ՄԵՐ ՈՒՂԻՆ

Ահաբեկչության Եվ Հերոսության Արանքում 

Ցանկանում ես աշխարհին հիշեցնել ահաբեկչի և նահատակի տարբերությունը, այն անհասանելի վիհը որ բաժանում է ժողովրդի հերոսին հանցագործի դիմակից, որ ազգային վրիժառուին տարբերում է ֆանատիկ խելագարից: 

Արայիկ Մկրտումյան

1983թ. հուլիսի 27-ին Լիսաբոնը իրար խառնվեց տեղի ունեցած միջադեպի պատճառով: Իսկույն լուր տարածվեց, որ ինչ որ հայ ահաբեկիչներ գրավել են թուրքական դեսպանատունը, ինչ որ բան են պահանջում, կան զոհեր և ապա լուր պայթյունի մասին, քննարկումներ ու վերջ: Աշխարհի կարծիքով դա ահաբեկչություն էր, և միայն հայության էր հասու կատարված սխրանքի հպարտությանը միախառնված ողբերգությունը: Բայց աշխարհը չհասկացավ, թե ինչ կատարվեց և մոլորակի անտեղյակ մարդկանց համար լիսաբոնյան դեպքը ընդամենը ահաբեկչական ակտ էր, մեկն այն հազարավորներից, որ ամեն օր աշխարհում կատարվում է և վերջ: Ի՞նչ կարիք կա անընդհատ խոսելու միջին կարգի ծանրության ու ինչ որ մութ հաշիվներով կատարված ահաբեկչության մասին, այնինչ խոսել պետք էր, ոչ միայն խոսել այլև հասկանալ, կամ գոնե հասկանալու փորձ: Հասկանալու, թե ինչ ու ինչու կատարվեց, որպեսզի պարզորոշ կերպով ընդգծվեր ահաբեկչի և հերոս-նահատակի, վրիժառուի միջը ընկած սահմանը: Որպեսզի խոշոր հանցագործն ու մեծ հայրենասերը երբեք չնույնացվեն, ափսոս, որ աշխարհը լիովին հասկանալ չկարողացավ, թե ինչ կատարվեց 1983թ հուլիսի 27 ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում: Պաշտոնապես այն կոչվեց ահաբեկչություն:​

Մեր օրերում ահաբեկչությունը ցավալիորեն դարձել է սովորական երևույթ: Ամեն օր աշխարհի տարբեր մասերից լսում ենք լուրեր զանազան ահաբեկչությունների մասին, դրանց հետևանքով ամեն տարի հազարավոր անմեղ մարդիկ են զոհվում ու վիրավորվում և էլի շատ ու շատ ծանր հետևանքներ, որոնց մեկ բառով բնորոշում են՝ «ահաբեկչություն»: Հետո ինչ որ կազմակերպություն իր վրա է վերցնում այդ ամենի պատասխանատվությունը, հետո մենք լսում ենք ևս մեկ ահաբեկչության մասին և այդպես շարունակ: Բայց բազմաթիվ են դեպքերը, երբ կատարվածը ահաբեկչություն չէ, բայց այդպես է որակվում և անտեղյակ մարդիկ հավատում են դրան ու այդպիսի մարդիկ կազմում են մոլորակի բնակչության մեծամասնությունը: Ահաբեկչությունը մեր օրերում լինում է սովորաբար կրոնական, գաղափարական, սոցիալական, երբեմն նաև ազգայնական: Շատ հաճախ ահաբեկիչները մարդիկ են, ովքեր որևէ շենք են գրավում ու փող են պահանջում, քաղաքական որևէ խնդիր են ուզում լուծել, նրանց մեջ շատ են պատահում ծայրահեղական կրոնամոլներ, նրանց մեջ կան գաղափարական հուսահատ մարդիկ: Ու նրանք բոլորը կոչվում են ահաբեկիչ: Լիսաբոնյան հնգյակը ևս շատերի, ամենից առաջ պորտուգալական իշխանությունների համար ահաբեկչական խումբ էր: Բայց այդ տղաները չպահաջեցին այն ինչ սովորաբար պահանջում են ահաբեկիչները՝ դրամ, բանտարկյալի ազատություն, կրոնական հաղթանակ, ուղղաթիռ…. Ո՛չ, տղաները ոչ մի նման բան չպահանջեցին, անգամ պատանդներին ազատ արձակեցին և պայթուցիկով ինքնասպան եղան՝ աշխարհին թողնելով իրենց երիտասարդ հոգիների մատուցած հիրավի անպատմելի խորը ու մեծ զոհողությունը, որը շատերի համար անհասկանալի եղավ, իսկ ոմանք էլ նոր միայն հասկացան, թե ինչն էր այդ հինգ երիտասարդների արարքների շարժառիթը: Իսկ դա այն էր, ինչը հայ ժողովուրդը հիմա էլ պահանջում է աշխարհից՝ արդարություն: Արդարության խուլ աստծուն հինգ զոհ մատուցվեց, իսկ զոհերին կոչեցին ահաբեկիչ, մինչդեռ տղաները իրենց կյանքը տվեցին հանուն հայ ժողովրդի կորցրած իրավունքների: Լիսաբոնյան արծիվները թվում էին սովորական տղաներ, որոնք ծնվել էին մայր հայրենիքից հեռու, չէին տեսել Հայաստանը և միայն պատմություններով գիտեին այն մեծագույն մղձավանջի մասին և սովորական պորտուգալացին հիմա էլ միայն զարմանում է նրանց, իր կարծիքով անհասկանալի արարքի վրա: Տղաները, որոնց արյունով հոսում էր հայոց պատմությունը, որոնց աչքերում այրվում էր հայրենիքի կարոտն ու հոգում փոթորկվում մի մեծ ժողովրդի նկատմամբ տեղի ունեցած աղաղակող անարդարությունը այլ ելք չգտան, քան ողջակիզվելով աշխարհին նորից հիշեցնելու իր մարդկային կորչող խղճի ու կեղտոտված պատվի մասին: Այդպես Հիսուսը զոհեց իրեն հանուն մարդկության, այդպես սրբերը կամովին նահատակվեցին, այդպես անմահացան նաև լիաբոնյան արծիվները: Եվ միայն դառը վրդովմունք ես ապրում, երբ տեսնում ես, թե նրանք ևս ինչ որ մակարդակում հավասարվում են ինչ որ կրոնական խելագարների, փողամոլ հանցագործների կամ էլ ընդամենը վարձկան մարդասպանների հետ: Ու կրկին ցանկանում ես աշխարհին հիշեցնել ահաբեկչի և նահատակի տարբերությունը, այն անհասանելի վիհը որ բաժանում է ժողովրդի հերոսին հանցագործի դիմակից, որ ազգային վրիժառուին տարբերում է ֆանատիկ խելագարից: Եվ ամեն անգամ լիսաբոնյան անմահ զինվորներին ահաբեկիչ տերմինով մկրտված տողերը կարդալուց հետո ցանկանում ես նորից ու նորից խենթանալ տեղի ունեցող դառնության անհնար աստիճանի ծանրությունից: Դառնորեն թափ տալ գլուխը աշխարհի օր-օրի կարծրացող ու բթացող խղճի ու պատվի առջև:

Այսօր աշխարհում բազմաթիվ են ահաբեկչությունները: Մեզ այդպես են ասում, մենք այդպես ենք լսում: Աշխարհը հենց այդպես էլ մի օր լսեց, որ Լիսաբոնում ինչ-որ ահաբեկչներ գրավել են թուրքական դեսպանատունը, որ թուրքերը ի լուր աշխարհի, լկտիաբար ճչալով պաշտպանություն են աղերսում «հայ ահաբեկիչների» գործողություններից, մինչդեռ հոգու խորքում զարհուրած են տեղի ունեցածի անպատմելի վեհությունից ու սեփական ոչնչության գիտակցումից:

«Իմացեք` մենք ինչ ենք անում։ Ազատասեր հայ երիտասարդները որոշել են անգործ չսպասել։ Մենք ամեն ինչ կորցրել ենք և այդ պատճառով որոշել ենք օդ բարձրացնել այդ շենքն ու մնալ փլատակների տակ։ Սա ինքնասպանություն ու խելագարություն չէ, այլ բարձրագույն նվիրատվություն ազատագրական պայքարին։ Թող միջազգային հանրությունը մեզ արկածախնդիր անվանի կամ ահաբեկիչ ու դահիճ՝ ոչինչ։ Մենք որոշել ենք ուժի դիմել, որովհետև թուրքական իշխանությունն ու այլ երկրներ, որոնք պաշտպանում են այդ իշխանությանը, ոտնահարում են հայ ժողովրդի իրավունքները։ Հայ ժողովուրդը երկար է սպասել, որ միջազգային դատարանը գտնի հայկական հարցի լուծումը։ Հայ ժողովրդի ինքնակողմնորոշման միակ ելքը զինված պայքարն է։ Նախնիների ազատ և անկախ հայրենիքում ապրելն ու զարգանալը հայ ժողովրդի իրավունքն է»,- ահա թե ինչ պահանջեցին հայ երիտասարդները: Եվ ո՞ր ահաբեկիչն է նման զոհ մատուցել իր ժողովրդին:

Ո՛չ, ահաբեկիչները, հանցագործներ են, հայ ժողովուրդը ահաբեկիչներ չունի և երբեք էլ չի ունեցել: Որովհետև ազնվական ժողովուրդը մութ դիմակների հետևում ծածկվելով ու երեխաներ սպանելով, քնած մարդկանց կանցնահարելով չի ձգտում արժանապատվություն ունենալ այլ մշտապես կանգնած է անվհատ ու անվախ՝ հավատով ու հույսով լեցուն և ինչպե՞ս կարող է հուսահատվել կամ վախենալ, երբ իր զավակները եղան Վաչե Տաղլյանը, Սեդրակ Աճեմյանը, Սիմոնի Յահինյանը, Արա Քրջլյանը, Սարգիս Աբրահամյանը՝ հինգ զինվոր հայոց աշխարհի, հինգ անմար ջահ հայոց արդարության ճանապարհի և հինգ սրբազան զոհ հայոց դատի զոհասեղանին:

Ասում են աշխարհում նորից ահաբեկչություն է տեղի ունեցել: Ովքե՞ր են ասում, մարդիկ, իսկ նրանց մեջ կան նաև նրանք, ովքեր երբևէ չեն հասկացել ու չեն հասկանա ինքնազոհ նահատակի ու մարդասպան-հանցագործի տարբերությունները, որոնք չտեսնելու համար կույր է պետք լինել և ափսոս, որ կույր է աշխարհը և Լիսաբոնը ևս կուրացավ մի վշտախեղդ օր, երբ հինգ հայ երիտասարդ տղաներ իրենց կյանքի գնով փորձեցին աշխարհի հզորներին հիշոցնել արդարության ու խղճի մասին:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *