Մայիսի 25-ին գերմանական պատվիրակությունը մեկնում է Բաթումից, իսկ հաջորդ երեկոյան ժամը 8-ին թուրքերը վերջնագիր են ներկայացնում, որով պահանջում էին 72 ժամում ընդունել մայիսի 11-ին արված առաջարկները։
Մայիսյան հերոսամարտերի օրերին Բաթումում շարունակվում էին բանակցությունները թուրքերի հետ։ Անդրկովկասը, որը թուրքերի ու գերմանացիների պահանջով արդեն անկախություն էր հռչակել, հանդես էր գալիս միասնական պատվիրակությամբ։ Սակայն անդրկովկասյան երեք ժողովուրդների քաղաքական նպատակները տարբեր էին. թաթարները թուրքերին ընդունում էին որպես դաշնակից-եղբայրների, իսկ վրացիները չէին ցանկանում կռվել. թուրքերի արշավանքը Անդրկովկաս վերածվել էր բացառապես հայ-թուրքական պատերազմի։
Թաթարներն իրենց հերթին փորձում էին հայերի տարածքների հաշվին ընդլայնել դեռեւս գոյություն չունեցող ադրբեջանական պետության սահմանները։ Ալեքսանդր Խատիսյանը նշում էր, որ Բաթումում ընթացող ստվերային բանակցությունների ժամանակ թաթարները հավակնություններ էին հայտնել Երեւանի նկատմամբ, ասելով, որ Հայաստանի մայրաքաղաքը պետք է լինի Էջմիածինը։ Սեյմի պատվիրակներ Սուլթանովը եւ Ռաֆիբեկովը պահանջում էին թուրքերին հանձնել Ախալքալակը եւ Ախալցխան։ Հայկական պատվիրակները բանակցություն են սկսում գերմանացիների ներկայացուցիչ ֆոն Լոսովի հետ՝ հույս ունենալով, թե նա կկարողանա զսպել թուրքերի ու թաթարների ախորժակը։
Գերմանացիների հովանավորությունն էին փնտրում նաեւ վրացիները, որոնք նրանց Վրաստանի մագնեզիումի հանքերի շահագործման արտոնություններ էին խոստացել։ Միայն ադրբեջանցիներն էին թուրքերի հետ համատեղ գործում՝ պաշտպանելով նրանց շահերը։
«Հայ ներկայացուցիչները Բաթումում փորձեցին համաձայնության գալ ազրբեջանցիների հետ, բայց հանդիպեցին խիստ անզիջող վերաբերումի։ Ազրբեջանցիները պահանջում էին ոչ միայն ամբողջ Ղարաբաղը, Զանգեզուրն ու Շարուր-Նախիջեւանը, այլեւ Երեւանի ու Էջմիածնի գավառների մեծ մասը՝ Երեւան քաղաքով հանդերձ»,- գրում է Սիմոն Վրացյանը։
Ջեմալի ու Շաքիրի ժամանումը
Մայիսի 22-ին Բաթում է գալիս Օսմանյան Կայսրության ծովային նախարար Ջեմալ փաշան եւ այցելում Անդրկովկասյան Սեյմի պատվիրակությանը։ Ջեմալը ջերմորեն է արձագանքում վրացական պատվիրակների ողջույնին, ասելով, թե «թուրքերու ու վրացիներու միջեւ, ճիշտ է, եղած են անցողակի թյուրիմացություններ, բայց ինքը վստահ է, թե ապագային անոնք պիտի չկրկնվին այլեւս եւ շատ դյուրությամբ կարելի պիտի ըլլա համերաշխ գործակցության մը գետինը մշակել»։
Ալեքսանդր Խատիսյանը գրում է, որ հաջորդ օրը տեղի ունեցած ճաշկերույթի ժամանակ ինքը զրուցում է Ջեմալի ու Բեհաէդին Շաքիրի հետ։ Վերջինս ասում է, թե հայերը կանգնած են պանիսլամական ու պանթուրքական գաղափարների իրականացման ճանապարհին, եւ թուրքերը ստիպված են տարերայնորեն ոչնչացնել բոլոր արգելքները։ «Դուք միշտ ռուսներուն հետ եք. դուք անոնց առաջապահն եք, իսկ ռուսները մեր ոխերիմ թշնամիներն են։ Պատմական թշնամիները։ Մտածեցեք այս մասին, փոխեցեք ձեր հոգեբանությունը եւ օրիենտացիան»,- ասել էր Շաքիրը։
Հաջորդ օրը Խատիսյանը թուրքական մոտեցումները ներկայացնում է կոմս Շուլենբերգին։ «Եթե դուք՝ հայերդ օգնեք Լոռիի գերման պանրագործներուն եւ գործարանատերերուն, այն ատեն մենք կօգնենք ձեզի համար նպաստավոր կերպով լուծելու այդ վիճելի շրջանի բախտը»,- ասել էր Շուլենբերգը։ Լոռիում կար գերմանական մի քանի ձեռնարկություն, իսկ վրացիները փորձում էին իրենց տիրապետությունը հաստատել այդ շրջանում, ինչը եւ հետագայում հանգեցնում է հայ-վրացական պատերազմի։
«Մենք չենք կրնար խեղդվիլ ձեզի հետ միասին»
Վրացիների անդրկուլիսյան բանակցությունների ընթացքը ցույց է տալիս, որ նրանք արդեն նախապատրաստում էին Վրաստանի անկախությունը եւ փորձում էին նվազագույն կորուստներով դուրս գալ իրավիճակից։
Անդրկովկասյան պատվիրակության վրացի ներկայացուցիչ Ավալովն արդեն մայիսի 26-ին գրում էր, որ իրենց անդրկուլիսյան աշխատանքը աննկատ է անցել։ «Գերմանիան բռնելու է թուրքերի փեշը. դրա փոխարեն մեզանից բան-ման կառնե։ Ադրբեջանը միառժամանակ կլինի Թուրքիայի ազդեցության ներքո։ Հայաստանը կմնա թուրքերի ճնշման տակ, որ կմեղմացվի գերմանացիների ներկայությամբ»,- գրում էր Ավալովը։
Մայիսի 25-ին գերմանական պատվիրակությունը մեկնում է Բաթումից, իսկ հաջորդ երեկոյան ժամը 8-ին թուրքերը վերջնագիր են ներկայացնում, որով պահանջում էին 72 ժամում ընդունել մայիսի 11-ին արված առաջարկները։ Ընդ որում՝ նրանք նշում էին, որ բարեկամական հարաբերությունները կարող են պահպանվել, եթե «թուրք զորքերի գործողությունները Կովկասի հարավում որեւէ դիմադրության չհանդիպեն»։
Բաթում էր ժամանել նաեւ Վրաստանի Ազգահին Խորհրդի նախագահ Նոյ Ժորդանիան, որն Անդրկովկասյան պատվիրակության ղեկավար Չխենկելիի հետ պատրաստվում էր քննարկել Վրաստանի անկախությունը հայտարարելու մանրամասները։ Խատիսյանը հանդիպում է Ժորդանիային, եւ իմանում անկախություն հռչակելու նրանց որոշումը։
– Ինչպե՞ս,- բացականչեցի ես,- չէ՞ որ մենք եւ դուք միասին պատերազմի մեջ ենք, ընդհանուր պատերազմի մեջ ընդհանուր թշնամու դեմ։ Ինչպե՞ս կրնաք լքել մեզ, երբ դեռ արյուն կթափինք։ Մի՞թե ազնիվ բան է այս։
– Ազնիվ բան է այն, ինչ որ օգտակար է ժողովուրդին,- պատասխանեց Ժորդանիան։
– Այո՛,- ըսի ես,- իսկ մե՞նք։
– Մենք չենք կրնար խեղդվիլ ձեզի հետ միասին,- պատասխանեց Ժորդանիան։- Մեր ժողովուրդը կուզե փրկել այն, ինչ որ կրնա։ Դուք ալ պարտավոր եք համաձայնության լեզու մը գտնել թուրքերուն հետ։ Ուրիշ ելք չունիք։
Այս խոսակությունից հետո վրացիները հեռանում են Բաթումից։ Շուտով մեկնում է նաեւ հայկական պատվիրակությունը։ Խատիսյանը գրում է, որ Թիֆլիսի ճանապարհներին արդեն կանգնած էին գերմանացի զինվորները եւ վրացական սահմանին ծածանվում էր Գերմանիայի դրոշը։ Վրացիներն իրենց ապահովագրել էին թուրքական հնարավոր արշավանքից։
Ժողովուրդների եղբայրությունը պատրանք է
1918թ. մայիսի 26-ին Թիֆլիսում գումարվում է Անդրկովկասյան Սեյմի վերջին նիստը, որտեղ ելույթ ունեցող պատգամավորներն իրենց վերաբերմունքն են արտահայտում Բաթումի բանակցությունների եւ Սեյմի լուծարման մասին։ «Սեյմը վախճանվեց, Անդրկովկասյան հանրապետությունը նույնպես հոգին ավանդեց… Եվ դա բնական էր այն օրից, երբ հայտարարվեց Անդրկովկասի անկախությունը։ Անդրկովկասը իբրեւ պետական անկախ ամբողջություն չի եղել երբեք եւ ոչ մի հիմք չկար ստեղծել այդպիսին, այն էլ պատերազմական ժամանակի ծանր րոպեին։ Անդրկովկասի ժողովուրդների շահերը տարբեր են»,- հայտարարում է կադետների ներկայացուցիչ Սեմյոնովը։
Նիստի ավարտին Անդրկովկասյան Սեյմը ընդունում է որոշում, որով վայր է դնում լիազորությունները։ «Նկատի ունենալով, որ պատերազմի եւ խաղաղության խնդրին մեջ երեւան եկան հիմնական տարակարծություններ Անդրկովկասյան անկախ հանրապետությունը կազմող ազգերու միջեւ, Սեյմը կարձանագրե Անդրկովկասի քայքայման փաստը եւ վար կդնե իր լիազորությունները»։
Հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանությունը
Հայերի համար այս որոշումն անսպասելի էր եւ հուսալքող։ Նույն օրը երեկոյան Հայոց Ազգային խորհուրդը քննարկում եւ որոշում է «բողոքել վրաց գործիչների ընթացքի եւ Վրաստանի անկախության դեմ»։ Սակայն հասկանալի էր, որ բողոքները որեւէ արդյունք չէին ունենալու։
Մայիսի 27-ին Ադրբեջանի Ազգային խորհուրդը նույնպես հռչակում է Ադրբեջանի անկախությունը։
«Հորիզոնը» 1918թ. մայիսի 28-ի համարում «ամենալիասիրտ անկեղծությամբ» ողջունում էր Վրաստանի անկախությունը, գրելով, որ «այդ անկախությունը համարում ենք մի ընդհանուր դեմոկրատական գործ եւ գրավական ընդհանուր հեղափոխության եւ ազատության պաշտպանության»։
Ստեղծված պայմաններում Հայ Հեղափոխական Դաշնակցության Թիֆլիսի ներկայացուցչական ժողովը քննարկում է Հայաստանի անկախության հարցը։ Մայիսի 28-ին որոշվում է հաշտարար պատվիրակություն ուղարկել Բաթում՝ թուրքերի հետ վերջնական համաձայնության գալու համար։ Պատվիրակության կազմում էին Ալեքսանդր Խատիսյանը, Միքայել Պապաջանյանը եւ Հովհաննես Քաջազնունին։
Իսկ մայիսի 29-ին ՀՅԴ Արեւելյան եւ Արեւմտյան բյուրոյի, Սեյմի եւ Ազգային խորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունենում միացյալ ժողով, որը որոշում է Հայաստանը հռչակել անկախ հանրապետություն։ Վարչապետի թեկնածու է ընտրվում Հովհաննես Քաջազնունին։
Մայիսի 30-ին հրապարակվում է անկախության մասին հայտարարությունը, որի տեքստը կազմել էր Նիկոլ Աղբալյանը.
«Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով եւ Վրաստանի ու Ազրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ, Հայոց Ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն։ Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերը կազմել հայոց ազգային կառավարություն, Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները՝ հայկական գավառների քաղաքական եւ վարչական ղեկը վարելու համար։
Հայոց Ազգային խորհուրդ
30 մայիսի, 1918թ.»
***
Նախագծի վրա աշխատել են՝ Միքայել Յալանուզյանը, Մարի Թարյանը, Լուսինե Ղարիբյանը
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Հոդվածը՝ Mediamax.am կայքից։