Տարբերակները, եթե անկեղծ, բոլորն էլ սարսափելի են, անկախ նրանից, թե ինչքան հնարավոր կամ անհնարին են թվում: Այդ տարբերակներում էլ մենք թույլ ենք, մեղավոր, հանցագործ, անպաշտպան:
Մեր Ուղին
Երեկվա ողբերգական իրադարձությունների ֆոնին հայկական թվային տիրույթում սկսվեցին քննարկումների շարաններ, որտեղ ամենատարբեր սցենարներ էին հրամցվում՝ դիտավորյալ ահաբեկչությունից մինչև տեխնածին փնթիություն և այդ կարգի «մասնագիտական» եզրակացությունները հեղեղեցին ֆեյսբուքը ու շարունակվում են մինչև հիմա:
Դրան զուգահեռ սկսվեցին վիրավորանքների ու հայհոյախոսությունների տարափը «անդարդ» խմբերի հասցեին, որոնք ինչ որ համերգներով ուրախանում էին, քանի դեռ քաղաքի մյուս հատվածում փլատակների տակից շարունակում էին հանել զոհվածների դիերը:
Այս ամենը շատ խիտ կոնտրաստ է ստեղծում ներհասարակական խմբային մակարդակում: Մի կողմ թողնելով պայթյունի ծագման մասին մեր տեսակետը, քանի որ մասնագետ չենք, ավելորդ ենք համարում «ծանրակշիռ» մեկնաբանություններ տալ, թե ինչը ինչպես պիտի արվեր, դրա փոխարեն փորձենք նախ հասկանալ, թե ինչ կարծիք ունեն տարբեր խմբերը պայթյունի մասին: Դա գուցե օգնի հասկանալու մեր մտածողությունն ու սկզբունքային տրամադրվածությունը ու դրանից բացի փորձենք նախ հասկանալ, թե իրո՞ք մենք այնքան անտարբեր ենք դարձել, որ մեզ մոտ «սեր է ժանտախտի օրերին»:
Եվ այսպես, Սուրմալուի ողբերգության տարբերակներն ըստ ֆեյսբուքյան տրամադրությունների՝
Ահաբեկչություն:
Այս տարբերակը շատ ակտիվ քննարկվողներից էր, թեև մի քանի ժամ անց դավադրապաշտության ալիքը ինչ որ չափով նվազեց, բայց չանհետացավ: Որոշ խմբեր իրոք կարծում են, որ սա ահաբեկչություն էր: Որպես «փաստ» ներկայացնում էին լուսանկարներ ինչ որ ռուսական կայքի կողմից հրապարակված, որտեղ Սուրմալուի ողբերգության մասին այդ կայքը գրել էր աղետից մի քանի ժամ առաջ: Ընդդիմախոսները հակադարձում էին այդ «փաստին» նշելով, որ այդ ժամային անհամապատասխանությունը գուցե տեխնիկական վրիպում է, իսկ հակառակ կարծիք ունեցողները նշում են, որ ոչ մի տեխնիկական սխալ էլ չկա, քանի որ համացանցում նյութ հրապարակելիս ավտոմատ կերպով նշվում է հրապարակման ժամը և րոպեն: Թե ինչպես է այդ կայքում աղետի մասին լուրը հրապարակվել պայթյունից մի քանի ժամ առաջ՝ անհայտ է:
Այս տեսակետի կողմնակիցները նաև նշում են, որ օրեր առաջ ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է իր քաղաքացիներին զգուշություն պահպանել, քանի որ իրենց կարծիքով հանրային վտանգ կա: Դավադրապաշտները սա ևս մեկ ապացույց են համարում, որ Սուրմալուի դեպքերը պատահականություն չեն: Սրան զուգահեռ, երեկ նորից անհայտ զանգերով հայտնել էին մի շարք ռազմավարական օբյեկտների ականապատված լինելու մասին, ինչպես օրինակ մետրոյի կայարանների: Սկսվել էր տարհանում, ստուգվել էին նշված վայրերը, բարեբախտաբար ռումբ չէր հայտնաբերվել: Անհայտ է, թե ովքեր են արդեն մեկ ամիս է սթրեսի ենթարկում հանրությանը: Սա արդեն առաջին դեպքը չէ, երբ նման չար կատակներ են խաղում մեր գլխին և առանց այն էլ հուզված ու դյուրագրգիռ դարձած հանրությունն էլ ավելի սուր է արձագանքում նման դեպքերին: Քիչ չեն նաև հարցնողները, թե մենք արդյո՞ք աած ունենք և գուցե ամեն հաջորդ զանգը ճիշտ դուրս գա: Ինչպե՞ս է աած-ն պատրաստվում պայքարել այդ այլանդակության դեմ:
ԱԱԾ-ն արդեն իսկ հորդորել է չճշտված լուրեր չտարածել: Լուրերն ամեն դեպքում տարածվում են: Եթե ԱԱԾ-ն ուզում է նման լուրեր չտարածվեն կամ հանրային սթրեսը չմեծանա, ապա ավելի կոնկրետ արդյունքներ պիտի ցույց տա, քան պարզապես հորդորներն ու իրազեկումները:
Տարբերակ երկրորդ՝ դիտավորություն
Այս տարբերակը ևս քիչ կողմնակիցներ չունի, միայն թե դիտավորություն ասելով այստեղ փոքր ինչ անհամապատասխանություն կա: Պայթյունի դիտավորության կողմնակիցների առավել մեծ հատվածն այն կարծիքին է, որ այդ ամենը տեղի է ունեցել զուտ այն պատճառով, որ մեծահարուստներից մեկը, ով հետաքրքրված է այդ տարածքով, անարգել կարողանա տիրանալ դրան(էթիկայից ելնելով չենք հրապարակում այդ մարդու անուն ազգանունը, քանի որ խոսակցության մակարդակի ենթադրությունները չենք կարող որպես լուր մատուցել):
Դիտավորության կողմնակիցների ավելի փոքր խմբի կարծիքով հենց Սուրմալուի առևտրականներից են եղել պայթյունի հեղինակները, որպեսզի ապահովագրության գումար ստանան, քանի որ տնտեսական ճգնաժամը վնասել է նրանց բիզնեսը: Մեր անձնական կարծիքով սա բավական ցինիկ տեսակետ է ու գրեթե անհեթեթության հասնող:
Տարբերակ երրորդ՝ ուշադրություն շեղելու համար
Բոլոր երևույթներին քաղաքական տոն տվող խմբերի կարծքով և՛ երեկվա պայթյունը, և՛ գրեթե մեկ ամիս տևող կեղծ ահազանգերը նպատակ ունեն հանրության ուշադրությունը շեղել արտաքին քաղաքականությունում կատարվող դեպքերից, կոնկրետ այս պահին՝ Աղավնոյի, Բերձորի և մյուս այլ բնակավայրերի հանձնումից: Նրանց կարծիքով, եթե հանրությանը շեղեն այս տեսակի հարցերով, ապա իշխանությունները կկարողանան իրենց ծրագրերն իրականացնել առանց հանրային խոչնդոտների:
Տարբերակ չորրորդ՝ անփությություն:
Այս տարբերակը ևս մեծ կողմնակիցներ ունի: Այս տարբերակի կողմնակիցների կարծիքով Սուրմալուն պայթեց ոչ թե ահաբեկչական գործողությունների հետևանքով կամ հեռակա շահադիտական նպատակներով, այլ որովհետև այն հիշեցնում էր հետամնաց արևելյան շուկա՝ ամեն ինչ անկարգ իրար գլխի լցված, էվակուցման ու անվտանգության կանոնների իսպառ բացակայությամբ, անորակ պայթուցիկների առկայությամբ, շենքի հնությամբ և ընդհանուր ամեն ինչ գլխառադ անելու հետևանքով: Այս տարբերակի կողմնակիցներն էլ նշում են, որ մեզ մոտ բացակայում են տարրական ավտանգության նորմերը, կարգուկանոնը, ամեն ինչ արվում է բոլոր տեսակի անվտանգային երևույթների կոպիտ ոտնահարումով և տեխնիկական բարձիթողի վիճակում է ամեն ինչ:
Այդ տեսակետի կողմնակիցները նաև նշում են Երևանի գերկենտրոնացվածության, լոգիստիկ խնդիրների մասին: Նշում են, որ Երևանը սարդի պես ողջ Հանրապետությունը քաշում է իր մեջ ու արդեն դառնում է մի առանձին մարզ՝ իր ամեն ինչով:
Տարբերակ հինգերորդ՝ Աստծո պատիժ
Այո՛, կան նաև այս տարբերակը լրջորեն քննարկողներ, ովքեր երերկվա պայթյունը համարում են աստվածային միջամտության հետևանք: Նրանց կարծիքով Աստված մեզ պատժում է մեր մեղքերի համար:
Այդ տարբերակին հավատացողները շատ չեն, բայց բավական լուրջ են տրամադրված: Դրան ընդդիմախոսները հարցնում են, թե այդ դեպքում ի՞նչ տրամաբանությամբ է պայթել հենց Սուրմալուն և ոչ ասենք Մետրոնոմը կամ որևէ այլ մեծ առևտրային սրահ կամ նման մի բան: Եթե Սուրմալուի պայթյունը աստվածային պատիժ է, ուրեմն գուցե Սպիտակի երկրաշարժը և՞ս պատիժ էր:
Ինչևէ: Կան էլի տարբերակներ ու ամեն տարբերակ ունի իր կողմնակիցն ու ընդդիմախոսը: Ու ցավալին այն է նաև, որ այդ տարբերակները քննարկելու ընթացքում ինչ որ չափով մոռացվում են և՛ զոհերը, և՛ վիրավորները, և՛ այն նյութական ծանր վնասները, որ կրեցին այնտեղ աշխատող և այնտեղով անցնող մարդիկ, և՛ այն սթրեսը, որ ավելի խորացրեց մարդկանց գրգռված և ընկճված տրամադրությունը:
Տարբերակները, եթե անկեղծ, բոլորն էլ սարսափելի են, անկախ նրանից, թե ինչքան հնարավոր կամ անհնարին են թվում: Այդ տարբերակներում էլ մենք թույլ ենք, մեղավոր, հանցագործ, անպաշտպան:
Այդ տարբերակները մի մի դատավճիռ են, որ հասարակությունը կայացնում է ինքն իր նկատմամաբ ու ինքն իրեն այդ տրամաչափի մեղքի ու թուլության գիտակցություն վերագրում:
Այդ բոլոր տարբերակներում կա նաև ևս մեկ կարևոր ու չերևացող երևույթ՝ սեփական պատասխանատվության բացակայությունը, սեփական մեղքի ու անբանության ապացույցը, սեփական ոչ կոմպետենտության բացահայտումը, ամեն ինչ ուրիշի ու նույնիսկ Աստծո ուսերին բարդելու ցանկությունը և էլի մի շարք անդուր բաներ:
Եվս մի բան:
Երեկ Երևանի մի հատվածում ինչ որ համերգ էր տեղի ունենում: Համացանցը քննարկեց ու քննադատեց, որ չի կարելի ուրախ ճչալ, երբ ընդամենը մի քանի կիլոմետր այն կողմ փլատակներից դիակներ են հանում ու անհետ կորածների որոնում:
Արդյո՞ք մենք այդքան անտարբեր ենք դարձել: Հիշելով երեկվա խիտ երագները, հիշում ենք նաև, որ անցյալ տարի այս ամիսների կազմակերպվեց Տիկ-տոկ փարթի ու շատերը իրոք զայրացած էին, որ պատերազմից մի քանի ամիս անց, երբ ողբերգության հետքերը առավել քան թարմ են, չի կարելի Տիկ-տոկ փարթի կազմակերպել: Բայց երեկվա համերգն էլ տեղի ունեցավ, անցյալ տարվա փարթին էլ:
Բոլոր հետևությունները ամեն մարդ ինքն է անում իր համար:
Բայց ո՞վ կամ ովքե՞ր են պատասխան տալու այս ամենի համար:
Իսկ աղետի ո՞ր տարբերակն է ավելի շատ հանգստացնում մեզ:
Խաղաղություն զոհերի հոգիներին ու համբերություն, ուժ և ապրելու կամք նրանց հարազատներին: