ Վան էր մեկնել 1904թ. աշնանը, որտեղ մեծ սեր ու հեղինակություն էր վայելել՝ ստանալով Վանի Արամ անունը: Առաջին աշխարհամարտի սկսվելուն պես կազմակերպել ու ղեկավարել էր Վանի ինքնապաշտպանական մարտերը: Արամ Մանուկյանը Վանի նահանգապետության անկման եւ ռուսական զորքերի անակնկալ նահանջի ժամանակ կազմակերպել էր Վասպուրականի հայության գաղթն Արեւելյան Հայաստան, ինչի շնորհիվ փրկվել էր շուրջ 200 հազար մարդ:
***
Նախագծի վրա աշխատել են՝ Միքայել Յալանուզյանը, Մարի Թարյանը, Լուսինե Ղարիբյանը, Աստղիկ Հակոբյանը
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Հոդվածը՝ Mediamax.am կայքից։