Հայաստան

Դիվանագիտությունը Սուրճի Բաժակում Չէ

Թուրքիան այսօր ամերիկա-ռուսական պատերազմի այդ «ստաբիլիզատորն» է՝ իր այդ դերի ՄԱԿ «կնիքով»: Որքան երկար կխաղա Էրդողանն այդ դերը, իհարկե բավական անորոշ է, բայց այս պարագայում նրա «վերջը տալու» կամ նրա Թուրքիայի վերջի մասին խոսակցություններն այլ բան չեն, քան «սուրճի բաժակ նայելը»:

Հակոբ Բադալյան

Մինչ Հայաստանում վարդագույն սցենարներ են պատմվում առ այն, թե ինչպես է Արեւմուտքը, մասնավորապես ԱՄՆ պատժելու եւ վերջ դնելու Էրդողանին, վերջինս Ուկրաինայում այդ երկրի նախագահ Զելենսկու եւ ՄԱԿ ԳՔ Գուտիերեշի հետ բանակցությամբ փաստացի ստանձնում է Ուկրաինայի «վրա» ընթացող ռուս-ամերիկյան պատերազմի «ստաբիլիզատորի» դերը:

Այդ սարքն ինձ ծանոթ է մանկությունից, շատերի տներում թերեւս կար՝ ԽՍՀՄ տարիներին, որ պետք է կայունացներ հոսանքը եւ ապահովեր էլեկտրական սարքերը, մասնավորապես հեռուստացույցները հոսանքի տատանումներից: 😉

Թուրքիան այսօր ամերիկա-ռուսական պատերազմի այդ «ստաբիլիզատորն» է՝ իր այդ դերի ՄԱԿ «կնիքով»: Որքան երկար կխաղա Էրդողանն այդ դերը, իհարկե բավական անորոշ է, բայց այս պարագայում նրա «վերջը տալու» կամ նրա Թուրքիայի վերջի մասին խոսակցություններն այլ բան չեն, քան «սուրճի բաժակ նայելը»: Այո, Թուրքիան էլ քայլում է բարակ լարի վրայով՝ իր մասշտաբին բնորոշ բարակության, բայց, եթե մեկ-երկու տարի առաջ այդ վիճակում Էրդողանն էր եւ գուցե էլի մեկ-երկուսը, այսօր գործնականում ամբողջ աշխարհն է՝ ամեն մեկն իր մասշտաբին բնորոշ բարակ լարերով քայլող:

Իսկ այն, որ Լվովում քննարկվածը լոկ հացահատիկի հարց չէր, ակնառու է նրանից, որ հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի արտգործնախարարը, հետախուզության ղեկավարն ու Էրդողանի օգնական Քալընը: Թեեւ, իհարկե հենց սկզբից էլ միամիտ կլիներ կարծել, թե «հացահատիկային դիվանագիտությունը» լոկ պարենային երեւույթ է, ինչպես ծիծաղելի կլիներ մտածել, թե «ֆուտբոլային դիվանագիտությունը» ֆուտբոլի ընտրական մրցաշարի մասին էր:

Լավ է Թուրքիայի դերը Հայաստանի համար, թե վատ, մեզ բնականաբար կհուզի այդ հարցը: Բայց, ամենից առաջ թերեւս կարեւոր է, որ հարցերը մեզ չհուզեն՝ «լավ է, թե վատ» շեշտադրումով, այլ հուզի պարզապես դրանց բովանդակությունը եւ մենք կարողանանք իրականացնել դրանց առավելագույնս բազմաչափ մոդելավորում, մեր շուրջ պտտվողը հնարավորինս լիարժեք գնահատելու, հետեւաբար դրա հանդեպ մեր հնարավորինս օպտիմալ վարքագիծ կազմելու համար:

Բազմիցս արտահայտվել եմ, որ մեր գլխավոր խնդիրը եղել, ու շարունակում է լինել միջազգային քաղաքականության ընկալման ու գնահատման պարզունակությունը, ու ցավալիորեն, որքան այդ քաղաքականությունը իր կառուցվածքով դառնում է բարդ (այդ մասին խոսում է ընդհուպ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդականը), այնքան պարզունականում են մեր ընկալումները: Մեր շուրջն աշխարհը դառնում է ավելի անկանխատեսելի, իսկ մենք՝ մեր ռեակցիաներով, մտածելու մեր բանաձեւերով, դառնոում ենք ավելի ու ավելի կանխատեսելի: Սա է մեր գերագույն խնդիրներից մեկը, որը հաղթահարելու համար պետք է ամեն մեկիս աշխատանքը սեփական մոտ ու հեռու սխալների վրա՝ լուռ, թե բարձրաձայն:

Մեր թոքերը սակայն առայժմ աշխատում են միայն ուրիշի սխալի կանխավարկածով: Դա չլինի՝ շնչառական ապարատը կանգ կառնի, ինչպես քաղաքական մտածողությանը:

Գրառունը՝ Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *