Անգամ թավշյա հեղափոխության ելած ուժերի գերակշռող մի մաս այդ քայլին գնում էր ոչ թե համակարգի, այլ ընդամենը դրա ղեկավար կազմի հանդեպ մերժողական մոտեցման բերումով:
Հակոբ Բադալյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հուլիսի 7-ի նիստում անդրադարձել է Հայաստանում տարերային տարածում ունեցող երևույթի, երբ տարբեր բնակավայրերում, կամ դրանց մերձ բլուրների վրա տեղադրվում են խաչեր՝ ամենատարբեր ձևի, ամենատարբեր առարկաներից, տարբեր չափերի: Փաշինյանը խոսել է նաև տարբեր ողբերգական վթարների վայրերում տեղադրվող խաչքարերի, հուշաքարերի, ծաղկեպսակների մասին, որոնք ևս հայտնվում են այդ տեղերում տարերայնորեն: Խնդիրը չափազանց լուրջ է, թեև թվում է, որ Հայաստանն ընթացիկ տնտեսա-քաղաքական, հասարակական-քաղաքական, սոցիալ-հոգեբանական օրակարգերում ունի չափազանց լուրջ և արդիական խնդիրներ և հրատապ լուծումների անհրաժեշտություն:
Միևնույն ժամանակ սակայն, Հայաստանի խնդիրների, համակարգային արատների, արդիականացման հրամայականների խորքում հենց արժեհամակարգային և մտածողական հիմքերը կամ դրանց բացակայությունն է, դրանց տարերայնությունն ու քաոտիկ բնույթը, որն էլ ստանում է տարբեր դրսևորումներ թե կենցաղում, թե քաղաքականության մեջ, թե կենսագործունեության այլ բնագավառներում, հասնելով ընդհուպ զինված ուժեր, պաշտպանական համակարգ և այլն: Խոշոր հաշվով, հենց այդ «հիմքի» վրա միայն կարող էր կառուցվել այն հիբրիդային ամբողջատիրության կոռուպցիոն համակարգը, որ կառավարել է Հայաստանն ավելի քան երկու տասնամյակ՝ հիմնված լինելով ոչ թե արժեք ստեղծելու, այլ եղած հնարավորը մսխելու, յուրացնելու հոգեբանության ու մտածողության վրա, այդ մտածողության հիմքով էլ ձևավորելով համակարգի նվազագույն լեգիտիմություն հանրային ենթագիտակցության մակարդակում: Ընդ որում, անգամ թավշյա հեղափոխության ելած ուժերի գերակշռող մի մաս այդ քայլին գնում էր ոչ թե համակարգի, այլ ընդամենը դրա ղեկավար կազմի հանդեպ մերժողական մոտեցման բերումով: Ասել կուզի, այդ շերտերի համար ոչ թե համակարգն էր մերժելի, ոչ լեգիտիմ, այլ լեգիտիմ չէր այդ պահի ղեկավար կազմը: Այստեղ է նաև պատճառը, որ թույլ չի տալիս թավշյա հեղափոխությունը խորապես որակել իբրև արժեհամակարգային: Այո, այն կրում էր որոշակի արժեքներ՝ ժողովրդի իշխանություն, ժողովրդավարական իշխանություն, ազատ ընտրություն, սակայն հեղափոխությունը չուներ այն արժեհամակարգային պաշարը, որը թույլ կտար արձանագրել ոչ միայն քաղաքական-քաղաքացիական, այլ նաև մշակութային հեղափոխության հանգամանք: Եվ դա այն պարագայում, երբ Հայաստանում օրինակ դրան նախորդած մոտ երկու տասնամյակի ընթացքում գրեթե ամենօրյա ռեժիմով տեղի էր ունենում հակամշակութային հեղափոխություն՝ ամեն օր ժամերով հորդող անորակ հեռուստաարտադրանքի, կենսագործունեության բոլոր բնագավառներում դոմինանտություն հաստատած քրեական ենթամշակույթի, քաղաքական և տնտեսական կոռուպցիայի, ինչպես նաև մեկ այլ առանցքային բացի հետևանքով՝ Հայ Առաքելական եկեղեցու ինստիտուցիոնալ անտարբերության և հարմարվողականության հետևանքով:
ՀԱԵ-ն, որ նվազագույնը պետք է պատասխանատվություն ստանձներ հանրության կյանքում քրիստոնեական արժեքների արդիական ադապտացիայի գործընթաց ապահովելու համար՝ մի կողմից նպաստելով այդ արժեքների պահպանմանն ու հանրահռչակմանը, մյուս կողմից ապահովելով ժամանակակից, տեխնոլոգիական դարաշրջանի մարդու կյանքի ռիթմին ու բնույթին ադապտացնելուն, ինքն անկարող գտնվեց ադապտացվել նոր իրողություններում, կամ չունեցավ այդպիսի ցանկություն՝ «ինտեգրվելով» հիբրիդային ամբողջատիրության համակարգին և ստանալով դրանից իր բաժինը: Դրա հետևանքն է նաև, որ այսօր Հայաստանում քրիստոնեական հավատն ու արժեհամակարգը, քրիստոնեական մտածողությունը գերազանցապես արտահայտվում է «տոտեմապաշտության» տրամաբանությամբ դրսևորումներով, որոնք քրիստոնեության հետ կապ ունեն միայն արտաքնապես, ծիսական կամ փաթեթային իմաստով, իսկ խորքում դրանք անհասկանլի հիբրիդ են, որ աղճատում են ոչ միայն քրիստոնեական, այլ ընդհանրապես որևէ արժեքաին համակարգ:
Եվ դրա համար հանրությանը մեղադրանքը թերևս կլինի թյուր կամ թերի, որովհետև արժեհամակարգային, մշակութային համայնապատկերը պետք է ձևավորեն ինստիտուցիոնալ էլիտաները, որոնք սակայն Հայաստանում ձևավորել էին արտաքին փաթեթավորումների ներքո տարածված հիբրիդային ամբողջատիրության համակարգը: Ինստիտուցիոնալ էլիտաների հարցը Հայաստանում շարունակում է լինել բաց, իսկ խնդիրը շատ խորն է անգամ վարչապետի մակարդակով արձանագրումների պարագայում լուծման դաշտ բերելու համար: Այլ հարց է, որ կառավարության մակարդակով խնդիրը ոչ միայն բարձրաձայնվի, այլև ձևակերպվի և դրվի լուծման և մշակութային, արժեհամակարգային, մտածողական վերափոխումների գործընթացի հայեցակարգ մշակելու խնդիրը:
Հոդվածը՝ 1in.am կայքից։