Հայաստան

Այլընտրանքային Պատմություն

Չէր կարող այդ քանակի ժողովուրդը պարզապես հանգիստ նստել իր տեղը եւ չեզոքություն խաղալ՝ այն պարագայում, երբ իր շուրջն ապրող ազգերը, այդ թվում՝ նրանք, որոնց երկրներում հայեր էին ապրում, համարում էին, որ կենաց ու մահու պայքարի մեջ են:

Հրանտ Տէր-Աբրահամեան  

Գերմանիայի
հաղթանակը եւ 
Հայաստանը. Մաս Բ 

Այս հրապարակումը պատրաստելիս մեծապես օգտվել ենք պատմական գիտությունների թեկնածու, «Մոռացված լեգեոն»«Կովկասցիներն Աբվերում»գրքերի եւ թեմային առնչվող այլ գիտական աշխատությունների հեղինակ Էդուարդ Աբրահամյանի օգնությունից, որին էլ հայտնում ենք մեր շնորհակալությունը՝ հուսալով, որ նրա կողմից սկիզբ դրված՝ ԵՀ-ում հայ-գերմանական գործակցության թեմայի գիտական ուսումնասիրությունն իր շարունակությունն ու զարգացումը կունենա՝ օգնելով մեր ժողովրդին ազատագրվել պարտադրված միֆական պատկերացումների եւս մեկ շղթայից եւ մեկ քայլ էլ անել դեպի Հայաստանի իրական անկախությունը: 

Երկրորդ համաշխարհայինում գերմանացիների հետ տարբեր հայկական խմբերի եւ անհատների գործակցությունը մոտավորապես տեղավորվում է այն նույն սխեմայի մեջ, որը նախորդ հատվածում նկարագրեցինք ընդհանուր եվրոպական նյութի օրինակով: Այսինքն՝ դա ընդգրկում է իր մեջ գաղափարական, ազգային-քաղաքական եւ գործնական տարրեր: Ընդ որում՝ հայկականի դեպքում առավել կարեւոր պետք է համարել վերջին երկուսը: Փորձենք համառոտ ներկայացնել երեքն էլ շրջված հերթականությամբ՝ սկսելով գործնականից: 

1939-41 թվականների ընթացքում Գերմանիան վերահսկում էր Եվրոպայի մեծ մասը, բացի պատերազմում չեզոք դիրք գրաված մի քանի երկրից՝ Շվեդիա, Շվեյցարիա, Թուրքիա, որոշ վերապահումներով՝ ֆրանկիստական Իսպանիա, մնացյալ Եվրոպան եւ այն երկրները, որոնք կամ Գերմանիայի դաշնակիցներն էին (Հունգարիա, Ռումինիա, Ֆինլանդիա, Իտալիա, Բուլղարիա, Հարավսլավիա (միայն չորս օր)), կամ էլ Գերմանիայի կողմից պարտություն կրած եւ մասամբ գրավված պետությունները, որտեղ գործում էին գերմանամետ կառավարություններ (Սլովակիա, Խորվաթական Պետություն, Ֆրանսիայի Վիշի կառավարություն, Հելլենական Ազգայնական Պետություն եւ այլն): Եվրոպայի առավել հայաշատ երկրները՝ Ֆրանսիա, Բուլղարիա, Ռումինիա, Հունաստան, կամ գերմանացիների կողմից գրավված էին, կամ Գերմանիայի դաշնակիցներն էին: Դժվար է գտնել գերմանական վերահսկողության տարածքում այդ ժամանակ հայտնված հայերի ստույգ թիվը, բայց խոսքը 250-350 000-ը անցնող թվի մասին պետք է լինի: Ըստ տարբեր տվյալների՝ Բուլղարիայում այդ ժամանակ պետք է ապրած լինեին 50 000-ից ավելի հայեր (որոշ տվյալներով՝ 90 000), մոտ 50 000-ը՝ Ռումինիայում, շատ մոտավոր թվերով մինչեւ 100 000-ը՝ Հունաստանում, 50-100 000-ի կարգի՝ Ֆրանսիայում, 30 000-ից ավելի՝ Գերմանիայում, եւ ավելի քան 20 000-ը՝ Իտալիայում: 

Բնական է, որ խնդիր էր առաջանում այդ մեծ զանգվածի անվտանգության ապահովության մասին: Չէր կարող այդ քանակի ժողովուրդը պարզապես հանգիստ նստել իր տեղը եւ չեզոքություն խաղալ՝ այն պարագայում, երբ իր շուրջն ապրող ազգերը, այդ թվում՝ նրանք, որոնց երկրներում հայեր էին ապրում, համարում էին, որ կենաց ու մահու պայքարի մեջ են: Բնականաբար հայերի դիրքորոշումը հարցեր էր առաջացնում ինչպես գերմանացիների, այնպես էլ մյուսների՝ իտալացիների, բուլղարների, ռումինացիների եւ մյուսների մեջ (իհարկե, սովետական քարոզչությամբ փչացած այսօրվա հայկական գիտակցությունը չի ուզում եւ չի կարող պատկերացնել, որ բուլղարները կամ ռումինացիներն ունեին սեփական պատկերացումներն իրենց ազգային նպատակների մասին եւ ոչ թե ստիպողաբար, այլ հանուն իրենց պատկերացումների էին պատերազմում գերմանացիների կողմից, եւ համապատասխանաբար կարող էին հարցեր ունենալ իրենց երկրներում ապրող մյուս ազգերին): Հայերի նկատելի քանակը սովետական բանակում, եվրոպական երկրներում Կոմինտերնի գաղափարների տարածումը, որն ակտիվորեն «հոգեորսությամբ» էր զբաղվում, այդ թվում նաեւ՝ հայկական գաղթօջախներում, նույնպես հայտնի են դառնում գերմանական վերահսկողության տարածքում եւ բնականաբար վստահություն չեն ավելացնում հայերի նկատմամբ: Սրան գումարենք հակահրեական տրամադրությունների անուղղակի ազդեցությունը: Հակահրեականությունը 1920-30-ականներին իր գագաթնակետին էր հասել Արեւելյան Եվրոպայում, ինչն ուներ սոցիալական խոր հիմքեր: Օրինակ՝ Ռումինիայում, կարելի է ասել, դա վերածվել էր զանգվածային հիստերիայի եւ գրեթե ազգային գաղափարախոսության: Հայերի որոշ նմանություները հրեաների հետ՝ թե՛ սոցիալական դիրքի առումով, թե՛ արտաքինով, իր ստվերն էր գցում հայերի նկատմամբ վերաբերմունքի վրա՝ հաշվի առնելով նաեւ որոշ թուրքամետ կամ թուրքական հեղինակների հրապարակումները Գերմանիայում եւ Ռումինիայում: Ի վերջո, նույնիսկ հայերի նկատմամբ ավանդապես բարյացակամ տրամադրված այնպիսի երկրում, ինչպիսին Բուլղարիան է, հակահայկական տրամադրություններ են սկսում դրսեւորվել, եւ մամուլում նույնիսկ խոսք կար հայերի դեպորտացիայի մասին: Վտանգն իրական էր դառնում: Պարզ էր, որ սրան դիմակայելու միակ միջոցը գերմանացիների հետ ինչ-որ գործակցության եզր գտնելն էր:



Իհարկե, այսօրվա դիվանային անալիտիկները, որոնք տանն ապահով նստած պատրաստ են ամենաարմատական դիրքերից հետին թվով դատապարտել ցանկացած գործակցություն գերմանացիների հետ, կարող են համարել մի քանի հարյուր հազար հայերի անվտանգությունն ու կյանքը ոչ կարեւոր խնդիր: Մի քանի հարյուր հազար հայ էս կողմ կամ էն կողմ՝ ի՞նչ տարբերություն, կարեւորը համաշխարհային «բարին» հաղթի համաշխարհային «չարին»: Երեւի նրանց կարծիքով՝ հայերը, ապրելով Գերմանիայի դաշնակից կամ գրաված երկրներում, գերմանական շլացուցիչ հաղթանակների զենիթում, երբ շատ քչերը դեռ գիտեին, թե ինչով կավարտվի պատերազմը, պետք է հերոսաբար զոհվեին հանուն մարդկության լուսավոր ապագայի» կամ էլ առնվազն սուս-փուս նստեին տեղները, սպասեին դեպորտացիայի հրամանին ու դեպորտացիայի ճանապարհին գոռային՝ Հիտլեր կապուտ՝ հուսալով, որ 4-5 տարի հետո կհայտնվեն վերջապես ազատարար սովետական զորքերը, որոնք իրենց գերմանական ճամբարներից միանգամից կքշեն ուղիղ Սիբիրի ճամբարներ՝ կեցցե աշխարհի ամենաազատ ստալինյան երկիրը: Հավանաբար այսօրվա դիվանային անալիտիկները հենց այդպես էլ կանեին, եթե իրենք հայտնվեին նույն իրավիճակում: Ցավոք, դաժան ճակատագիրը զրկել է նրանց հերոսական այդ դեմքը ցույց տալու որեւէ շանսից: 

Իրականությունը սակայն այն է, որ Եվրոպայի հայությունը չէր կարող բացարձակ չեզոք մնալ իր շուրջը ծավալվող պատերազմի հանդեպ եւ պետք է գտներ գերմանացիների մոտ տանող ուղիներ, թեկուզ միայն հանուն սեփական անվտանգության, իսկ եթե ավելի մեծ բախտ վիճակվեր՝ Հայաստանը նոր պայմաններում կառավարելու եւ նույնիսկ տարածքը մեծացնելու նպատակով (ըստ տարբեր տվյալների՝ գերմանացիները կամ գոնե Ռոզենբերգի գլխավորած Արեւելյան ռայխսկոմիսարիատը համաձայն էր Նախիջեւանի եւ Լեռնային Ղարաբաղի միացմանը Հայաստանին՝ Ադրբեջանին փոխհատուցելով Դաղստանի հաշվին): 

Առաջին համաշխարհայինը շատ դաժան փորձ էր հայության համար, որպեսզի երկրորդի ժամանակ հայ գործիչները գոնե մի քիչ խելք հավաքեին այդ դաժան փորձից: Առաջին համաշխարհայինում միակողմանի եւ շեշտված կողմնորոշումը դեպի Անտանտի երկրներ՝ Ռուսաստան, Ֆրանսիա, Անգլիա, արժեցավ մի ամբողջ ժողովրդի ոչնչացում, հայրենիքի կորուստ, որի միակ փոխհատուցումը Սեւրի թուղթն էր: Երկրորդ համաշխարհայինին հայ ժողովուրդը մասնակցեց առավելապես ստիպողաբար, ոչ իր ընտրությամբ, որի հնարավորությունը չուներ: Նրա սուբյեկտությունն այս պատերազմում է՛լ ավելի նվազ էր, քան առաջինում, դրա համար նրա նոր զոհերը չարժանացան նույնիսկ Սեւրի պես թղթի, չնայած Ստալինը մի քանի տարվա պատերազմից հետո փորձեց նորից խաղացնել դարակից հանած «հայկական հարցը» Թուրքիայի դեմ՝ փորձելով վերջինիս առջեւ դնել մի դիլեմա՝ մտնել սոցիալիստական ճամբարի մեջ կամ մասնատվել: 

Սովետահայ պատմագրության մեջ հայերի կորուստները ԵՀ-ում հասցվում էին մինչեւ 300 000-ի: Այսօրվա տվյալներն ավելի համեստ են՝ խոսքը մոտ 100 000-ի մասին է: 300 000 զոհի մասին հպարտությամբ գրողները չէին հասկանում, որ զոհերի քանակով հպարտանալը, մեղմ ասած, իմաստալից զբաղմունք չէ: Այդ քանակը նաեւ որեւէ լավ բան չէր ասում հայ ժողովրդի մասին, որովհետեւ նշանակում էր, որ սա այն ժողովուրդն է, որը հանուն իր հայրենիքի եւ անկախության 1920 թվի հայ-թուրքական պատերազմում պատրաստ չէր զոհել մի քանի տասնյակ հազար մարդու, որի դեպքում կունենար Կարսի նահանգը, Նախիջեւանը, Արցախը, հավանաբար նաեւ՝ Սեւրի սահմաններով հայրենիք եւ ելք դեպի ծով: 

Բայց այդ, եթե հայերի զոհերի քանակը իրոք լիներ 300 000, կնշանակեր, որ ավելին է, քան Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի զոհերի քանակը եւ մի 100 000-ով պակաս, քան ԱՄՆ-ինը: Իսկ այդ դեպքում պետք է համեմատել, թե զոհերի դիմաց ինչ ստացան այդ երկրները, ու ինչ ստացավ հայ ժողովուրդը։ Որովհետեւ, եթե նույնիսկ զոհերը որոշ դեպքերում անխուսափելի են, ապա դրանց իմաստ ունենալու աստիճանը չափվում է միմիայն դրա դիմաց ստացածով: Չի կարելի հպարտանալ հարյուր կամ տասնյակ հազարավոր զոհերով, եթե դրա դիմաց դու ստացել ես զրո: Կարելի է ցավել զոհերի համար, հարգել նրանց հիշատակը, հասկանալ, որ դա մեծագույն ողբերգություն էր, անխուսափելի ճակատագիր, բայց ուրախանալն ու հպարտանալը արդեն, կներեք, պաթոլոգիայի դաշտից է: Ամեն դեպքում նրանք, որոնք համարում են, որ հայ ժողովուրդը պարտավոր էր զոհվել հանուն մեծ տերությունների շահերի, ունեն միայն մեկ հպարտանալու բան. նրանք կարող են իրենց տան պատերից կախել Սեւիի պայմանագրի քարտեզը՝ 20-րդ դարում հայ ժողովրդի միակ փոխհատուցումը երկու համաշխարհայինում հանուն «մարդկության» տված ահռելի, անհամաչափ զոհերի, ուրախանալ՝ տեսնելով, որ 100 տարվա մեջ ահագին փոշոտած թղթի կտորի վրա Հայաստանն ունի ելք դեպի ծով, ինչպես նաեւ վերահսկում է Էրզրումն ու Վանը:

Վերադառնանք մեր բուն շարադրանքին: 

Ի տարբերություն Առաջին համաշխարհային պատերազմի՝ հայկական ազգային ու պետական գործիչները, փառք Աստծու, հասկացան, որ նման դեպքերում հայերի նման վտանգված ժողովուրդների համար միակողմանի կողմնորոշման քաղաքականությունը մեծ վտանգ է: Եվ եթե մի կողմից Հայաստանում ապրող հայ ժողովուրդն ընտրություն չուներ եւ պետք է մասնակցեր պատերազմին սովետական բանակի կազմում, եւ սփյուռքյան կազմակերպությունների մի մասն էլ լծված էր սովետական քաղաքականությանն աջակցելու գործին, ապա մյուս կողմից սփյուռքի մնացած մասը պետք է փորձեր ապահովել ավելի լայն գործակցության դաշտ: Այդպես էլ եղավ: Հայ գործիչների մի մասը, թվում է, կապեր հաստատեցին անգլիացիների հետ, իսկ մյուս մասը՝ գերմանացիների: Մինչեւ այդ, մեծ աշխատանք էր տարվել Մուսոլինիի Իտալիայի հետ, որը միջերկրածովյան իր հավակնություններում ընդգծված հակաթուրքական դիրքորոշում ուներ, եւ որի թագավոր Վիկտոր Էմանուել 3-րդը թեկուզ ֆորմալ, բայց կրում էր նաեւ «Հայոց թագավոր» տիտղոսը: 

Դժվար է ասել, թե որքանով նախապես որոշված մարտավարություն էր սա: Ես ենթադրում եմ, որ ինչ-որ որոշում սրա հիմքում պետք է ընկած լիներ: Համենայնդեպս, եթե Նժդեհը, որն արդեն Դաշնակցությունից դուրս էր եկել, կարող էր գործել ինքնուրույն, ապա, օրինակ, նույն Դրոն, կարծում եմ, պետք է համաձայնեցրած լիներ իր քայլերը կուսակցության հետ, որի մի մասը սոլիդարություն էր պահպանում հակագերմանական արեւմտյան տերությունների հետ, բայց Եվրոպայում մնացածներն էլ պետք է կապեր հաստատեին եւ գործակցեին գերմանացիների հետ: Անկախ այն բանից՝ եղել է հստակ որոշում եւ «աշխատանքի բաշխում», թե ոչ, բայց այն, ինչ տեղի է ունեցել փաստացի՝ համաժամանակյա գործակցություն պատերազմի տարբեր կողմերի հետ, այդ իրավիճակում միակ ճիշտ քաղաքականությունն էր: Դա ճիշտ էր նախ Եվրոպայում ապրող հայ զանգվածի անվտանգության տեսակետից: Երկրորդ՝ հեռանկարի տեսակետից ոչ ոք չէր կարող ասել, թե ինչով կավարտվի պատերազմը: Եթե այն ավարտվեր գերմանացիների հաղթանակով, եւ եթե, օրինակ, Հայաստանը հայտնվեր գերմանական վերահսկողության տակ, թեկուզ ժամանակավոր, ապա անշուշտ մի երկու կտոր խելք ունեցող մարդը պետք է հասկանար, որ նախապես գերմանացիների հետ կապեր հաստատելու դեպքում Հայաստանի ճակատագիրը կարող էր մի կերպ դասավորվել, իսկ նման կապ չլինելու դեպքում՝ լրիվ այլ կերպ: Իսկ, օրինակ, 1942 թվականի երկրորդ կեսին գերմանացիներն արդեն շատ մոտ էին Այսրկովկասի սահմաններին, եւ նրանց կարեւոր նպատակներից էր Բաքու հասնելը: Ի դեպ, 1918-ի գարնանը, երբ գերմանացիները կարճ ժամանակով հայտնվեցին Այսրկովկասում, նրանք մեծ դեր ունեցան այն բանում, որ թուրքերը ճանաչեն Հայաստանի անկախությունը թեկուզեւ նվազագույն սահմաններով: Եվ սա այն դեպքում, երբ նախապես որեւէ աշխատանք հայերի կողմից գերմանացիների հետ չի իրականացվել, եւ հակառակը, հայերը միանշանակ կռվել են Գերմանիայի թշնամիների կողմից: Կարելի է պատկերացնել, թե որքան ավելի արդյունավետ կարող էր լինել գերմանական աջակցությունը 1918-ին, եթե հայ գործիչներն այն ժամանակ էլ գործեին ոչ թե մեկ, այլ երկու ճակատով՝ ե՛ւ Գերմանիայի, ե՛ւ նրա թշնամիների հետ: Ի դեպ, այստեղ էլ կա ճակատագրի յուրահատուկ խաղ: Եթե մի կողմից գերմանացի սպաները 1918-ին փորձում էին որոշակիորեն զսպել թուրքերի ախորժակը Կովկասում, ապա մյուս կողմից մեկ այլ գերմանացի՝ այս անգամ ռուսական ծառայության՝ Ալեքսանդր Շնոյերը, որն այդ ժամանակ հայտնվել էր հայկական բանակում որպես Սիլիկյանի շտաբի պետ, հեղինակել էր Սարդարապատի ճակատամարտի գծագիրը: 

Բայց կային նաեւ հավելյալ կարեւոր գործոններ, որոնք ստիպում էին հայ գործիչներին շտապել կապեր հաստատելու Գերմանիայի հետ ԵՀ-ի սկզբին: Դրանցից մեկը Թուրքիայի գործոնն էր: Երբ խոսք է բացվում հատկապես գերմանացիների հետ Նժդեհի գործակցության մասին, ապա շատերը մոռանում են կամ էլ չգիտեն, որ ի սկզբանե այստեղ խնդիրը ոչ թե Սովետական միության, այլ Թուրքիայի դեմ գերմանական ենթադրյալ գործողություներն էին: Սրա մասին մի փոքր մանրամասնենք: 

1940-ին, երբ Նժդեհն առաջին անգամ կապ է հաստատում գերմանացիների հետ, ապա դրա նպատակը հակաթուրքական գործողություններին մասնակցությունն էր: 

Նժդեհին դավաճանության մեջ մեղադրողների սիրելի Իոսիֆ Վիսարիոնովիչը դեռ Գերմանիայի բարեկամն էր՝ համաձայն 1939-ին կնքած հայտնի պակտի, եւ ոչ միայն բարեկամն էր, այլեւ ակտիվորեն դրդում, շնորհավորում եւ վայելում էր գերմանական հաղթանակների արդյունքներն Արեւելյան Եվրոպայում՝ մեկը մյուսի հետեւից միացնելով իր տերությանը Մերձբալթիկայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի, Ռումինիայի կտորները, հավակնելով ոչ միայն Բուլղարիային եւ Բոսֆորի նեղուցներին, այլեւ խառնվելով Հարավսլավիայի, Չեխոսլովակիայի եւ այլ երկրների ներքին գործերին: 

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այս երկիրն այդ ժամանակ դիտարկվում էր որպես առավելապես Անգլիայի եւ որոշակիորեն Ֆրանսիայի դաշնակից տարածաշրջանում:



Այստեղ մի երկու պարզաբանում է անհրաժեշտ: Սովետական պատմագիտությունը պատերազմից անմիջապես հետո շրջանառության մեջ էր մտցրել մի թեզ, համաձայն որի՝ Թուրքիան պատրաստվում էր Սովետական միության դեմ պատերազմ սկսել 1942-ի վերջին, բայց Ստալինգրադի հաղթանակը խանգարեց այդ ծրագրին: Իբր հաշվի առնելով սա՝ հայ ժողովրդի մասնակցությունը Երկրորդ համաշխարհայինում արդարացվում է. Ստալինգրադի հաղթանակը ըստ այդմ փրկել է մեզ թուրքական հերթական ներխուժումից: Այս վարկածը, որին մինչեւ այսօր հավատացողներ կան, կարելի է ասել, ֆանտաստիկայի ժանրից է՝ առանց հավելյալ քննության, թեկուզ միայն այն պատճառով, որ գերմանացիները, որոնք արդեն նախապես կազմել էին Ռախյսկոմիսարիատ Կովկասը եւ համապատասխան նշանակումներ արել, չէին պատրաստվում որեւէ մեկին զիջել իրենց վերահսկողությունը տարածաշրջանում, առավել եւս՝ Թուրքիային: Ավելին՝ ինչպես հետագայում կտեսնենք, Կովկասի նվաճումից հետո հերթը հենց Թուրքիայինն էր. ըստ գերմանական պլանների՝ այդ երկիրը կամ պետք է վերջնականապես խզեր կապերը Մեծ Բրիտանիայի հետ, կամ ռազմական ներխուժման ենթարկվեր Գերմանիայի կողմից, եւ այդ դեպքում նրա արեւելյան տարածքները պետք է միացվեին Հայաստանին ու Վրաստանին: Բայց մենք, այդուհանդերձ, փորձենք վերլուծել, թեկուզեւ ինքին ֆանտաստիկը: 

Այստեղ կա նախ տրամաբանական սխալ: Հայ ժողովրդի մասնակցությունն արդարացման կարիք չունի, քանի որ հայ ժողովրդին ոչ ոք չի հարցրել եւ չի էլ պատրաստվել հարցնել, թե արդյոք ուզում է մասնակցել պատերազմին: Նա չի ունեցել ընտրության հնարավորություն եւ մասնակցել է պատերազմին որպես ԽՍՀՄ-ի մաս: Երկրորդ, եթե հայ ժողովրդի մասնակցությունն արդարացվում է թուրքական գործոնով, ապա այդ նույն տրամաբանությամբ ստացվում է, որ եթե ու երբ Թուրքիան պատերազմում ունենար հակագերմանական դիրք, ապա հայ ժողովուրդը պետք է անցներ Գերմանիայի կողմը: Բայց միանշանակ է, որ առնվազն պատերազմի սկզբին՝ 1939-41 թվականներին, ունեցել է հակագերմանական դիրք, ավելին՝ 1945-ի սկզբին վերջապես պաշտոնապես պատերազմ է հայտարարել Գերմանիային, ճիշտ է, ռազմական գործողություններին չմասնակցելով: Ուրեմն ի՞նչ, հայ ժողովուրդը 1945-ի ձմռանը պետք է շտապ փոխեր իր դիրքորոշումն ու ամբողջ կազմով անցներ Գերմանիայի կո՞ղմը: Պարզ է, որ նման բան ցանկության դեպքում անգամ հայ ժողովուրդն անել չէր կարող, նույնիսկ եթե Թուրքիան 1941-ին պատերազմ հայտարարեր Գերմանիային, որովհետեւ Հայաստանի հայ ժողովուրդն ընտրության հնարավորություն չուներ, նա պատերազմի սուբյեկտ չէր, այլ օբյեկտ: Չնայած այս պարզ տրամաբանությանը, ցայսօր փորձում են հրամցնել 1942 թվի այս պատմությունը, որը սովետական քարոզչության տիպիկ աբսուրդներից է: 

Բայց կա ավելին: Սովետական միության դեմ 1942-ին թուրքական հարձակման մասին ծրագրերի մասին թեզը կարծես չի հաստատվում որեւէ ոչ սովետական աղբյուրով: Հավանաբար դա ստալինյան քարոզչության արդյունքն է՝ հաշվի առնելով, որ Ստալինը դեռ 1939-ից բավականին ակտիվորեն հետամուտ էր Բոսֆորի նեղուցների հարցի լուծմանը՝ համաձայն ավանդական ռուսական քաղաքականության: 

Իրականությունը հետեւյալն է: 1939-ի ապրիլի 23-ին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջեւ կնքվել է փոխօգնության մասին նախնական գաղտնի պայմանագիր: Նույն օրն էլ Թուրքիային է փոխանցվել Ալեքսանդրետյան սանջակը Կիլիկիայի եւ Սիրիայի սահմաններին, որը հայերիս ավելի հայտնի է Մուսա Դաղ լեռամբ եւ շրջակայքի հայկական գյուղերով: Իսկ 1939-ի հոկտեմբերին արդեն, երբ սկսվել էր ԵՀ-ն նույն երեքի միջեւ, կնքվում է փոխօգնության մասին ամբողջական պայմանագիր, որի համաձայն կողմերը պարտավորվում են միմյանց օգնել, եթե ռազմական գործողություններ ծավալվեն Միջերկրական ծովում: Ընդ որում՝ թուրքական պայմանն այն էր, որ այս պայմանագիրը չի տարածվում Սովետական միության վրա, այսինքն՝ թուրքերը հատուկ շեշտում էին, որ չեն մասնակցելու հակասովետական հնարավոր գործողություններին: Եվ սա, ի դեպ, ըստ որոշ կարծիքների, գործնական հետեւանքներ ունեցավ, քանի որ 1939-40-ին անգլիացիների եւ ֆրանսիացիների մոտ կար Բաքվի ռմբակոծման ծրագիր, բայց դա իրացնելու համար անհրաժեշտ էր թուրքերի մասնակցությունը (տեսականորեն դիտարկվում էր նույնպես Այսրկովկաս ներխուժելու ծրագիրը):



Բնական է, որ այս քայլով Թուրքիան իրեն դնում էր Գերմանիայի հավանական թշնամիների շարքում, եւ բնական է, որ գերմանացիների մեծ ռազմական ծրագրերում ի հայտ է գալիս թուրքական խնդիրը: 

Բայց մյուս կողմից թուրքական ղեկավարությունը, իհարկե, այնքան հիմար չէր, որ իր ժողովրդին ներքաշեր պատերազմի մեջ հանուն մարդկության լուսավոր ապագայի՝ հատկապես խորապես գիտակցելով սեփական երկրի խոցելիությունն ու ռազմատեխնիկական խոր հետամնացությունը: Չնայած կնքած պայմանագրին՝ թուրքերը զգուշավոր քաղաքականություն էին վարում եւ դիվանագիտորեն «ցրում էին» անգլիացիների պահանջները՝ պաշտոնապես մտնել պատերազմի մեջ, չնայած այն բանին, որ դեռեւս 1942-ի առաջին կեսից բրիտանացիներն ու ամերիկացիները սկսել էին մատակարարել ժամանակակից ռազմական տեխնիկա եւ սպառազինություն՝ մերթընդմերթ օգտագործելով Թուրքիայի տարածքը (1943-ի ամառվանից սկսած) որպես ԽՍՀՄ-ի համար Լենդ Լիզի լրացուցիչ հարավային ճանապարհ: Թուրքական զգուշավորությունն աճում է գերմանական հաջողություններին զուգահեռ: Վերջապես 1941-ի հունիսի 18-ին Թուրքիան եւ Գերմանիան կնքում են չհարձակելու պակտ եւ պարտավորվում շարունակել Գերմանիայի համար ռազմավարական նշանակություն ունեցող որոշ ապրանքների արտահանումը: Չնայած սրան՝ Գերմանիայում չէին բացառում Թուրքիայի նկատմամբ ռազմական գործողությունների ծավալումը եւ համապատասխան ռազմական պլանների մշակումը: Օրինակ՝ հենց նույն 1942-ի ամռանը մշակվում է «Գերթրուդա»՝ Թուրքիա ներխուժելու գերմանական ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարության պլանը, որը ենթադրում էր, բացի գերմանական ուժերից, նաեւ դաշնակիցներ Բուլղարիայի եւ Իտալիայի լայն ներգրավվածություն, որոնք, նույնիսկ առանձին վերցրած, Թուրքիայի նկատմամբ ունեին ռազմատեխնիկական առավելություն: Բայց դա չի իրականանում Ստալինգրադի ճակատամարտում եւ Հյուսիսային Աֆրիկայում Գերմանիայի պարտության պատճառով: Ահա այսքան տարբեր կարող է լինել իրական պատմությունը քարոզչությունից: 

Սովետական քարոզչությունը պնդում է, որ Ստալինգրադի ճակատամարտը փրկեց հայերին թուրքական ներխուժումից, սակայն այն վարկածը, որ Ստալինգրադում գերմանացիների պարտությամբ Թուրքիան փրկվեց գերմանական ներխուժումից եւ մասնատումից՝ փաստագրական առումով ավելի ծանրակշիռ է: Ի վերջո, Թուրքիան 1942-ի վերջին գնում է համընդհանուր մոբիլիզացիայի բրիտանացիների խորհրդով եւ լուրջ նախապատրաստություններ է սկսում տեսնել Ստամբուլը, Թուրքիայի եվրոպական մասը եւ արեւմտյան ավազանն ամրապնդելու ուղղությամբ: Ընդ որում՝ ըստ որոշ պնդումների՝ գերմանացիները թուրքերի դեմ գործողությունները ենթադրում էին ոչ միայն Բուլղարիայի, այլեւ Հայաստանի տարածքից, երբ այն գրավվեր Գերմանիայի կողմից 1942-ին: Ի վերջո, կարեւորագույն ռազմավարական նպատակը ոչ միայն Բաքվի նավթին տիրանալն էր ու Սովետական միությանն այս ռեսուրսից կտրելը, այլեւ հարված հասցնելը բրիտանացիներին Թուրքիա, Իրաք եւ Սիրիա ներխուժելով, ինչը լրջորեն կբարդացներ բրիտանական դիրքերն ու թիկունքային ռազմավարական լոգիստիկան, որի շնորհիվ էլ դիմակայում էր բրիտանական հյուսիսաֆրիկյան ճակատը: 

Եվ հենց այստեղ էլ կարող է վերջապես պարզ դառնալ սովետական քարոզչության գաղտնիքը: Հավանաբար թուրքերն իրոք 1942-ի աշնանը որոշ չափով զորքեր էին կուտակում Սովետական միության հետ սահմանին, բայց ոչ թե Սովետական միության վրա հարձակվելու համար, ինչը բացառիկ անմտություն կլիներ թուրքերի կողմից, որոնք ռազմատեխնիկական տեսանկյունից փոքր պետության ներուժ ունեին, այլ գերմանական հնարավոր ներխուժմանը դիմակայելու համար՝ բրիտանացիների օգնությամբ, եթե գերմանացիներին հաջողվեր գրավել Կովկասը: Ցավոք, այս հարցերը մեր պատմագիտության մեջ գրեթե չեն քննարկվել պատճաշ մակարդակով, եւ մինչեւ այսօր հայ ժողովրդին հրամցվում են ստալինյան քարոզչության պարզունակ միֆերը փաստաթղթերով հաստատված վերլուծությունների ու իրողությունների փոխարեն: Այստեղ այս թեման թողնենք, քանի որ բավականաչափ նյութի, ցավոք, մենք էլ այս պահին չենք տիրապետում, բայց համենայնդեպս այսքանից հետո պարզ պետք է լինի եւս մեկ պատճառ, թե ինչու հայ գործիչները կարող էին եւ պետք է գործակցեին գերմանացիների հետ ԵՀ-ում: 

Վերջապես կարեւոր է հասկանալ, որ Գերմանիայի հետ գործակցող հայ գործիչների գոնե մի մասն ուներ մարտավարության եւս մեկ կարեւոր հիմնավորում: 

Ինչպես տեսանք նախորդ հատվածում, Գերմանիայի դաշնակիցները հիմնականում այն պետություններն էին, որոնք դժգոհ էին Առաջին համաշխարհայինի արդյունքներից, ասել է թե՝ ռեւիզիոնիզմի եւ նոր աշխարհակարգի ձգտող երկրներ: Դրանց մեջ, իհարկե, նախեւառաջ պարտվածներն էին, որոնց մեջ առաջինը հենց Գերմանիան էր, ապա՝ Հունգարիան, Բուլղարիան եւ այլն: Որքան էլ տարօրինակ է, այս ցուցակում էին նաեւ պատերազմում հաղթողները, որոնց մեջ առաջինն Իտալիան էր, ապա՝ Ռումինիան: Իտալական ամբողջ ֆաշիզմն ընդհանրապես կայացավ սկզբում որպես վետերանների բողոքի շարժում ընդդեմ Իտալիայի հանդեպ նրա դաշնակիցների անարդար վերաբերմունքի: Նրանք համարում էին, որ Անտանտի դաշնակիցներն անտեսում էին իտալական կենսական պահանջների մեծ մասը: Իտալիայի մասին ասում էին՝ հաղթողների մեջ պարտված: Առաջին համաշխարհայինի արդյունքում ստեղծված վիճակից դժգոհության հիմքը նաեւ խորվաթների, սլովակների, սլավոնացիների, ֆլանդրիացիների, բոսնիացիների, սլովենների գերմանասիրությունն էր, քանի որ այդ ազգերը ձգտում էին անկախության:

Բայց եթե կա աշխարհի երեսին մի ազգ, որն ամենից շատ պետք է դժգոհ մնար Առաջին համաշխարհայինի արդյունքներից, անշուտ՝ հայերն էին, որոնք ենթարկվել էին Ցեղասպանության եւ կորցրել հայրենիքի մեծ մասը՝ հավատալով Անտանտի խոստումներին: Հայերը, որոնք դիրքավորվում եւ ճանաչվում էին որպես Անտանտի դաշնակից: Եթե Իտալիան կարող էր իրեն համարել պարտված հաղթողների մեջ, ապա ի՞նչ պետք է իրենց համարեին հայերը: 

Եվ հայ գործիչների այն մասը, որոնք գործակցում էին Գերմանիայի հետ, հենց այս պարզ տրամաբանական մտորումն էին դնում իրենց դիրքորոշման հիմքում: Այս տրամաբանությամբ է գրված, օրինակ, Բեռլինում գործող Հայկական ազգային խորհրդի նախագահ Արտաշես Աբեղյանի խմբագրականը ԱԽ-ի պարբերական Հայաստանի առաջին համարում 1943-ին: Այս նույնն ավելի մանրամասն հիմնավորում է Հայկ Ասատրյանը «Հայաստանը որպես արիական նախադիրք» գրքում, որի առաջին մասն է միայն լույս տեսել, իսկ երկրորդի ճակատագիրը մնում է անհայտ: Այդ առաջին մասի զգալի հատվածը Հայկական հարցի պատմությանն է նվիրված որպես եվրոպական դիվանագիտության մաս: Թվում է պարզ ժամանակագրական շարադրանք, բայց հեղինակը ցույց է տալիս, թե ինչպես իր բնորոշմամբ «Հին Եվրոպան», այսինքն՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի գլխավորած Եվրոպան խոստումներ է շռայլում հայերին եւ ամեն անգամ հետեւողական դրժում այդ խոստումները: Կարելի է, իհարկե, վիճել Ասատրյանի հետ՝ ցույց տալով հայկական ընկալումների սխալները, հայկական քաղաքականության ձախողումները: Բայց մյուս կողմից Ասատրյանի տեսակետն այդ դաշտում չէ. նա ոչ թե նեղ իմաստով քաղաքական, այլ համակարգային սխալ է տեսնում «Հին Եվրոպայի» կրկնվող քաղաքականության մեջ հայերի նկատմամբ եւ դուռ է բացում ոչ միայն շատ ավելի լայն քաղաքակրթության, այլեւ քաղաքական քննարկման համար: Ինչո՞ւ նույնիսկ հակառակ իր կամքի «Հին Եվրոպան» անընդհատ դավաճանեց հայերին: Կա ի վերջո զարմանալի նմանություն հայկական եւ գերմանական ճակատագրերի միջեւ, որը բացահայտվում է, երբ իրերին սկսում ես նայել ավելի լայն՝ մեծ պատմական եւ քաղաքակրթական հեռանկարներից: Հայերը կարող էին շատ անգամ քաղաքականապես սխալվել, բայց այնպես չէ, որ հայերի նման այլ փոքր ազգերը չեն արել նույն սխալները. հայերը եզակի չեն այդ առումով: Բայց հայերը եզակի են մշտապես դավաճանված զգալու առումով: Ասատրյանի պատկերացրած «Նոր Եվրոպան», որը պետք է լիներ ոչ թե առանձին ազգային էգոիզմների, այլ քաղաքակրթական մեծ ինքնության հիմամբ արժեքային քաղաքականություն վարող Եվրոպա, պարտավոր էր արդար լուծում տալ Հայկական հարցին, որը, ըստ Ասատրյանի, եվրոպականության, եվրոպական քաղաքակրթության ֆորպոստն էր Ասիայում: Եվ կրկին կարելի է այս տեսակետի հետ բանավիճել, բայց մեր խնդիրն այժմ դա չէ, այլ այն, թե ինչ գաղափարական եւ արժեքային հիմք էր ընկած ԵՀ-ի շրջանի հայ-գերմանական գործակցության հիմքում: 

Ստացվում է պարադոքսալ իրավիճակ: Հայ ժողովրդի մեծ մասը մասնակցել է պատերազմին Սովետական միության կողմից ընդդեմ Գերմանիայի: Բայց հայ ժողովրդի այդ մեծամասնությունը չի էլ ունեցել ընտրության հնարավորություն: Հավանաբար, եթե դա լիներ, եթե Հայաստանը մնար անկախ պետություն, կարիք չէր էլ լինի որեւէ կողմին ընտրելու ԵՀ-ում, եւ Հայաստանը, գուցե Թուրքիայի պես մանեւրելով, կարողանար մնալ չեզոք՝ խուսափելով անիմաստ զոհերից: Հայ ժողովրդի տասնյակհազարավոր զոհեր որեւէ նպատակի համար, բացի ազգի ֆիզիկական գոյության կռվից, անիմաստ են, չեն կարող արդարացում ունենալ: 



Կար նաեւ փոքրամասնությունը, որը մասնակցեց պատերազմին Գերմանիայի կողմից: Այս ընտրությունը, ինչպես տեսանք, մասամբ ստիպողական էր, մասամբ էլ՝ գիտակցված՝ հիմնավորված ե՛ւ տեսականորեն, ե՛ւ գործնականորեն: Դուր գա որեւէ մեկին թե ոչ, բայց զարմանալիորեն ստացվում է, որ հենց այս փոքրամասնությունն էր ներկայացնում հայկական սուբյեկտությունն այդ տարիներին, որովհետեւ միայն դա ուներ ընտրելու հնարավորություն, եւ միայն դա էր, որի ընտրությունն ուներ նաեւ իրական հիմնավորումներ: Պարադոքսալ կերպով հայ ժողովրդի ինքնիշխանությունը 1940-ականներին սահմանափակվեց եւ դրսեւորվեց այս ընտրությամբ: 

Այսպիսով, տեսնում ենք, որ Երկրորդ համաշխարհայինում գերմանա-հայկական գործակցության այլընտրանքային զարգացման ոչ թե մեկ, այլ մի քանի հնարավոր այլընտրանքային տարբերակ կարող էր լինել: Դրանք ավելի մանրամասն գծելու համար պետք է առանձին էլ դիտարկեինք գերմանական քաղաքականությունը գրավված Արեւելքում: Դա սակայն մեր տեքստին կավելացներ եւս մեկ ծավալուն հատված: Միայն նշենք, որ գերմանական քաղաքականությունն այս հարցում աչքի չէր ընկնում միասնականությամբ եւ հետեւողականությամբ, ինչպես վկայում է արդի ակադեմիական պատմագիտությունը: Գերմանացիները չունեին նման քաղաքականության պատմական փորձ՝ ի տարբերություն բրիտանացիների, ռուսների եւ այլն: Մյուս կողմից էլ որոշումների ընդունման մեխանիզմը Երրորդ Ռայխում բավականին խճճված էր, եւ ի տարբերություն, օրինակ, նույն ստալինյան ԽՍՀՄ-ի՝ բազմակենտրոն էր: Դա արտահայտվեց նաեւ Գերմանիայի «արեւելյան քաղաքականությունում», ուր միմյանց հետ անընդհատ մրցակցության մեջ էին Ալֆրեդ Ռոզենբերգի Արեւելյան գրավյալ տարածքների նախարարությունը, ՍՍ-ը, Վերմախտը, Արտաքին գործերի նախարարությունը եւ այլն, եւ այլն: Մեկի համար, ինչպես օրինակ՝ Ռոզենբերգի, առաջնային էր խնդրի քաղաքական կողմը, եւ նրա տեսակետից պետք էր խրախուսել ուկրաինացիների ու կովկասցիների անկախության ձգտումները եւ միաժամանակ մերժել ռուսական էմիգրանտական խմբերի հավակնությունները «Նոր Ռուսաստան» ստեղծելու կարգախոսով: Սրան հակառակ, Վերմախտի շատ գեներալներ հակված էին գործակցել ռուսական հակաբոլշեւիկյան ուժերի հետ: Մյուսների համար էլ էական էր խնդրի տնտեսական կողմը եւ այլն: Այս եւ այլ հղացքներն անընդհատ բախվում էին միմյանց, եւ արդյունքը ոչ հետեւողական, ինքնահակասական քաղաքականությունն էր, որը շատ առումներով նպաստեց գերմանացիների պարտությանն արեւելքում: 

Մենք այդպես էլ չհասանք բուն այլընտրանքային պատմությանը: Ի՞նչ կլիներ Հայաստանի հետ, եթե Գերմանիան հաղթեր ԵՀ-ում՝ հարցի պատասխանին: Բայց հուսանք, ընթերցողն այս անգամ էլ կների մեզ՝ հաշվի առնելով, որ փոխարենը տվեցինք բավականաչափ նախնական նյութ ինքնուրույն մտածելու եւ պատկերացնելու համար: Այս թեման նրանցից չէ, որ հնարավոր լինի բացել միանգամից, «մեկ հպմամբ»: Մենք փորձեցինք նախ հետաքրքրություն առաջացնել: Գուցե մի օր մեկ այլ դիտանկյունից նորից անդրադառնանք սրան: Համենայնդեպս վստահ ենք, որ Հայաստանի անկախությունից համարյա 30 տարի անց վաղուց ժամանակն է, որ այս թեման հիմնովին վերաուսումնասիրվի մեզանում: Համաշխարհային պատմագիտությունն այսօր ահռելի նյութ է կուտակել, որից պարտավոր ենք օգտվել, իսկ մենք մինչեւ այսօր ծամծմում ենք հնամաշ պատկերացումները: Եվ սա զուտ գիտական հարց չէ, ինչպես նաեւ պատմական որեւէ հարց զուտ գիտական չէ, այլ քաղաքական: Հստակ պատկերացնելու համար մեր այսօրվա անելիքը, պետք է հնարավորինս ճշմարտությանը մոտ իմանանք մեզ հետ տեղի ունեցածն անցյալում, այս թվում նաեւ՝ այլընտրանքային հնարավորությունները:

Հեղինակ՝  Հրանտ Տէր-Աբրահամեան

Նկարազարդող՝  Դավիթ Փարթամյան

Ձեւավորումը՝  Աննա Աբրահամյանի,   Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝  Արա Թադեւոսյան

Նախագծի ձեւավորման համար օգտագործվել է Էմանուել Սարդարյանի լուսանկարը

Հոդվածը՝ Mediamax.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *