28.3 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Եթե տատանվեինք, եթե ուշացնեինք մեր հայտա­րա­րությունը, Հայաստա­նը կմնար res nullius (ոչ ոքի պատկա­նող իր) ու իբրեւ այդպի­սին բաժին կդառնար հարեւաննե­րին՝ թուրքե­րին, վրա­ցի­նե­րին, ադրբե­ջանցի­նե­րին։

Հովհաննես Քաջազնունի

1918թ. մայի­սի 26-ին Բաթումում թուրքե­րը վերջնա­գիր են ներկա­յացնում Անդրկովկա­սի կառա­վա­րության պատվի­րա­կությա­նը, որով տարածքա­յին նոր հավակնություններ են հայտնում Վրաստա­նի եւ Հայաստա­նի հանդեպ։

Հայկա­կան պատվի­րա­կությունը ստիպված էր շտապ վերա­դառնալ Թիֆլիս՝ Ազգա­յին խորհրդի հետ քննարկե­լու ստեղծված դրությունը։ Դրությունն օրհա­սա­կան էր, քանի որ Վրաստա­նը եւ Ադրբե­ջա­նը պատրասվում էին անկա­խություն հռչա­կել, եւ Անդրկովկա­սի ընդհա­նուր կառա­վա­րությունը դադա­րեցնում էր գործունեությունը։

Մայի­սի 27-ին հայկա­կան պատվի­րակնե­րը հասնում են Թիֆլիս եւ անմի­ջա­պես շտա­պում Ազգա­յին խորհրդի շենքը, որը Գոլո­վինսկա­յա եւ Բարյա­տինսկա­յա փողոցնե­րի անկյունում էր՝ Արամյանցի տանը։

Սարդա­րա­պա­տում եւ Ղարա­քի­լի­սա­յում այդ նույն պահին ծանր մարտեր էին ընթա­նում։ Քննարկե­լով ստեղծված դրությունը՝ մայի­սի 28-ին‘ ցերեկվա ժամը 12-ին, Ազգա­յին խորհուրդը անկա­խության հայտա­րա­րությունն է ընդունում ։

Եթե ուշացնեինք, Հայաստա­նը կմնար res nullius

Ճակա­տագրա­կան այս դեպքե­րից մի քանի տարի անց Հովհաննես Քաջազնունին գրում էր, որ այլ ելք չկար, քան անկա­խության հռչա­կումը։

«Պե՞տք էր արդյոք անկա­խություն հայտա­րա­րեինք, ի վիճա­կի՞ էինք արդյոք սեփա­կան պետություն կազմե­լու ու ապա պահե­լու… Պարապ հարցեր էին սրանք։ 1918թ. մայիս ամսի վերջին օրե­րին այդպի­սի հարցեր չէր կարե­լի դնել։ Ընտրություններ անե­լու տեղ չէր մնա­ցել։ Պատմությունը բերել, կանգնեցրել էր մեզ մի որոշ գծի առջեւ։ Պետք է հանդգնություն ունե­նա­յինք անցնել վրա­յից, եթե չէինք ուզում խորտակվել։ Պետք է տեր դառնա­յինք մեր հայրե­նի­քին, ապա թե ոչ՝ կկորցնեինք այն, գուցե՝ անդառնա­լիո­րեն։ Եթե տատանվեինք, եթե ուշացնեինք մեր հայտա­րա­րությունը, Հայաստա­նը կմնար res nullius (ոչ ոքի պատկա­նող իր) ու իբրեւ այդպի­սին բաժին կդառնար հարեւաննե­րին՝ թուրքե­րին, վրա­ցի­նե­րին, ադրբե­ջանցի­նե­րին։

Մայի­սի 28-ին, ուշ գիշե­րով, Ազգա­յին կենտրո­նա­կան խորհուրդը վճռեց հայտա­րա­րել Հայաստա­նի անկախ Հանրա­պե­տություն եւ իրեն՝ հանրա­պե­տության գերա­գույն իշխա­նություն։ Այդպի­սի լիա­զո­րություն խորհուրդը չէր ստա­ցել Ազգա­յին համա­գումա­րից, բայց կանգ չառավ ձեւա­կան արգելքի առջեւ, եւ հետա­գա­յում ոչ ոքի մտքով չանցկացրեց մեղադրել նրան։ Այնքան պարզ էր ամենքի համար, որ ուրիշ ելք չկար»։

Հովհաննես Քաջազնունի, «Հ. Յ Դաշնակցությունը անե­լիք չունի այլեւս», Անի կենտրոն, Երեւան, 2016թ. 

Ազգա­յին խորհրդի անդամնե­րը ցանկա­նում էին Խատիսյա­նին ու Քաջազնունուն տեսնել կառա­վա­րությունում, սակայն նրանք պետք է կրկին շտա­պեին Բաթում, որովհե­տեւ թուրքե­րի վերջնագրի ժամկե­տը լրա­նում էր մայի­սի 29-ին‘ երե­կո­յան ժամը 8‑ին։ Այդ պատճա­ռով որոշվում է կառա­վա­րություն կազմե­լը հետաձգել։

Նոր պատվի­րա­կության ղեկա­վա­րը Ալեքսանդր Խատիսյանն էր, անդամնե­րը՝ Հովհաննես Քաջազնունին եւ Միքա­յել Պապա­ջանյա­նը։ Մայի­սի 28‑ի գիշե­րը‘ ժամը 12-ին, նրանք մեկնում են Բաթում։


«Հենց որ Պաթում եկանք, մեր առա­ջին գործը եղավ նամա­կով մը հայտնել Հալիլ պեյին Հայաստա­նի անկա­խության հայտա­րարման, ինչպես նաեւ թրքա­կան վերջնագրի ընդունման մասին։ Նամա­կը ստացված էր մայի­սի 29-ին, երե­կո­յան ժամը 7‑ին, այսինքն՝ վերջնագրի պայմա­նա­ժա­մը լրա­նա­լե 1 ժամ առաջ։ Իսկ վրա­ցի­նե­րը իրենց հույսը դնե­լով գերմա­նա­ցի­նե­րու վրա, չէին շտա­պեր։ Միայն մայի­սի 31-ին անոնք հարա­բե­րության մեջ մտան Հալիլ պեյին հետ» (Ալեքսանդր Խատիսյան, «Հայաստա­նի Հանրա­պե­տության ծագումն ու զարգա­ցումը», 1968թ.):

Երկու սուր զգա­ցումներ համա­կե­ցին մեզ

Նամա­կը ստա­նա­լու հաջորդ օրը՝ մայի­սի 30-ին, բանակցություններ է սկսում հայկա­կան պատվի­րա­կության հետ։ Վեհի­բը հենց առա­ջին նիստում գծում է Հայաստա­նի սահմա­նը։ «Երբ մենք նայե­ցանք քարտե­զին վրա, երկու սուր զգա­ցումներ համա­կե­ցին մեզ. առա­ջին՝ հպարտություն, որ մենք ալ դարա­վոր պայքարնե­րե ետք, վերջա­պես, գեթ փոքր անկյուն մը ունե­ցանք աշխարհի քարտե­զին վրա, եւ երկրորդ՝ դառնություն, որ մեզի տրված այդ անկյունը հազիվ 9000 քառ. կիլո­մետր կպա­րունա­կեր, որ բացարձա­կա­պես անբա­վա­րար էր մեր ժողո­վուրդը իր մեջ առնե­լու համար»,- հիշում էր Ալեքսանդր Խատիսյա­նը։

Թուրքե­րը ձեռնպահ էին մնում հստա­կեցնե­լու Հայաստա­նի եւ հարեւաննե­րի սահմաննե­րը, դրանք պետք է որոշվեին Վրաստա­նի եւ Ադրբե­ջա­նի հետ առանձին բանակցություննե­րով։ Սակայն այդ պահին արդեն հայտնի էր, որ թե՛ Վրաստա­նը, թե՛ Ադրբե­ջա­նը Հայաստա­նի հաշվին տարածքա­յին հավակնություններ ունեին։

Վեհի­բը նաեւ հայկա­կան պատվի­րա­կությանն է ներկա­յացնում թուրքե­րի աշխարհա­քա­ղա­քա­կան նպա­տակնե­րը, որոնք ձգվում էին մինչեւ արեւելք։ «Մեր եղբայրնե­րը Բաքու, Դաղստան, Թուրքիստան եւ Ադրբե­ջան են։ Մենք պետք է ճամփա ունե­նանք դեպի հոն։ Պահանջե­լով Վանը՝ դուք կփա­կեք մեր ճամփան դեպի Պարսկաստան։ Պահանջե­լով Նախի­ջեւանն ու Զանգե­զուրը՝ դուք արգելք կդառնաք մեզի իջնե­լու Քուռի հովի­տը եւ երթա­լու Բաքու։ Կարսն ու Ախալքա­լա­քը կփա­կեն մեր ճամփան դեպի Ղազախ եւ Գանձակ»,-  ասել էր Վեհի­բը։

Երեք օրվա համառ բանակցություննե­րից հետո թուրքե­րը համա­ձայնում են զիջել Համամլու (Սպիտակ)-Երեւան խճուղին եւ սահմանն անցնում է Արա­գած լեռան գագա­թով‘ Ջաջուռի կայա­րա­նով իջնե­լով դեպի Էջմիա­ծին։ «Մենք 100 քառա­կուսի կիլո­մետր տարա­ծություն մը կշա­հեինք։ Ասկե ավե­լի զիջում թուրքե­րը չըրին»,- հիշում է Խատիսյա­նը։

1918թ. հունի­սի 4‑ին բացվում է բանակցություննե­րի վերջին նիստը, որի ներա­ծա­կան խոսքում Հալիլն ասում է.

«Այսօր մենք մեր ստո­րագրությունը կդնենք սկզբնա­կան (initial) գործի մը տակ, որ միջազգա­յին ընկե­րության մեջ կորո­շե տեղ մը հայկա­կան հանրա­պե­տության համար, որ կճանչնա Հայաստա­նի գոյությունն ու անկա­խությունը՝ Կովկա­սում նոր կազմված պետություննե­րու մեջ…։ Կփա­փա­գեմ միայն հոս նկա­տել, որ վերջին րոպեին օսմանյան կայսե­րա­կան կառա­վա­րությունը մեծ վճռա­կա­նությամբ տիրեց իր զգա­ցումնե­րուն եւ ինծի հանձնա­րա­րեց ստո­րագրել վավե­րա­գիր մը, որ կճանչնա հայ կառա­վա­րության մը գոյությունը։ Կսի­րեմ հավա­տալ, որ հայ ազգը կըմբռնե Օսմանյան կայսե­րա­կան կառա­վա­րության այս որո­շումի ամբողջ կարեւո­րությունը եւ հուսա­լի է, որ այս օրը նոր համա­ձայնության դարագլուխ մը կբա­նա ձեր եւ մեր ժողո­վուրդնե­րու համար» (Աստվա­ծա­տուր Խաչատրյան, Արեւե­լա­հայ եւ թուրք դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություննե­րը, Երեւան, 2010թ.):

Բաթումի պայմա­նագրի 4‑րդ հոդվա­ծով Օսմանյան կառա­վա­րությունը պարտա­վորվում էր զենքի ուժով օգնություն ցույց տալ Հայաստա­նի կառա­վա­րությա­նը, եթե վերջինս այդ օգնությունը խնդրեր նրա­նից երկրում կարգն ու հանգստությունն ապա­հո­վե­լու համար: 5‑րդ հոդվա­ծով Հայաստա­նի Հանրա­պե­տությունը պարտա­վորվում էր պայքա­րել զինված բանդա­նե­րի դեմ եւ թույլ չտալ դրանց կազմա­վո­րումն իր տարածքում։

Մեկ այլ հոդվա­ծով Հայաստա­նում ապրող մահմե­դա­կաննե­րի կրո­նա­կան եւ այլ իրա­վունքնե­րը պետք է հարգվեին, նրանք պետք է սովո­րեին իրենց մայրե­նի լեզուն ու հետեւեին իրենց կրո­նին։

Բաթումի պայմա­նա­գիր, Հոդված VI

«Կրո­նա­կան պաշտա­մունքի եւ բարե­գործության կատա­րումն ապա­հո­վե­լու նպա­տա­կով կարող են ստեղծվել մուսուլմա­նա­կան համայնքներ, իբրեւ բարո­յա­կան օրգաններ, որոնք լիա­զորված կլի­նեն կառուցե­լու մզկիթներ, հոսպի­տալներ, դպրոցներ, կրո­նա­կան ու բարե­գործա­կան հիմնարկներ եւ դրանց պահպա­նության համար ձեռք բերե­լու շարժա­կան ու անշարժ գույք: Դրանք կկա­ռա­վարվեն հատուկ կառա­վա­րիչնե­րի կողմից: Գլխա­վոր մուֆթին կնստի Երեւան քաղա­քում‘ Հայկա­կան Հանրա­պե­տության մայրա­քա­ղա­քում, իսկ մյուս մուֆթի­նե­րը կբնակվեն հանրա­պե­տության այլ վայրե­րում, որտեղ նրանց գտնվե­լը կհա­մարվի անհրա­ժեշտ»:

Մեկ այլ հոդվա­ծով երկու երկրնե­րի միջեւ հյուպա­տո­սա­կան եւ առեւտրա­յին հարա­բե­րություններ էին հաստատվում, սահմանվում էր երկա­թուղի­նե­րի յուրա­քանչյուր կողմի մասնա­բաժնի չափը։ Թուրքիան իրա­վունք էր ստա­նում պատե­րազմի դեպքում օգտա­գործել Հայաստա­նի տարածքը զորքեր փոխադրե­լու համար։ Առանձին՝ 11-րդ հոդվածն էլ պարտա­վո­րեցնում էր Հայաստա­նի Հանրա­պե­տությա­նը «գործի դնել իր բոլոր ջանքե­րը, որպեսզի հեռացնի Բաքու քաղա­քից այնտեղ գտնվող հայկա­կան ուժե­րը»։

Մշակ, 4 հունի­սի, 1918թ., թիվ 103

«Գենե­րալ Ղորղանյա­նը, որ գտնվում է Ալեքսանդրա­պո­լում, պետք է գեն. Նազարբեկյա­նի ցուցումնե­րով հսկե, որ մի շաբաթվա ընթացքում երկու կողմե­րի զորքե­րը, այն է՝ հայ եւ օսմանցի զորա­մա­սե­րը ետ քաշվեն իրենց տեղե­րը։ Հրա­ման է տրվել երկու կողմից եւս դադա­րեցնել պատե­րազմա­կան գործո­ղություննե­րը։

Համա­ձայն այս հաշտության, ուրեմն հայկա­կան երկրնե­րը կամ ապա­գա հայկա­կան իշխա­նությունը կազմված են լինե­լու Նոր-Բայա­զետ գավա­ռից, Երեւա­նի, Էջմիածնի, Ալեքսանդրա­պո­լի եւ Ղարա­քի­լի­սա­յի գավառնե­րի մասե­րից։ Հարա­վից սահմա­նա­գի­ծը մոտա­վո­րա­պես անցնե­լու է Չոբան-Քյա­րա­յից ուղիղ գծով Բոյուկ-Վիրի-Ափա, իսկ արեւմուտքից սահմա­նը անցնում է Քասախ գետից արեւմուտք, Էջմիածնի արեւմտյան սահմա­նից ուղիղ գծով, Արա­գած սարի գագա­թի վրա­յով հյուսիս՝ Աղբուլաղ եւ Ախալքա­լա­քի սահմա­նը։ Այսպի­սով հայկա­կան շրջա­նումն են մնա­լու Աշտա­րա­կը, Օշա­կա­նը, Էջմիա­ծի­նը, Փարպին, Բյուրա­կա­նը եւ Արա­գա­ծից արեւելք՝ Ապա­րա­նը։ Արա­րա­տը կամ Մասի­սը ամբողջո­վին մնում է Թուրքիա­յին։ Վրա­ցի­նե­րը զիջում են Թուրքիա­յին Ախալցխա­յի եւ Ախալքա­լա­քի գավառնե­րը։ Հայոց Ազգա­յին խորհուրդը հրա­հանգներ է ուղարկել գեն. Նազարբեկյա­նին եւ Երեւան՝ դադա­րացնել պատե­րազմա­կան գործո­ղություննե­րը»։

Բաթումի պայմա­նա­գի­րը միանշա­նակ չընդունվեց հայ իրա­կա­նության մեջ. շատերն այն համա­րում էին դավա­ճա­նություն, շատե­րը մտա­հոգվում էին, թե այդ փոքրիկ տարածքում ինչպես պետք է գոյա­տեւի հայ ժողո­վուրդը։ Սակայն փաստն այն էր, որ որքան էլ դժվա­րին լիներ ստեղծված կացությունը, Հայաստա­նը դառնում էր անկախ պետություն։

«Ահ ու դողով մտնում էր նա ինքնիշխան ազգե­րի համա­կե­ցության մեջ, իբրեւ ազատ անձնա­վո­րություն միջազգա­յին իրա­վունքի։ Նրա հողի տարա­ծությունը, մոտա­վո­րա­պես, 12 000 քառա­կուսի կիլո­մետր էր, բնակչության թիվը գաղթա­կաննե­րով՝ մոտ մեկ միլիոն։ Եվ… մայրա­քա­ղա­քից յոթ կիլո­մետր հեռու երեւում էին թուրքա­կան թնդա­նոթնե­րը»,- գրում էր Սիմոն Վրացյա­նը։

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ