Հայաստան

Էրդողանի Փոքր Քայլերի Վրիպումը

Դիվանագիտությունը պայքար է, և սա պետք է մեր դիվանագիտության կողմից օգտագործվի, առավել ևս, երբ ԱՄՆ–ն վերջին շրջանում իսկապես շահագրգռված է, որ հայ–թուրքական հարաբերությունները կարգավորվեն։

Ռուբեն Սաֆրաստյան

Էրդողանի դիվանագիտական սխալն էր՝ հայ–թուրքական հարաբերությունները Ադրբեջանի պահանջների հետ կապելը, և այդ սխալը կարող ենք օգտագործել․Ռուբեն Սաֆրաստյան

Թուրքիան իրականում ոչ թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումով է հետաքրքրված, այլ իր կրտսեր դաշնակից Ադրբեջանի համար՝ Հայաստանի կողմից զիջումներ ապահովելու հարցով։ Այս մասին այսօր Araratnews.am-ի հետ զրույցում ասաց արևելագետ-թուրքագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը։

Նա Թուրքիայի կողմից երկու փոքր քայլ նկատեց՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելը և օդային ապրանքափոխադրումները թույլատրելը։ «Դրանք փոքր առաջընթաց են հիմնական նպատակի ուղղությամբ, որը սահմանի բացումն է, դիվանագիտական քայլերի հաստատումը։ Թուրքիան ընտրել է այդ փոքր քայլերի մարտավարությունը, որովհետև փորձում է ժամանակ շահել և այդ ընթացքում ճնշում գործադրել Հայաստանի վրա։ Ես համոզված եմ, որ այդ մարտավարությունը նախապես էր պատրաստել․ երեք հանդիպում եղավ, երեքն էլ ոչ մի արդյունք չտվեց, չորրորդին Թուրքիան այդ երկու քայլերը իրականացրեց։ Չնայած դրան՝ նա մերժեց Հայաստանի առաջարկը, որ դիվանագիտական անձնագրերով մարդիկ կարողանան սահմանը անցնել։ Նա դա կարող է հետո ընդունել, որ մի կողմից ցույց տա, թե դինամիկա կա՝ ԱՄՆ–ին, Արևմուտքին, և մյուս կողմից էլ ժամանակը օգտագործի Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու համար»,–ասաց նա։

Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ Էրդողանի հայտարարությունը, որով նա հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը հրապարակայնորեն կապեց Ադրբեջանի պահանջներին՝ Հայաստանի կողմից դրական արձագանքելու հետ,  էրդողանի կողմից դիվանագիտական կոպիտ սխալ էր։ «Նա՝ իր բնավորության համաձայն, չկարողացավ զսպել և  բարձր մակարդակով հայտարարեց այն,  ինչը բոլորս էլ գիտենք, որ Թուքիան հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գրոծընթացը կապում է Ադրբեջանի պահանջների հետ։ Ես կարծում եմ, որ մեր դիվանագիտությունը Էրդողանի այդ սխալը պետք է օգտագործի և բոլոր քննարկումներում նշվի, որ Հայաստանի նկատմամբ Թուրքիան իրականացնում է հարկադրման քաղաքականություն, պարտադրում է, որ Հայաստանը գնա զիջումների Ադրբեջանի հետ հարաբերություններում»,–ասաց նա։

Ռուբեն Սաֆրաստյանը ընդգծեց, որ դիվանագիտությունը պայքար է, և սա պետք է մեր դիվանագիտության կողմից օգտագործվի, առավել ևս, երբ ԱՄՆ–ն վերջին շրջանում իսկապես շահագրգռված է, որ հայ–թուրքական հարաբերությունները կարգավորվեն։ Նա ասաց, որ իհարկե պետք է շարունակել բանակցությունները, բայց դիվանագիտական խողովակներով մեր գործընկերներին պետք է ցույց տալ, թե ինչպիսի քաղաքականություն է  վարում Թուրքիան։

Նա նշեց, որ միջազգային հանրությունը կիսում է մեր մոտեցումը։ «Սա արդեն չորրորդ փորձն՝ է հայ–թուրքական հարաբերությունները կարգավորելու։ Նախորդ երեք փորձերից երկուսը տեղի է ունեցել ԱՄՆ միջնորդությամբ՝ երևացող, կամ չերևացող, այս չորրորդ փորձում Թուրքիան պահանջեց, որ միջնորդ չլինի, որ այդ քաղաքականությունը վարի Հայաստանի նկատմամբ, քանի որ միջնորդը թույլ չի տա նախապայմաններ դնել»,–ասաց նա։

Թուրքագետը նկատեց, որ աշխարհաքաղաքական զարգացումներում Թուրքիայի վիճակը այնքան էլ լավ չէ․ նախ ներսում տնտեսական, ֆինանսական առումով խնդիրներ կան,  ընտրություններն են մոտենում, իսկ արտաքին քաղաքականությունում վերջին շրջանում Թուրքիայի ինտեսիվությունը թուլացել է։ «Հիմա Թուրքիան հասնում է իր ռեսուրսների սահմանագծին, քանի որ վերջին վեց տարիների ընթացքում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ավելի մեծ է եղել, քան կարող էր թույլ տալ։ Թուրքիան իր էությամբ միջին պետություն է, բայց ուզում է վարել մեծ պետության քաղաքականություն  և հիմա արդեն իր ռեսուսրները սպառվում են և արտաքին քաղաքական ինտեսիվությունը թուլացրել է։ Դիվանագիտությունը դա պայքար է, Թուրքիան մեր բարեկամը չէ և չի էլ լինի, նա ունի իր խնդիրները, մենք ունենք մեր խնդիրները, և բանակցային գործընթացում մեր հնարավորությունները պետք է օգտագործենք, որ դրական արդյունք ստանանք»,–հավելեց նա։

Հոդվածը՝ Araratnews.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *