28.3 C
Yerevan

Հանրա­պե­տություն

1918թ. հունի­սի 13-ին «Մշա­կը» գրում էր, որ Ամե­նայն հայոց կաթո­ղի­կո­սը պետք է դիմի «Եվրո­պա­յում համայն հայության լիա­զոր» Պողոս Նուբար փաշա­յին, որպեսզի վերջինս անմի­ջա­պես ընդգրկվի Պոլիս մեկնող պատվի­րա­կության կազմում։

Բաթումի հաշտության պայմա­նագրի ընդունումից հետո այն պետք է վավե­րացվեր Կ.Պոլսում. արա­րո­ղությա­նը մասնակցե­լու էր նաեւ Հայաստա­նի պատվի­րա­կությունը։ Դեռեւս մայի­սի վերջին որոշվել էր մեկ այլ պատվի­րա­կություն ուղարկել Բեռլին Հայաստա­նի սահմաննե­րի ու անվտանգության խնդիրնե­րը գերմա­նա­կան կառա­վա­րությանն առա­վել հանգա­մա­նա­լից ներկա­յացնե­լու համար։

Ինչպես գրում է Ալեքսանդր Խատիսյա­նը, Համո Օհանջանյանն ու Արշակ Զոհրապյա­նը կարո­ղա­նում են «որոշ նպաստա­վոր տրա­մադրություններ ստեղծել գերմա­նա­կան կառա­վա­րության մոտ»։ Արդյունքում որոշվում է Կենտրո­նա­կան ուժե­րի պետություննե­րի եւ Անդրկովկա­սի հանրա­պե­տություննե­րի մասնակցությամբ հունի­սի 25-ին Կ.Պոլսում հրա­վի­րել հատուկ խորհրդա­ժո­ղով։ Վրաստա­նում գերմա­նա­կան ուժե­րի հրա­մա­նա­տար ֆոն Կրեսսը խորհրդա­ժո­ղո­վին մասնակցե­լու հրա­վե­րը հանձնում է Հայոց ազգա­յին խորհրդի նախա­գահ Ավե­տիս Ահա­րոնյա­նին։

«Հասա­րա­կությունը չպետք է սնուցա­նե իրեն իլյուզիա­նե­րով»

Խատիսյա­նը նշում է, որ քննարկումնե­րի ժամա­նակ ընդհա­նուր կարծիք էր ձեւա­վորվել, թե Գերմա­նիան ցանկա­նում է վերա­նա­յել Բաթումի պայմա­նա­գի­րը եւ վերա­դառնալ Բրեստ-Լիտովսկի պայմաննե­րին։ Ազգա­յին խորհրդի նիստում որոշվում է Պոլիս ուղարկել Ավե­տիս Ահա­րոնյա­նին, Միքա­յել Պապա­ջանյա­նին եւ Ալեքսանդր Խատիսյա­նին։ Թեեւ հայկա­կան պատվի­րա­կության կազմը հաստա­տում է Ազգա­յին խորհուրդը, սակայն հայ հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան շրջա­նակնե­րում այն միանշա­նակ չի ընդունվում։

1918թ. հունի­սի 13-ին «Մշա­կը» գրում էր, որ Ամե­նայն հայոց կաթո­ղի­կո­սը պետք է դիմի «Եվրո­պա­յում համայն հայության լիա­զոր» Պողոս Նուբար փաշա­յին, որպեսզի վերջինս անմի­ջա­պես ընդգրկվի Պոլիս մեկնող պատվի­րա­կության կազմում։ Բացի այդ, թերթի գլխա­վոր խմբա­գիր Համբարձում Առա­քելյա­նը համոզված էր, որ ո՛չ Հայոց ազգա­յին խորհուրդը եւ ոչ էլ նոր ձեւա­վորվող հայկա­կան կառա­վա­րությունը չեն կարող հանդես գալ ողջ հայության անունից, հետեւա­բար պատվի­րա­կության կազմում պետք է լինի նաեւ Ամե­նայն հայոց կաթո­ղի­կո­սը՝ «ոչ միայն իբրեւ եկե­ղե­ցու պետ, այլեւ հայության կողմից ընտրված եւ ճանաչված մի ներկա­յա­ցուցիչ»։

Միա­ժա­մա­նակ «Մշա­կը» զգո­նության կոչ էր անում հանրությա­նը՝ գրե­լով, թե մարդիկ ինչ-որ անակնկալ «բարիք են սպա­սում» Պոլսի խորհրդա­ժո­ղո­վից։ «Հասա­րա­կությունը չպետք է սնուցա­նե իրեն իլյուզիա­նե­րով։ Կոնֆե­րենցիան գումարվում է, որպեսզի հունի­սի 3‑ին կնքված դաշնա­գի­րը ենթարկե ռատիֆի­կա­ցիա­յի։ Գուցե մեր պատվի­րակնե­րին հաջողվի որեւէ թեթեւ փոփո­խություն մտցնել մեր հայկա­կան դաշնագրի մեջ, բայց ոչ մի տեղիք եւ առիթ չկա հուսա­լու, որ մի զգա­լի, շոշա­փե­լի փոփո­խություն մտցվի դաշնագրի մեջ»,- գրում էր թերթը։

Ի տարբե­րություն հայե­րի՝ վրա­ցի­նե­րը բավա­կա­նին լավա­տես էին եւ համոզված, որ Կ.Պոլսում հրա­վիրվող խորհրդա­ժո­ղո­վը վկա­յում է, որ Վրաստա­նը մեկընդմիշտ անջատվել է Ռուսաստա­նից։ Բացի այդ, վրա­ցի­նե­րը վստահ էին, որ խորհրդա­ժո­ղո­վը կզսպի թուրքե­րի ախորժա­կը, եւ Բաթումի պայմա­նա­գի­րը կվե­րա­նայվի։ «Տրա­պի­զո­նի եւ Բաթումի բանակցություննե­րի միջո­ցին Գերմա­նիան, Ավստրիան եւ Բուլղա­րիան հնա­րա­վո­րություն չունեին մասնակցե­լու հաշտության պայմաննե­րի մշակմա­նը։ Դրա­նով բացատրվում է նաեւ այն, որ Թուրքիան հաջո­ղեցրեց այնքան ծանր հաշտություն կապել մի կողմից մեր, իսկ մյուս կողմից՝ Հայաստա­նի Հանրա­պե­տության վզին»,- վրա­ցա­կան տեսա­կետն էր ներկա­յացնում «Հորի­զո­նը»։ Հույսեր կային, որ Գերմա­նիան թույլ չի տա իր դաշնա­կից Թուրքիա­յի ապօ­րի­նություննե­րը Անդրկովկա­սում։

Հայե­րը նույնպես որո­շա­կի հույսեր ու ակնկա­լիքներ ունեին խորհրդա­ժո­ղո­վից։ Որքան էլ Թուրքիան ու Գերմա­նիան դաշնա­կիցներ լինեին, այնուա­մե­նայնիվ, վերջինս Եվրո­պա­յի խոշոր եւ քաղա­քա­կիրթ պետություննե­րից մեկն էր, եւ հույս կար, որ հայե­րը կստա­նա­յին նրա աջակցությունը։

«Հորի­զոն», 25 հունի­սի, 1918թ., թիվ 123

«Այսօր համոզված ու շիտակ մենք ուզում ենք թուրքե­րի հետ փոխա­դարձ հարգանքով եւ համե­րաշխությամբ աշխա­տել եւ գործել, ուզում ենք հուսալ, որ ապարդյուն չի լինի մեր այս ջանքը։ Եթե կա զորեղ եւ քաղա­քա­կիրթ մի պատկա­ռե­լի պետություն հանձին Գերմա­նիա­յի, որը Թուրքիա­յի հզոր դաշնա­կի­ցը լինե­լով տրա­մա­դիր է իր աջակցությունը ցույց տալու մեզ, մի՞թե կարող է այդ քայլը որեւէ վերա­բերմունքի հանդի­պել մեր կողմից, բացի անկեղծ շնորհա­կա­լությունից»։

«Երեւույթը նոր էր ու երկյուղա­լի»

Վրա­ցա­կան պատվի­րա­կությունը եւ հայկա­կան պատվի­րա­կության մի մասը՝ Խատիսյա­նը, գենե­րալ Ղորղանյա­նը եւ Ահա­րոնյա­նը հունի­սի 14-ին մեկնում են Փոթի, այնտե­ղից՝ Կոնստանցա ու Պոլիս։ Մի քանի օր անց՝ հունի­սի 20-ին, Բաթումից Պոլիս են մեկնում նաեւ Պապա­ջանյա­նը, Բունիաթյա­նը եւ Թախտաջյա­նը, ինչպես նաեւ՝ Ադրբե­ջա­նի (կառա­վա­րության անդամներ Ռասուլզա­դեն, Խասմա­մե­դո­վը եւ Սաֆիքյուրդսկին) եւ Դաղստա­նի պատվի­րակնե­րը։

Խատիսյա­նը գրում է, որ հենց նավի վրա իրենց դիմա­վո­րում եւ ողջունում է Հունաստա­նում Թուրքիա­յի նախկին դեսպան Մուխթար փաշան եւ ուղեկցում Թոքատլյա­նի պանդո­կը, որտեղ պետք է հանգրվա­նեին հայ պատվի­րակնե­րը։

«Կա՛մ Հայաստա­նը պիտի ապրի, այն ատեն տվեք անոր հարմար սահմաններ, կամ պիտի չապրի, այն ատեն մեր խոսակցություննե­րը ավե­լորդ են»

«Ուշադրությամբ կդի­տեինք քարա­փը հավաքված ամբո­խի դեմքե­րը եւ չէինք կրնար գտնել հայեր, որոնցմե ոչ ոք հանդգնություն ունե­ցած էր բացարձակ կերպով դիմա­վո­րե­լու Հայաստա­նի Հանրա­պե­տության ներկա­յա­ցուցիչնե­րը։ Երեւույթը դեռ շատ նոր էր ու երկյուղա­լի։ Պատե­րազմը դեռ վերջա­ցած չէր, բոլորն ալ զգուշա­վոր էին։ Հայաստա­նի Հանրա­պե­տության ներկա­յա­ցուցիչնե­րու գալուստը, ինչպես հետո իմա­ցանք, շատե­րուն կթվեր երազ. բոլո­րի հիշո­ղության մեջ դեռ թարմ էին մեծ աղե­տի զարհուրե­լի պատկերնե­րը, եւ ո՞ր հայը կրնար հավա­տալ, թե այդ սարսափնե­րեն ետք իր առջեւ պիտի գտնե Հայաստա­նի Հանրա­պե­տության նախա­րարնե­րը» (Ալեքսանդր Խատիսյան, Չորս ամիս Կ. Պոլսո մեջ (1918 հունիս 15 — նոյեմբեր 1), Հայրե­նիք, թիվ 2, 1924թ. Բոստոն):

Պոլսում հայկա­կան պատվի­րա­կությունն առա­ջին հերթին հանդի­պում է Խալիլ բեյի հետ, որը Թուրքիա­յի արդա­րա­դա­տության նախա­րարն էր եւ նախա­գա­հել էր Բաթումի բանակցություննե­րում։ Հայկա­կան կողմը փորձում էր բարե­լա­վել Հայաստա­նի սահմա­նա­յին իրա­վի­ճա­կը. «Կա՛մ Հայաստա­նը պիտի ապրի, այն ատեն տվեք անոր հարմար սահմաններ, կամ պիտի չապրի, այն ատեն մեր խոսակցություննե­րը ավե­լորդ են»։ Սահմաննե­րը բարե­լա­վե­լու հայե­րի ցանկությունը հանդի­պում էր թուրքե­րի դիմադրությա­նը. Հայաստա­նը քիչ թե շատ կենսունակ պետություն դարձնե­լու համար հայկա­կան պատվի­րա­կությունը պահանջում էր Լոռու, Ախալքա­լա­քի, Զանգե­զուրի, Ղարա­բա­ղի հայաբնակ շրջաննե­րի միա­ցումը Հայաստա­նին։ Այդ նպա­տա­կով կազմվում է հատուկ տեղե­կանք, որի աշխա­տանքներն իրա­կա­նացնում էին գենե­րալ Ղորղանյա­նը, Բունիաթյա­նը եւ Ալեքսանդր Խատիսյա­նի եղբայրը՝ Գեւորգը։ Բանակցության ընթացքում կողմերն ամբողջո­վին չէին ներկա­յացնում իրենց նպա­տակնե­րը, սակայն երբ քարտեզնե­րը հրա­պա­րակվում են, պարզվում է, որ նշված տարածքնե­րի նկատմամբ հավակնություններ ունեին նաեւ Վրաստանն ու Ադրբե­ջա­նը։

«Հրա­պա­րակ կու գար ներքին վտանգա­վոր հակա­մարտություն մը, որ հետո արտա­հայտվե­ցավ հայ-վրա­ցա­կան եւ հայ-ադրբե­ջա­նա­կան ընդհա­րումնե­րու միջո­ցով, որ այսօր ժամա­նա­կա­վոր կերպով զսպված է եւ որ վաղը հավա­նա­բար նորեն հրա­պա­րակ գա այս կամ այն եղա­նա­կով»,- գրում էր Խատիսյա­նը։

Սուրե­րու հովա­նու տակ կգտնես քո հանգիստը

1918թ. հունի­սի վերջին հայկա­կան պատվի­րակնե­րը հանդի­պում են Թալեա­թի եւ Էնվե­րի հետ։ Առա­ջի­նի հետ քննարկվում է Ցեղասպա­նության հարցը. Թալեա­թը ամբողջ պատասխա­նատվությունը դնում էր զինվո­րա­կան իշխա­նության եւ քրդե­րի վրա։

Էնվե­րի հետ հանդի­պումը տեղի է ունե­նում Բայա­զի­դի հրա­պա­րա­կում, որտեղ տեղա­կայված էր Ռազմա­կան նախա­րա­րությունը։ Ընդունե­լության դահլի­ճի պատին արա­բե­րեն գրված էր. «Սուրե­րու հովա­նու տակ կգտնես քո հանգիստը»։

Նկա­րագրե­լով Էնվե­րի հանգիստ, զուսպ պահվածքն ու գրա­վիչ արտա­քի­նը՝ Խատիսյա­նը գրում է, որ դժվար էր հավա­տալ, թե այդպի­սի մարդը կարող է հարյուր հազա­րա­վոր անմեղնե­րի մահվան գիրկն ուղարկել։ «Այդքան խաբուսիկ է թուրքե­րուն երեւույթը. ատոր համար է, որ եվրո­պա­ցի­նե­րը այնքան դյուրավ կխաբվին անոնց անուշ ու գրա­վիչ ձեւե­րեն»։

Քննարկվում է գաղթա­կաննե­րի վերա­դարձի հարցը, եւ Էնվե­րը հայտա­րա­րում է, որ գրավված շրջաննե­րի մահմե­դա­կաննե­րը չեն ուզում, որ հայ փախստա­կաննե­րը վերա­դառնան, եւ իրենք չեն կարող երաշխա­վո­րել նրանց անվտանգությունը։ Բացի այդ, ռազմա­կան նախա­րարն ասում էր, որ հայե­րը դեռ պատե­րազմում են թուրքե­րի դեմ՝ նկա­տի ունե­նա­լով Բաքվի պաշտպաննե­րի շարքե­րում կռվող հայ կամա­վո­րա­կաննե­րին։ Էնվերն անընդունե­լի է համա­րում նաեւ սահմաննե­րի փոփո­խությունը, ըստ նրա՝ իրենք արել էին հնա­րա­վո­րը եւ այժմ անհնա­րին էր Կարսի, Արդա­հա­նի եւ Բաթումի վերա­դարձը։

«Մեր առարկություննե­րունն՝ Հայաստա­նի սահմաննե­րու չափա­զանց նեղ ըլլա­լուն եւ հայ ժողովրդի պատմա­կան իրա­վունքնե­րուն մասին, Էնվեր փաշան պատասխա­նեց. «Օ՜, ես լավ գիտեմ, որ անգամ մը ազա­տություն ճաշա­կած ժողո­վուրդ մը երբեք չի կրնար անկե հրա­ժա­րիլ»»,- հիշում է Խատիսյա­նը։

Հայկա­կան պատվի­րա­կությունը Պոլսում մնում է մինչեւ աշուն, բանակցություններն էական արդյունք չեն տալիս, թեեւ հանդի­պումներ են լինում Ավստրիա­յի, Գերմա­նիա­յի, Շվե­դիա­յի եւ եվրո­պա­կան այլ երկրնե­րի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ։ Միայն 1918թ. հոկտեմբե­րին Կենտրո­նա­կան ուժե­րի պարտությունից, զինա­դա­դա­րի կնքումից ու Առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմի ավարտից հետո հայկա­կան պատվի­րա­կությունը վերա­դառնում է Երեւան։

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ