Հայաստան

Առերեսում Իրականության Հետ

կայքի համար՝

Ինքնախաբեության ռեժիմը միացրած՝ պատրանքային մի երազի մեջ էինք, 20-22 տարի, մինչև Նոյեմբերի 9-ը մեզ սթափեցրեց՝ դաժան իրականության հետ անցանկալի առերեսմամբ:

Սուրեն Սուրենյանց

Մինչև պարտության դառնության տհաճությունը չզգանք, չենք գիտակցելու պետություն ունենալու քաղցրությունը

Մեր հասարակության մի զգալի հատված կասկածի տակ է դնում ռուսական խաղաղապահ առաքելության բարեխղճությունը ու օբյեկտիվ է այդ հարցում:
Հասարակության այլ հատված քննադատում է Արևմուտքի «անտարբերությունը» ու դարձյալ օբյեկտիվ է:
Բայց երկու հատվածների տրամադրություններն էլ որևէ իրական աղերս չունեն իրական քաղաքականության, քաղաքական ռեալիզմի հետ:
Ոչ պետական ժողովուրդներն են ապրում իրենցից դուրս մեղավորներ փնտրելու, այդ մեղավորների համատեքստում նոր արտաքին «փրկիչներ» գտնելու բարդույթով:
Խնդիրը՝ մեր մեջ է, մեր մտածողության, արժեքային համակարգի:
Ոչ ոք մեզ չէր խանգարում արցախյան առաջին պատերազմի հաղթանակից հետո արժանապատիվ խաղաղության օրակարգով գնալ ինստիտուցիոնալ խաղաղության ու ունենալ բնականոն հարաբերություններ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ:
Չգնացինք, որովհետև ապրում էինք «8000 քառակուսի կմ Արցախի», «մեր բանակի անպարտելիության», «ոչխար թշնամու» կեղծ թեզերով:
Ինքնախաբեության ռեժիմը միացրած՝ պատրանքային մի երազի մեջ էինք, 20-22 տարի, մինչև Նոյեմբերի 9-ը մեզ սթափեցրեց՝ դաժան իրականության հետ անցանկալի առերեսմամբ:
Նույնիսկ հիմա հրաժարվում ենք առերեսվել պարտության փաստի հետ՝ անպատասխանատու կեցվածքով հետաձգելով լուծումներ գտնելու անհրաժեշտությունը:
Հակառակ պարագայում, լուրջ դեմքով չէինք խոսի ժամանակ շահելու ու մեր բանակը ոտքի կանգնեցնելու մասին: Մեր անվտանգության երաշխիքը ոչ թե բանակն է՝ մեր կամ ուրիշի(ռուսի, ամերիկացու, ֆրանսիացու), այլ՝ ժամանակակից պետություն ունենալը ու հարևան երկրների հետ խաղաղ գոյակցության մեջ ապրելը(սա չի նշանակում հրաժարում նորմալ բանակ ունենալու գաղափարից):
Դրա համար թուրքի ու ադրբեջանցու հետ խոսել է պետք՝ շիտակ, անկեղծ, իրական, այսօրվա, ոչ թե պատմական, «մեծ», գոյություն չունեցող Հայաստանի դիրքերից:
Գեոպոլիտիկայի մեջ քիչ մտեք:
Աշխարհակարգի հարցը մեզանից կախված չէ, մի Բերձոր ու Աղավնո պահելու անկարողության բարդույթով՝ մի խցկվեք Մոսկվայի ու Վաշինգտոնի հարաբերությունների արանքում:
Ես երբեք ռուսական քաղաքական մշակույթը, կայսերական ամբիցիաները չեմ ընդունել, բայց դա չի նշանակում, որ կարող եմ մեր տարածաշրջանում ռուսական շահերը չճանաչելու ամբարտավանություն ունենալ:
Ասածս այն է, որ Մոսկվան այս տարածաշրջանից շուտ չի հեռանալու, բայց դա ամենևին չի նշանակում, որ մենք ռուսներին պետք է պատվիրակենք Բաքվի ու Անկարայի հետ խոսելու մեր իրավունքը, պետական հանձնառությունը:
Բերձորի, Աղավնոյի, Լաչինի միջանցքի նոր երթուղու մասին:
Մանկամտություն է Նոյեմբերի 9-ի թղթից կառչելը ու երեք տարվա մասին անընդհատ հիշատակումը, որովհետև մեկ տարվա մեջ այնպիսի մի հրաշք չի լինելու, որ կասկածի տակ կարող է դնել Նոյեմբերի 9-ի ստատուս- քվոն:
Պարտության փաստի հետ ինչքան շուտ առերեսվենք, այնքան շուտ կարող ենք Հայաստանի զարգացման, մրցունակ պետություն ստեղծելու մասին մտածել:
Մինչև պարտության դառնության տհաճությունը չզգանք, չենք գիտակցելու պետություն ունենալու քաղցրությունը:
Մերը Հայաստանի Հանրապետությունն է, որի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պետք է պահպանենք աչքի լույսի պես:
Արցախի ժողովրդի անվտանգության հարցը Ստեփանակերտի ու Բաքվի դիալոգի տիրույթում է, որի կայացմանը ակտիվորեն պետք է նպաստի Հայաստանի դիվանագիտությունը՝ հայ- ադրբեջանական երկխոսությամբ, միջազգային ու տարածաշրջանային խաղացողների, նաև Ռուսաստանի աջակցությամբ:
Հայաստանի Հանրապետության շահն՝ առաջին տեղում:

Գրառումը՝ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *