1918թ. հունիսի 13-ին «Մշակը» գրում էր, որ Ամենայն հայոց կաթողիկոսը պետք է դիմի «Եվրոպայում համայն հայության լիազոր» Պողոս Նուբար փաշային, որպեսզի վերջինս անմիջապես ընդգրկվի Պոլիս մեկնող պատվիրակության կազմում։
Բաթումի հաշտության պայմանագրի ընդունումից հետո այն պետք է վավերացվեր Կ.Պոլսում. արարողությանը մասնակցելու էր նաեւ Հայաստանի պատվիրակությունը։ Դեռեւս մայիսի վերջին որոշվել էր մեկ այլ պատվիրակություն ուղարկել Բեռլին Հայաստանի սահմանների ու անվտանգության խնդիրները գերմանական կառավարությանն առավել հանգամանալից ներկայացնելու համար։
Ինչպես գրում է Ալեքսանդր Խատիսյանը, Համո Օհանջանյանն ու Արշակ Զոհրապյանը կարողանում են «որոշ նպաստավոր տրամադրություններ ստեղծել գերմանական կառավարության մոտ»։ Արդյունքում որոշվում է Կենտրոնական ուժերի պետությունների եւ Անդրկովկասի հանրապետությունների մասնակցությամբ հունիսի 25-ին Կ.Պոլսում հրավիրել հատուկ խորհրդաժողով։ Վրաստանում գերմանական ուժերի հրամանատար ֆոն Կրեսսը խորհրդաժողովին մասնակցելու հրավերը հանձնում է Հայոց ազգային խորհրդի նախագահ Ավետիս Ահարոնյանին։
«Հասարակությունը չպետք է սնուցանե իրեն իլյուզիաներով»
Խատիսյանը նշում է, որ քննարկումների ժամանակ ընդհանուր կարծիք էր ձեւավորվել, թե Գերմանիան ցանկանում է վերանայել Բաթումի պայմանագիրը եւ վերադառնալ Բրեստ-Լիտովսկի պայմաններին։ Ազգային խորհրդի նիստում որոշվում է Պոլիս ուղարկել Ավետիս Ահարոնյանին, Միքայել Պապաջանյանին եւ Ալեքսանդր Խատիսյանին։ Թեեւ հայկական պատվիրակության կազմը հաստատում է Ազգային խորհուրդը, սակայն հայ հասարակական-քաղաքական շրջանակներում այն միանշանակ չի ընդունվում։
1918թ. հունիսի 13-ին «Մշակը» գրում էր, որ Ամենայն հայոց կաթողիկոսը պետք է դիմի «Եվրոպայում համայն հայության լիազոր» Պողոս Նուբար փաշային, որպեսզի վերջինս անմիջապես ընդգրկվի Պոլիս մեկնող պատվիրակության կազմում։ Բացի այդ, թերթի գլխավոր խմբագիր Համբարձում Առաքելյանը համոզված էր, որ ո՛չ Հայոց ազգային խորհուրդը եւ ոչ էլ նոր ձեւավորվող հայկական կառավարությունը չեն կարող հանդես գալ ողջ հայության անունից, հետեւաբար պատվիրակության կազմում պետք է լինի նաեւ Ամենայն հայոց կաթողիկոսը՝ «ոչ միայն իբրեւ եկեղեցու պետ, այլեւ հայության կողմից ընտրված եւ ճանաչված մի ներկայացուցիչ»։
Միաժամանակ «Մշակը» զգոնության կոչ էր անում հանրությանը՝ գրելով, թե մարդիկ ինչ-որ անակնկալ «բարիք են սպասում» Պոլսի խորհրդաժողովից։ «Հասարակությունը չպետք է սնուցանե իրեն իլյուզիաներով։ Կոնֆերենցիան գումարվում է, որպեսզի հունիսի 3-ին կնքված դաշնագիրը ենթարկե ռատիֆիկացիայի։ Գուցե մեր պատվիրակներին հաջողվի որեւէ թեթեւ փոփոխություն մտցնել մեր հայկական դաշնագրի մեջ, բայց ոչ մի տեղիք եւ առիթ չկա հուսալու, որ մի զգալի, շոշափելի փոփոխություն մտցվի դաշնագրի մեջ»,- գրում էր թերթը։
Ի տարբերություն հայերի՝ վրացիները բավականին լավատես էին եւ համոզված, որ Կ.Պոլսում հրավիրվող խորհրդաժողովը վկայում է, որ Վրաստանը մեկընդմիշտ անջատվել է Ռուսաստանից։ Բացի այդ, վրացիները վստահ էին, որ խորհրդաժողովը կզսպի թուրքերի ախորժակը, եւ Բաթումի պայմանագիրը կվերանայվի։ «Տրապիզոնի եւ Բաթումի բանակցությունների միջոցին Գերմանիան, Ավստրիան եւ Բուլղարիան հնարավորություն չունեին մասնակցելու հաշտության պայմանների մշակմանը։ Դրանով բացատրվում է նաեւ այն, որ Թուրքիան հաջողեցրեց այնքան ծանր հաշտություն կապել մի կողմից մեր, իսկ մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետության վզին»,- վրացական տեսակետն էր ներկայացնում «Հորիզոնը»։ Հույսեր կային, որ Գերմանիան թույլ չի տա իր դաշնակից Թուրքիայի ապօրինությունները Անդրկովկասում։
Հայերը նույնպես որոշակի հույսեր ու ակնկալիքներ ունեին խորհրդաժողովից։ Որքան էլ Թուրքիան ու Գերմանիան դաշնակիցներ լինեին, այնուամենայնիվ, վերջինս Եվրոպայի խոշոր եւ քաղաքակիրթ պետություններից մեկն էր, եւ հույս կար, որ հայերը կստանային նրա աջակցությունը։
«Հորիզոն», 25 հունիսի, 1918թ., թիվ 123
«Այսօր համոզված ու շիտակ մենք ուզում ենք թուրքերի հետ փոխադարձ հարգանքով եւ համերաշխությամբ աշխատել եւ գործել, ուզում ենք հուսալ, որ ապարդյուն չի լինի մեր այս ջանքը։ Եթե կա զորեղ եւ քաղաքակիրթ մի պատկառելի պետություն հանձին Գերմանիայի, որը Թուրքիայի հզոր դաշնակիցը լինելով տրամադիր է իր աջակցությունը ցույց տալու մեզ, մի՞թե կարող է այդ քայլը որեւէ վերաբերմունքի հանդիպել մեր կողմից, բացի անկեղծ շնորհակալությունից»։
«Երեւույթը նոր էր ու երկյուղալի»
Վրացական պատվիրակությունը եւ հայկական պատվիրակության մի մասը՝ Խատիսյանը, գեներալ Ղորղանյանը եւ Ահարոնյանը հունիսի 14-ին մեկնում են Փոթի, այնտեղից՝ Կոնստանցա ու Պոլիս։ Մի քանի օր անց՝ հունիսի 20-ին, Բաթումից Պոլիս են մեկնում նաեւ Պապաջանյանը, Բունիաթյանը եւ Թախտաջյանը, ինչպես նաեւ՝ Ադրբեջանի (կառավարության անդամներ Ռասուլզադեն, Խասմամեդովը եւ Սաֆիքյուրդսկին) եւ Դաղստանի պատվիրակները։
Խատիսյանը գրում է, որ հենց նավի վրա իրենց դիմավորում եւ ողջունում է Հունաստանում Թուրքիայի նախկին դեսպան Մուխթար փաշան եւ ուղեկցում Թոքատլյանի պանդոկը, որտեղ պետք է հանգրվանեին հայ պատվիրակները։
«Կա՛մ Հայաստանը պիտի ապրի, այն ատեն տվեք անոր հարմար սահմաններ, կամ պիտի չապրի, այն ատեն մեր խոսակցությունները ավելորդ են»
«Ուշադրությամբ կդիտեինք քարափը հավաքված ամբոխի դեմքերը եւ չէինք կրնար գտնել հայեր, որոնցմե ոչ ոք հանդգնություն ունեցած էր բացարձակ կերպով դիմավորելու Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները։ Երեւույթը դեռ շատ նոր էր ու երկյուղալի։ Պատերազմը դեռ վերջացած չէր, բոլորն ալ զգուշավոր էին։ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներու գալուստը, ինչպես հետո իմացանք, շատերուն կթվեր երազ. բոլորի հիշողության մեջ դեռ թարմ էին մեծ աղետի զարհուրելի պատկերները, եւ ո՞ր հայը կրնար հավատալ, թե այդ սարսափներեն ետք իր առջեւ պիտի գտնե Հայաստանի Հանրապետության նախարարները» (Ալեքսանդր Խատիսյան, Չորս ամիս Կ. Պոլսո մեջ (1918 հունիս 15 – նոյեմբեր 1), Հայրենիք, թիվ 2, 1924թ. Բոստոն):
Պոլսում հայկական պատվիրակությունն առաջին հերթին հանդիպում է Խալիլ բեյի հետ, որը Թուրքիայի արդարադատության նախարարն էր եւ նախագահել էր Բաթումի բանակցություններում։ Հայկական կողմը փորձում էր բարելավել Հայաստանի սահմանային իրավիճակը. «Կա՛մ Հայաստանը պիտի ապրի, այն ատեն տվեք անոր հարմար սահմաններ, կամ պիտի չապրի, այն ատեն մեր խոսակցությունները ավելորդ են»։ Սահմանները բարելավելու հայերի ցանկությունը հանդիպում էր թուրքերի դիմադրությանը. Հայաստանը քիչ թե շատ կենսունակ պետություն դարձնելու համար հայկական պատվիրակությունը պահանջում էր Լոռու, Ախալքալաքի, Զանգեզուրի, Ղարաբաղի հայաբնակ շրջանների միացումը Հայաստանին։ Այդ նպատակով կազմվում է հատուկ տեղեկանք, որի աշխատանքներն իրականացնում էին գեներալ Ղորղանյանը, Բունիաթյանը եւ Ալեքսանդր Խատիսյանի եղբայրը՝ Գեւորգը։ Բանակցության ընթացքում կողմերն ամբողջովին չէին ներկայացնում իրենց նպատակները, սակայն երբ քարտեզները հրապարակվում են, պարզվում է, որ նշված տարածքների նկատմամբ հավակնություններ ունեին նաեւ Վրաստանն ու Ադրբեջանը։
«Հրապարակ կու գար ներքին վտանգավոր հակամարտություն մը, որ հետո արտահայտվեցավ հայ-վրացական եւ հայ-ադրբեջանական ընդհարումներու միջոցով, որ այսօր ժամանակավոր կերպով զսպված է եւ որ վաղը հավանաբար նորեն հրապարակ գա այս կամ այն եղանակով»,- գրում էր Խատիսյանը։
Սուրերու հովանու տակ կգտնես քո հանգիստը
1918թ. հունիսի վերջին հայկական պատվիրակները հանդիպում են Թալեաթի եւ Էնվերի հետ։ Առաջինի հետ քննարկվում է Ցեղասպանության հարցը. Թալեաթը ամբողջ պատասխանատվությունը դնում էր զինվորական իշխանության եւ քրդերի վրա։
Էնվերի հետ հանդիպումը տեղի է ունենում Բայազիդի հրապարակում, որտեղ տեղակայված էր Ռազմական նախարարությունը։ Ընդունելության դահլիճի պատին արաբերեն գրված էր. «Սուրերու հովանու տակ կգտնես քո հանգիստը»։
Նկարագրելով Էնվերի հանգիստ, զուսպ պահվածքն ու գրավիչ արտաքինը՝ Խատիսյանը գրում է, որ դժվար էր հավատալ, թե այդպիսի մարդը կարող է հարյուր հազարավոր անմեղների մահվան գիրկն ուղարկել։ «Այդքան խաբուսիկ է թուրքերուն երեւույթը. ատոր համար է, որ եվրոպացիները այնքան դյուրավ կխաբվին անոնց անուշ ու գրավիչ ձեւերեն»։
Քննարկվում է գաղթականների վերադարձի հարցը, եւ Էնվերը հայտարարում է, որ գրավված շրջանների մահմեդականները չեն ուզում, որ հայ փախստականները վերադառնան, եւ իրենք չեն կարող երաշխավորել նրանց անվտանգությունը։ Բացի այդ, ռազմական նախարարն ասում էր, որ հայերը դեռ պատերազմում են թուրքերի դեմ՝ նկատի ունենալով Բաքվի պաշտպանների շարքերում կռվող հայ կամավորականներին։ Էնվերն անընդունելի է համարում նաեւ սահմանների փոփոխությունը, ըստ նրա՝ իրենք արել էին հնարավորը եւ այժմ անհնարին էր Կարսի, Արդահանի եւ Բաթումի վերադարձը։
«Մեր առարկություններունն՝ Հայաստանի սահմաններու չափազանց նեղ ըլլալուն եւ հայ ժողովրդի պատմական իրավունքներուն մասին, Էնվեր փաշան պատասխանեց. «Օ՜, ես լավ գիտեմ, որ անգամ մը ազատություն ճաշակած ժողովուրդ մը երբեք չի կրնար անկե հրաժարիլ»»,- հիշում է Խատիսյանը։
Հայկական պատվիրակությունը Պոլսում մնում է մինչեւ աշուն, բանակցություններն էական արդյունք չեն տալիս, թեեւ հանդիպումներ են լինում Ավստրիայի, Գերմանիայի, Շվեդիայի եւ եվրոպական այլ երկրների ներկայացուցիչների հետ։ Միայն 1918թ. հոկտեմբերին Կենտրոնական ուժերի պարտությունից, զինադադարի կնքումից ու Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո հայկական պատվիրակությունը վերադառնում է Երեւան։
***
Նախագծի վրա աշխատել են՝ Միքայել Յալանուզյանը, Մարի Թարյանը, Լուսինե Ղարիբյանը
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Հոդվածը՝ Mediamax.am կայքից։