Հայաստան

Վերլուծենք, Որ «Մարսենք»…

Մի՞թե 44-օրյա պատերազմը ձեզ չստիպեց վերանայել ձեր պաշտպանության կարիքներն ու անվտանգային համակարգի հրամայականը…

Դավիթ Կարապետյան

Մտքի գոհարների ու քայլերի տրամաբանության հետքերով…

Այն, որ լավ ինստրուկտաժով, գծած-գրած տեքստով «գերագույն գլխավորը» Կառավարության նիստում «ֆուրոր արեց»՝ «ռուսի պորտը տեղը դրեց», ազերբաշի ականջն էլ ասելիքով «ձգեց»՝ ազգահաճո էր…

Համենայն դեպս, խոսքի մակարդակով, որը միակն է, որ մեզ մոտ լավ է ստացվում, շեշտվեց, որ Ադրբեջանը պետք է հարգի 3 առանցքային իրողություն՝
▪️«Լեռնային Ղարաբաղի» որպես սուբյեկտի գոյությունը
▪️Շփման գծի առկայության փաստը
▪️«Լաչինի միջանցք»-ի անխափան գործումը և վերջինիս կարգավիճակը

Իսկ «սիրուն», բայց ուշացած հայտարարություններից անդին կա տհաճ ու աններելի իրողություններ, որոնց մասին միանշանակ պետք է բարձրաձայնել…

  1. Ու՞մ մեղքով է, և ո՞վ պետք է պատժվի նրա համար, որ պատերազմից 2 տարի անց դեռևս Արցախի ու Հայաստանի օդը փակ չէ: Որ մինչ այսօր ձեռք չի բերվել ՀՕՊ համակարգեր, կամ դրանք առկա են, բայց չեն գործածվում, որի արդյունքում այսօր «Բայրաքթարը» ազատ ճախրում է Արցախի երկնակամարում ու գերճշգրտությամբ կատարում իր առաքելությունը:

Մի՞թե արդեն իսկ չպետք է լուծված լիներ այս հարցը ու «Բայրաքթարը» այլևս չլիներ մեր ահուսարսափը, հիմնական գործիքը թշնամու ձեռքին…
Մի՞թե 44-օրյա պատերազմը ձեզ չստիպեց վերանայել ձեր պաշտպանության կարիքներն ու անվտանգային համակարգի հրամայականը…

Մի՞թե Դավիթ Տոնոյանի՝ ԱԹՍ-ների մասին լոփո-լոփո խոսելը ձեզ համար այսօր սթափվելու ու ռազմաքաղաքական խնդիրները վերանայելու առիթ չդարձավ…

Անցած տարի, էքսպոներով ցուցադրում էիք հայկական արտադրության ԱԹՍ-ներ, կամիկաձեներ, ՌԷՊ համակարգեր, Հնդկաստանի հետ բանակցում էիք ԱԹՍ-ներ ձեռք բերելու մասով, ավելին՝ այս տարվա հունիսին ՀՀ ՊՆ պատվիրակությունով, զենք գնելու ցուցակով այցելել էիք Հնդկաստան։

Էլ չեմ ասում, այն, որ դեռևս 2020 թվականին դուք 40 միլիոն դոլարի գործարք եք կնքել Հնդկաստանի հետ՝ հնդկական չորս «SWATHI» ռադարների մատակարարման համար։

Բա այս ամենի արդյունքը ե՞րբ ենք տեսնելու…
Թե՞ դրանք էլ են կոկիկ ու խնամքով պահված կարգոյի պահեստներում…
Դիտարկե՞մ, որ այս ամենը հատուկ եք անում…

Դուք այս ժամանակահատվածում պարտավոր էիք մինիմում գոնե ապահովել մեզ հակաօդային պաշտպանական համակարգերով ու գոնե ձևի համար ձեռք բերել մի քանի ԱԹՍ…

Կամ տվեք գնահատական, թե այդ ինչպե՞ս է լինում, որ Հայաստանի ՀՕՊ-ը, որը 2016-ից սկսած համատեղված է ու միացյալ ռուսականի հետ, հետևաբար՝ Ռուսաստանը միանշանակ կարող էր ու պարտավոր էր գործարկել ՀՕՊ համակարգերը Արցախի երկինքը փակելու ու պաշտպանելու համար, մասնավորապես՝ այն երկինքը, որն առնվազն գտնվում է Արցախի ռուսական պատասխանատվության գոտու շփման գծի վրա տեղակայված Արցախի ՊԲ դիրքերի գլխավերևում՝ գործի չդրվեց…

Չէ՞ որ այս համակարգերը կարող են կանխարգելել, ավելին՝ նախապես վերացնել այն ԱԹՍ-ները, որոնք ավելի հեռվից՝ ադրբեջանական վերահսկողության գոտուց ակնհայտորեն գալիս մոտենում կամ ներխուժում են Արցախի երկինք…

Այդ ինչպե՞ս է լինում, որ այս ամենը կա, բայց երեք օր առաջ «Բայրաքթարները» անարգել հատում են ռուսական պատասխանատվության գոտին, հարվածում Արցախի ՊԲ դիրքերին՝ պատճառելով զոհեր ու երկու տասնյակ վիրավորներ…

Իսկ Ադրբեջանն այդպիսի 3 տեսանյութ է հրապարակել՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու…

Հետևաբար՝ ինչու՞ չաշխատեց հայ-ռուսական միացյալ ՀՕՊ-ը…

Այս մասով ո՞վ է կրում պատասխանատությունն իր ողջ հետևանքներով՝ կարծում եմ պարզ է…

  1. Ինչու առ այսօր կահավորած չէ թե՛ առաջնագիծը և թե՛ շփման գիծը…

Ֆինանսների կառավարումը, ճի՞շտ է կատարվում, դրանց բաշխումը արդարացվա՞ծ է…

Երբ Քոչարյանի հետ գործարք իրականացնելով թանկարժեք Տոյոտաներով եք ապահովում մարզերի ճանապարհային ոստիկաններին՝ դա է առաջնահե՞րթ է ու օրհասակա՞ն, թե՞ շփման գծի վրա նպատակահարմար չէ փող ծախսել, կահավորել…
մեկ էլ տեսար էլի բնագիծ կրկին փոխվի, ափսոս է, փողը հանկարծ ջուրը կընկնի…

  1. Հայկական զորքերի դուրսբերման և ՊԲ բանակի վերացման մասով.

Նախորդ հոդվածումս մանրակրկիտ ներկայացրել եմ այս պահանջների անհեթեթ ու ոչ լեգիտիմ լինելը:

Ի լրումն ասածներիս հավելեմ, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 4-րդ պարբերությունը սերտորեն կապված է փաստաթղթի նախորդող՝ 3-րդ կետի հետ, որն ըստ էության հստակ մերժում է փաստաթղթի վերոնշյալ կետերի ադրբեջանական «որպես փաստ» մեկնաբանությունը։

Այս կետերով հստակ սահմանվում է ԼՂՀ-ում ռուս խաղապահների տեղակայման վայրերի աշխարհագրությունը, հետևաբար, դրանով իսկ պայնանավորված էլ՝ հետագայում հայկական զորքերի դուրսբերման աշխարհագրությունը։

Շփման գիծը և Լաչինի միջանցքն այնտեղ նշված են որպես՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման տարածքներ։

Այսինքն՝ 4-րդ կետով հաստատվում է հայկական զինված ուժերի դուրսբերումը ո՛չ թե ամբողջ Լեռնային Ղարաբաղից, այլ այն վայրերից, որտեղ կոնկրետ տեղակայված է ռուսական խաղաղապահ կոնտինգենտը։

Քանի որ խաղաղապահները տեղակայված չեն շփման գծի ողջ երկայնքով, ինչը անհնարին է կոնտինգենտի սակավաթիվ լինելու պատճառով, ապա Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներն իրավունք ունեն և պետք է մարտական ​​հերթապահություն իրականացնեն շփման գծի մեծ մասում, եթե ոչ ողջ երկայնքով։

Եվ առհասարակ.
նոյեմբերի 9-ի Հայտարարության մեջ ո՛չ մի խոսք չկա Արցախի Հանրապետության ապառազմականացման և հանրապետությունից զինված ուժերի դուրսբերման մասին:

Իսկ «գերագույն գլխավորը» վերը նշածս բարձրաձայնելու ու վերստին այս փաստը ֆիքսելու փոխարեն, հայտարարում է, թե ՌԴ-ի և Ադրբեջանի կողմից երաշխիքների տրամադրման պարագայում այլևս կարիք չի լինի Արցախի ՊԲ-ի առկայությունը սահմաններին ու շփման գծում…

Կատարյալ փնթի, ապազգային հայտարարություն…

Նույնիսկ երաշխիքների տրամադրման դեպքում, որը նոնսենս է, Արցախի ՊԲ-ն պետք է մշտապես իր ներկայությունը ապահովի շփման գծի/սահմանի ամբողջ երկայնքով:

Իսկ ինչ վերաբերում է «գերագույնի»՝ անվտանգության երաշխիքներով ճանապարհներ տրամադրելու պատրաստակամությանը, ապա, այո՛, համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված՝ տարածաշրջանի ճանապարհների ու ենթակառուցվածքների ապաշրջափակման դրույթն ի կատար ածվելու պարագայում՝ ՀՀ մուտքն ու ելքը պետք է կատարվի բացառապես հհ մաքսային ու հարկային օրենքներին համապատասխան:

Ադրբեջանի արևմտյան հատվածներից
Նախիջևան և հակառակ ուղղությամբ երթևեկությունն իր սուվերեն տարածքով, մաքսային ու հարկային օրենքներին համապատասխան ստանդարտ ընթացակարգերով ինչպես ապահովում է Իրանի Իսլամական Հանրապետությունը, նույնկերպ էլ Հայաստանի Հանրապետությունը կարող է ալտերնատիվ լինել Իրանին և տրամադրել իր սուվերեն տարածքով, իր վերահսկողությամբ, մաքսային ու անձնագրային կանոնադրություններին համաձայն ելք ու մուտք:

Ինչևէ, ասողին լսող է պետք, լսողին էլ՝ ուղեղ ու գիտելիք, կամք ու ցանկություն…

Մի՞թե այսքան արհավիրքներից հետո հետևություններ չեք արել, դասեր չեք քաղել, չեք խրատվել…

Մի՞թե չգիտեք այն պարզ բանաձևը, որ եթե ուզում ես խաղաղություն, իսկ քո դեպքում այն էլ՝ «խաղաղության դարաշրջանի հաստատում, դու էլ՝ խաղաղաբեր մեսսիա», ապա պատրաստվի՛ր պատերազմի: Կունենաս խաղաղություն, եթե պատրաստ ես պատերազմի…

Ե՞րբ եք ի վերջո հասկանալու, որ «Մենք բարեկամ չունենք և չենք էլ կարող ունենալ, քանի որ նախ մենք ինքներս մեզ բարեկամ չենք։ Որ մեր թշվառ վիճակը մենք ինքներս ենք ստեղծել մեզ համար, ուրիշ ոչ ոք մեղավոր չէ».․.

Գրառումը՝ Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *