Հայաստան

Անկախ Պատմագրություն Չկա

Բոլորս էլ ճարի մասին կմտածենք, բայց որ վախտին խոսայինք, ցեմենտ գողցողի ձեռը բռնեինք, մե բանմ էլ մենք չօգտվեինք, էսոր սաղ քաղաքն ավերակ դարձած չէր էղնի, ժողովրդի կեսն էլ էդ ավերակների տակը պառկցրած չէինք էղնի, որ էսօր էլ ճարի աշեինք։

Վլադիմիր Հարությունյան

«Դու պետական սահման չունես, քո սահմանը հարյուր տարի առաջ ես եմ գծել` իմ ուզածով և այսօր էլ ես եմ գծելու, և դարձյալ` իմ ուզածով»

Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանը գրել է․

1988-ի Մեծ Երկրաշարժին հաջորդող երևի թե երկրորդ օրն էր: Լենինականում ամբողջ քաղաքով մեկ բարձրանում էին փլուզված շենքերի ավերակների բլուրները: Մարդիկ արդեն գիտակցել էին կատարվածի սոսկումն ու մասշտաբները, բայց դեռևս չէին կարողանում գիտակցել, որ հետո` ավերակների ամեն մի բլրի տակից դուրս բերված մարմիններից, մատների վրա կհաշշվեն ողջ մնացածները, որոնց մի մասը հետո նույնպես կմահանա: Իսկ ոմանց էլ, առհասարակ, չեն էլ գտնի: Իսկ այդ պահին դեռևս չկա գործի դրված ոչ մի փրկարար ուժ ու տեխնիկա: Միայն մի քանի շենքերի ավերակների մոտ, որտեղ բնակվելիս են եղել խորհրդային բանակի Լենինականի կայազորի սպաների ընտանիքները, զինվորականները բերել են մի քանի միավոր ռազմա-ինժեներական տեխնիկա, նույնիսկ մեկ-երկու տանկ և փոշու, լացի, գոռոցի ու հայհոյանքների զուգակցությամբ անհաջող փորձեր են արվում մի կողմ քաշել երկաթբետոնյա սյուներն ու «ռիգելները», «բլոկներն» ու «պանելները»: Մի շենքի ավերակների վրա էլ հայտնվել են խորհրդային բանակի զինվորներ`ձեռքներին խրամատ փորելու բահեր: Եվ ուրիշ ոչինչ: Նման տեխնիկական հագեցվածությամբ նրանց առկայությունը արհավիրքի կենտրոնում ասես ընդգծեր մեռնող կայսրության իրական անզորությունը իրական հզորության դեմ` թեկուզև բնական ծագման ուժի պարագայում: Եվ, միաժամանակ, ընդգծեր, որ այդ մեռնող կայսրությունը չի վարանում իր ունեցած ուժը ցուցադրել ու կիրառել նույնիսկ երկրաշարժի հարվածը տեսած ու հետևանքները կրող ժողովրդի նկատմամբ: Բանն այն է, որ այդ բահերով զինվորները հենց այնպես զինվորներ չէին. Լենինական լրացուցիչ զորք էր մտցվել և քաղաքում սահմանվել էր պարետային ժամ: Շենքի ողջ մնացած բնակիչներն էլ`բառացիորեն պրոստրացիայի վիճակում, չէին էլ կարողանում մի բան առաջարկել, մի բան նախաձեռնել. Ավերված էր ամեն ինչ, ամեն բան…

… Ավերակների այդ բլրին մոտեցավ քաղաքում հայտնի և հարգված մի մանկավարժ, ում հարազատներն ավերակների տակ էին: Նա ձեռքը վերցրեց ցեմենտի շաղախի մի կտոր, հեշտությամբ փշրեց բռի մեջ ու դիմեց հավաքվածներին. «Այ, էս սարքողներին պետք է բերել, որ մեր հարազատներին հանեն, հետո էլ` իրենց թաղենք իրենց սարքած շենքի ավերակների տակ»: Կանգնածներից մեկը, թե «Այ ախպերս, հիմի էդոր վախտն է, թե կրնաս, ճարըմ էրա, էս մարդկանց պանելների տըկից հանենք»:

– Գիտեմ որ հիմի հաստատ չէ, հիմի պտի ճարիմ աշես:

– Հա, բոլորս էլ ճարի մասին կմտածենք, բայց որ վախտին խոսայինք, ցեմենտ գողցողի ձեռը բռնեինք, մե բանմ էլ մենք չօգտվեինք, էսոր սաղ քաղաքն ավերակ դարձած չէր էղնի, ժողովրդի կեսն էլ էդ ավերակների տակը պառկցրած չէինք էղնի, որ էսօր էլ ճարի աշեինք…

… Մի քանի օր առաջ բացեցի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԽԻՎ կայքը: Եվ պարզեցի հետևյալը: Կարելի է համարել, որ 1995թ. Հայաստանում պետական անկախությունն արդեն վերջնականորեն հաղթած էր և չկար որևիցե մտավախություն խորհրդային կարգերի ռենեսանսի, և հումանիտար գիտությունների բնագավառը, մասնավորապես, պատմության, և հատկապես հայոց պատմության ոլորտն, արդեն ազատ էր կոմունիստական գաղափարախոսական մամլիչից: Համաձայն այդ կայքի, ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ և ՊԱՏՄԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՂԲՅՈՒՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ մասնագիտությունների գծով 1995թ. հունվարից մինչև 2021թ. հոկտեմբեր Հայաստանում պաշտպանվել է 305 թեկնածուական և դոկտորական ատենախոսություն: Դրանցից միայն 32-ն է (10,49%, տարեկան միջինը` 2 ատենախոսություն), որ այս կամ այն կերպ առնչվում է Հայաստանի Առաջին Հանրապետությանը: Մնացած 89,51% -ը` ինչի մասին ասես: Մենք, բնականաբար, չենք պատրաստվում վիճարկել մեր հայրենի պատմա-«ռեսիչեռների» գիտական ճաշակն ու նախասիրությունները: Դա իրենց ընտրությունն է: Բայց միաժամանակ հարց է ծառանում և ուղղվում թե այդ բազմաճաշակ պաշտպանողներին, թե իրենց խիստ նրբաճաշակ գուրու-պատմաքրմերին առ այն, որ եթե այսքան տարիների ընթացքում ձեր պատմաստեղծ ու պատմասեր ուղեղների աշխատանքի ընդամենը 10,49% ուղղվեց Առաջին Հանրապետության կողմը, ապա միանգամայն բնական է, որ օտարը այսօր պետք է ասի հային, որ «դու պետական սահման չունես, քո սահմանը հարյուր տարի առաջ ես եմ գծել` իմ ուզածով և այսօր էլ ես եմ գծելու, և դարձյալ` իմ ուզածով»: Իսկ մյուսն էլ` ոչ երկիր, ոչ տարածք, ոչ նույնիսկ ինքնանվանում ունեցողը ասելու է . «հայ, դու երկիր, հող, հայրենիք չունես: Դրանք բոլորը իմն են: Ժամանակավորապես ուրիշները քեզ էին տվել, հիմա գալիս եմ վերցնեմ: Էս աշխարհի երեսին դու տեղ չունես, պետք է ոչնչանաս»: Դեհ, հայերն էլ բնազդով հասկանում են, որ այդպես չէ, բայց համապատասխան հարթակներից ու ամբիոններից համապատասխան հակադարձում հնչեցնելու համար այդչափ պատմագիտական հիմք ու պաշար չկա: Քանզի չկա, գոյություն չունի անկախ հայկական պետականությանն առնչվող և այն լուսաբանող անկախ հայկական պատմագիտություն, որպես այդպիսին:

Այդպիսին է իմ տեսակետն ու համոզվածությունը, որպես Հայաստանի քաղաքացի:

Հոդվածը՝ lragir.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *