Մինչ Բաթումում բանակցություններ էին ընթանում, թուրքերը 1918թ. մայիսի 14-ի երեկոյան վերջնագիրեն ուղարկում Ալեքսանդրապոլի զինվորականղեկավարությանը եւ պահանջում թուրքականզորքին հնարավորություն տալ օգտվելուԱլեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթուղուց:
1918թ. գարնանը Անդրկովկասում տեղի ունեցող իրադարձություններին բոլշեւիկները որեւէ կերպ չէին արձագանքում: Միայն Տրապիզոնի բանակցություններից առաջ Լեւոն Կարախանը հեռագիր էր ուղարկել, որտեղ հայտնել էր Կարսը, Բաթումը եւ Արդահանը հանձնելու որոշման մասին։
Ալեքսանդր Խատիսյանը հիշում է, որ Բաթումի բանակցություններից մի քանի օր առաջ՝ 1918թ. ապրիլի վերջին, անսպասելիորեն ստացվում է Չիչերինի եւ Կարախանի հեռագիրը՝ ուղղված Գերմանիայի հյուպատոսին։ Հեռագրում նշված էր, որ թուրքական բանակն առաջանում է՝ ոչնչացնելով բնակչությունը եւ հայերի հետագա ճակատագրի համար ողջ պատասխանատվությունն ընկնում է Գերմանիայի վրա, քանի որ վերջինիս պահանջով էր ռուսական զորքը դուրս բերվել հայկական շրջաններից։ Միաժամանակ, բոլշեւիկները ակնարկում էին, որ Գերմանիան պետք է կանխի թուրքերին եւ թույլ չտա որպեսզի «Բրեստի հաշտության պայմանագիրը հայ ժողովրդի համար անթիվ թշվառությունների աղբյուր դառնա»։
Մայիսի 15-ին Չիչերինը երկրորդ հեռագիրն է ուղարկում Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցիչ Վիլհելմ ֆոն Միրբախին, ասելով, որ Ժողովրդական կոմիսարիատը չի ճանաչում Անդրկովկասյան կառավարությունը, ուստի «անհրաժեշտ է ռուսական կառավարության լիազոր ներկայացուցչին ներգրավել» Բաթումում ընթացող բանակցություններում։ Միաժամանակ, Չիչերինը հավելում էր, որ Ժողովրդական կոմիսարիատը առանց իրենց մասնակցության կնքված պայմանագիրը չի ճանաչելու։
Օգնեցեք մեզ մեր դիրքը ուժեղացնելու, ըրե՛ք բոլոր զիջումները
Մայիսի 14-ին թուրքերը հայկական պատվիրակությունից պահանջում են հնարավորություն տալ իրենց զորքերին օգտվելու Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթուղուց: Պաշտոնական հիմնավորումն այն էր, թե իրենք պետք է շարժվեն դեպի Իրան՝ բրիտանական բանակի դեմ կռվելու: Նախքան այդ պահանջը, Խալիլն ու Վեհիբը հանդիպում են հայկական պատվիրակության ներկայացուցիչների հետ եւ «խորհուրդ տալիս» ընդառաջել իրենց, քանի որ հակառակ դեպքում կարող են անդառնալի հետեւանքներ լինել: «Ես եւ Վեհիբ փաշան կներկայացնենք կոմիտեի մեջ չափավոր, հաշտարար հոսանքը, Թալեաթ ու Էնվեր փաշաները կուզեն իսպառ ոչնչացնել հայկական հողը:
Օգնեցեք մեզ մեր դիրքը ուժեղացնելու, ըրե՛ք բոլոր զիջումները, հնարավորություն ստեղծեցեք մեզ երթալու Ջուլֆա-Պարսկաստան երկաթուղագծով եւ թույլ տվեք մեզ երթալու Բաքու եւ Հյուսիս՝ Ղարաքիլիսա-Եվլախ ճանապարհով»,- հանդիպման մասին գրում է Ալեքսանդր Խատիսյանը:
Թուրքերը նաեւ խոստանում էին պատերազմից հետո ազատել «ժամանակավորապես վերցված» տարածքները եւ օգնել հայերին: Խատիսյանը նաեւ գրում է, որ իրենք համաձայնում են «գերմանական պաշտպանությամբ թույլ տալ, որ թրքական զորքը անցնի հայկական հողով»:
Ալեքսանդրապոլի գրավումը
Կարսի անկումից ու նահանջից հետո Ալեքսանդրապոլում կենտրոնացել էր մոտ 15 000 զինվոր: Այդ նույն օրերին Բորչալուի թաթարները կրկին ակտիվանում են եւ սկսում հարձակումները հայկական գնացքների վրա, թալանում ու սպանում գաղթականներին, քանդում երկաթգիծը, կտրում հեռագրաթելերը:
«Առհասարակ նկատված էր, որ տաճիկների առաջխաղացման կամ նոր պահանջների նախօրյակին, տեղական թուրքերը միշտ խանգարում էին մեր նորմալ կյանքը եւ իրոք, հենց այդ օրերին, Բաթումում տաճիկները նոր պահանջ էին ներկայացրել, պահանջելով Շարուր-Նախիջեւանը, Սուրմալուն, Երեւանի եւ Ալեքսանդրապոլի գավառների մի մասը եւ երկաթուղին»,- գրում է Հովակիմ Մելիքյանը:
Վերջնագիր Ալեքսանդրապոլի զինվորական ղեկավարությանը
Մինչ Բաթումում բանակցություններ էին ընթանում, թուրքերը 1918թ. մայիսի 14-ի երեկոյան վերջնագիր են ուղարկում Ալեքսանդրապոլի զինվորական ղեկավարությանը եւ պահանջում թուրքական զորքին հնարավորություն տալ օգտվելու Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթուղուց:
Հովակիմ Մելիքյանը իր «Արյան ճանապարհով» հուշագրության մեջ մեջբերում է թուրքերի վերջնագիրը. «Մինչեւ առավոտյան ժամի 7-ը, թույլ տալ իրենց անցնել Ալեքսանդրապոլի կայարանից երկաթուղագծով Պարսկաստան, անգլիացիների դեմ: Եթե հրամանատարությունը անհարմար կգտնի Ալեքսանդրապոլի միջով անցնել, այն դեպքում ցույց տալ մի ուրիշ ճանապարհ, որտեղից հնարավոր կլինի զորքն անցկացնել Պարսկաստան» («Արյան ճանապարհով», Հովակիմ Մելիքյան, «Հայրենիք», թիվ 6, 1925թ.):
Սիմոն Վրացյանը գրում է, որ Բաթումում չստանալով երկաթուղուց օգտվելու համաձայնությունը, թուրքերը մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը վերջնագիր են ներկայացնում Ալեքսանդրապոլի զինվորական ղեկավարությանը՝ պահանջելով «մայիսի 15-ի առավոտյան ժամը 7-ին Ալեքսանդրապոլը հանձնել իրենց, եւ հայկական զորքերը քաշվեն 25 կիլոմետր դեպի արեւելք»: Վրացյան նաեւ ասում է, որ մինչեւ շտաբում թարգմանում են փաստաթուղթը, թուրքերը սկսում են ռմբակոծել ամրոցը:
«Ընկերական խնջույքն» ու տաճիկների վերջնագիրը
Հովակիմ Մելիքյանը հիշատակում է, որ մի քանի օր առաջ որոշվել էր հայկական կորպուսի շտաբը, որը տեղակայված էր Ալեքսանդրապոլում, մայիսի 15-ին տեղափոխել Ղարաքիլիսա: Մայիսի 14-ի երեկոյան շտաբում հրաժեշտի «ընկերական խնջույք» էր կազմակերպվել, որի ամենաթեժ պահին ստացվում է թուրքերի վերջնագիրը: «Սակայն մեր շտաբում չի գտնվում մեկը, որ տաճկերեն կարողանար կարդալ, ուստի որոշում են առավոտյան վաղ ուղարկել ամրոցապետ Յանովսկուն տաճկական հրամանատարի մոտ, խնդրելու որ գրությունը փոխվի կամ ռուսերեն կամ ֆրանսերեն, որպեսզի կարելի լինի հասկանալ եւ պատասխանել»,- գրում է Մելիքյանը:
Աշոտ Հարությունյանի «Թուրքական ինտերվենցիան Անդրկովկաս եւ ինքնապաշտպանական կռիվները» գրքում էլ գրված է, որ հայկական կորպուսի շտաբը մայիսի 13-ին արդեն տեղափոխված էր Ղարաքիլիսա, եւ Ալեքսանդրապոլում մնացել էր միայն կորպուսի հրամանատար Թովմաս Նազարբեկյանը: (Աշոտ Հարությունյան, «Թուրքական ինտերվենցիան Անդրկովկաս եւ ինքնապաշտպանական կռիվները», Երեւան, 1984)
15 մայիսի, 1918թ.
Հայկական զորաբանակի կոմիսար Մանասյանի հեռագրից.
«Այսօր առավոտյան, առանց որեւէ նախազգուշացման, թուրքերը խախտեցին զինադադարը, հարձակման դիմեցին եւ բաց արին հրացանի ու հրետանու կրակ Արփաչայի ամբողջ երկարությամբ: Մեր զորքերը հարկադրված եղան կրակով պատասխանել: Ազգաբնակությունը խուճապով փախչում է, ամեն ինչ թողնելով բախտի քմահաճույքին»:
«Թնդանոթաձգությունը քաղաքում եւ գյուղերում առաջ է բերում մեծ խուճապ: Շատերը առավոտյան վաղ, թնդանոթաձգությունից հանկարծակիի եկած, մերկ փողոց են վազում, շատերը խելակորույս այս ու այն կողմ են ընկնում լուր իմանալու, շատերը թողնում են ամեն ինչ եւ քաղաքից դուրս փախչում: Այսպիսի իրարանցման մեջ բավականին զոհեր եղան պատահական գնդակներից: Տաճիկները սկսում են ռմբակոծել ամրոցը եւ շղթաները մոտեցնել քաղաքին: Ամրոցում մնացած գնդապետ Կալբանովը իր տրամադրության տակ ունենում է միայն մեկ հրետանի, որ եւ դնում է գործադրությանը մեջ ու հերոսությամբ դիմադրում տաճիկներին»,- գրում է Մելիքյանը:
Թուրքերի հետ բանակցելու գնացած պարետ Յանովսկին շուտով Նազարբեկյանին է հանձնում թուրքերի նոր պահանջը՝ «գնացքները տրամադրել տաճիկներին, իրենց զորքերը Պարսկաստան փոխադրելու համար: Քաղաքը հանձնել եւ զորքը դուրս բերել այնտեղից դեպի Ջաջուռ, թողնելով միայն միլիցիան եւ մի գումարտակ հեծելազոր, որին միացնելով տաճկական մի հեծելազոր՝ միասին քաղաքի մեջ ժանդարմերիայի դեր կկատարեն»:
«Զոր. Նազարբեկյանը համաձայնվում է առաջարկված պայմաններին: Իր զինվորներից մեկի միջոցով նա ուղարկում է տաճկական հրամանատարին իր համաձայնագիրը: Պայմանագիրը հրամանատարին հանձնելով, վերադարձին սպանվում է զինվորը, որի դիակը քաղաք է բերվում օթոմոբիլով: Զոր. Նազարբեկյանը ժամի 3-ին թողնում է իր տեղը զորավար Արեշյանին եւ ինքը գնում է Ղարաքիլիսա: Տաճիկները ստանալով համաձայնագիրը, ժամի 6-ին ուղարկում են քաղաքը մեկ էսկադրոն, իսկ մեր կողմից մնում է գնդապետ Յանովսկին քաղաքը հանձնելու համար», գրում է Հովակիմ Մելիքյանը:
Ալեքսանդրապոլից ու մերձակա գյուղերից հայկական զորքերն ու փախստականների խմբերը շարժվում են դեպի Սարդարապատ, Երեւան եւ Ղարաքիլիսա: Նահանջի տեղ այլեւս չկար. թիկունքում Երեւանն էր։
***
Նախագծի վրա աշխատել են՝ Միքայել Յալանուզյանը, Մարի Թարյանը, Լուսինե Ղարիբյանը
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Հոդվածը՝ Mediamax.am կայքից։