Երևանում քեֆերն ու զվարճանքները շարունակվում են նույն մոլեգնությամբ: Թքած ունենալու իրողությունը, որ արտահայտվեց նաև անցյալ տարի, շարունակում է ծաղկել նաև այսօր:
Մեր Ուղին
Մի զրույց կա, որ երբ 1453թ. թուրքերը արշավելով առաջ եկան ու մայիսին արդեն ձեռնարկել էին բյուզանդական կայսրության վերջին մարգարիտը՝ Կոստանդնուպոլիսը գրավելու փորձերը, բյուզանդացիները զբաղված էին հրեշտակների սեռերի մասին աստվածաբանական վեճերով:
Մի քիչ ավելի սթափ հայացքով դիտողի համար այս խոսքերը հնչում են որպես բացարձակ հիմարություն և եզրակացությունն այն է, որ պաթոլոգիկ ապուշ պիտի լինես, որ նման պահերին զբաղվես աստվածաբանական հարցերով, երբ թշնամին ուր որ է մտնելու է քաղաք:
Մենք չգիտենք, թե արդյո՞ք բյուզանդացիները 1453թ. մայիսին զբաղված էին նման հարցերով, թե ոչ, բայց հաստատ գիտենք, որ Բյուզանդիայում այնպիսի խայտառակ անվրդովություն և երկպառակություն էր տիրում, որ պարզապես իր նմանը չուներ:
Ինչևէ, բյուզանդացիներն իրենց սխալների համար վճարել են լիուլի: Նրանք այլևս չկան:
Վերադառնանք Հայաստան:
Օգոստոսի 1-ից ըստ էության ադրբեջանական ագրեսիան նորից մտել է կոշտ փուլ: Մենք արդեն իսկ ունենք զոհեր ու վիրավորներ, ադրբեջանցիները առաջ են գալիս: Կարելի է գուշակել, որ հարցի էությունը կրկին Զանգեզուրի միջանցքն է: Ադրբեջանցիները, ինչպես հայտնի է, պահանջում են, որ Զանգեզուրով ոչ թե ավտոճանապարհ անցնի, այլ Լաչինի միջանցքին հավասար կարգավիճակ ունեցող ճանապարհ: Հայերը համաձայնվել չեն ուզում, չհամաձայնվել չեն կարողանում և ահա ադրբեջանցիներն էլ անում են այն, ինչ իրենց առավել խելամիտ է թվում:
Բայց վերադառնանք ՀՀ:
Ի՞նչ է կատարվում ՀՀ-ում: Ինչպե՞ս են ՀՀ իշխանությունն ու ընդդիմությունն արձագանքում տեղի ունեցածին, ինչ է կարծում ՀՀ քաղաքացին ու ընդհանրապես ի՞նչ հետևանք ունի արցախյան հարցի ճգնաժամային սրացումը մեզ վրա որպես հասարակություն և պետություն:
Ամենից առաջ ՀՀ-ում շարունակվում է մեղադրանքների կատաղի փուլը: Իշխանությունն այս օրերին զարմանալիորեն կիսալուռ է, իսկ ընդդիմությունն էլ հայտարարում է, որ մանդատները դնում է ու դուրս գա ԱԺ-ից: Հասարակությունը հիասթափված է երկուսից էլ ու ելք չի տեսնում: Նաև աճում են այն մտայնությունները, որ Հայաստանն ի վիճակի չէ որևէ կերպ խանգարելու տեղի ունեցողին: Մի փոքր հույս կա, որ մեզ կօգնի Իրանը, քանի որ Զանգեզուրի միջանցք ասվածը նրան ևս ձեռք չի տալիս:
Այսինքն, խոշոր հաշվով մենք շարունակում ենք ոչինչ անել: Մեծ, բացարձակ զրո, որի հետևանքը նոր զոհերն են ու նոր վիրավորները, նոր կորուստները:
Հայաստանում մի քանի օր առաջ արգելվել էր մի քանի անձնանց մուտքը ՀՀ, որպես անցանկալի անձ: Մի կողմ թողնելով, թե ում և ինչու են արգելել, տեսանելի է, որ դրանից հետո կրկին հարց առաջացավ, թե արդյո՞ք սփյուռքահայերը պիտի խառնվեն ՀՀ ներքին գործերին, թե ոչ, ով որքան է հայրենասեր, և ով երբ ինչ պիտի անի, ինչքան անի: Հայհոյեցին իրար, մի քանի հոդված գրեցին: Ու մոռացան:
Հայաստանում կա քաղաքական կարճատև մոդա, երբ որևէ թեմա քննարկվում է այնքան, մինչև մի նոր բան է հայտնվում ու բոլորը սահուն կերպով անցնում են նոր թեմային:
Այս օրերին էլ Արցախում տեղի ունեցող դեպքերն են քննարկվում, առավելապես հայհոյանքի ու ծաղրի մակարդակով: Միջին վիճակագրական քաղաքացիներից շատերը նորմալ չգիտեն, թե ով ումից ինչ է ուզում: Պարզ է միայն, որ ադրբեջանցիները առաջ են գալիս:
Ահա սա է մեր «բյուզանդական անհոգությունը»:
Երևանում քեֆերն ու զվարճանքները շարունակվում են նույն մոլեգնությամբ: Թքած ունենալու իրողությունը, որ արտահայտվեց նաև անցյալ տարի, շարունակում է ծաղկել նաև այսօր:
Համերգներ, ուրախություններ, նոր մրցույթներ Տիկ-տոկում և Ինսթագրամում, հետաքրքիր պարեր և իհարկե էրոտիկա:
Մենք այս պահին գրեթե ոչինչ չենք հակադրում Ադրբեջանին: Չենք էլ կարող: Չի ստացվի տիկ-տոկյան կիսամերկ պարը հակադրել թուրքական Բայրաքթարին, որի հարվածի տեսանյութն ի դեպ կա համացանցում ու այն մեծ հաճույքով դիտում են ադրբեջանցիները, հիացմունքով «մաշալլահ» գոռալով:
Եվ այստեղ հարց է առաջանում, թե մեզ ուր է տանելու մեր իսկ վերաբերմունքը ընդհանրապես որևէ բանի հանդեպ:
Հասարակագետներից և պատմաբաններից ոմանք մինչև 2020թ. ավելի հակված էին այն մտքին, որ մեր հոգեբանական անտարբերությունը կցնցվի ու մենք ուշքի կգանք միայն ուժեղ ապտակի դեպքում: 2020թ. պատերազմը ապտակ չէր, անդամահատում էր: Ընդ որում մի քանի տեղից: Բայց մենք ոչ միայն ուշքի չեկանք, այլ ավելի խորացրինք մեր անպատասխանատու պահվածքը:
Իշխանություն-ընդդիմություն շուկայավարի պահվածքը միայն բավարար էր հասկանալու, թե ովքեր են հայտնվել ԱԺ-ում:
Մի՞թե գետի մեջ ալյուր են մաղում:
Հիմա մենք ի՞նչ ենք անելու: Ասենք, թե վաղը ադրբեջանական ագրեսիան թուլացավ ու հերթական զիջումներով էլի մի քանի շաբաթ հարաբերական անդորր տիրեց: Մենք երևի էլի շարունակելու ենք հայհոյել իրար, լավ ու վատ անել: Իշխանությունը, ինչպես միշտ, կհայտարարի, որ նախկինների արած թալանի հետևանքով ենք մենք հայտնվել այնպիսի վիճակում, որ գրեթե անհնար է դարձել որևէ ռեալ բան անելը(ընդհանրապես իշխանությունը արդեն սովորություն է դարձրել ամեն ինչ նախկինների վրա բարդելը: Այդ ձևաչափը կախարդական չէ ու արդեն զզվեցրել է շատ շատերին, բացի դրանից նաև պատասխանատվությունից փախչելու նման մի բան է):
Ընդդիմությունն էլ հերթական անգամ կհայտարարի, որ իշխանությունը դավաճան թրքամետ է ու էլի կսպառնա, որ մանդատները վայր են դնելու կամ նորից ցույցեր են անելու: Տիկ-տոկը կշարունակվի, մնացած ամեն ինչն էլ հետը: Մինչև ևս մեկ զոհ ու ևս մեկ գյուղի կորուստ: Իսկ այդ ընթացքում ադրբեջանցիները այնպես կշրջափակեն Արցախը, այնպես կվերցնեն բոլոր պետքական դիրքերը, որ Ստեփանակերտում ապրելը կդառնա արկածախնդրություն:
Ի դեպ ադրբեջանցիները մեզ ստորացնելու ևս մեկ միջոց ունեն: Նրանք հայտարարում են, որ Արցախը Ադրբեջանի անբաժան մաս է և այնտեղի բոլոր հայերը կարող են գալ ու հանգիստ ապրել, ոչ ոք նրանց չի նեղացնի, ընդհակառակը, նրանք հատուկ կարգավիճակ կունենան, կհամարվեն Ադրբեջանի քաղաքացիներ և կօգտվեն ամեն ինչից: Էլ Աստծուց կրակ եք ուզու՞մ: Այ սա ծաղր է: Ու բացի ծաղր լինելուց, նաև վտանգ:
Ավելի հոռետեսները ասում են, որ ադրբեջանցիները Արցախում, գոնե առաջիկա տարիներին հայերին բավական լավ կնայեն, որ ցույց տան, թե ինչ լավն են իրենք ու ինչ վատն են հայերը, որ հրաժարվում են խաղաղությունից:
Կարճ ասած մենք կեղտի մեջ ենք:
Արցախը կլինի ադրբեջանական թե ոչ, կախված է նաև մեզանից: Մենք չենք կարող դիտորդ լինել ու նայել մեկ ռուսի ձեռքին, մեկ իրանցու: Չենք կարող նաև սպասել, թե Շառլ Միշելը ինչ կասի, կամ միջազգային հանրությունը:
Իսկ եթե բոլորը կանգնեն և ասեն, որ Արցախը ադրբեջանական է: Մենք համաձայնվելո՞ւ ենք: Ի՞նչ ենք ուզում մենք ընդհանրապես: Ու ինչպես ենք պայքարելու ինչ որ խնդրի դեմ, եթե նույնիսկ իրար հետ խոսել չենք կարողանում: Եթե մեր ամեն բառը ուղղված է մեր դեմ, եթե մեր ցանկացած գործողություն ուղղված է մեր վրայից մեղքը գցելու ուրիշի ուսերին:
Եթե մենք էլի չկարողացանք ուշքի գալ, իսկ դրա համար նախ և առաջ գոնե իրար լսել է պետք, լռել է պետք(մեկ մեկ գոնե), ապա երբ նույնիսկ թուրքերը Երևան հասնեն, մենք շարունակելու ենք մեր ինքնասպան քաղաքականությունը, միայն թե «հաղթենք» դիմացի հային: Հայերը հիմա իրար դեմ են պայքարում ու իրար են հաղթում: Ու պարտվողը միշտ լինում է հայ ու էլի մեկ զոհ:
Հ.գ. իսկ հրեշտակները սեռ չունեն: