Դարերով այդ «փրկչին» սպասող հայերին թվաց, թե 1920թ. օգոստոսի 10-ը պիտի դառնա այդ փրկության օրը, որովհետև արևմուտքի քրիստոնյա հզորները իրենց ձեռքով ստորագրեցին հայերի երազանքի փաստաթուղթն ու տվին հայերին:
Արայիկ Մկրտումյան
Այսօր օգոստոսի 10-ն է: 102 տարի առաջ այս օրը Փարիզում կնքված Սևրի պայմանագիրը վերաբերում է նաև Հայաստանին: Այդ պայմանագրով լուծում էին ստանում բազմաթիվ ցավոտ հարցեր և հայությունն այդ օրերին իրոք ուրախ էր, որ վերջապես, այսքան տառապանքներից հետո հայոց հարցն էլ ինչ որ չափով կլուծվի ու հնարավորություն կլինի խաղաղ ու հանդարտ կյանքի:
Անցել է 102 տարի, իսկ Սևրով ամրագրված դրույթները մնացել են թղթի վրա: Սևրը, որ կնքված էր ժամանակի ոսկե ստանդարտներով, բոլորն իրենց համաձայնությունը տվել էին, չիրագործվեց և հիմա, Սևրի պայմանագրից 102 տարի հետո մի շարք հարցեր են ծագում, մանավանդ, որ մենք ինքներս ունենք նոյեմբերի 9-ը, որը ի տարբերություն իրագործվում է՝ ի դժբախտություն մեզ իհարկե:
Մենք այստեղ չենք խորանա ժամանակագրական և փաստավավերագրական նյութերի մեջ, թե ով երբ ինչ ասաց և նման բաներ, այլ փորձենք Սևրը դիտարկել մեր օրերից, մեր հայացքով, այլ ոչ թե վկայակոչենք 102 ամյա թղթերը: Թղթերի պակաս չունենք: Ցանկացողները կարող են Սևրի մասին շատ թե քիչ ծանոթանալ այս հասցեով՝(https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D6%87%D6%80%D5%AB_%D5%BA%D5%A1%D5%B5%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80), իսկ մենք անցնենք առաջ:
Հայկական համացանցային տիրույթում Սևրի մասին հիմնականում երկու տեսակ կարծիքներ են պտտվում, մեկը, որ Սևրը գեղեցիկ հեքիաթ է ու պետք է հրաժարվել այդ ամենից ու ապրել իրականությամբ, և մյուսը, որ պնդում են, թե Սևրը հայոց իրավուքների հաստատման փաստաթուղթն է և մենք ոչ միայն պետք է հիշենք այն որպես պատմական իրադարձություն, այլև պահանջենք, որպես իրավական հիմք:
Այդ կարծիքները հաստատելու կամ մերժելու փոխարեն եկեք հասկանանք, թե 1920թ. օգոստոսի 10-ի դրությամբ իրավական փաստաթուղթ լինելուց բացի էլ ինչ էր նշանակում Սևրը:
Պատմությանը քիչ թե շատ ծանոթ մարդիկ գիտեն հայ ազատագրական առասպելի մասին: Չխորանալով մանրամասների մեջ, նշենք, որ միջնադարում ձևավորված առասպելի համաձայն՝ որևէ հզոր քրիստոնյա երկիր պիտի գար արևմուտքից և փրկեր հայ ազգին: Դարերով այդ «փրկչին» սպասող հայերին թվաց, թե 1920թ. օգոստոսի 10-ը պիտի դառնա այդ փրկության օրը, որովհետև արևմուտքի քրիստոնյա հզորները իրենց ձեռքով ստորագրեցին հայերի երազանքի փաստաթուղթն ու տվին հայերին:
Կարելի է ասել, որ Սևրը հայ ազատագրական առասպելի պաշտոնական, իրավական փաստաթուղթն էր: Ու ինչքան էլ, որ դառը լինի, ստիպված ենք ընդունելու այդ, որովհետև դրանից հետո Սևրի փաստաթուղթը իրականություն չդարձավ առաջին հերթին հենց հայերի համար: Հայկական էլիտաները որևէ ջանք գործի չդրին թեկուզ մեկ քայլ Սևրը խոսքից գործ դարձնելու համար: Հայերը սպասում էին, որ արևմուտքի քրիստոնյա հզորները, ովքեր չորս տարի խեղդել էին իրար արյան մեջ, հիմա էլ պիտի իրենց զոհեն, որ հայերը ստանան իրենց հողերը:
Սևրը չաճեց, չամրացավ, չդարձավ պաշտոնական նպատակ կամ պետական ծրագիր: 1920թ. օգոստոսին հայերը չէին էլ կարող կանխատեսել, թե ինչ կլինի այդ հաղթական փաստաթղթից ընդամենը ամիս ու կես հետո, երբ արդեն սեպտեմբերի 27-ին թուրքերը լայն թափով հարձակման անցան, իսկ հայերը բացի փաստաթղթից, ուրիշ ոչինչ չունեին:
Հետո Հայաստանը խորհրդայնացվեց, սկսվեց մոռացումի 70-ամյա պարտադրանք, արանքում՝ ևս մեկ համաշխարհային պատերազմ, նոր փաստաթղթեր, համաշխարհային նոր տնտեսական ու վարչական կարգեր, իսկ 1991թ. անկախացումից հետո հայերը տարին մեկ հիշում են Սևրը և թեկուզ և արդար զայրույթով, բայց բացարձակապես անօգուտ կերպով սեփական շրջանակներում հիշում են Սևրը, մի թուղթ, որն այդպես էլ իրականություն չդարձավ: Ներկայիս Հայաստանի Հանրապետությունը երբեք և ոչ մի քայլ չարեց դեպի Սևր, հայկական էլիտաները զբաղվեցին կենցաղային մոնոպոլիաներով, իսկ Սևրը դարձավ վաղամեռիկ պատանի բարեկամի մահվան հիշատակի օր, երբ բոլորով խոսում ենք, թե ինչ անարդար է աշխարհը:
Զարմանալին այն է, որ դեռևս Աքեմենյան կայսրության, Մակեդոնացու, հռոմեացիների, Աքքադի, սկյութների հետ շփված, աշխարհի պես հին ժողովուրդը շարունակեց այնքան պարզամիտ մնալ, որ հավատաց մի խումբ մարդկանց կողմից ստորագրված մի թղթի կտորի, մինչդեռ հազարամյակների փորձը նրան պիտի ստիպեր միանգամից մտածելու այդ թղթի իրական հատվածի մասին: Բայց ոչ, մենք ինչպես սպասում էինք, այնպես էլ մինչև հիմա սպասում ենք:
Եվ խոսքը միայն Սևրի մասին չէ: Ոչինչ չանելու ախտավոր գիծը բնորոշ եղավ նաև մեր ժամանակաշրջանին: Արցախյան առաջին պատերազմի հաղթանակը մեզ համար դարձավ հերթական Սևր: Մենք հաղթեցինք, ազատագրեցինք Արցախը, իսկ հետո գավառամիտ տրամաբանությամբ բանակցային իմիտացիա սկսեցինք ու այդպես էլ հաղթանակը չռեալիզացվեց, այն մնաց ընդամենը հաղթական տրամադրություն և ոչինչ ավելի: Հաղթած Հայաստանը չզարգացավ, չհարստացավ, ազատագրված Արցախը չհարստացավ, չզարգացավ: Մենք, որպես հասարակություն, չկարողացանք այնպես անել, որ աշխարհում ոչ ոք այլևս չմտածի, թե Արցախի հարցում ինչ որ այլ դիրքորոշում կարող է լինել, քան հայկականը: Մենք տարիներով սպասեցինք, թե արևմուտքն ու ռուսը ինչ կորոշեն Արցախի հարցով:
Ի վերջո արցախյան հարցը եկավ հասավ 2020թ. սեպտեմբերի 27-ին, երբ հայ-թուրքական պատերազմից ուղիղ հարյուր տարի հետո, նույն օրը սկսվեց հայ-ադրբեջանական պատերազմը, որն էլ ավարտվեց նոյեմբերի 9-ին ու այս անգամ սևրյան փաստաթուղթը մեզ պարտադրվեց: Նոյեմբերի 9-ը ջրեց և մայիսյան հաղթական օրը և եկավ ասելու, որ Սևրը հիմա ավելի անհնար է, քան առաջ:
Ու ամենասարսափելին այն է, որ մենք հիմա գլուխներս կախ կատարում ենք այն, ինչ գրված է նոյեմբերի 9-ին:
Թուրքերը կարողացան խուսափել Սևրի պայմանագրի կատարումից: Նրանք իրենց պարտությունն առաջին համաշխարհայինում չընդունեցին ի վերջո ու կարողացան խայտառակ մասնատված երկիրը նորից միավորել, դարձնել ուժեղ ու հիմա Թուրքիան աշխարհի ուժեղներից մեկն է: Իսկ մենք, հաղթելով ու ջախջախելով Ադրբեջանին, մատնվեցինք անհոգության ու պարապուրդի: Մենք մոռացանք, որ պարտված թշնամին միշտ էլ վրեժ է լուծելու: Մենք մոռացանք, թե ինչ են անում թուրքերը, երբ պարտվում են: Մենք մեր արյունով ձեռք բերված տարածքները արյունով էլ հետ հանձնեցինք: Եթե 1920թ. Սևրով հող էինք պահանջում, ապա 2020թ. Մոսկվայում հող էինք տալիս:
Ի վերջո մենք թղթով հող հանձնողից դարձանք թղթով հող տվող: Այդ է այս հարյուրամյա մեծ սխալի իմաստն ու հետևանքը:
Իսկ արդյո՞ք հնարավորություն ունեինք Սևրը գործնական դաշտ բերելու:
Այսօր անհնար է միանշանակ այո կամ ոչ ասել: Բայց քանի որ Սևրի անհետևանք մնալը մենք ընդունում ենք մեր նկատմամբ կատարված անարդարություն, ապա որչա՞փ ավելի տանջալից է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը մեզ ոչ թե օդից պարտադրվեց, այլ եղավ 1994թ. մինչև 2020թ. սխալ կառավարման, ուժերը ցրիվ տալու, կոռուպցիայի, անգրագիտության ու անհատական ագահության:
Շատ ավելի ծանր:
Իսկ կարո՞ղ էինք խուսափել նոյեմբերի 9-ից: Խոշոր հաշվով այո, կարող էինք, միայն թե չարեցինք: Կարող էինք, եթե օր ու գիշեր զբաղվեինք Հայաստանով: Լինեինք այնքան պետականամետ, որ դասեր քաղելով Սևրից, խուսափեինք նոյեմբերի 9-ից:
Այսօր մենք ունենք անկատար Սևր ու կատարվող նոյեմբերի 9-ը: Ապագայում այդ շարքը շարունակելու է մեծանալ, օրացույցում սև օրերը ավելի են ընդգծվելու, եթե մենք որպես ժողովուրդ, հասարակություն ու պետություն չկարողանանք մեր առջև դրված երազանքը դնել գործնական հիմքերի վրա: Եթե հայկական էլիտան չհամախմբվի հանուն պետության, իսկ պետությունը չդառնա մեր բոլորիս ամենօրյա պարտականությունը, իրավունքն ու պատասխանատվությունը: