14.1 C
Yerevan

Այլընտրանքա­յին Պատմություն

Այն կռվում, որի մեջ մտել էր Պապը, միակ տարբե­րա­կը ոչ թե պարզա­պես համարձա­կությունն էր, այլ համարձա­կության ամեն օր ավե­լի ու ավե­լի մեծ չափը, համարձա­կության էսկա­լա­ցիան:

Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

Պապ թագա­վո­րի 
այլընտրանքա­յին 
պատմությունը

Մաս IV. 
Վճռա­կան պայքա­րի
նախա­պատրաստությունը

Մուշեղ Մամի­կոնյա­նի մահա­պատժից հետո երկու կողմե­րը՝ Պապն ու բյուզանդա­ցի­նե­րը, պատրաստվում էին վճռա­կան բախման:

Արտա­քուստ հարա­բե­րություննե­րը լավ էին, նույնիսկ՝ դրա­կան: Բյուզանդա­ցի­նե­րը հետ կանչե­ցին իրենց զորա­վա­րին, որը կասկածվում էր Պապի դեմ դավադրության կազմա­կերպման մեջ: Նրա փոխա­րեն եկավ նորը՝ ծագմամբ հայ, որը պետք է հաստա­տեր բյուզանդա­ցի­նե­րի դաշնակցա­յին վերա­բերմունքն առ հայե­րը: Նա ամեն բան անում էր՝ շահե­լու երի­տա­սարդ արքա­յի եւ հայ իշխաննե­րի սիրտը: Մուշե­ղի մասնակցությամբ դավադրությունը բացատրում էին որպես տհաճ միջա­դեպ, որի մեղքը գցում էին Հայքում բյուզանդա­կան զորքե­րի նախկին զորա­վա­րի վրա, որը գործել է իբր սեփա­կան նախա­ձեռնությամբ, առանց հռո­մեա­կան արքունի­քի իմա­ցության, իսկ այժմ էլ պատժված է՝ աքսորված հեռա­վոր մի կղզի:

Իրա­կան պայքա­րը, պատրաստությունը տեղի էր ունե­նում ոչ թե այս՝ արտա­քին եւ մակե­րե­սա­յին շերտում, այլ խորքից՝ ընդհա­տակյա հոսանքով՝ շատե­րի համար աննկատ ու անընկա­լե­լի:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՔԱՅԻ ՀԱՍՈՒՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ

Մուշե­ղի պատժով խնդի­րը ոչ միայն չէր լուծվում, այլեւ դեռ նոր էր դրվում իր ամբողջ սրությամբ ու լրջությամբ: Դա այդպես էր, քանի որ հարցը զուտ ներքին հայկա­կան չէր: Ներքին ուժե­րի հետ միշտ էլ հնա­րա­վոր էր եւ անհրա­ժեշտ էր պայմա­նա­վորվել, հաշտության եզրեր գտնել, խոսել: Ներքին ուժե­րը չունեին այն հենքը, որի վրա հենվե­լով կարող էին տեւա­կան պայքար մղել թագա­վո­րի դեմ: Ներքին համա­կարգն ի սկզբա­նե կառուցված էր ուժե­րի հավա­սա­րակշռության վրա, որը որոշ իրա­վի­ճակնե­րում կարող էր խախտվել այս կամ այն կողմ, բայց որը միշտ էլ կարճա­տեւ ճգնա­ժա­մից հետո վերա­դառնում էր իր միջին վիճա­կին՝ բալանսին:

 Խնդիրն ուրեմն ներսում չէր, այլ դրսում: Ներսի դավա­դիրներն ընդա­մե­նը քող էին, գործիք արտա­քին մեծ ծրագրի, որի բոլոր մանրա­մասնե­րը կարող էին եւ չիմա­նալ՝ գործե­լով միայն իրենց նեղ տեսա­դաշտում: Իր գործո­ղություննե­րով Պապը մարտահրա­վեր էր նետել աշխարհա­կալ ուժին, հայտ էր ներկա­յացրել իրա­կան ինքնիշխա­նության, եւ ուրեմն, պետք է դեռ երկար, ջանա­դիր, մտածված կռվով ապա­ցուցեր իր իրա­վունքը՝ հակա­ռակ գնա­լու աշխարհի տերե­րի ծրագրե­րին: Նման իրա­վունքը երբեք հեշտ չի վաստակվում, երբեք մեկքայլա­նի գործո­ղությամբ չի ապա­ցուցվում, այլ կյանքի ու մահվան պայքար է, որում պարտվո­ղը վճա­րում է ամե­նա­թանկ գինը՝ ոչ միայն ֆիզի­կա­կան մահ, այեւ դարե­րի անեծք ու զրպարտանք, իսկ հաղթողն իր անունը դրոշմում է դարե­րի մեջ:

Երի­տա­սարդ հայոց թագա­վո­րը, սկզբում ակա­մա­յից, հանգա­մանքնե­րից դրդված մտնե­լով պայքա­րի մեջ, որի ծավալներն ու բուն էությունը նա ի սկզբա­նե չէր կարող պատկե­րացնել եւ պատրաստ էլ չէր դրան, հենց այդ պայքա­րի մեջ եւ դրա շնորհիվ հասունա­նում էր, «մեծա­նում», իմաստնա­նում ոչ թե տարի­նե­րի, այլ ամիսնե­րի եւ նույնիսկ օրե­րի ընթացքում: Նրա սկզբնա­կան «վարդա­գույն» մոտե­ցումնե­րից քիչ բան էր մնա­ցել: Թեեւ անշե­ղո­րեն պահում էր իր բարձր ձգտումներն ու իդեալնե­րը, բայց ավե­լի ու ավե­լի հասկա­նում էր մեծ նպա­տակնե­րին հասնե­լու խճճված բարդությունը ու գերմարդկա­յին կամքի մտա­ծո­ղության անհրա­ժեշտությունը:

Սկզբում Պապը մտա­ծում էր, որ Կոստանդնուպոլսի արքունի­քում պարզա­պես սխալվել կամ խաբվել են, որ Հայքից նրանց սխալ տեղե­կություններ են հաղորդել տեղա­կան զորքի բյուզանդա­կան հրա­մա­նա­տա­րը կամ էլ հայկա­կան իշխաննե­րը: Նա կարծում էր, որ հարցը հնա­րա­վոր է հարթել. եթե պարզվի այդ սխալմունքը, ինքը դեմ չէ հայ-հռո­մեա­կան դաշինքին, ինքը պատրաստ է լինել հավա­տա­րիմ դաշնա­կից, եւ իր միակ մտա­հո­գությունն իր թագա­վո­րության անկա­խությունն ու անվտանգությունն է:

Երբ պարզ դարձավ, որ խնդի­րը միայն տեղե­կատվա­կան սխա­լը չէ, այլ որ բյուզանդա­կան արքունիքն այդուհանդերձ կապ ունի տեղա­կան դավա­դիրնե­րի հետ, հայոց արքան կարծեց, որ խնդի­րը բյուզանդա­ցի­նե­րի սխալ քաղա­քա­կան հաշվարկն է:

ԻՆՉՊԵՍ ՑԱՅՍՕՐ ԻՍԿ ԲՆՈՐՈՇ Է ՇԱՏ ՀԱՅԵՐԻ, ՆԱ ՄՏԱԾԵՑ, ՈՐ ՄԵԾ ՏԵՐՈՒԹՅԱՆԸ ԿԱՐԵԼԻ Է ԲԱՑԱՏՐԵԼ ՀԵՆՑ ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԽԱԼԸ, ՉՀԱՍԿԱՆԱԼԸ, ՍԽԱԼ ՀԱՇՎԱՐԿԸ:

Որ նրանք չեն տեսնում, որ Հայքի անկա­խությունը, կայունությունը ձեռնտու է, պետք է նաեւ իրենց: Կարծես հնա­րա­վոր է, որ մեծա­պե­տա­կան դարե­րի ավանդույթ ունե­ցող մի որեւէ արքունիք այդ աստի­ճա­նի չհասկա­նա ինքն իր ուզած-չուզա­ծը, սխալն ու ճիշտը: Հայկա­կան միամտության այս երկրորդ փուլն էլ շատ արագ հերքվեց դեպքե­րի զարգացմամբ:

 Վերջա­պես Պապը որո­շեց, որ եթե իր բարի կամքը չի անցնում, ապա հաստա­տա­պես կանցնի «չարը»: Ցուցա­բե­րե­լով առա­վե­լա­գույն դիմադրություն՝ նա կհա­մո­զի բյուզանդա­ցի­նե­րին, որ նրանց ծրագրերն իրա­տե­սա­կան չեն, եւ նրանք ստիպված են հաշտվե­լու հայոց արքա­յի կամքի հետ, ինչպես որ ցանկա­ցած դիմա­կա­յությունում հակա­ռա­կորդը ստիպված է հրա­ժարվել իր նպա­տակնե­րից, եթե դիմադրությունը բավա­կա­նա­չափ ուժեղ է, եւ դրա հաղթա­հարման գինը՝ անընդունե­լի: Ընդհա­նուր առմամբ սա ճիշտ հաշվարկ էր՝ հին եւ աշխա­տող աշխարհի ու նույնիսկ տիե­զերքի պես, սակայն ոչ բառա­ցի աշխա­տող այս դեպքում: Երբ կայսրությունը նպա­տակ է դնում իր զինված ուժը տեղադրել այսինչ տարածքում՝ վերացնե­լով այդ տարածքի տեր պետության փաստա­ցի ինքնիշխա­նությունը, ապա դիմադրության սովո­րա­կան չափը չի կարող բավա­րար լինել այդ նպա­տա­կը չեղարկե­լու համար: Դիմադրության շատ ավե­լի ուժգին, համա­կարգված, տեւա­կան եւ բազմա­մա­կարդակ աստի­ճան է պետք:

Այժմ արդեն Պապը հասկա­նում էր, որ նրա դիմադրության հաջո­ղություննե­րը, նրա հաղթա­կան կետե­րը, ոչ թե թուլացնե­լու են, այլ միայն ավե­լի են սրե­լու, ուժե­ղացնե­լու պայքա­րը, որ կամա թե ակա­մա մտնե­լով հանուն ինքնիշխա­նության կռվի մեջ՝ նա չի կարող հույս ունե­նալ մե՛կ գործո­ղությամբ, մե՛կ փուլով, մե՛կ ուղղությամբ միայն ավարտին հասցնել պայքա­րը: Խաղը, որի մեջ նա արդեն մտել էր, բազմա­քայլ ու տեւա­կան էր: Նման խաղե­րի մեջ առա­վել հաճախ մտնում են հենց ակա­մա­յից, որովհե­տեւ եթե մարդը նախա­պես պատկե­րացնի, թե ինչ մակարդա­կի բարդ պայքա­րի մեջ է մտնում, նա չի հավա­տա հաջո­ղե­լու հնա­րա­վո­րությա­նը: Բայց մեկ անգամ մտնե­լով՝ հետքայլն արդեն հնա­րա­վոր չէ, նույնիսկ երբ բարդության եւ անհնա­րի­նության գիտակցությունը գալիս է: Հոսանքն ինքն է տանում, իսկ մարդը միայն պետք է ուշա­դիր լինի նշաննե­րին:

ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅԱՆ ԷՍԿԱԼԱՑԻԱ

Հանգա­մանքնե­րից դրդված՝ հայոց արքան պետք է ավե­լի ու ավե­լի համարձակ դառնար իր մտքե­րում, իր հոգե­բա­նությամբ, իր ծրագրե­րում: Կան իրա­վի­ճակներ, երբ կարեւոր է չափա­վո­րությունը, զգուշությունը, կշռա­դատվա­ծությունը, եւ կան իրա­վի­ճակներ, երբ հակա­ռա­կը, հաղթո­ղը  համարձա­կությունն է, խոշոր խաղադրույքնե­րը: Կան սակայն ավե­լի հազվա­դեպնե­րը, երբ անհրա­ժեշտ է ոչ թե նույնիսկ սովո­րա­կան համարձա­կություն, այլ դրա գերա­դիր չափը, ավե­լի ու ավե­լի աճող համարձա­կություն՝ ընդհուպ մինչեւ անհնա­րի­նի սահմաննե­րում խաղա­լը: Սա նման է դրույքնե­րով խաղի՝ խաղա­ցո­ղը պետք է զգա, երբ է գալիս այն պահը, որ լինում է գուցե կյանքում մեկ անգամ, երբ առա­վել անհա­վա­նա­կան դրույքը կարող է աշխա­տել: Նման կերպով տարվել են պատմության ամե­նա­մեծ հաղթա­նակնե­րը, բայց նաեւ կրվել են ամե­նա­մեծ պարտություննե­րը: Մեկը կապված է մյուսի հետ, չի կարող դարե­րի հաղթա­նակ ունե­նալ նա, ով չի ենթարկվում դարե­րի պարտության ռիսկին: Եվ չի կարող խաղալ նա, ով չի տարբե­րում ժամա­նակնե­րը՝ կանխա­տե­սե­լիության տեւա­կա­նությունն ու անկանխա­տե­սե­լիության կայծակնա­յին պահը:

Այն կռվում, որի մեջ մտել էր Պապը, միակ տարբե­րա­կը ոչ թե պարզա­պես համարձա­կությունն էր, այլ համարձա­կության ամեն օր ավե­լի ու ավե­լի մեծ չափը, համարձա­կության էսկա­լա­ցիան: Համարձա­կության մեջ մտնում էր նաեւ լայնքը՝ ավե­լի ու ավե­լի լայն, մեծ չափե­րով մտա­ծե­լը, իրա­վի­ճակն ավե­լի ու ավե­լի մեծ հեռա­պատկե­րի մեջ տեղա­վո­րե­լը՝ դուրս հայկա­կան լեռնե­րի հորի­զոննե­րից, մինչեւ հեռա­վոր ծովա­փեր ու օվկիա­նոսներ, մինչեւ երկինքն ու երկի­րը միա­վո­րող եզերքը, մինչեւ ծովը ծիրա­նի եւ ի ծովույն վազող խարտյաշ պատա­նե­կիկ:

Համարձա­կությունն ու լայնա­ցումը նշա­նա­կում էր նաեւ ավանդա­կան դարձա­ծի վերա­նա­յում: Հայկա­կան թագա­վորնե­րի ավանդա­կան քաղա­քա­կա­նությունն էր՝ երկու մեծ տերության ուժե­րի կշռույթի միջա­կայքում նուրբ, լարա­խա­ղա­ցի արվեստ հիշեցնող խաղը: Դա բնա­կան էր որեւէ պետության համար երկու՝ իրե­նից ավե­լի հզորնե­րի սահմա­նին: Հայքը փոքր պետություն չէր, հայոց հզո­րությունն արհա­մարհե­լի միա­վոր չէր: Ժամա­նա­կա­կից լեզվով ասած՝ Մեծ Հայքը կարե­լի էր կոչել միջին տերություն (middle power), ինչպի­սին է այսօրվա աշխարհում, օրի­նակ, Թուրքիան: Հայքը դաշնա­կից էր մերթ Հռո­մին, մերթ Իրա­նին, բայց դաշնա­կից լինե­լով մեկին՝ հաշվի էր առնում մյուսի շահե­րը եւ կարո­ղա­նում էր նաեւ ապա­հո­վել իրեն անհրա­ժեշտ ինքնուրույնության չափը:

Երկու մեծ տերության միջա­կայքում բալանսա­վորվե­լու կարո­ղությունն արհա­մարհե­լի արվեստ չէ: Դեռ մի բան էլ հակա­ռա­կը, դա հաճախ հասցնում է քաղա­քա­կա­նությունը նրբա­գույն մակարդա­կի, նմանվում նուրբ թելից հյուսված, բայց ամուր եւ ճկուն սարդոստայնի: Այս արվեստի մեջ հմտա­ցած պետություննե­րի վերնա­խա­վե­րը կարո­ղա­նում են հասնել արվեստի այնպի­սի բարձունքնե­րի, որոնք հաճախ անհա­սու են մեծե­րին: Իսկ եթե պետությունը շատ փոքր չէ եւ ունի բավա­կա­նա­չափ ներուժ, ապա հաճախ չկա նրա­նից ավե­լի կենսունա­կը:

ԲԱՅՑ ԲԱԼԱՆՍԻ ՆՈՒՐԲ ԱՐՎԵՍՏԸ ԳՈՐԾՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՈՐՈՇԱԿԻ՝ ՄԵԾ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԵՎ ՏԵՎԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ: 

Անցումա­յին փուլե­րում, ճգնա­ժա­մա­յին իրա­վի­ճակնե­րում այս արվեստի ծանրա­քաշ նրբությունը վերածվում է բեռի, իներցիա­յի, աննկատ, բայց անընդհատ մանր կորուստնե­րի, որոնք ի վերջո հյուծում եւ թուլացնում են համա­կարգը, որն այդ արվեստը կոչված է պաշտպա­նել:

Պապը ստիպված պետք է հրա­ժարվեր այս ավանդույթից: Թեեւ օգտա­գործե­լով որոշ տարրեր՝ նա պետք է փնտրեր այլ լուծումներ ու համա­կարգեր:

ԿՌՎԻ ԲԱԶԻՍԸ. ԲՅՈՒԶԱՆԴԱՑԻՆԸ

Պատրաստվե­լով մեծ ու վճռա­կան պայքա­րի՝ երկու կողմե­րը նախեւա­ռաջ պետք է պատրաստեին իրենց պայքա­րի հենքը՝ կառուցեին, ամրացնեին, լայնացնեին կռվի բազի­սը, որը ցանկա­ցած կռվի թիվ մեկ անհրա­ժեշտությունն էր՝ լինի դա ռազմա­կան բախում, թե քաղա­քա­կան պայքար: Նախեւա­ռաջ անհրա­ժեշտ է ունե­նալ հենա­րան՝ այնքան լայն, որքան լայն ու մեծ են նպա­տակներն ու խնդիրնե­րը:

Լայն իմաստով պատե­րազմի հենքը՝ բազի­սը, ամբողջ երկիրն է իր ողջ ներուժով, որը պետք է կազմա­կերպվի ու ամրացվի: Ավե­լի նեղ իմաստով պայքա­րի հենքը ուժե­րի այն մասն է, որը պետք է անմի­ջա­պես ներգրավված լինի պայքա­րի մեջ: Բյուզանդա­ցի­նե­րի խնդիրն այստեղ ավե­լի պարզ էր: Նրանց լայն հենքը կայսրության ամբողջ ներուժն էր, որը վերա­կազմա­վո­րե­լու խնդիր չկար, քանի որ այն ի սկզբա­նե կառուցված էր իր մեջ նորա­նոր կտորներ կլա­նե­լու համար, անմի­ջա­պես ուղղված էր որեւէ անկախ, ազատ տարածք հնա­րա­վո­րինս գրա­վե­լու եւ վերացնե­լու: Խնդիր էր միայն նեղ իմաստով հենքի ամրապնդումը: Այս նեղ հենքի՝ Հայքի դեմ պայքա­րում հենց այն դավադրա­կան ցանցն էր, որը կայսրությունն արդեն ուներ Հայքում: Մնում էր միայն ավե­լի ամրացնել, վերա­կազմա­վո­րել եւ պատրաստել անմի­ջա­կան բախման:

Մեծ աշխա­տանք էր տարվում՝ համախմբե­լու Մամի­կոնյաննե­րի բոլոր ճյուղե­րը վրե­ժի նպա­տա­կի շուրջ: Մամի­կոնյաննե­րի ազգը՝ մեծ եւ բազմաճյուղ, ոչ բոլորն էին իրար հետ հաշտ. ավանդա­կան եւ մշտա­կան ներքին մրցակցությունը, պայքարն ավա­գության եւ կալվածքնե­րի համար բնո­րոշ էր մեծ ազնվա­կան տոհմե­րին: Դրա համար հեշտ չէր բոլո­րին միա­վո­րել մեկ նպա­տա­կի շուրջ, մանա­վանդ որ Մուշե­ղի դատն ու պատի­ժը շատե­րին արդար էին թվում նույնիսկ Մամի­կոնյաննե­րի ներսում, եւ բացի այդ, թագա­վո­րա­կան ուժի ու կարո­ղության ապա­ցույց էին: Անհրա­ժեշտ էին մեծ ջանքեր ցանկա­լի հակա­թա­գա­վո­րա­կան միասնությունն ապա­հո­վե­լու համար՝ սկսած փողից ու թանկարժեք նվերնե­րից մինչեւ բարո­յա­կան, գաղա­փա­րա­կան եւ քարոզչա­կան ապա­հո­վում արքա­յա­կան դատաստա­նի արդա­րության մասին պատկե­րա­ցումը կոտրե­լու համար:

Նոր եռանդով մշակված եւ շրջիկ քարո­զիչնե­րի (գուսաննե­րի կամ կրո­նա­վորնե­րի քողի տակ) միջո­ցով տարածվող սարքո­վի լուրե­րի համա­ձայն՝ փորձ էր արվում ոչ միայն եւ ոչ այնքան անմեղ դարձնել Մուշե­ղին (դա այդքան էլ հեշտ չէր, քանի որ դեպքե­րը տեղի էին ունե­ցել շատե­րի աչքի առաջ կամ նույնիսկ մասնակցությամբ), որքան ենթա­տեքստով արդա­րացնել հակաարքա­յա­կան դավադրությունը:

Փորձում էին Պապին ներկա­յացնել ոչ միայն որպես ինչ-որ գաղտնի, դիվա­կան պաշտա­մունքի նվիրյալ, որն իբր ժառանգել է իր մորից՝ Փառանձե­մից, այլեւ որպես սեռա­կան այլա­սերվա­ծություննե­րի կրող ու տարա­ծող: Ներկա­յացվում էին նաեւ քաղա­քա­կան մեղադրանքներ՝ իբր Պապն ուզում էր երկի­րը հանձնել պարսիկնե­րին, որի ճանա­պարհին նրան խանգա­րում էր քաջ Մուշե­ղը, որն այդու հակաանկա­խա­կան դավա­դի­րից վերածվում էր անկա­խության համար պայքա­րի զոհի: Փորձում էին նաեւ բյուզանդա­ցի­նե­րի հետ առճա­կատման մեղքը գցել հայոց արքա­յի վրա՝ վերագրե­լով նրան բացա­ռիկ հիմա­րություն՝ իբր տարածքա­յին պահանջներ է ներկա­յացրել Հռո­մին՝ հայտա­րա­րե­լով, որ Կեսա­րիան եւ մյուսնե­րը հայկա­կան հողեր են եւ պետք է վերա­դարձվեն Հայքին: Մյուս կողմից էլ ասում էին, թե իբր պատրաստ էր հայոց արեւելյան տարածքնե­րի մի մասը՝ Փայտա­կա­րա­նը, Արցա­խը, Պարսկա­հայքը, նվի­րել պարսիկնե­րին ու աղվաննե­րին, որպեսզի աջակցություն ստա­նա իր հակահռո­մեա­կան պայքա­րում: Այս ամե­նը պետք է դառնար գաղա­փա­րա­կան այն հենքը, որով արդա­րացվե­լու էին հակա­թա­գա­վո­րա­կան գործո­ղություննե­րը:

Եկե­ղե­ցու ներսում էլ տարվում էր համա­պա­տասխան աշխա­տանք, որը նույնպես այդքան էլ հեշտ չէր: Հայոց եկե­ղե­ցին միասնա­կան եւ ինքնուրույն քաղա­քա­կան միա­վոր չէր, այլ բաժանված էր ներսում խմբե­րի, ինչպես հայոց իշխա­նա­կան տնե­րը: Ամեն գավա­ռի եպիսկո­պոս փաստա­ցի ենթա­կա էր տեղի իշխա­նին եւ մասն էր այն քաղա­քա­կան խմբա­վորման, որի մասն էր գավա­ռի իշխա­նը: Իշխա­նա­կան խմբե­րը մրցում էին միմյանց հետ, թե ում ներկա­յա­ցուցիչն է զբա­ղեցնե­լու հայոց եպիսկո­պո­սա­պե­տի գահը: Ըստ որում՝ թագա­վո­րա­կան տունն ուներ իր նախընտրե­լի Աղբիա­նո­սի տոհմը՝ որպես գլխա­վոր եկե­ղե­ցա­կան գահի ներկա­յա­ցուցիչ: Չնա­յած Արշակ Բ‑ի թագա­վո­րության սկզբին այդ դիրքին էր հասել Մամի­կոնյաննե­րի թեկնա­ծու Ներսե­սը, բայց նրա տոհմը չուներ ոչ եկե­ղե­ցու, ոչ էլ իշխաննե­րի ներսում միանշա­նակ աջակցություն եւ դեռ պայքա­րում էր իրեն համա­պա­տասխան ծննդա­բա­նություն եւ եպիսկո­պո­սա­պե­տի գահի՝ իբր ժառանգա­կան իրա­վունք ունե­նա­լու պատմությունը ստեղծե­լու եւ որպես ճշմարտություն մյուսնե­րին պարտադրե­լու համար: Այնպես որ, եկե­ղե­ցու ներսում բյուզանդա­կան ցանցի ամրա­ցումը շատ հեռուն գնալ չէր կարող. փաստա­ցի դա հայե­լա­յին պետք է արտա­ցո­լեր այնքան, որքան հնա­րա­վոր էր կորզել իշխաննե­րի մեջ: Որքան իշխա­նա­կան տներ կկա­րո­ղա­նա­յին բյուզանդա­ցի­նե­րը համախմբել իրենց ցանցում, նույնքան էլ եպիսկո­պոսներ կունե­նա­յին եկե­ղե­ցու ներսում:

Բյուզանդա­կան ցանցի նոր ուղղությունն էր՝ Պապի անմի­ջա­կան շրջա­պա­տի մեջ ներդրվե­լու փորձե­րը: Այստեղ նրանց բնա­կա­նա­բար պետք էին ոչ թե բաց, այլ քողարկված կողմնա­կիցներ եւ տեղե­կություններ հասցնողներ, այսպես ասած՝ ականներ, որոնք պետք է պայթեին ճիշտ ժամա­նա­կին: Թեեւ սա էլ, հասկա­նա­լի է, հեշտ խնդիր չէր, սակայն որոշ չափով լուծե­լի էր: Չնա­յած Պապի դիրքերն ամրապնդվում էին Մուշե­ղի պատժից հետո, սակայն քիչ չէին նաեւ վախե­ցողնե­րը: Հայոց արքան վտանգա­վոր ուղի է բռնում, ասում էին նրանք: Նա տանում է մեզ անխո­հեմ առճա­կատման «աշխարհի» հետ, հռո­մեա­կան ուժի դեմ, որի հետ մենք չենք կարող չափվել: Պապը պահում է իրեն խելա­գա­րի նման, անկանխա­տե­սե­լի է, խախտում է ավանդա­կան կարգե­րը: Խաղաղ ու ապա­հով կյանք չի լինի նրա օրոք: Այսպես մտա­ծողնե­րի մի մասը պարզա­պես չէին հասկա­նում ստեղծված նոր՝ նախկին փորձից անծա­նոթ իրա­վի­ճա­կը, եւ չէին ընկա­լում այն քայլերն ու ուղին, որոնք հայոց արքան, հաղթա­հա­րե­լով նաեւ սեփա­կան պատկե­րա­ցումնե­րը եւ ներքին արգելքնե­րը, ստիպված էր աստի­ճա­նա­բար ձեռնարկել: Այս «վախե­ցած» միջա­վայրը բավա­կա­նին պարարտ հող էր բյուզանդա­կան ցանցի ներթա­փանցման համար: Մի քանի զրույց, մի քանի նվեր, մի քանի խոստում, հոգե­բա­նա­կան մշա­կում եւ նյութա­կան խրա­խուսում կարող էր ծուղա­կը գցել արքունի­քում կարեւոր դիրքեր ունե­ցողնե­րից մի քանի­սին: Հայոց իշխաննե­րը բյուզանդա­կան չափով ոչ շատ փող էին տեսել, ոչ էլ շատ հմուտ էին «համաշխարհա­յին քաղա­քա­կա­նության» նրբություննե­րում. նրանց պատկե­րա­ցումներն իրենց ու կյանքի մասին նախնա­կան էին, վիպա­կան կյանքով ապրող ժողովրդի պես միա­միտ: Շատերն ընկնում էին ծուղա­կը՝ առանց հասցնե­լու հասկա­նալ այդ փաստը:

ԿՌՎԻ ԲԱԶԻՍԸ. ՊԱՊԻ ՆԵՐՔԻՆ ԾՐԱԳԻՐԸ

 Ինչ վերա­բե­րում է Պապին, ապա պայքա­րի հենք կառուցե­լու նրա քայլերն անհրա­ժեշտա­բար ավե­լի բարդ եւ ընդգրկուն պետք է լինեին, քանի որ նա չուներ բյուզանդա­կան կայսրության բնա­կան լայն հենքը եւ շատ բան պետք է ստեղծեր զրո­յից ու արագ:

Պապի ռազմա­վա­րա­կան ծրա­գի­րը կարե­լի էր բաժա­նել երկու մեծ հատվա­ծի, որոնցից մեկը պայմա­նա­կա­նո­րեն կկո­չենք «լայնա­ցում», իսկ երկրորդը՝ «խորա­ցում»: Առա­ջինն ավե­լի արտա­քին, իսկ երկրորդը ներքին խնդիրնե­րին էր վերա­բե­րում:

«Խորացման» ծրա­գի­րը ենթադրում էր Մեծ Հայքի ներքին համա­կարգե­րի ծավա­լուն եւ արագ վերա­կա­ռուցում, երկրի ինքնիշխա­նության ամրա­ցում՝ հիմքե­րում, արմատնե­րում, կառուցվածքնե­րում: Եթե նախկի­նում՝ միջազգա­յին տեւա­կան կայունության պայմաննե­րում, երկրնե­րի ինքնիշխա­նության եւ անվտանգության գլխա­վոր երաշխի­քը հենց ինքը՝ միջազգա­յին համա­կարգն էր եւ հայոց արքա­նե­րի բալանսա­վորման քաղա­քա­կա­նությունը, ապա այժմ՝ արմա­տա­կան փոփո­խություննե­րի փուլում, ինքնիշխա­նության եւ անվտանգության ներքին հիմքերն էին կարեւորվում:

Պապն ու իր թիմը խնդիր էին դնումնախ՝ է՛լ ավե­լի ամրացնել հայոց եկե­ղե­ցու ինքնուրույնությունը, երկրորդ՝ հզո­րացնել զինված ուժե­րը՝ նոր տիպի զորա­միա­վորներ ստեղծե­լով, երրորդ՝ ստեղծել ինքնուրույն հայոց գիր ու գրա­կա­նություն, չորրորդ՝ պատվի­րել հայոց պատմության այնպի­սի գիրք, որը կհիմնա­վո­րեր հայոց թագա­վո­րության հնությունը, հզո­րությունը, միասնությունը եւ հայե­րի՝ հնուց անկախ ու քաջ ազգ լինե­լը, հինգե­րորդ՝ ստեղծել ուրույն հայկա­կան ճարտա­րա­պե­տա­կան ոճ հատկա­պես եկե­ղե­ցա­շի­նությունում, այնպես, որ Մեծ Հայք մտնողն անմի­ջա­պես զգար, որ հայտնվել է թեեւ քրիստոնյա, բայց միանգա­մայն ինքնուրույն մի տարածքում՝ աչք գցե­լով եկե­ղե­ցի­նե­րի վրա, որոնք պետք է շեշտեին հռո­մեա­կա­նից տարբեր հայկա­կան բնա­պատկե­րի տարբե­րությունը հարեւան երկրնե­րից: Բացի այդ, նույն ծրագրի մասերն էին՝ երկրով մեկ ամրոցնե­րի, բերդե­րի, քաղաքնե­րի ամրա­ցումը, նորե­րի կառուցումն ըստ անհրա­ժեշտության:

ԿՌՎԻ ԲԱԶԻՍԸ. ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՆՈՒՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ

Է՛լ ավե­լի բարդ, ծավա­լուն եւ առա­ջին հայացքից անհնա­րին էր արտա­քին աշխարհին ուղղված Պապի «լայնացման» ծրա­գի­րը: Դրա փիլի­սո­փա­յությունն էր. կա մեծ աշխարհ՝ հեռա­վոր արեւմուտքում Բրի­տա­նիա­յից ու Գերմա­նիա­յից մինչեւ արեւելքում Հայք, ուր թագա­վո­րություններն ու ժողո­վուրդներն ապրում են իրենց բնիկ ազա­տության մեջ եւ պայքա­րում հանուն այդ ազա­տության կայսրության դեմ, որն անկուշտ գազա­նի պես ձգտում է կլա­նել ամեն ինչ իր շուրջը: Կայսրությունը զրկում է ոչ միայն արտա­քին ազա­տությունից՝ հարկա­տու դարձնե­լով, այլեւ ի տարբե­րություն մյուս տիրա­պե­տողնե­րի ու նվա­ճողնե­րի՝ ձգտում է արմա­տա­խիլ անել նաեւ ներքին ազա­տությունը, քանդել յուրա­քանչյուրի ներքին կարգը՝ աշխարհի բազմե­րանգությունը փոխա­րի­նե­լով գորշ, միա­պա­ղաղ, դատարկ միասնությամբ: Քաջ, ազա­տա­սեր ժողո­վուրդնե­րին վերա­ծում է հեշտ կառա­վա­րե­լի անզեն, անլե­զու (միա­լե­զու) եւ անհայրե­նիք ամբոխնե­րի:

Կայսրությունը վաղուց ի վեր այնքան ուժեղ չէ, որքան է՛ր իր սկզբնա­վորման դարե­րում, երբ նրա ուժի հիմքը կարգա­պահ՝ մեկ հոգի, մեկ մարմին լեգեոններն էին՝ կազմված Իտա­լիա­յի բնա­կիչնե­րից: Լեգեոննե­րի այդ զորքը քայքայվել եւ փոխա­րինվել էր վարձկաննե­րի խմբե­րով: Կայսրությունն արդեն գրե­թե երկու դար ապրում էր ոչ թե սեփա­կան, այլ հենց այն ժողո­վուրդնե­րի ներուժով, որոնց ազա­տությունը փորձում էր խլել ու քայքա­յել: Կայսրության վարձու զինված ուժե­րի կորիզն էին նույն գերմա­նա­ցի­նե­րը, իլի­րիա­ցի­նե­րը, հայե­րը, արաբնե­րը, որոնց կռվող տեսա­կի հիմքն իրենց հայրե­նիքնե­րի ազատ կարգերն էին:

Բայց ժողո­վուրդնե­րից ամեն մեկն իր առանձին պայքարն էր մղում հանուն ազա­տության եւ այդ միայնակ պայքա­րում պարտվում էր: Եթե ազատ ժողո­վուրդնե­րը միա­վորվեին, կայսրության գերիշխա­նության հիմքերն անմի­ջա­պես կսա­սանվեին…

Կայսրությունն ուներ ներթա­փանցման, նվաճման, կլանման, ձուլման բազմա­թիվ նուրբ գործիքներ, որոնք գործում էին ավե­լի հաջո­ղությամբ, քան զենքը, նախա­պատրաստում էին զինված գրա­վումը կամ էլ նույնիսկ ավե­լորդ էին դարձնում այն: Քրիստո­նեա­կան ուսմունքն ու եկե­ղե­ցին դրանցից առա­վել նոր եւ հզոր էին, որոնք վերապրե­ցին նույնիսկ կայսրության զուտ վարչա­կան, պետա­կան՝ «մարմնա­կան» կառուցվածքը: Պարտադրե­լով բոլո­րին միեւնույն կրոնն ու միեւնույն եկե­ղե­ցա­կան կազմա­կերպությունը, բառա­ցի նվա­ճումը նույնիսկ ավե­լորդ ձեւա­կա­նություն էր դառնում:

Ոչ միայն կայսրությունից դուրս ապրող ժողո­վուրդնե­րի, այլեւ կայսրության ներսում ապրող խավե­րի մեջ քիչ չէին նրանք, ովքեր թաքուն եւ անհույս երա­զում էին վերագտնել կորցրած ազա­տություննե­րը՝ քաղաքնե­րի ինքնա­վա­րությունը, պաշտա­մունքնե­րի եւ ուսմունքնե­րի ազա­տությունը: Բոլո­րը չբա­ցա­հայտված դաշնա­կից էին մեկի, ով կբարձրացներ պայքա­րի դրո­շը

ԱՐՇԱԿԱՎԱՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄԸ

Պապի համար պատվի հարց, միա­ժա­մա­նակ կարեւոր ռազմա­վա­րա­կան խնդիր էր իր հոր՝ Արշա­կի սկսած, բայց ձախողված մտահղացման՝ Արշա­կա­վան քաղա­քի կառուցումը Մասիս լեռան հարա­վա­յին ստո­րո­տին: Արշա­կա­վա­նը Թավրիզ-Բագրեւանդ-Կարին-Երզնկա-Սեբաստիա մեծ ճանա­պարհի վրա էր կառուցվում: Այդ ճանա­պարհը Մեծ Հայքի ողնա­շարն էր: Այն անցնում էր երկրի աշխարհագրա­կան կենտրո­նով՝ արեւելքից արեւմուտք: Դա թե՛ արեւելքից, թե՛ արեւմուտքից Հայաստան մտնե­լու լավա­գույն ուղին էր, հետեւա­բար միա­ժա­մա­նակ առեւտրա­կան կարեւո­րա­գույն ուղին, ինչպես նաեւ արեւմուտքից ռազմա­կան ներխուժման լավա­գույն ճամփան էր: Այլ կերպ ասած՝ որքան եկամտա­բեր, նույնքան էլ անվտանգության մարտահրա­վեր: Արեւմուտքից ճամփան հսկում էր Կարնո բերդը, իսկ արեւելքում էին՝ Դարոյնքը ու Արծա­փը, որոնց կողքին էլ կառուցվում էր Արշա­կա­վա­նը, որը միա­ժա­մա­նակ պետք է լիներ առեւտրա­կան կարեւոր կետ եւ ռազմա­կան հենա­րան:

Բյուզանդա­կան հնա­րա­վոր ներխուժումը Հայաստան եւ դեպի Հայաստա­նի քաղա­քա­կան կենտրոն Արա­րատյան դաշտ ուներ երկու հնա­րա­վոր ուղի. կարճը՝ Կարի­նով, եւ երկա­րը՝ Ծոփք-Մուշ-Մանազկերտ-Բագրեւանդով: Երկու դեպքում էլ Արշա­կա­վա­նի տեղադրությունը կարեւոր էր: Նոր քաղա­քը շնչում էր Կարի­նի թիկունքին, ապա­հո­վում պաշտպա­նության առա­ջին գծում իր ամրություննե­րը արեւմուտքից ներխուժող թշնա­մուն դեմ տված Կարնո բերդը: Մյուս կողմից հարա­վից՝ Մանազկերտ ու Բագրեւանդ հասնե­լու դեպքում էլ ներխուժո­ղը հայտնվում էր Արշա­կա­վա­նի հզոր բերդի ու կայա­զո­րի ազդե­ցության գոտում եւ չէր կարող շարունա­կել իր ուղին դեպի Արա­րատյան դաշտ՝ թիկունքում թողնե­լով նոր քաղա­քը:

Ընդհանրա­պես Արշա­կա­վանն ուժե­ղացնում էր հայոց միջնաշխարհը՝ երկրի կենտրո­նա­կան մասն ու միջուկը, որը համընկնում էր Հայկա­կան լեռնաշխարհի կորի­զի՝ հրաբխա­յին բարձրա­վանդա­կի հետ: Կառուցվե­լով միջնաշխարհի արեւելյան մասում՝ նոր քաղա­քը շեշտում էր երկրի արեւելյան հատվա­ծի դերը որպես բյուզանդա­ցի­նե­րի դեմ պայքա­րի հենա­րան (արեւելքում բյուզանդա­կան ազդե­ցությունը պարզ պատճառնե­րով ավե­լի թույլ էր, քան արեւմուտքում): Արշա­կա­վա­նի դիրքից ավե­լի մոտ էին եւ ավե­լի վերահսկե­լի երկրի հարա­վա­յին մասե­րը՝ Վանը, նաեւ՝ Մամի­կոնյաննե­րի Տարո­նը, քան Արա­րատյան դաշտից, մյուս կողմից՝ հյուսիս-արեւելքը՝ Սյունի­քը, Արցա­խը, նույնպես հասա­նե­լի էր: Մասի­սից հարավ տեղադրված լինե­լով՝ Արշա­կա­վա­նը կարծես կրկնա­պատկում էր, հավե­լում Մասի­սից հյուսիս ընկած Արա­րատյան դաշտը՝ Հայքի քաղա­քա­կան կենտրո­նը:

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏ ՑԱՆԿԱՑԱԾ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԽՈՒԺՈՂԸ ՊԵՏՔ Է ՀԱՇՎԻ ԱՌՆԵՐ ԻՐ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԱՐՇԱԿԱՎԱՆԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ, ԵՐԿՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ ԿԱՐԾԵՍ ԲԱԶՄԱՊԱՏԿՎՈՒՄ ԷՐ, ԵՐԿՁԵՌԱՆԻ ԴԱՌՆՈՒՄ:

Վերջա­պես Արշա­կա­վանն ուժե­ղացնում էր բուն թագա­վո­րա­կան տիրույթնե­րը, որոնք ձգվում էին միջնաշխարհի երկայնքով՝ հորի­զո­նա­կան ուղղությամբ Հայկա­կան Պար լեռնաշղթա­յից հյուսիս, եւ հիմնա­կա­նում դրան զուգա­հեռ՝ Արա­րատյան դաշտ, Բագրեւանդ, Կոգո­վիտ, Կարին գծով:

Արշա­կա­վա­նի կառուցմա­նը զուգա­հեռ հնա­րա­վո­րինս ամրացվում էին Հայքի բերդերն ու քաղաքնե­րը: Հատկա­պես խոշոր գործ էր արվում մի կողմից արեւմուտքում՝ Կարի­նում, մյուս կողմից՝ ծայր հյուսիս-արեւելքում՝ Սյունիք-Արցախ-Ուտիք-Գուգարք կորի վրա: Կարի­նը, բացի այն, որ կարեւո­րա­գույն կետ էր հնա­վոր արեւմտյան ներխուժման ճանա­պարհին եւ ընդհանրա­պես Հայկա­կան լեռնաշխարհի երկու-երեք բացա­ռիկ կարեւո­րա­գույն դիրքե­րից էր, (մյուս նման կետե­րից էր հարա­վում՝ Բաղե­շը), նաեւ մասնա­վոր կարեւո­րություն ուներ Մամի­կոնյաննե­րի դեմ հնա­րա­վոր բախման դեպքում, քանի որ նախ՝ Մամի­կոնյաննե­րի հայրե­նիք Տայքից անմի­ջա­պես հարավ էր, եւ երկրորդ՝ Տայքը Տարո­նի՝ Մամի­կոնյաննե­րի՝ որպես սպա­րա­պե­տության իշխաննե­րի կալվածքի հետ կապող ճամփին էր: Եթե հնա­րա­վոր խռո­վության դեպքում Մամի­կոնյաննե­րին հաջողվեր ապա­հո­վել Տարոն-Տայք կայուն կապը, ապա Մեծ Հայքի ամբողջ Արեւմուտքն ընկնում էր նրանց ձեռքը, եւ խնդրա­հա­րույց էր դառնում նաեւ Արա­րատյան դաշտի անվտանգությունը: Ապա­հով դիմադրության համար թագա­վո­րա­կան ուժե­րը պետք է նահանջեին երկրի ծայր արեւելք:

Համե­նայնդեպս հաշվի էր առնվում նաեւ այս՝ ծայրա­հեղ արեւելյան տարբե­րա­կը: Եթե դեպքե­րի անցանկա­լի զարգացման դեպքում անհրա­ժեշտ լիներ ամրա­նալ ծայր արեւելքում, պետք էր այնտեղ նախա­պես ավե­լի ապա­հով հենա­րաններ ստեղծել: Դրանցից մեկը հենց Արշա­կա­վա­նի դիրքն էր, որի մասին ասա­ցինք: Բայց Արշա­կա­վանն այս ծայրա­հեղ ռազմա­վա­րության ֆորպոստն էր, առաջնա­դիրքը: Տայք-Կարին-Մուշ գծի անկման դեպքում դա կարող էր նույնպես երկար չդի­մա­նալ: Դրա համար Պապն իր համար պահուստա­յին դիրք էր պատկե­րացնում ունե­նալ հյուսիս-արեւելյան նահանգնե­րում, ուր մի կողմից Սյունի­քի լեռներն էին, մյուս կողմից՝ Ուտի­քի հովիտնե­րը, եւ բացի այդ, ուր կարե­լի էր կայուն հաղորդակցություն ստեղծել Կովկա­սից հյուսիս ապրող ցեղե­րի հետ՝ հնա­րա­վո­րինս նրանց ներգրա­վե­լով որպես վարձկաններ, որպես ժամա­նա­կա­վոր օժանդակ զինված ուժ: Այս նպա­տա­կով Պապն ամրացնում էր հյուսիս-արեւելքի բերդերն ու քաղաքնե­րը հատուկ ուշադրությամբ ու ջանքով: Նա այստեղ ուներ նաեւ ամուր հենա­րան՝ ի դեմս Սյունյաց հզոր իշխա­նա­կան տան, որից սերում էր նրա մայր Փառանձե­մը, եւ որոնք հակաա­րեւմտյան կայուն ավանդույթներ ունեին: Նաեւ կարող էին լինել սպա­րա­պե­տության հավակնորդ Մամի­կոնյաննե­րի փոխա­րեն: Սյունի­ներն ազդե­ցիկ էին ոչ միայն իրենց ընդարձակ երկրում, այլեւ հարեւան Արցա­խում:

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 Այս աշխա­տանքնե­րին զուգա­հեռ ընթա­նում էր քաղա­քա­կան աշխա­տանքը, որի կարեւոր նախնա­կան մասն էին բանակցություննե­րը մի կողմից՝ Մամի­կոնյաննե­րի, մյուս կողմից՝ պարսիկնե­րի հետ: Մամի­կոնյաննե­րի հետ բանակցություննե­րը Պապը վստա­հել էր Արծրունյաց իշխաննե­րին, որոնք ազգակցա­կան կապեր ունեին սպա­րա­պե­տության տան հետ, եւ որոնց Մամի­կոնյաննե­րը վստա­հում էին: Մյուս կողմից՝ որպես Հայքի արեւելյան կողմի իշխա­նա­կան տուն, Արծրունի­նե­րը չունեին Մամի­կոնյաննե­րի արեւմտա­մետ հակումնե­րը: Բանակցություննե­րի նպա­տակն էր Մամի­կոնյան տան տարբեր ճյուղե­րում գտնել դաշնա­կիցներ, որոնք կարգե­լա­կեին Մուշե­ղի ճյուղի փորձե­րը՝ համախմբե­լու ամբողջ Մամի­կոնյան ազգը հակա­թա­գա­վո­րա­կան գծի շուրջ: Այս բանակցություններն ընթա­նում էին միջին հաջո­ղությամբ եւ անո­րոշ վերջնարդյունքով, քանի որ զուգակցվում էին բյուզանդա­կան ցանցի հակա­դարձ աշխա­տանքով:

Պարսիկնե­րի հետ բանակցություննե­րում գլխա­վոր դերը Սյունի­նե­րինն էր եւ Արծրունի­նե­րի­նը, որոնք պետք է հող նախա­պատրաստեին անձամբ հայոց արքա­յի եւ պարսից թագա­վո­րի պայմա­նա­վորվա­ծության համար: Սակայն այս բանակցություններն այդքան էլ արագ եւ արդյունա­վետ չէին ընթա­նում, որքան ցանկա­լի էր: Պարսիկնե­րը նախ չէին վստա­հում հայե­րին, բացի այդ, չէին հավա­տում հայկա­կան կարո­ղությա­նը՝ արդյունա­վետ դիմադրե­լու բյուզանդա­ցի­նե­րին:

Պապի ամե­նա­լուրջ ու բարդ խնդի­րը սակայն ավե­լի հեռա­վոր բանակցություննե­րի նախա­պատրաստումն էր՝ Կովկա­սի ժողո­վուրդնե­րի, տափաստա­նում գերիշխող հոնե­րի եւ վերջա­պես հեռա­վոր գերմաննե­րի հետ: Այս ուղղություննե­րով դեռ առա­ջին քայլերն էին արվում:

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԶՈՐՔԻ ԾՐԱԳԻՐԸ

 Մյուս կարեւոր ու անհե­տաձգե­լի խնդի­րը երկրի զինուժի ամրա­ցումն էր: Այս խնդրի մի կողմն այն էր, որ Մեծ Հայքի զինված դիմադրության ներուժը բավա­կա­նին բարձր էր, մյուս կողմից էլ՝ նոր պայմաննե­րում անհրա­ժեշտ էր այդ ներուժի՝ ավե­լի ամուր կազմա­կերպում, նաեւ քանա­կի ավե­լա­ցում: Հայաստանն ազնվա­պե­տություն էր: Դա նշա­նա­կում էր, որ յուրա­քանչյուր տեղանքում տեղի իշխա­նը միա­ժա­մա­նակ նաեւ տեղա­կան զորքի հրա­մա­նա­տարն էր: Տեղա­կան զորքի կորի­զը իշխա­նին ենթա­կա կրտսեր ազնվա­կաններն էին: Դրանք ծանր հեծյալներն էին՝ զորա­տե­սակ, որը համա­պա­տասխա­նում էր թե՛ հայկա­կան ավանդույթին, թե՛ ժամա­նա­կի ոգուն (հռո­մեա­կան լեգեոննե­րի փաստա­ցի քայքա­յումից հետո), միա­ժա­մա­նակ շատ թանկ էին եւ չէին կարող լինել մեծա­քա­նակ: Սրանք բոլո­րը պատա­նե­կությունից վարժված, ժառանգա­կան ռազմիկներ էին, բարձր որա­կի կռվողներ: Հավա­տա­րիմ էին նախ իրենց իշխա­նին, ապա միայն թագա­վո­րին կամ սպա­րա­պե­տին: Կային նաեւ, այսպես կոչված, ռամիկ զորքեր, որոնց մի մասը նույնպես հեծյալ էր: Ընդհանրա­պես հետեւակն այդ ժամա­նակ կորցնում է իր նշա­նա­կությունը: Նույնիսկ հռո­մեա­ցի­նե­րը, որոնց ուժն ավանդա­պես եղել է հետեւա­կը, 3‑րդ դարից սկսած՝ ավե­լի ու ավե­լի հեծե­լա­զո­րի երկրի են վերածվում: Հետեւա­կը կարող է լավ զինուժ լինել, եւ կռվել ու հաղթել հեծյալնե­րին միայն այն դեպքում, երբ առկա է կազմա­կերպվա­ծության ու կարգա­պա­հության բարձրա­գույն մակարդակ, ինչպես նաեւ զարգա­ցած քաղա­քա­յին կյանք՝ արհեստա­վորնե­րի, առեւտրա­կաննե­րի դասի աճով երկրի կյանքում: Հետեւա­կի ուժը միասնա­կան մարմին, խումբ լինելն է՝ ի տարբե­րություն անհա­տա­կան ուժի ու վարպե­տության վրա հենված ազնվա­կան հին հեծե­լա­զո­րի:

Բացի այն, որ յուրա­քանչյուր տեղանք Հայքում ուներ իր զորքը, իր գունդը, որը անհրա­ժեշտության դեպքում մասն էր կազմում հայոց ընդհա­նուր զորքի՝ միա­վորվե­լով այլ տեղա­կան գնդե­րի եւ թագա­վո­րա­կան զորքին, ընդհանրա­պես էլ Հայքի ամեն ազատ բնա­կիչ զինված էր եւ ուներ որոշ չափի զինվո­րա­կան հմտություններ: Առհա­սա­րակ Հայոց զորք եւ Հայոց երկիր հասկա­ցություններն այն ժամա­նակվա լեզվում ու պատկե­րա­ցումնե­րում նույնա­կան էին: Հայոց պատմության առանցքը, շարժիչ ուժը, ոգին, անհա­տա­կա­նությունը Հայոց զորքն էր՝ հայ ազնվա­կա­նության, նաեւ զինված ժողովրդի (ռամիկ զորքի) ամբողջությունը: Հայքի բնակչության ճնշող մեծա­մասնությունն ազատ գյուղա­ցիությունն էր, որն ապրում էր համայնքնե­րով, հարկա­տու էր տեղի իշխաննե­րին կամ թագա­վո­րին, բայց ազատ էր, ստրուկ կամ ճորտ չէր: Քաղաքնե­րում ապրող առեւտրա­կաննե­րի ու արհեստա­վորնե­րի զգա­լի մասը հայեր չէին, այլ հույներ, հրեա­ներ, ասո­րի­ներ, եւ քաղա­քա­յին կյանքը ընդհա­նուր առմամբ շատ մեծ դեր չէր էլ կատա­րում հայոց կյանքում, որը կենտրո­նա­նում էր իշխա­նա­կան դղյակնե­րի, ամրոցնե­րի ու բերդե­րի շուրջը: Քաղաք ասե­լով էլ՝ այդ ժամա­նակվա Հայքում մեծ մասամբ հասկա­նում էին ոչ թե առեւտրա­կան կամ արհեստակցա­կան կենտրոն, որոնք կային, բայց քիչ էին, այլ մեծ մասամբ՝ ամրացված վայր: Հայոց իշխաննե­րը գյուղի, ոչ թե քաղա­քի մարդիկ էին, փաստա­ցի գյուղա­ցիությունից դուրս եկած, գյուղա­ցիության հիմամբ ձեւա­վորված եւ գյուղա­ցիությունով ապրող ու դրա հետ սերտո­րեն կապված դասա­կարգ: Ինչպես եւ հին գերմաննե­րը, հին իրանցի­նե­րը, հին սլա­վոննե­րը, հայե­րը նույնպես զորք-ժողո­վուրդ էին՝ առանձին «ազգե­րով» ապրող, որոնց գլխին ժառանգա­կան իշխան-զորա­վարներն էին: Սա այն նույն հնդեվրո­պա­կան շերտն էր, որը հիմնադրել է Եվրա­սիա­յի թագա­վո­րություննե­րի, իշխա­նություննե­րի, պետություննե­րի մեծ մասը:

Թագա­վո­րին անմի­ջա­պես ենթա­կա զինված ուժե­րը նույն էությունն ունեին, ինչ իշխա­նա­կան գնդե­րը: Թագա­վո­րը, բացի այն, որ բոլոր իշխաննե­րի տերն էր, նաեւ իշխան էր իր հայրե­նա­կան կալվածքնե­րում: Այստե­ղի հողա­տեր-ազատն էլ թագա­վո­րա­կան զորքն էր, թագա­վո­րա­կան բուն գունդը: Այդ գունդը բնա­կա­նա­բար մյուսնե­րից մեծ էր, քանի որ ավե­լի մեծ էին արքա­յա­կան տիրույթնե­րը, բայց ավե­լի մեծ չէր, քան իշխա­նա­կան մյուս գնդե­րը միա­սին վերցրած:

Ռազմա­կան այս կազմա­կերպությունը պարզ է, որ բավա­կա­նին մեծ դիմադրության ներուժ էր: Սակայն ուներ նաեւ ակնհայտ թերություններ: Յուրա­քանչյուր իշխա­նի կամքից էր փաստա­ցի կախված՝ իր գունդը կմասնակցի՞ ընդհա­նուր հայկա­կան գործին, թե՞ ոչ: Իհարկե, իրա­վա­կան տեսա­կե­տից իշխա­նը պարտա­վոր էր ծառա­յել իր տիրո­ջը՝ հայոց արքա­յին, նաեւ դեպքե­րի մեծ մասում այդպես էր անում, բայց փոփո­խա­կան պայմաննե­րում միշտ էլ կարող էր դավա­ճա­նել, եւ դա, պարզ է, նախեւա­ռաջ վերա­բե­րում էր խոշոր իշխաննե­րին:

Հայոց ռազմա­կան համա­կարգը հարմար էր եւ բավա­կա­նին արդյունա­վետ որպես պաշտպա­նա­կան, դիմադրո­ղա­կան ուժ: Բայց, օրի­նակ, հարձա­կո­ղա­կան խնդիրներ լուծե­լու համար հատկա­պես երկրից դուրս այդքան էլ հարմարված չէր: Այս դեպքե­րում առանձին իշխաննե­րի կամքի, ցանկության, ջանքի նշա­նա­կությունն ավե­լի էր մեծա­նում, ոչ ուժեղ կենտրո­նացման թերություննե­րը զգացնել էին տալիս իրենց: Իրա­կա­նում հայոց զորքի ներուժը բավա­կան էր նույնիսկ մեծ նվա­ճումներ կատա­րե­լու համար: Ի վերջո աշխարհի նվա­ճումնե­րի զգա­լի, եթե ոչ մեծ մասը (բացի հունա­կա­նից եւ հռո­մեա­կա­նից) իրացվել է իրա­կա­նում ոչ մեծա­քա­նակ հեծյալնե­րի կողմից (հնդեվրո­պա­կան կամ թյուրքա­կան ու մոնղո­լա­կան, ըստ որում՝ նվա­ճող զորքե­րի քանա­կը միշտ գերչա­փա­զանցվել է ժամա­նա­կա­կից նկա­րագրողնե­րի կողմից, մինչդեռ իրա­կա­նում ոչ մի հին հեծյալ զորք չէր կարող լինել իրա­պես մեծա­քա­նակ: Աղբյուրնե­րում խոսվում է տասնյակ կամ նույնիսկ հարյուրհա­զա­րա­վորնե­րի մասին, սակայն, նույնիսկ մի քանի հազար հեծյա­լը հնում չափա­զանց թանկ հաճույք էր, եւ մոտա­վո­րա­պես հավա­սա­րա­զոր այսօրվա տանկե­րին եւ օդուժին: Տասնյակհա­զա­րա­վոր հեծյալնե­րի մասին պատումնե­րը, որոնք կան նաեւ մեր հայկա­կան աղբյուրնե­րում, նույնքան արժա­նա­հա­վատ են, որքան կլի­նեին պատումնե­րը տասնյակ կամ հարյուրհա­զա­րա­վոր տանկե­րի ու ինքնա­թիռնե­րի մասին այսօրվա պատումնե­րը: Տիգրան Մեծի փորձն էլ ապա­ցույց է հայոց զինուժի նվա­ճո­ղա­կան կարո­ղություննե­րի մասին: Սակայն դա դրսեւո­րե­լու համար անհրա­ժեշտ էին բարենպաստ արտա­քին պայմաններ (Տիգրա­նին խանգա­րեց հռո­մեա­կան գերկարգա­պահ հետեւա­կա­յին զորքը), ինչպես նաեւ ներսում՝ ավե­լի ուժեղ թագա­վո­րա­կան իշխա­նություն: Այն, որ հայկա­կան զինվո­րա­կան ուժն ուներ ավելցուկ, այսինքն՝ նաեւ նվաճման կարո­ղություն, ապա­ցուցվում է անուղղա­կիո­րեն նաեւ այն փաստով, որ այդ ուժը հետա­գա­յում արտա­հանվել է, եւ ինչպես հին գերմա­նա­կան, նախաիսլա­մա­կան արա­բա­կան եւ այլ ռազմա­կան ներուժե­րը ծառա­յել են նույն Հռո­մեա­կան եւ այլ կայսրություննե­րի շահե­րին: Սա մոտա­վո­րա­պես նույն պատմությունն է, ինչ դարեր անց եղել է ուշ միջնա­դարյան Շվեյցա­րիա­յում: Մեծ ռազմա­կան ներուժ ունե­ցող, որպես զորք ինքնա­կազմա­կերպված, լեռնա­յին ժողո­վուրդը, չունե­նա­լով բավա­կա­նա­չափ ուժեղ, կենտրո­նացված եւ միասնա­կան քաղա­քա­կան կազմա­կերպում իր ռազմա­կան ներուժն իրացնե­լու համար, դարձավ զինվո­րա­կան ուժի արտա­հանման կենտրոն այլոց համար, որոնք ունեին ավե­լի կենտրո­նացված քաղա­քա­կան համա­կարգ, բայց պակաս ռազմունակ բնակչություն:

Պապ թագա­վո­րը չուներ նվա­ճո­ղա­կան նպա­տակներ եւ ոչ էլ կարող էր ունե­նալ այդպի­սիք իր պայմաննե­րում, սակայն նրան անպայման պետք էր եղած ռազմա­կան ներուժն ավե­լի կենտրո­նա­ցած համա­կարգի բերե­լը՝ հասնե­լու համար իր՝ Տիգրան Մեծից ոչ պակաս կարեւոր ու ծավա­լուն նպա­տակնե­րին:

Պապը չէր կարող հիմնո­վին փոխել ռազմա­կան այս համա­կարգը, քանի որ այն արմա­տա­վորված էր երկրի տնտե­սա­կան եւ հասա­րա­կա­կան կառուցվածքի մեջ, դրա բնա­կան շարունա­կությունն էր: Կարիք էլ չկար հիմնո­վին փոխե­լու մի համա­կարգ, որն իր թերություննե­րով հանդերձ երկրի ազա­տության եւ ինքնիշխա­նության հիմքե­րի հիմքն էր, ընդհանրա­պես երկրի ապրե­լա­կերպն էր: Սակայն նոր պայմաննե­րում նոր խնդիրնե­րը լուծե­լու համար անհրա­ժեշտ էին նաեւ լուրջ փոփո­խություններ՝ եղա­ծի վերա­կարգա­վո­րում:

Նախեւա­ռաջ անհրա­ժեշտ էր հավելյալ զինված ուժ, որը ենթա­կա լիներ բուն թագա­վո­րին: Եթե հնա­րա­վոր լիներ լուծել այդ խնդի­րը, կնվա­զեր իշխա­նա­կան գնդե­րի դավա­ճա­նության սպառնա­լի­քի արժե­քը, Մամի­կոնյաննե­րի հնա­րա­վոր խռո­վության վտանգը, նաեւ՝ բնա­կա­նա­բար հնա­րա­վոր կլի­ներ ավե­լի ճկուն, ավե­լի տեւա­կան եւ ավե­լի բազմա­զան պայքա­րի մեջ մտնել կայսրության դեմ:

Զինուժի նորոգման եւ ավե­լացման ծրա­գի­րը Պապը քննարկել էր նախա­պես իր ոչ պաշտո­նա­կան խորհրդի հետ: Կար մի քանի տարբե­րակ: Կարե­լի էր արագ հավա­քել վարձկաննե­րի ջոկատներ՝ օտա­րազգի թե տեղա­կան: Այդ տարբե­րա­կի գլխա­վոր առա­վե­լությունը դրա արա­գությունն էր: Մեծ ժամա­նակ ու մեծ ջանք պետք չէր դա իրացնե­լու համար, այլ միայն որոշ չափի գումար: Սակայն այդ տարբե­րա­կը բավա­կա­նին արագ մերժվեց: Վարձկան զորքը, նույնիսկ եթե կազմված լիներ ոչ թե օտարնե­րից, այլ տեղա­ցի­նե­րից, չէր կարող հուսա­լի գործիք լինել հանուն ազա­տության մղվող ազգա­յին պայքա­րի: Իր գործի դիմաց վճարվող մասնա­գի­տա­կան բանա­կը կարող է արդյունա­վետ գործիք լինել, օրի­նակ, բռնա­պետնե­րի համար երկրի ներսում իրենց իշխա­նությունը պահե­լու համար, կարող է լավ գործիք լինել կայսրություննե­րի ձեռքին ազգա­յին պետություննե­րի նվաճման համար, կարող է ծառա­յել երկու սահմա­նա­փակ նպա­տակնե­րով պատե­րազմնե­րում, միով բանիվ՝ այն լավ գործիք է հիմնա­կա­նում ընդդեմ, բայց ոչ հանուն ազա­տության:

Մյուս տարբե­րա­կը, որ քննարկվեց Պապի եւ իր խորհդա­տունե­րի կողմից, մանր ազնվա­կաննե­րից՝ ազատնե­րից կազմված թագա­վո­րա­կան զորքի հետա­գա լայնա­ցումն էր: Այդ ծրա­գիրն արդեն մասամբ իրա­կա­նացվում էր այն բանից հետո, երբ պապի հրա­մա­նով հարքունիս էին գրա­վել եկե­ղե­ցա­կան կալվածքնե­րի մի մասը, եւ դրանցում ապրող հողա­տե­րերն այժմ պարտա­վորված էին ոչ թե եկե­ղե­ցա­կան, այլ զինվո­րա­կան ծառա­յության: Բայց այս ծրա­գիրն ուներ իր սահմաննե­րը, անցնե­լու համար պետք էր ավե­լի շատ ազատ հող, որի հաշվին հնա­րա­վոր կլի­ներ պահել նորա­նոր հողա­տեր հեծյալնե­րի: Իսկ ավե­լի շատ հող ունե­նա­լու համար արքան պետք է այն գրա­վեր եկե­ղե­ցուց կամ իշխաննե­րից՝ մի բան, որի ոչ առի­թը, ոչ հնա­րա­վո­րությունը, ոչ էլ նույնիսկ ցանկությունը նա չուներ:

Մնում էին ավե­լի յուրօ­րի­նակ, արմա­տա­կան եւ բարդ իրա­գործե­լի, բայց դրա փոխա­րեն հաջո­ղե­լու դեպքում երկա­րա­տեւ ազդե­ցության  եւ նույնիսկ հեղա­փո­խա­կան ներուժ ունե­ցող ծրագրե­րը:

Այդպի­սին էր թագա­վո­րա­կան հողե­րում ապրող ազատ գյուղա­ցիության՝ թագա­վո­րի հաշվին լավ զինման, վարժեցման, ժողովրդա­կան նոր տիպի զորք ստեղծե­լու ծրա­գի­րը: Ժողովրդա­կան այդ զորքըսկզբնա­կան շրջա­նում կարող էր օժանդակ՝ զուտ դիմադրո­ղա­կան-պաշտպա­նա­կան դեր ստանձնել՝ օգնե­լով հիմնա­կան՝ ազա­տա­նի բանա­կին, բայց հետա­գա­յում կարող էր աճել ինքնուրույն խնդիրներ լուծող հզոր ուժի:  

Այս ծրա­գի­րը հիմնա­վո­րո­ղը կրկին Հրա­հատն էր, որը հղում էր անում իր ձեռքում անհայտ ճանա­պարհով հայտնված մի չինա­կան գրքի, ինչպես նաեւ մեկ այլ գրքի, որն ինքն էր գրել երի­տա­սարդ տարի­քում, եւ որն ուներ տարօ­րի­նակ՝ «Երկրա­գործությունը որպես ուղիղ ճանա­պարհ» անվա­նումը: Բուն հայ ժողո­վուրդը, ասում էր նա, ազատ գյուղա­ցին է, որն ապրում է համայնքնե­րով: Այս գյուղա­ցին ոչ միայն իր երկիրն ազատ պահե­լու, այլեւ ողջ աշխարհին ազա­տություն պարգեւե­լու, կայսրություննե­րին հաղթե­լու ներուժ ունի, որը պետք է միայն բացա­հայտել: Հայ գյուղա­ցին ունակ է պատե­րազմի պարզ ձեւե­րի, բայց միայն սահմա­նա­փակ ծավա­լով, քանի որ չունի որակյալ ու թանկարժեք զենք եւ կազմա­կերպված ու վարժված չէ որպես զորք: Եթե գյուղա­ցի երի­տա­սարդնե­րին թագա­վո­րի հաշվին տրվի զենք եւ համա­պա­տասխան մարզում իրա­կա­նացվի, ապա նույնիսկ մի քանի տարում կարե­լի է ստա­նալ նոր տիպի հավելյալ զինուժ, որը սկզբում կպաշտպա­նի իր երկի­րը՝ ներխուժման դեպքում, իսկ հետա­գա­յում կարող է նույնիսկ ավե­լի լայն գործո­ղություննե­րի մասնակցել, նախ՝ օգնե­լով հեծյալնե­րին, ապա՝ ինքնուրույնա­բար: Գնա­լով ավե­լի հեռուն՝ Հրա­հատն առա­ջարկում էր թագա­վո­րա­կան հողում ապրող գյուղա­ցի­նե­րի այն մասին, որոնք անմի­ջա­պես հարկա­տու էին հենց արքա­յին, այլ ոչ թե մանր ազնվա­կաննե­րից մեկին, ազա­տել հարկե­րից եւ դրա փոխա­րեն պարտադրել, որ նրանք որակյալ զենք ձեռք բերեն իրենց հաշվին: Այդ դեպքում կարե­լի կլի­նի ստա­նալ իսկա­կան նվիրյալ զորք, ինչը կփոխհա­տուցի եղած կորուստնե­րը:

Ի վերջո որո­շե­ցին ընդունել այս ծրագրի չափա­վոր տարբե­րա­կը եւ առա­ջին քայլերն անել որպես փորձ՝ տեսնե­լու համար արդյունքը: Թագա­վո­րա­կան տիրույթնե­րում առանձնացվե­ցին հատուկ շրջաններ, որոնց բնակչությունն ազատվեց հարկե­րից, որի փոխա­րեն ամեն տուն պարտա­վոր էր իր հաշվին որակյալ զենք գնել եւ պահել՝ առանց վերա­վա­ճա­ռե­լու իրա­վունքի: Երի­տա­սարդնե­րից կազմա­վորվում էին հատուկ ջոկատներ, որոնք մարզվում էին հմուտ զինվո­րա­կաննե­րի կողմից: Եթե այդ ընտրված տեղե­րում փորձը հաջողվեր, ապա դա պետք է տարածվեր նաեւ մյուս տարածքնե­րի վրա:

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍԿԻԶԲԸ

Մինչ հայոց արքունի­քը պատրաստվում էր վճռա­կան պայքա­րի, շտա­պում էր նաեւ կայսրությունը, որն իր ցանցի միջո­ցով տեղյակ էր Պապի հիմնա­կան գործո­ղություննե­րից: Հասկա­նա­լով, որ ժամա­նա­կը կարող է խաղալ հայոց արքա­յի օգտին, բյուզանդա­ցի­նե­րը որո­շում են գործել արագ եւ անսպա­սե­լի:

Մինչ հայե­րը պատրաստվում էին հնա­րա­վոր գործո­ղություննե­րի արեւմուտքում՝ բյուզանդա­կան ավանդա­կան ու բնա­կան ազդե­ցության գոտում, եւ ամրացնում էին արեւելքը, նաեւ նախա­պատրաստում լայն բանակցություններ Հայքից դուրս, բյուզանդա­ցի­նե­րը, կանխե­լով հայկա­կան պլաննե­րը, իրենք են գաղտնի պայմա­նա­վորվա­ծություն ձեռք բերում Հայաստա­նից արեւելք՝ Կասպից ծովի ափին ապրող մազքութնե­րի քոչվոր ցեղի հետ, որով վերջիններս դրա­մա­կան մեծ աջակցության դիմաց պարտա­վորվում էին ներխուժել Հայաստան՝ ավե­րե­լով ընդհուպ մինչեւ Արա­րատյան դաշտը: Եվ մինչ հայկա­կան զինուժի մեծ մասը զբաղված կլի­ներ արեւելյան այդ ներխուժմա­նը դիմադրե­լով, երկրի արեւմուտքում Մամի­կոնյաննե­րը պետք է բարձրացնեին խռո­վություն:

376‑ի գարունը դեռ չբացված՝ մազքութներն անսպա­սե­լիո­րեն ներխուժում են Մեծ Հայքի սահմաննե­րը…

Շարունա­կե­լի

Հեղի­նակ՝  Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

Նկա­րա­զարդող՝  Դավիթ Փարթամյան

Ձեւա­վո­րումը՝  Աննա Աբրա­համյա­նի,   Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝  Արա Թադեւոսյան

Նախագծի ձեւա­վորման համար օգտա­գործվել է Էմա­նուել Սարդարյա­նի լուսանկա­րը

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ