Հայաստան

Թեհրանի Բազմիմաստ Տագնապը Հայ-Իրանական Սահմանի Մասին

Մի կողմից Մոսկվան ԱՄՆ հետ մեծ դիմակայության մեջ է, և այդ հարցում փնտրում է Իրանի և Թուրքիայի հետ գործընկերության խորացման նոր ուղիներ, մյուս կողմից Մոսկվան դեմ չի լինի նաև, եթե ԱՄՆ գործողությունները նպաստեն հայ-թուրքական կարգավորմանն ու այդ կերպ նաև ռուս-թուրքական լոգիստիկ, տնտեսական կապի խորացմանը: 

Հակոբ Բադալյան

Հայաստանում Իրանի նախկին դեսպան, այդ երկրի նախկին փոխարտգործնախարար, իսկ այժմ նախարարի խորհրդական Սեյեդ Քզեմ Սաջադին արել է Հայաստանին ու հայ-իրանական սահմանին վերաբերող թվիթերյան գրառում, որն արժանի է համակ ուշադրության, քանի որ պարունակում է մտահոգիչ տարրեր: Նախ իհարկե իրանցի դիվանագետը բավականին «քաղցր» խոսքեր է շռայլել Հայաստանի հասցեին, ասելով, որ Իրանը լավ հարևաններ շատ չունի, բայց Հայաստանը լավ հարևաններից է: Իսկ ահա մեկ այլ գրառմամբ իրանցի դիվանագետը արտահայտել է հայ-իրանական սահմանի հանդեպ Թուրքիայի գործողությունների մտահոգիչ պատկեր: Ըստ իրանցի դիվանագետի, Թուրքիան Սիրիայից վարձկաններ է կուտակում հայ-իրանական սահմանի հարևանությամբ:

Ըստ Սաջադիի՝ «Իրանի սահմանի մոտ ահաբեկիչների ներկայությունը և Սիրիայից Ադրբեջան տեղափոխումն անընդունելի է: Հունաստանից, Կիպրոսից, Հայաստանից, Սիրիայից և Իրաքից հետո Թուրքիան այժմ չար գործողություններ է փնտրում Իրանի սահմանների հարևանությամբ։ Թուրքիան պետք է իմանա, որ սա կրակի հետ խաղալ է նշանակում», գրում է Իրանի ԱԳՆ խորհրդականը: Ընդ որում, առաջին ուշադրության առարկան այն է, որ այդ գրառումը հայտնվում է Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Աբբդոլահիանի և Չավուշօղլուի հեռախոսազրույցից հետո, որ տեղի ունեցավ օգոստոսի 10-ին: Գրառումը նշանակու՞մ է, որ այդ հեռախոսազրույցը անցել է անարդյունավետ և փոխադարձ զգուշացումներով ու սպառնալիքներով:

Համենայնդեպս չափազանց ուշագրավ է, որ Իրանի ԱԳՆ խորհրդականը Թուրքիայի հասցեին այդպիսի արտահայտություններ է անում իրան-թուրքական արտգործնախարարական շփումից անմիջապես հետո: Իսկ այն, որ դա չէր կարող լինել զուտ խորհրդականի անձնական կարծիք, առավել ևս Իրանի իշխանական հիերարխիկ համակարգի տրամաբանության պայմաններում, թերևս անկասկած է: Միաժամանակ, ստացվում է, որ Իրանն ԱԳՆ խորհրդականի մակարդակում հաստատում է Հայաստանում ՌԴ սահմանապահների վարչության տարածած տեղեկությունը, որ հայ-իրանական սահմանին լարվել է օպերատիվ իրավիճակն ու այդ պատճառով ռուս սահմանապահները ուժեղացրել են սահմանային հատվածի հսկողությունն ու տեղադրել լրացուցիչ կետեր: Ի՞նչ է ստացվում՝ Թուրքիան, որ հուլիսի 19-ին մասնակցեց Թեհրանում բարձր մակարդակի եռակողմ հանդիպմանը Մոսկվայի և Թեհրանի հետ, իսկ օգոստոսի 5-ին բարձր մակարդակի հանդիպում ունեցավ Սոչիում, դրանից հետո հայ-իրանական սահմանի առնչությամբ գնում է քայլերի, որոնք անհանգստություն են առաջացնում Իրանում ու Ռուսաստանու՞մ: Ի դեպ, առկա իրադրության համատեքստում թերևս պետք չէ անտեսել, որ օգոոստոսի 11-ին թուրքական ռեսուրսները տարածեցին տեղեկություն, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացի հինգերորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին: Երևանն արձագանքեց, որ չկա հայ-թուրքական նոր հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն: Երևանն այդ կերպ թերևս շտապեց նաև հանգստացնել Իրանին, իհարկե ոչ զուտ հանդիպման, այլ ավելի լայն քաղաքական իմաստով: Իրանի համար հայ-թուրքական կարգավոորման թեման զգայուն թեմա է, մի շարք թե ռեգիոնալ, թե աշխարհաքաղաքական պատճառներով, հաշվի առնելով և այն, որ այդ գործընթացի հանդեպ խրախուսական վերաբերմունք է արտահայտում նաև Վաշինգտոնը: Ավելին, թերևս նաև հայ-թուրքական կարգավորման գործընթացի հանդեպ որոշակի կապակցվածություն է առկա հայ-ադրբեջանական գործընթացի հանդեպ Վաշինգտոնի աշխուժության, և այդ համատեքստում՝ հաղորդուղիների ապաշրջափակման վերաբերյալ առաջարկի առումով: Ընդ որում, այստեղ բավականին հարաբերական դեր կարող է ունենալ Ռուսաստանը։

Մի կողմից Մոսկվան ԱՄՆ հետ մեծ դիմակայության մեջ է, և այդ հարցում փնտրում է Իրանի և Թուրքիայի հետ գործընկերության խորացման նոր ուղիներ, մյուս կողմից Մոսկվան դեմ չի լինի նաև, եթե ԱՄՆ գործողությունները նպաստեն հայ-թուրքական կարգավորմանն ու այդ կերպ նաև ռուս-թուրքական լոգիստիկ, տնտեսական կապի խորացմանը: Իրանի մտահոգության առարկա է թերևս նաև այդ հանգամանքը և ռուս սահմանապահների գործողությունները հայ-իրանական սահմանին միտված են թերևս Թեհրանի այդ մտահոգությունները չեզոքացնելուն: Հայաստանի համար սա իհարկե բավականին բարդ վիճակ է, երբ բոլորը բոլորի դեմ պայքարի, բոլորը բոլորին կասկածելու և միաժամանակ թերևս բոլորը բոլորի կարիքն ունենալու ռեժիմում են:  Անկանխատեսելիությունը մեծանում է հենց այդ պարագայում, անհրաժեշտ դարձնելով մեծացնել կառավարելիությանն ուղղված ռեսուրսները: Իսկ այդտեղ արդեն առկա են էական խնդիրներ և խոսքը լոկ նյութական կամ ֆինանսական ռեսուրսների մասին չէ, այլ ինստիտուցիոնալ-օրգանական,  պետք է ապահովեն Հայաստանի ճկունությունը: Այդ ինստիտուտների փոխարեն, առկա իրավիճակում Հայաստանում աշխուժանում է «քաղաքական անհամարժեքության» և տեղեկատվա-քարոզչական «էպատաժի» ինստիտուտը, ինչն ունի ավելի շուտ Հայաստանը փաստի առաջ կանգնեցնելու ռիսկը, քան քաղաքական ճկունությունն ավելացնելու ներուժ:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *