15.2 C
Yerevan

Այլընտրանքա­յին Պատմություն


Ներսե­սի մահը սակայն բյուզանդա­կան ցանցը որպես առիթ էր օգտա­գործել կեղծ լուրերտա­րա­ծե­լու համար՝ իբր հայրա­պե­տը թունա­վորվե լէ արքա­յի հրա­մա­նով: Այս լուրե­րը տարա­ծե­լով՝ հող էին նախա­պատրաստում հենց իր՝ Պապ արքա­յի դեմ ապա­գա դավադրությունն արդա­րացնե­լու համար:

Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան


Մաս II. 
Եթե Պապը չմա­հա­նար

374 թվա­կա­նի սկզբին Մեծ Հայքում ներքին իրա­վի­ճա­կը լարված էր: Տեւա­կան ժամա­նակ էր, ինչ սրված էին երկրի թագա­վո­րի՝ Պապի, եւ սպա­րա­պե­տի՝ Մուշեղ Մամի­կոնյա­նի հարա­բե­րություննե­րը:

Դեռ Պապի թագա­վո­րության սկզբին համառ լուրեր էին պտտվում, որ Մուշե­ղը ներգրավված է հակա­թա­գա­վո­րա­կան դավադրության մեջ, որի հետքե­րը տանում էին բյուզանդա­կան արքունիք: Նույն համա­ռությամբ Պապը փորձում էր չհա­վա­տալ, չտեսնե­լու տալ այդ լուրե­րը՝ ամեն անգամ արդա­րա­ցումներ գտնե­լով սպա­րա­պե­տի համար: Նրա համար չափա­զանց ցավա­լի էր գիտակցել, որ իր հորը՝ Արշա­կին, հավա­տա­րիմ ծառա­յած Վասակ սպա­րա­պե­տի որդին, որն ինքն էլ բավա­կա­նին ծառա­յություններ է մատուցել երկրին, կարող էր դավա­ճա­նել իր արքա­յին: Բացի այդ, հաշվի առնե­լով սպա­րա­պե­տության իշխա­նությունը ժառանգա­բար զբա­ղեցնող եւ ազդե­ցիկ այլ իշխա­նա­կան տոհմե­րի հետ բազմա­թիվ կապե­րով կապված Մամի­կոնյաննե­րի կշի­ռը երկրի քաղա­քա­կան կյանքում, հոգե­բա­նո­րեն հեշտ չէր ընդունել Մուշե­ղի դավա­դիր դիրքը, որից պետք է բխեր վճռա­կան պայքար եւ բախում երկրի հզո­րա­գույն իշխա­նա­կան տոհմե­րից մեկի դեմ չերաշխա­վորված արդյունքով:

Հարցի լուծումը ձգձգվում էր, բայց անտե­սա­նե­լի ներքին լարումը դրա­նից ոչ թե պակա­սում, այլ ավե­լա­նում էր:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԹԱԳԱՎՈՐԸ ԵՎ ՀԻՆ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Պապը՝ երի­տա­սարդ թագա­վո­րը, գահ էր բարձրա­ցել բյուզանդա­կան օգնությամբ եւ Մուշե­ղի, ինչպես նաեւ երկու տարի առաջ մահա­ցած հայրա­պետ Ներսե­սի ներգործուն մասնակցությամբ՝ պարսիկնե­րի դեմ պատե­րազմում հայկա­կան եւ բյուզանդա­կան միացյալ ուժե­րի վճռա­կան հաղթա­նա­կից հետո: Գահ բարձրա­նա­լուց հետո սակայն նոր արքա­յի գլխա­վոր խնդի­րը դառնում է հենց դաշնա­կիցնե­րից՝ բյուզանդա­ցի­նե­րից երկրի ինքնիշխա­նության պաշտպա­նությունը:

Արտա­քուստ բյուզանդա­ցի­նե­րը ճանա­չում էին Մեծ Հայքի ինքնիշխա­նությունը, եւ հարա­բե­րություննե­րը դաշնակցա­կան էին, սակայն փաստա­ցի ավե­լի ու ավե­լի ակնհայտ էր դառնում, որ բյուզանդա­ցի­նե­րի գերխնդի­րը Հայաստա­նի կցումն է կայսրությա­նը: Նրանք հույս ունեին, որ երի­տա­սարդ ու անփորձ Պապն ի զորու չի լինի հասկա­նալ եւ դիմա­կա­յել այդ ծրագրին:

Բացա­հայտ թշնա­մության բյուզանդա­ցի­նե­րը պատրաստ չէին, սակայն նրանց համար բարդ չէր, օգտա­գործե­լով կայսրության նյութա­կան ու հոգեւոր ազդե­ցությունը, կազմա­կերպել իրենց քաղա­քա­կան նպա­տակնե­րը սպա­սարկող ուժեղ ներքին ցանց: Այդ ցանցի մեջ նրանք կարո­ղա­նում են ներգրա­վել երկրի հոգեւոր եւ զինվո­րա­կան առա­ջին դիրքե­րը զբա­ղեցնող Ներսես կաթո­ղի­կո­սին եւ սպա­րա­պետ Մուշե­ղին: Երկուսի՝ Ներսե­սի ու Մուշե­ղի տներն իրար հետ կապված էին ազգակցա­կան եւ հայրե­նակցա­կան հին ու ամուր կապե­րով եւ միշտ էլ գործել են միա­սին:

Եկե­ղե­ցա­կան հարցե­րը Պապը մասամբ կարո­ղա­ցել էր լուծել՝ Ներսե­սի մահից հետո գահին նստեցնե­լով թագա­վո­րա­կան տանը միշտ հավա­տա­րիմ եւ եկե­ղե­ցու ներսում թագա­վո­րա­կան քաղա­քա­կա­նությունը ներկա­յացնող Աղբիա­նո­սի տոհմի ներկա­յա­ցուցիչ Շահա­կին: Պապը նաեւ վճռա­կան քայլ էր արել՝ պետա­կա­նացնե­լով եկե­ղե­ցա­կան կալվածքնե­րի մի մասը, որոնք մեծ չափեր էին ստա­ցել Ներսե­սի օրոք՝ լայնա­նա­լով ոչ միշտ օրի­նա­կան ճանա­պարհնե­րով:

Ներսե­սի մահը սակայն բյուզանդա­կան ցանցը որպես առիթ էր օգտա­գործել կեղծ լուրեր տարա­ծե­լու համար՝ իբր հայրա­պե­տը թունա­վորվել է արքա­յի հրա­մա­նով: Այս լուրե­րը տարա­ծե­լով՝ հող էին նախա­պատրաստում հենց իր՝ Պապ արքա­յի դեմ ապա­գա դավադրությունն արդա­րացնե­լու համար:

ՊԱՊԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԸ

 Պապի հաջող դիմադրությունից անհանգստա­ցած՝ բյուզանդա­ցի­նե­րը եւ նրանց հովա­նա­վո­րած կուսակցությունը Հայաստա­նում որո­շում է անցնել վճռա­կան գործո­ղություննե­րի: Որոշվում է Պապին դավադրա­բար սպա­նել:

Դավադրության լուրը հասնում է հայոց արքա­յին: Այժմ արդեն կասկած չկար, որ դավադրության մեջ ներգրավված է նաեւ հայոց սպա­րա­պե­տը. դա այլեւս ապա­ցուցված էր անհերքե­լի փաստե­րով:

Կարեւոր որո­շումներ էին անհրա­ժեշտ: Մի կողմից պետք էր գործել արագ եւ վճռա­կան, մյուս կողմից հնա­րա­վո­րինս հաշվարկել քայլե­րի հեռա­հար հետեւանքնե­րը: 

 Ուշ երե­կո­յան Պապի մոտ հավաքվում է նրա մտե­րիմ խորհրդա­կաննե­րի խումբը՝ թագա­կիր ասպետ Վարազ Բագրա­տունին, կաթո­ղի­կոս Շահա­կը՝ Աղբիա­նոսյաննե­րի տոհմից, Բաթ Սահա­ռունի իշխա­նը եւ Բագրա­տունյաց ասպե­տի խորհրդով Պապի շրջա­պա­տում հայտնված Հրա­հատ ճգնա­վո­րը:

Քիչ բան էր հայտնի վերջի­նիս մասին: Գիտեին միայն, որ Հրա­հա­տը ծնունդով կարինցի էր, միհրա­պաշտ քրմա­կան հին տոհմից, ուներ ճգնա­վո­րի համբավ, սակայն նրա կրո­նա­կան իրա­կան հայացքնե­րը կասկա­ծի առիթ էին ոչ միայն ուղղա­փառ հոգեւո­րա­կաննե­րի տեսա­կե­տից, այլեւ անորսա­լի էին շատե­րի համար: Մյուս կողմից նա կարո­ղա­նում է հեղի­նա­կություն ձեռք բերել Կարի­նի, Դերջա­նի եւ Սպե­րի շրջա­կայքում որպես քարո­զիչ եւ ի վերջո նաեւ մուտք գործել Սպե­րի տեր Բագրա­տունյաց իշխա­նի շրջա­պատ՝ դառնա­լով նրա խորհրդա­տուն: Ինքը՝ Բագրա­տունյաց ասպե­տը, հաճախ էր համա­րում Հրա­հա­տի հայացքնե­րը ծայրա­հեղ ու անհասկա­նա­լի, որոշ դեպքե­րում էլ՝ ոչ այնքան կայուն, սակայն գնա­հա­տում էր Հրա­հա­տի մեջ գիտե­լի­քի եւ կրքի միա­ձուլումը՝ որակ, որն այդքան էլ հաճախ չի հանդի­պում: Կաթո­ղի­կոս Շահա­կը՝ կրո­նա­կան նախա­պա­շա­րումնե­րից զուրկ եւ թագա­վո­րությա­նը հավա­տա­րիմ մարդ, որ ինքն էլ մի հին քրմա­կան տոհմից էր, նույնպես խնդիր չէր համա­րում տարօ­րի­նակ հայացքնե­րով ճգնա­վո­րի հայտնվելն իրենց շրջա­պա­տում, մանա­վանդ որ Հրա­հա­տը հաճախ համարձա­կո­րեն ձեւա­կերպում էր այն, ինչ Շահակն ի պաշտո­նե զգուշա­նում էր ասել:

- Այսօր չենք կարող երկար քննարկել, պետք է արագ լուծել Մամի­կոնյա­նի հարցը,- սկսեց խոսակցությունը հայրա­պետ Շահա­կը:

- Մամի­կոնյաննե­րը Հայաստան աշխարհի հզո­րա­գույննե­րից են, հեշտ բան չէ լուծել նրանց հարցը, նրանք ի զորու են նույնիսկ պատե­րազմ սկսել թագա­վո­րի դեմ՝ թիկունքում ունե­նա­լով բյուզանդա­ցի­նե­րին,- արձա­գանքեց Բագրա­տունին:

- Բյուզանդա­ցի­նե­րը բաց կերպով պատե­րազմի չեն գնա, Բագրա­տունյաց տեր:

- Մամի­կոնյաննե­րի հարցի միակ լուծումը նրանց բնաջնջումն է մինչեւ վերջին որձ մանուկը,- կտրեց Հրա­հատ ճգնա­վո­րը:- Քո մեծ պապ Խոսրովն այդպես վարվեց իրեն դավա­ճա­նած եւ պարսից թագա­վո­րի կողմը զորքով անցած Բզնունի­նե­րի հետ: Հայքը անձե­րի երկիր չէ, այլ տոհմե­րի ու ազգե­րի, առանձին մարդուն պատժե­լով՝ մեզա­նում հարց չես կարող լուծել:

 Բաթ Սահա­ռունին գլխով արեց, որ համա­ձայն է Հրա­հա­տի կարծի­քին:

- Պետք է դատ լինի, Հրա­հատ: Բզնունի­նե­րը շատ հզոր էին, բայց նրանք հայոց սպա­րա­պե­տի իշխա­նությունը չունեին, բացի այդ, Խոսրո­վի ժամա­նակ թագա­վորն ավե­լի ուժեղ էր, եւ նրա դեմ հոռոմնե­րը չէին աշխա­տում: Բզնունին պարսից կողմն էր անցել, եւ նրա դավա­ճա­նությունն էլ բացա­հայտ էր, ապա­ցուցման կարիք չուներ, հենց ռազմի դաշտում էր արվել,- առարկեց հայրա­պետ Շահա­կը: 

- Հայոց զորքն ու երկի­րը չի ների իր թագա­վո­րին, եթե նա Մուշե­ղի պես մարդուն եւ առա­վել եւս նրա ազգին ոչնչացնի առանց բաց, հրա­պա­րա­կա­յին դատի,- ավե­լացրեց Բագրա­տունին: Թեկուզ ժամա­նա­կը քիչ է, բայց պետք է հավա­քել Հայոց մեծ ժողով եւ հարցն այդտեղ քննել: Դա է մեր պապե­նա­կան սովո­րությունը, որը սրբությամբ պահել են քո բոլոր նախնի­նե­րը, Պապ: Հայոց արքան միայնակ չի կարող որո­շել նման կարեւոր հարցեր, նա պետք է հավա­քի երկրի ազա­տա­նուն, հայոց զորքը եւ ներկա­յացնի խնդի­րը:

- Ես մնում եմ իմ կարծի­քին՝ Մամի­կոնյաննե­րի արագ ոչնչա­ցում, իսկ ժողո­վը՝ հետո, բայց որո­շումն արքա­յինն է: Միայն թե թագա­վո­րը թող լսի գոնե իմ մեկ այլ խորհուրդը: Կարեւոր որո­շումնե­րը հնա­րա­վոր չէ ընդունել պալա­տում, չորս պատի մեջ: Դուրս արի այստե­ղից, բարձրա­ցիր Արա­գա­ծի փեշե­րը, եւ այնտեղ դու կորո­շես անե­լիքդ մենա­կության մեջ՝ քո առջեւ ունե­նա­լով ոչ թե փակ պատեր, այլ լայն հեռանկար: Երբ քո առջեւ՝ Արա­գա­ծի բարձունքնե­րից բացվի մեծ տեսա­դաշտը մինչեւ Արա­րատյան դաշտի հեռունե­րը, երբ լուսա­բա­ցի սթափ եւ առնա­կան միտքը փոխա­րի­նի գիշե­րա­յին անհանգստությանն ու անվստա­հությա­նը, երբ խոսես ոչ թե մարդկանց ու պատե­րի հետ, այլ քո զրուցա­կիցնե­րը, որոշման վկա­նե­րը, խորհրդա­կիցնե­րը լինեն քո առջեւ բացված հեռանկա­րի անփո­փոխ տվյալնե­րը՝ լեռնա­պա­րե­րի եզրագծե­րը, լուսա­բա­ցի աստղը, ճամփեզրի շանթա­հարված ծառը, Արա­գա­ծի քարե­րը՝ ամե­նը, ինչ մարդկա­յի­նից դուրս է, այդ ժամա­նակ միայն դու կարող ես իրա­կան մեծ վճիռ կայացնել:

- Թող լինի այս մեկը քո խոսքով, Հրա­հատ,- ասաց Պապը, որը մինչ այդ լուռ եւ ուշա­դիր լսում էր…

ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ

 Լուսա­բացն արքան դիմա­վո­րեց Արա­գա­ծի բարձունքնե­րին:
Նրա առջեւ բացվեց հեռարձակ տեսա­րան՝ մեծ դաշտա­վայրը՝ եզրե­րում սահմա­նա­փակված լեռնա­գա­գաթնե­րով ու լեռնաշղթա­նե­րով: Աշնան սկիզբն էր, ծառե­րի վրա տերեւնե­րը սկսել էին գույնը փոխել: Թեթեւ քամի էր, որին համընթաց տերեւնե­րը շարժվում էին, որոշներն էլ՝ ընկնում գետնին: Պապը քայլում էր: Քամին, տերեւնե­րի սոսափյունը եւ սեփա­կան քայլե­րը դասա­վո­րում էին նրա մտքե­րի կշռույթը. արեւը տրա­մադրություն էր ստեղծում, հեռա­պատկե­րը եւ բարձրությունը տալիս էին ազա­տության եւ մեծության զգա­ցում, անկաշկանդություն:

Լուսա­բա­ցի միտքը ճկուն էր, համարձակ, հստակ եւ ինքնավստահ: Պալա­տի նեղ պատե­րի մեջ փակված եւ հաճախ էլ անքուն գիշերնե­րին մտա­ծա­ծը անվերջ շրջապտույտ է առանց ելքի ու որոշման, վարա­նումնե­րով ու տատա­նումնե­րով, ոգեւո­րումներվ ու անկումնե­րով, մե՛րթ անհարկի ինքնա­մե­ծա­րող, մերթ էլ չափա­զանց ինքնաոչնչացնող: Լուսա­բա­ցը տալիս է ուղիղ ճանա­պարհներ. այն համարձակ է, բայց ոչ ինքնա­մո­ռաց հափշտա­կող, քաջ է, բայց ոչ գինովցած, ուղիղ է, բայց ոչ միա­միտ:

Հույնե­րը ստեղծել են քաղա­քա­կա­նություն բառը, հայե­րե­նը պետք է լիներ լեռնա­կա­նություն:Հույնե­րի­նը քաղաքներն էին, բայց Հայքի թագա­վո­րությունը ստեղծվել է լեռնե­րի շուրջը. սա է եղել նրա բնա­կան քաղա­քա­կա­նը՝ լեռնա­կա­նը: Քաղաքնե­րում որո­շումնե­րը պետք է իրա­կա­նացվեն, բայց ընդունվեն լեռնե­րում՝ բաց ու լայն հեռա­պատկերնե­րի առջեւ: Երեւի ծովափ ունե­ցող երկրնե­րում կլի­ներ ծովա­կա­նություն: Լեռնե­րի այս գիծն է՝ դաշտում եղած քաղաքն իրենցով սահմա­նող, եզրա­փա­կող: Հայքի մշտա­կան՝ բնությամբ գծած ներքին սահմաննե­րը եւ նույնքան մշտա­կան բնությամբ գծած ճամփա­նե­րը, որոնք կապում են մեզ աշխարհի հետ. սա է Հայոց թագա­վո­րությունը, հայոց քաղա­քա­կա­նությունը:

«Մենք ենք, մեր սարե­րը»,- մտքում ասաց Պապը՝ կանխե­լով դարեր անց գրած մի գրքի անվա­նում:

Մեր սահմանն է, մեր ինքնուրույնությունը, մեր առանձին լինե­լը, բայց նաեւ մեր աշխարհում լինե­լը, ամբողջի մաս լինե­լը, քանի որ լեռնե­րը, եթե մի կողմից սահման քաշող են, առանձնացնող են, մյուս կողմից էլ ամե­նաընդհա­նուրն են, ամե­նա­բարձրը, առանց մանրա­մասնե­րի, մի քանի գիծ ու միայն կարեւո­րի մասին: 

…Աջ կողմից մի արծիվ երեւաց ու սավառնե­լով կորավ հեռունե­րում:

ՀԱՅՈՑ ԺՈՂՈՎԸ

Մյուս օրը հայտա­րարվեց, որ «թագաւորն Պապ հանդերձ միա­բա­նութեամբ կնաւ իւրով՝ հայոց տիկնաւ հրա­ման ետ ի ժողով կոչել միա­բա­նութեամբ ամե­նայն զաւրաց իւրոց: Եւ վաղվա­ղա­կի հասա­նէին ի ժամա­դիրն յամե­նայն կողմանց ըստ հրա­մա­նին՝ յԱյրա­րատ գաւառն ի Վաղարշա­պատ քաղաք»:

«Ապա առաւել ժողո­վե­ցան ի մի ժողով միա­բա­նութեանն մարդիկ աշխարհին Հայաստան երկրին. նախա­րարք մեծա­մեծք, աւագք, կուսա­կալք, աշխարհա­կալք, ազատք, զօրագլուխք, դատաւորք պետք, իշխանք, այլ եւ ի շինա­կա­նաց անգամ ռամիկ մարդկանն»:

Հնուց ի վեր այս երկրի սովո­րությունն էր՝ բոլոր մեծ որո­շումնե­րը, գոնե ըստ ձեւի, կայացնում էին համա­տեղ՝ հայոց թագա­վո­րը «հայոց տիկնաւ հանդերձ» եւ հայոց զորքը՝ մեծա­մեծ իշխաննե­րից մինչեւ մանր հողա­տեր ազատնե­րը, ընդհուպ մինչեւ ռամիկ զորքե­րը՝ կանչված Ժողո­վի թագա­վո­րի եւ թագուհու կողմից: Թագա­վո­րի բացա­կա­յության դեպքում Ժողովն ինքն էր հավաքվում՝ առանց կանչի, եւ որո­շումներ կայացնում, այդ թվում նոր թագա­վո­րի, արտա­քին հարա­բե­րություննե­րի եւ այլ կարեւոր հարցե­րի վերա­բերյալ: Դրսի հետ հարա­բերվե­լուց էլ ուղերձնե­րը գրվում էին հայոց թագա­վո­րի եւ հայոց զորքի անունից: Զորքը, ժողովն ու ժողո­վուրդը փաստա­ցի հոմա­նիշներ էին, ինչպես նաեւ՝ զորքն ու երկի­րը, զորքն ու մարդիկ, զորքն ու Հայքը: Հայոց թագա­վոր եւ հայոց զորք՝ փաստա­ցի նշա­նա­կում էր թագա­վոր եւ երկիր:

Սա հին հայոց ազա­տությունն էր, ուր ազատ մարդը զենքով մարդն էր, իսկ ազատ մարդկանց բազմությունն ու ժողո­վը զորքն էր: Ամբողջ հայոց պատմության գլխա­վոր հերո­սը, գործող անձը, մինչեւ ուշ միջնա­դար, հենց հայոց զորքն էր: Եվ երբ շատ դարեր անց՝ Պապից հետո, հայոց զորքը տեղա­փոխվեց Կիլի­կիա­յի ափեր, դրանք էլ դարձան Հայոց թագա­վո­րություն…

Հայքը միագլուխ, միա­հե­ծան, միիշխան երկիր չէր, այլ բազմիշխան էր: Ամեն շրջան, ամեն ազգ, ամեն տոհմ ուներ իր «հայրե­նի­քը»՝ հորից որդի փոխանցվող ժառանգա­կան իշխա­նությունն ու հողը, եւ յուրա­քանչյուրն ինքնիշխան էր իր հայրե­նի­քում: Հայքը իշխա­նություննե­րի, հայրե­նիքնե­րի եւ 
ազգե­րի երկիր էր: Ամեն հայրե­նիք, ամեն ազգ, ամեն իշխա­նություն նաեւ մի զինվո­րա­կան միա­վոր էր, որոնք միա­սին հայոց զորքը կամ հայոց բանակն էին: Նրանք էին նաեւ Հայոց ժողո­վը, որը թագա­վո­րի հետ Հայոց երկիրն էր. թագա­վորն այստեղ ոչ թե բացարձակ ու մեկ իշխանն էր, այլ գերիշխողն էր՝ իշխա­նաց իշխա­նը, տերե­րի տերը: Ավե­լին՝ նույնիսկ թագա­վո­րա­կան իշխա­նությունը միա­տարր չէր, միա­բեւեռ չէր, այլ թագա­վո­րի կողքին շեշտված դեր ուներ առնվազն հայոց տիկի­նը՝ հայոց թագուհին:

Այս համա­կարգը հայոց ուժն ու թուլությունն էր միա­ժա­մա­նակ: Երկի­րը հնա­րա­վոր չէր գլխա­տել, քանզի այն չուներ մեկ գլուխ, հնա­րա­վոր չէր բառիս բուն իմաստով նվա­ճել, քանզի նվա­ճե­լու համար պետք էր հատ-հատ ընկճել բոլոր առանձին իշխա­նություննե­րին ու նրանց զորքե­րը: Կարե­լի էր միայն փոխել գերիշխա­նությունը՝ հայոց թագա­վո­րի փոխա­րեն օտար թագա­վո­րի տիրա­պե­տություն հաստա­տել, բայց պահպա­նե­լով ներքին համա­կարգը՝ ամեն իշխա­նի տերությունը, զորքը, հողը, դիրքը, այլեւ Հայոց ժողո­վի իրա­վա­սություննե­րը ներքին հարցե­րում որո­շումներ ընդունե­լու: Նույնիսկ թագա­վո­րա­կան գործա­կա­լություննե­րը՝ պետություննե­րը՝ սպա­րա­պե­տություն, ասպե­տություն, հազա­րա­պե­տություն ամեն մեկը մի ժառանգա­կան իշխա­նություն էր, որը վարում էին նախա­րա­րա­կան տնե­րի ներկա­յա­ցուցիչնե­րը: Ասում էին՝ այսինչ ազգը կամ տոհմն ունի այսինչ պետության, օրի­նակ՝ սպա­րա­պե­տության իշխա­նությունը…

Հայոց մեծ ժողո­վին ներկա­յացվեց Մուշե­ղի գործը:

Մթնո­լորտը ծանր էր, չկար նման հանդի­սա­վոր ժողովնե­րին բնո­րոշ տոնա­կան տրա­մադրությունը: Մուշե­ղի դեմ բերված ապա­ցույցներն անհերքե­լի էին: Նա բյուզանդա­կան հրա­մա­նա­տա­րի հետ 
մասնակցել է հայոց տիրոջ՝ Պապ արքա­յի դեմ կազմա­կերպված դավադրությա­նը, որի նպա­տակն էր թագա­վո­րի սպա­նությունը՝ ծանրա­գույն հանցանք, որը երբեւէ կարող էր գործել հայ իշխա­նը: Հանցանքը ծանրա­նում էր, քանի որ մեղադրյա­լը հայոց սպա­րա­պետն էր՝ հայոց արքա­յի զորքե­րի զորա­վա­րը, որի առաջնա­յին պարտա­կա­նությունը հենց թագա­վո­րի եւ աշխարհի պաշտպա­նությունն էր, նրա թշնա­մի­նե­րին պատժե­լը: Ոչ ոք հրա­պա­րա­կավ չէր կարող պաշտպա­նել դավա­ճան սպա­րա­պե­տին՝ ո՛չ նրա ընկերներն ու դաշնա­կիցնե­րը, ոչ էլ Մամի­կոնյան տոհմի ազգա­կիցնե­րը: Բայց նույնիսկ նրա քաղա­քա­կան հակա­ռա­կորդներն ազդված էին մեղադրանքի հանդի­սա­վոր եւ ողբերգա­կան ծանրությունից: Վճիռն ինքնին պարզ էր. Մուշե­ղին մահա­պատժի ենթարկել, ինչն իրա­կա­նացվեց ժողո­վից անմի­ջա­պես հետո, ինչպես պահանջում էր հայոց օրենքը՝ ժողո­վի համա­ձայնությամբ եւ թագա­վո­րի հրա­մա­նով:

ՊԱՏԺԵ՞Լ ԹԵ՞ ԲՆԱՋՆՋԵԼ

 Ավե­լի բարդ էին մյուս լուծե­լիք խնդիրնե­րը: Պատժել միայն Մուշեղի՞ն, թե՞ ամբողջ Մամի­կոնյան ազգին: Վերից վար ազգե­րի (տոհմե­րի) աստի­ճա­նա­կարգի շուրջ կառուցված երկրում, ինչպի­սին Մեծ Հայքն էր, ուր ոչ միայն այս կամ այն գավա­ռի, այլեւ այս կամ այն պաշտո­նի իշխա­նությունը ժառանգա­կան էր եւ պատկա­նում էր մեկ կամ մյուս տոհմին, ուր նույնիսկ քրիստոնյա եկե­ղե­ցին՝ էությամբ հռո­մեա­կան, հետեւա­բար ժառանգա­կա­նության սկզբունքը, եթե ոչ պարտա­դիր ժխտող, ապա ոչ կարեւո­րող կառույց, Հայաստա­նում հաստատման օրից ամբողջությամբ ներծծվել էր ազնվա­պե­տությա­նը բնո­րոշ ժառանգա­կա­նության ոգով. ահա այդպի­սի երկրում բնա­կան էր դաժան սովո­րությունը՝ պատժել ոչ միայն անհա­տին, այլեւ ամբողջ տոհմին: Բնաջնջման նման պատմություններ շատ են պահպանվել: Ճիշտ է, դրանց մեծ մասը կարող է լինել վիպա­կան չափա­զանցություն, իսկ որոշ դեպքե­րում էլ՝ պարզա­պես հորինվածք, սակայն միեւնույն է, նման պատմություննե­րի առկա­յությունը հաստա­տում է այդ սովո­րության համա­պա­տասխա­նությունը ժամա­նա­կի մտա­ծո­ղությա­նը:

Թագա­վո­րի որոշ կողմնա­կիցներ համա­րում էին, որ ժամա­նակն է առիթն օգտա­գործե­լով պատժել ամբողջ Մամի­կոնյան ցեղին՝ նախ զրկել նրանց սպա­րա­պե­տության ժառանգա­կան իշխա­նությունից, եւ է՛լ ավե­լի հեռուն գնա­լով՝ բնաջնջել, ինչպես այն ժամա­նակ ասում էին՝ չթողնե­լով եւ ոչ մի որձ կորյուն: Ծանրութե­թեւ անե­լուց հետո երի­տա­սարդ արքան որո­շեց գնալ առա­վել չափա­վոր տարբե­րա­կով՝ ոչ միայն չպատժել ամբողջ տոհմին, ոչ միայն չգրա­վել Մամի­կոնյաննե­րի կալվածքնե­րը, ինչպես այլ իշխաննե­րի հետ արել էին իր պապ Տիրանն ու մեծ պապ Խոսրո­վը, այլ նույնիսկ սպա­րա­պե­տությունից չզրկել Մամի­կոնյաննե­րին: Նա սպա­րա­պե­տա­կան իշխա­նությունը փոխանցեց Մուշե­ղի ազգա­կան Արտա­վազդին:

Այդ որո­շումը կայացնե­լիս արքան հասկա­նում էր դրա հնա­րա­վոր վտանգնե­րը. որքան էլ արտա­քուստ համա­ձայն լինեին Մուշե­ղի պատժի հետ, Մամի­կոնյաննե­րի սրտում ապրե­լու էր վրե­ժի զգա­ցո­ղությունը: Իհարկե մեծ տոհմե­րի ներսում էլ կար ներքին պայքար, եւ միշտ չէր, որ նրանք համե­րաշխ էին գործում: Մուշե­ղի տեղն Արտա­վազդին նշա­նա­կե­լով՝ Պապը հույսը դրել էր հենց այդ ներքին մրցակցության վրա: Բայց տոհմա­յին վրե­ժի զգա­ցո­ղությունը կարող էր ավե­լի ուժեղ դուրս գալ, քան ներքին հակա­սություննե­րը: Դա միայն ժամա­նա­կը ցույց կտար:

Բայց Պապի որոշման մոտիվներն ավե­լի լայն էին: Ամեն անգամ նոր տոհմե­րի ոչնչա­ցումը կամ կալվածքնե­րից զրկելն ավե­լացնում էր ներքին թշնա­մությունը երկրում: Հայկա­կան համա­կարգն այնքան նուրբ էր ու բազմա­թիվ հավա­սա­րակշռություննե­րի շուրջ կառուցված, որ նույնիսկ իսպառ ոչնչա­ցումը միշտ չէր, որ հարց էր լուծում: Հաճախ պատժված տոհմից մի քանի հոգու հաջողվում էր փրկվել եւ հետա­գա­յում վերա­դառնալ նախկին դիրքին: Հայոց իշխաննե­րը նշա­նա­կո­վի չէին, այլ ամեն մեկն իր գավա­ռի բնիկ, հնուց եկող տերն էր: Ամեն գավառ, ամեն երկիր նախ սիրում եւ ընդունում էր իր իշխա­նին: Բացի այդ, սպա­րա­պե­տա­կան ցեղի ոչնչա­ցումը մեծ խայտա­ռա­կություն էր երկրի համար, հարվա­ծում էր հայոց պատվին եւ պետք էր հնա­րա­վո­րինս առայժմ խուսա­փել դրա­նից: Երի­տա­սարդ արքան ցանկա­նում էր հնա­րա­վո­րություն տալ Մամի­կոնյաննե­րին մաքրվել խայտա­ռա­կությունից: Նրանք ունեին երկու ճանա­պարհ դրա համար: Կամ համա­ռե­լով պայքա­րը շարունա­կել եւ սաստկացնել Պապի դեմ՝ կարծե­լով, որ վերացնե­լով արքա­յին՝ կարող են մոռացնել տալ իրենց հանցանքը, թաքցնել այն, շուռ տալ հենց արքա­յի դեմ: Կամ հակա­ռա­կը, նոր ու հավա­տա­րիմ ծառա­յությամբ թագա­վո­րությանն ապա­ցուցել, որ Մուշե­ղի հանցանքը չի վերա­բե­րում ողջ ազգին: Մի բան, սակայն, Պապը ճիշտ չէր հաշվարկում: Հարցը վաղուց արդեն ներքին չէր: Նրա դեմ էին ոչ միայն հայոց իշխաննե­րը, որոնց նկատմամբ կարե­լի էր վարել «մտրա­կի եւ բլի­թի» քաղա­քա­կա­նություն, այլեւ արտա­քին հզոր ուժը, որի դեմ կռի­վը բացարձակ էր եւ անզի­ջում… 

Շարունա­կե­լի

Հեղի­նակ՝  Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

Նկա­րա­զարդող՝  Դավիթ Փարթամյան

Ձեւա­վո­րումը՝  Աննա Աբրա­համյա­նի,   Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝  Արա Թադեւոսյան

Նախագծի ձեւա­վորման համար օգտա­գործվել է Էմա­նուել Սարդարյա­նի լուսանկա­րը

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ