Անկարան կարգավորման գործընթացին նայում է թերևս հենց այդ պրիզմայով և անկասկած է, որ այստեղ Հայաստանի և Թուրքիայի չափման ելակետերը կամ մեկնակետերը և մոտիվները էապես տարբեր են:
Հակոբ Բադալյան
«Ինչպես տեսնում եք, առ այս պահը չկա առաջընթաց», հայ-թուրքական կարգավորման գործընթացի շուրջ աշխատանքային հերթական հանդիպումից առաջ հայաստանցի լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը: Հուլիսի 1-ին Վիեննայում Ռուբինյանը հերթական հանդիպումը կունենա իր թուրք գործընկերոջ՝ Սերդար Քըլըչի հետ: Հայաստանի հատուկ բանագնացի հայտարարությունը հատկապես ուշագրավ է օրերս Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Քալընի այն հայտարարության ֆոնին, որում Քալընի խոսում է հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացի արագ ընթացքի մասին: Արագ ընթացքը ենթադրում է որոշակի առաջընթաց: Քալընի այդ հայտարարությունը հնչել էր Հաբերթուրքի հետ նրա հարցազրույցում, որն էլ եղել էր Լավրովի՝ Բաքու այցին զուգահեռ: Էրդողանի խորհրդականն ասում է, որ կարգավորման գործընթացը շարժվում է արագ, իսկ Հայաստանի բանագնացը նշում է, որ չկա տեսանելի առաջընթաց: Ընդ որում, հրապարակային մակարդակում անկասկած է, որ առաջընթաց առկա չէ, չկա հունվարից սկսած հանդիպումների շոշափելի արդյունք: Սակայն, այդ իրավիճակը թերևս զարմանալի էլ չէ:
Եվ դա պայմանավորված չէ լոկ նրանով, որ հայ-թուրքական հարաբերության հարցը գործնականում շատ ավելի բարդ ու բազմաշերտ է, քան լոկ արցախյան կամ հայ-ադրբեջանական հակամարտությամբ պայմանավորված լինելու հանգամանքը: Գուցե իհարկե հենց սկզբից այն այսպես ասած «կախվածության մեջ» է հայտնվել այդ հարցից, սակայն դրանով հանդերձ հայ-թուրքակկան հարաբերության խնդիրը հետխորհրդային մոտ երեք տաասնամյակի ընթացքում իր վրա կրել ու կրում է աշխարհաքաղաքական և աշխարհակարգային վերափոխումների ազդեցությունը: Այդ իմաստով, եթե Հայաստանի համար հայ-թուրքական կարգավորման հարցը անվտանգության, ռազմա-քաղաքական կայունության ապահովման խնդիրների համալիրի էական բաղադրիչներից է, ապա Թուրքիայի համար այդ հարցը ավելի շուտ երրորդ կողմերի հետ աշխատանքի միջոց է, մասնավորապես աշխարհակարգային դիմակայության մեջ գտնվող տարբեր բևեռների՝ այդ բևեռների դիմակայությունից առավելագույնը քաղելու նպատակադրումով:
Անկարան կարգավորման գործընթացին նայում է թերևս հենց այդ պրիզմայով և անկասկած է, որ այստեղ Հայաստանի և Թուրքիայի չափման ելակետերը կամ մեկնակետերը և մոտիվները էապես տարբեր են: Սա չի նշանակում իհարկե, որ այդ տարբերությունը պետք է լինի կարգավորման ուղղությամբ աշխատանքը դադարեցնելու հիմք: Պարզապես, այդ աշխատանքի առնչությամբ չպետք է լինեն գերսպասումներ կամ չափազանցված ակնկալիքներ, ըստ այդմ Երևանի համար էլ իրական քաղաքականության ռեժիմում թերևս առավել էական պետք է լինի գործընթացը, քան դրա որևէ արդյունքի նպատակադրումը: Իհարկե, անհնար է մասնակցել գործընթացի առանց արդյունքի մասին հստակ պատկերացումների, սակայն հաշվի առնելով այն միջավայրը, որտեղ արդյունքի հեռանկարը իրապես շոշափելի չէ, պետք է կենտրոնանալ գործընթացի վրա և այն պահելն ու աշխատանքային ռեժիմը շարունակելը պետք է դառնա մարտավարական նպատակ: