Մաս III
Իթթիհաթը բառի բոլոր իմաստներով կուսակցություն չէր սահմանադրությունից առաջ, քանի որ թիկունքում չուներ կազմակերպություն, չուներ ժողովրդային մասսա, այլ մի քանի դժգոհների խումբ էր, որից շատերը վերադառնում էին Պոլիս, երբ ամեն անգամ բռնապետը «կը հաճէր իրենց հրամցնել պատառ մը անուշ խորոտիկ իր համադամ սեղանէն:
Էլինա Միրզոյան
Որպեսզի հնարավոր լինի փոխել որևէ երկրի պետական համակարգը, անհրաժեշտ է նախ փոխել այդ երկրի մեջ գոյություն ունեցող ուժերի փոխհարաբերությունը: Երբ խոսում են որոշ բարեկարգության կամ հեղափոխության մասին, պետք է նկատի ունենալ, որ տվյալ երկրի ժողովրդի լայն խավերի մեջ արդեն իսկ տեղի են ունեցել որոշ փոփոխություններ, կամ հողատիրությունը տեղի է տվել արդյունաբերական դրամագլխին, կամ խոշոր սեփականությունը տեղի է տվել մանր սեփականատիրությանը, և կամ սրա նման ուրիշ որևէ փոփոխություն է առաջ եկել: Ահա այս գիտական սկզբունքներով է պարբերականն առաջնորդվում՝ պարզելու վերջին մի քանի տարվա ընթացքում Թուրքիայի մեջ տեղի ունեցած քաղաքական դեպքերը:
Թուրքիայում բարեկարգությունն սկսում է Թանզիմաթից, ընդգրկում Միդհատ փաշայի սահմանադրությունը և հանգում 1908 թ. Իթթիհաթի հռչակած օսմանյան սահմանադրությանը, որի էությունն ու վախճանը ծանոթ են արդեն բոլորիս. «Թանզիմաթով կը ջնջուէր Ենիչէրիներու դրութիւնը, Թուրքիոյ մէջ կը հաստատուէր տարրերու հաւասարութիւնը: Միդհատ փաշայի սահմանադրութիւնով կը տապալէր միապետութիւնը եւ անոր կը յաջորդէր ժողովրդային իշխանութիւնը»[47]:
Միևնույն դերն էր գալիս խաղալու նաև իթթիհաթական սահմանադրությունը:
Թուրքիայի կյանքի մեջ բարեկարգության այս երեք դարագլուխներն էլ, ինչպես գնահատում է հոդվածագիրը, անհաջող փորձեր էին՝ թուրք պետական անձանց ձեռքի տակ երկիրը փրկելու անմիջական քայքայումից:
Այս բարեկարգությունները ժողովրդի ներքին ինքնաբուխ պահանջի արդյունք չէին, այլ արտաքին ճնշումների անմիջական հետևանք, ինչն էլ ունեցել է միմիայն ժամանակավոր ազդեցություն: Հոդվածագիրը պատմական մանրամասնությունների մեջ չի մտնում, միայն հիշատակում է, որ Թուրքիայի բարեկարգությունները եղել են մշտապես եվրոպական պետությունների ճնշուﬓերի ներքո, որից փորձում էին ամեն ձևով խուսափել բազմաթիվ թուրք պետական անձինք:
Զեյթունցյանը շարունակում է, որ բարեկարգության այդ ձգտումները մնացին անհետևանք այն պարզ պատճառով, որ Թուրքիան չէր ներկայացնում անհրաժեշտ պայմանները՝ դրանք տևական և արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Թուրքիայում՝ «Արևելքի տիպար այս անշարժ երկրի մեջ», իրերի փոփոխություններն այդ ժամանակահատվածում կատարվում էին այն աստիճան դանդաղ, որ ոչ միայն տարիների, այլև նույնիսկ դարերի ընթացքում հազիվ նշմարելի լինի մի որևէ ներքին իրական փոփոխություն ժողովրդային խավերի մեջ. «Թանզիմաթի ժամանակից այս երկրի մեջ տիրող դասակարգը եղել է էշրաֆը[48], ﬕացած պաշտոնեության (բյուրոքրասի), այս երկու տարրի ﬔ ջ էլ չի կարելի փնտրել դեմոկրատական հակուﬓեր և ուստի ասոնք չէին որ պիտի գային օժտել այս երկիրը իրական սահմանադրական օրենքներով: Այս իսկ պատճառով անհաջող են անցնում Միդհատ փաշայի ջանքերը»[49]:
Հոդվածաշարով մատնանշվում է, որ հետադեմ տարրերն առաջին օրից Թուրքիայում բնակվող քրիստոնյա ժողովուրդներին դիտարկել են որպես հակառակորդ, որոնք իրենց իրենց պատմական ուղիով ներկայացնում էին նյութական և բարոյական տարբեր մակարդակ. վերջապես Թուրքիայի քրիստոնյա ժողովուրդները ցանկանում են տեսնել այս երկիրը քաղաքակրթված: Ճիշտ այս ցանկությունն էր, որ իրենց դեմ հանեց տիրող դասակարգին իր հակոտնյա շահերով, որն էլ հակառակորդին պատասխանեց «սրով և յաթաղանով»:
Սակայն, Զեյթունցյանն ուղղորդում է ընթերցողին, որ սխալ կլինի կարծել, թե Թուրքիայում քրիստոնյա ժողովուրդների տառապանքն ու զարհուրելի ջարդերն արդյունքն են թուրք ժողովրդի կրոնական մոլեռանդության: Հաճախ հանդիպում են տվյալներ, որ այդ նույն ժողովուրդը որպես բարեկամ ապրել է քրիստոնյա դրացիների հետ, երբ միտումնավոր գրգռողներ չեն եղել. «Թուրքիոյ քրիստոնեայ ժողովուրդները նահատակներ են, ոչ թե յանուն քրիստոնեութեան այլ յանուն քաղաքակրթութեան»[50]: Ապա լրացնում է, որ Իթթիհաթը կուսակցություն լինելուց առավել դժգոհների խումբ էր կազմում, որ ապաստանել էր Եվրոպայում: Երկրի մեջ՝ ո՛չ մի գործունեություն, ո՛չ մի համակերպություն: Հեղինակը շեշտադրում է, որ «նոյն իսկ բռնապետության վերջին շրջանին հոս ու հոն ցանուած դժգոհութեան վատառողջ սերմը այդ աւազուտ, անարգասաբեր հողին մէջ կուտային բոլորովին հակոտնեայ արդիւնք»: Էրզրումում 1907-ին երևան եկած փոքրիկ ըմբոստության փորձը՝ իշխող կառավարության դեմ, վերջիվերջո հանգեցրեց հակաքրիստոնեական շարժման, որին զոհ գնաց Գրիգոր Օհանյան անունով հայ վաճառականը»[51]:
Ապա հոդվածագիրը շարունակում է՝ առաջ բերելով այն կարծիքը, որ դեռևս այդ օրերին թուրքական օրաթերթում մի հոդվածագիր Իթթիհաթի պատմությանն անդրադառնալիս հայտնել է այն գաղափարը, թե քսանհինգ տարի առաջ Թուրքիայում ամեն խելահաս մարդ իթթիհաթական էր: Սակայն Զեյթունցյանը նշում է, որ այդ տեսակետը հիմնովին սխալ է, քանի որ Իթթիհաթն իր կազմությունից մինչև սահմանադրության հռչակումը երբեք ժողովրդային հոսանքի արտահայտություն չի եղել, ինչպես նաև չի վայելել համաժողովրդական համակրանք. «Նախորդ բռնապետական շրջանի տիրող ռեժիﬕ դեմ ցույց անելու համար «Անատոլիայի[52] զանազան մասերու մէջ»՝ պատերի վրա թռուցիկներ փակցնելու անհրաժեշտությունը և այդ գործը գլուխ բերելու համար Իթթիհաթը Հնչակյան կուսակցության աջակցությունն էր խնդրել՝ առարկելով, որ ինք այդ վայրերում պահանջված կազմակերպություններից չէ: Պարբերաթերթում պաշտպանվում էր այն դիրքորոշումը, որ Իթթիհաթը բառի բոլոր իմաստներով կուսակցություն չէր սահմանադրությունից առաջ, քանի որ թիկունքում չուներ կազմակերպություն, չուներ ժողովրդային մասսա, այլ մի քանի դժգոհների խումբ էր, որից շատերը վերադառնում էին Պոլիս, երբ ամեն անգամ բռնապետը «կը հաճէր իրենց հրամցնել պատառ մը անուշ խորոտիկ իր համադամ սեղանէն»[53]:
Հոդվածագիրը նշում է, որ այս երևույթներն իրենք արձանագրեցին՝ պարզապես ցույց տալու, որ թուրք ժողովուրդը ներքին իրական որևէ փոփոխություն չէր կրել այս վերջին մեկ դարի շրջանում, և որ Իթթիհաթի հռչակած սահմանադրությունը երբեք իր հիմքում չուներ ժողովրդային պահանջը:
«Ի՞նչ տեղի ունեցավ սահմանադրությունից հետո». այս հարցադրման դիրքերից պարբերաթերթն առաջ է քաշում հետևյալը. «Իթթիհատի շէֆերը սկսան գործի, բնական էր որ նախ մտածւէր կուսակցութիւնը ժողովրդականացնելու պէտքին վրայ, և Իթթիհատը սկսաւ իր կազմակերպութեան գաւառներու մէջ»[54]: Այդ օրերին, թեև սկզբնական շրջանում էր, որ ամեն անհատ իթթիհաթական էր, ամեն թուրք՝ սահմանադրական, ուստի շուտով էլ կազմվում են իթթիհաթական «գլիւպներ»՝ ակումբներ, նշվում է նաև, որ առաջին իթթիհաթական կազմակերպությունների մեջ մեծամասնություն են կազմում նաև քրիստոնյաները, նրանք, ովքեր իրենց տեղանքում ճանաչված էին պարկեշտ և սահմանադրասեր, ընտրվել էին առաջին հիմքը դնելու իթթիհաթական կազմակերպությանը, նրանց էր միացել նաև մի քանի թուրք, այդուհանդերձ, հետագայում, սակայն, երևույթը փոխվում է: Մասնավոր պատվիրակները պտտվում են գավառով, չեղյալ նկատում նախորդ կազմակերպությունները և երևան հանում ուրիշ կազմակերպություններ՝ բոլորովին տարբեր ոգով: Այս վերջին կազմակերպությունների մեջ են մտնում տեղի ավագանին, հարստահարիչները, կողոպտիչները, բեյերը և աղաները:
Այժմ ահա, եթե Իթթիհաթն իբրև ներկայացուցիչ նոր ու կենսունակ տարրի պատմության հրապարակ իջած լիներ, բնական է, որ պետք է փնտրեր և միանար այն տեսակ տարրերին, որոնք իր բնական դաշնակիցները կարող էին լինել. այդ տարրերը քրիստոնեաներն էին, բայց Իթթիհաթը նկատի չունեցավ այդ կետը, քանի որ նա հասարակական նոր պաշտոնով հրապարակ չէր գա, այլ պարզապես կգար կատարելու քաղաքական դեր[55]:
Եվ վերջապես, իթթիհաթականները, ինչպես նպատակային դիրքորոշմամբ շեշտադրում է պարբերականը, իրենց քվեարկած օրենքներով և պարտադրած տուրքերի դրությամբ էլ եկան ապացուցելու, որ երկրի վաճառական դրամատեր տարրի պաշտպանը չեն, այլ ներկայացուցիչն են ավատապետերի, որոնց շահերի հսկողությունը ստանձնելու համար ստիպված էին, ինչպես իրենց նախորդները, հանդես գալ իրենցից առաջ եղած ուրիշ դիմակների ներքո: «Թուրքիան իր ներքին կեանքով հոն էր ուր որ էր Թանզիմաթի կամ Միդհատ փաշայի սահմանադրութեան ժամանակ»,- նշվում է պարբերաթերթում: Ուրիշ՝ արտաքին պատճառներով, փոխվել էր պետության արտաքին երևույթը, բայց ներքին դասակարգային փոխհարաբերությունը պահում էր իր հին գոյությունը: Եվ այս պայմանների ներքո, ինչպես ընդգծվում է շաբաթաթերթում, իթթիհաթականները չձևավորեցին իսկական սահմանադրական կյանք:
Այսպիսով, ըստ պարբերաթերթի՝ Իթթիհաթի գործունեությունը ոչ թե անհատական ցանկությունների արդյունքն է, այլ դասակարգային շահերի: Պատասխանատուն ոչ թե անհատն է, այլ դասակարգը[56]:
Իթթիհատականների ազգայնականությունը, թուրք ազգայնական շարժումն օսմանյան սահմանադրության հայտարարումից հետո երևան է գալիս, և իր գործելակերպով ու ուղղությամբ տարբերվում թե՛ հին և թե՛ նոր երիտասարդ թուրքերի ծրագրից:
Երիտասարդ թուրք շարժումը մինչև Աբդուլ Համիդի անկումն ազդված էր ֆրանսիական հեղափոխության ազատական գաղափարներից: Ֆրանսիական մշակույթն էր, որ ազդում էր թուրքական մտավորական կյանքի վրա: Ֆրանսիական գրականությունը տարածված էր կրթված շրջանակներում, իսկ ֆրանսերենը՝ կատարելապես բարձրագույն վարժարաններում։ Թուրք ազատական վտարանդիները ապաստանում էին Փարիզում և այնտեղ հիմնում իրենց հեղափոխական թերթերը: Իսկ երիտասարդ թուրքերի գործելակերպը պարզ ընդօրինակություն էր հույն, սերբ և բուլղար չեթեական[57] գործունեության, ինչպես պարբերականը բնորոշում է իթթիհաթականներին:
Այս ուղղությամբ հոդվածաշարում ասվում է, որ Սալոնիկի երիտասարդ թուրքերը և թուրք սպաները, կռվելով մակեդոնացի հեղափոխականների դեմ, շատ բան սովորեցին, շատ բան ընդօրինակեցին նրանցից: Մինչև անգամ երբ Միություն և առաջադիմություն կուսակցությունը գաղտնի կազմակերպություն էր, դրանից հետո նրա ներքին կանոնագիրն ընդօրինակված էր Մակեդոնական հեղափոխական կազմակերպությունից[58]: Ապա շեշտադրվում է, որ եթե երիտասարդ թուրք շարժումն իր սկզբնական շրջանում տոգորված էր ֆրանսիական գաղափարներով և առաջնորդվում էր մակեդոնական գործելակերպով, շատ մոտ անցյալի ազգայնական շարժումը, ինչպես գրում է պարբերաթերթը, «գերման դավին ստեղծագործումն էր, և իր մեթոդը այնքան քանդիչ, այնքան ավերիչ, այնքան արյունաթաթախ, որքան գերմանականն էր»[59]: Հոդվածաշարում նշվում է, որ մի անգլիացի հրապարակագիր ասում էր, թե նախապես երիտասարդ թուրքերն ազգայնականներ չէին, քանի որ Միություն և առաջադիմություն կոմիտեն հիմնված էր ֆրանսիական հեղափոխության սկզբունքների վրա՝ կայսրության բնակչությունը ազատելու և հաշտեցնելու հավատով, ահա «1909ի համագումարին ամէնքը ժխտեցին ազգայնականները՝ անոնց երեսին պոռալով. «Մեր նպատակը կազմակերպութիւնն է, ուրիշ ոչինչ»[60]: Բայց երիտասարդ թուրքերի գաղափարները հետզհետե նեղացան: Ազատականությունը տեղի տվեց համաիսլամությանը, համաիսլամությունը՝ համաթուրանությանը, և Օսմանյան պետության գաղափարը փոխվեց, հավասարությունը և եղբայրությունը եղավ բոլոր ոչ թուրք ազգությունների բռնի թրքացումը[61]:
Համաթուրանական շարժումը սահմանադրության հաստատումից հետո երևան եկավ մայրաքաղաքում և համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո լայն ծավալ ստացավ թուրք-թաթարական ցեղերի մեջ: Ինչպես որ Գերմանիան համագերմանականությամբ ուզում էր ստեղծել Միջին Եվրոպա, այնպես էլ Գերմանիայի դաշնակից Թուրքիան համաթրքականությամբ ուզում էր ստեղծել Միջին Ասիա:
Ինչպես ամփոփվում է հոդվածաշարում, թուրքական ազգայնականությունը հիմնված էր ոչ թե «քաղաքական վարդապետության», այլ «ցեղագրական գիտության» վրա, որ առաջին անգամ երևան եկավ Հունգարիայում անցյալ դարերում: 1877-1878 թթ. պատերազմից հետո Ռուսաստանի թաթարական ցեղերի մեջ ռուսացման քաղաքականության դեմ շարժում է սկսում՝ «գործակցությունն ստեղծելու բոլոր թուրանական կամ թուրքական ցեղերու միջև»[62]:
Փաստենք, սակայն, որ պարբերաթերթում հաճախ էր նշվում այն մոտեցումը, որ կայսրության գոյությունը կախված էր երիտասարդ թուրք կուսակցության ուժից և թշնամական գաղափարների զարգացումից. «Բոլոր թուրքական ուրիշ հպատակների օսմանցիացման երիտասարդ թուրքերի դավադիր այս ծրագիրն իրականացնելու համար, թուրքն իր ազգային իդեալին հասնելու համար վայրենի ավազակի նման արյունկզակ ավազակների անխուսափելի բաժին կդարձնի հպատակ ժողովուրդներին, քանի որ թուրքերը ավազակի հոգեբանություն ունեն»[63]:
Այսպիսով, այս պարբերականի 1919 թ. բոլոր համարները յուրօրինակ անդրադարձ են այդ օրերի թուրքական քաղաքական-ազգայնական ուղեգծի՝ քննված ուղղությունների ներկայացմամբ և լուսաբանմամբ: Շաբաթաթերթի՝ բոլոր ուղղություններով ընդգծվող ամփոփիչ դիրքորոշումն առանձնանում է այն առանցքային մտքով, որ Թուրքիայի բոլոր ազգերը մշտապես կանգնած են լինելու թուրք ազգայնական ոճրագործների կողմից բնաջնջման վտանգի առաջ, քանի որ, պարբերաթերթում հաճախ կիրառվող ձևակերպմամբ՝ թուրքերի հայրենիքը ո՛չ Թուրքիան է, ո՛չ էլ Թուրքիստանը, այլ Թուրանիայի «լայն հավիտենական» երկիրը, իսկ այդ երկիրը ստեղծելու համար պետք էր ոչնչացնել այն ազգերին, որոնք այդ «լայն» ճանապարհի վրա են գտնվում. համաթուրք այդ ազգասպան քաղաքականությունը երիտթուքերի նպատակային ուղեգիծն էր:
[1]Ալբերտ Խառատյան, Կոստանդնուպոլսի հայ գաղթօջախը (XV-XVII դարեր) (Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2007), 7, 49-50:
[2] Լէօ, Հայկական Տպագրութիւն, Ա. Մաս (Թիֆլիս, Վրաց. հրատ. ընկ., 1901), 600:
[3] Վաղարշակ դպ. Սերոբեան, «Պոլսահայ մամուլը», Մարմարա (Կ.Պոլիս), 15 հոկտեմբեր 1994:
[4] Հայոց պարբերական մամուլը. Լիակատար ցուցակ հայ լրագրության, կազմող՝ Գարեգին Լևոնյան (Յերևան, հրատարակություն Մելքոնյան ֆոնդի, 1934), 4:
[5] «Հայ մամուլի մասին», Ժամանակ (Կ.Պոլիս), 15 հոկտեմբերի 1994:
[6] Արևմտահայոց ազգային սահմանադրության մասին առավել մանրամասն տե՛ս Ատոմ, Ազգային սահմանադրութիւնը. գիծեր մեր մշակոյթի պատմութենէն (Կ.Պոլիս, Արծիւ ժողովրդական գրավաճառանոցի, 1914); Արշակ Ալպոյաճեան, Ազգային սահմանադրութիւնը, իր ծագումը եւ կիրառութիւնը. «Ընդարձակ օրացոյց ս. Փրկչեան հիւանդանոցի հայոց» (Կ.Պոլիս, 1910); Լեւոն Չորմիսեան, Համապատկեր արեւմտահայոց մէկ դարու պատմութեան: Ա. հատոր: 1850-1878 (Պէյրութ, Imprimerie G. Doniguian & Fils, 1972); Ազգային սահմանադրութիւն հայոց (Լիբանան, Կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ, 1968); Ալբերտ Խառատյան, «Արևմտահայերի ազգային «Սահմանադրությունը» (1860-1863)», Պատմաբանասիրական հանդես 2-3 (1992), 51- 66; Ալբերտ Խառատյան, «Դարձյալ արևմտահայերի ազգային սահմանադրության մասին», Պատմաբանասիրական հանդես 2 (2008), 81-93:
[7] Յակոբ Օշական, Համապատկեր արեւմտահայ գրականութեան, հ. 5 (Երուսաղէմ, Սրբոց Յակոբեանց, 1952), 383:
[8] Բիւզանդ Քէչեան, «Երկու խափանումներ», Բիւզանդիոն (Կ.Պոլիս), թիւ 3, 13–26 մարտ 1909, 789:
[9] Анатолий Желтяков, Юрий Петросян, Печать в общественно-политической и культурной жизни Турции (1729-1908) (М.: Наука, 1972), 65:
[10] Ալբերտ Խառատյան, Արևմտահայ պարբերական մամուլը և գրաքննությունը Օսմանյան Թուրքիայում (1857-1908) (Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1989), 5:
[11] Նոր կեանք (Լոնդոն), 1898, թիվ 11, 216:
[12] Օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ II-ի նստավայրը:
[13] Յուրի Ավետիսյան, «Անահիտ» հանդեսը (Երևան, Երևանի պետական համալսարան, 1999), 42:
[14] Նույն տեղում, նաև՝ Վիկտորյա Ղուկասյան, Պոլսահայ մամուլի և հրապարակախոսության սկզբնավորումը (1832-1853) (Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1975), 32-34:
[15] Նշված ժամանակաշրջանում մեկ «կասկածելի» բառի համար թերթերը ոչ միայն փակվում էին, այլև հարցաքննության էին ենթարկվում վարիչները և խմբագիրները՝ «Եըլտըզի միահեծան բռնակալութեան դէմ թաքուն նպատակ» հետապնդելու պատճառաբանությամբ: Սակայն շատերին չէր հաջողվում «օձիքը ազատել»: Ընդ որում՝ «ստոր զրպարտութեանց հետեւանքով, որ ընթացիկ նորոյթ էին հին ռէժիմին», բանտարկվել են հայ խմբագիրներ և արտոնատերեր: Ասվածի վառ օրինակ է «Մանզումե» թերթի հետ կապված «Ակօս»-ում բերված հիշատակությունը. «Օր մը Ֆրանսերէն թերթէ թարգմանուած հատուած մը, որ գուշակութիւններ կը պարունակէր աշխարհի վախճանին վրայ, վերջ կու տայ այս ձեռնարկին… այդ հատուածին մէջ կար տող մը մանաւանդ, որ կ’ըսէր թէ աստղերը (Եըլտըզ) պիտի թօթափին: Այս բառերը բաւական կ’ըլլան ոչ միայն թերթը փակելու, այլեւ հարցաքննութեան ենթարկելու թերթին վարիչն ու խմբագիրները, որոնց կը վերագրուէր թաքուն նպատակ մը՝ Եըլտըզի միահեծան բռնակալութեան դէմ: Անոնք դժուարաւ յաջողեցան իրենց օձիքը ազատել…»: Միսաք Գօչունեան, «Փոխն ի փոխ», Ակօս (Կ.Պոլիս), թիւ 462, 4 փետրուար 2005: Թերթը քանիցս դադարեցվել է գրաքննության համար, իսկ արտոնատերն ու խմբագրապետը բանտարկվել են կեղծ զրպարտությունների պատճառով: Սակայն «Բյուզանդիոն»-ը նկատել է տալիս, որ բռնակալության տարիներին անճարակները, անարժանները, անարժեքները միայն ջանում էին փակել տալ մրցակից թերթերը՝ իրենցը հաջողեցնելու համար: Դիտակ, «Կառավարութիւնն եւ Հայերը», Բիւզանդիոն, մարտ 13-26, 1909, նաև Ս. Յ. Ալիքսանեան, «Ի՞նչ կ’ըսէ բրօֆէսօր մը», Բիւզանդիոն, մարտ 13–26, 1909:
[16] Иван Голобородько, Старая и новая Турция (Москва: “Польза” В. Антик и К., 1908), 117-119.
[17] Նույն տեղում:
[18] Հայրենիք (Բոստոն), 1924, թիվ 6:
[19] Արսեն Ավագյան, Ռուբեն Մելքոնյան, Ստամբուլի հայ համայնքի արդի վիճակը (Երևան, Լուսակն, 2009), 108:
[20] Հայ պարբերական մամուլի մատենագիտություն (1794-1967), կազմող՝ Ա. Կիրակոսյան (Երևան, Ա. հ., 1970), 325: Տե՛ս նաև Հայ պարբերական մամուլը։ Մատենագիտական համահավաք ցուցակ (1794-1980), կազմող՝ Մանվել Բաբլոյան (Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1986), 78: Վահան Զեյթունցյանը խմբագրի ծանրակշիռ փորձ ունեցող մտավորական էր, ինչպես նաև Հնչակյան կուսակցության անդամ, որն այս մասին գրում է. «Այն ինչ որ եմ, կը պարտիմ իմ կուսակցութեան-Հնչակեանութեան, որ հայութեան ծառայելէ շեղում չէ կատարած: Հնչակեանութեան ուղին եղած է պատմականօրէն շիտակ, արտասահմանի հայութիւնը կը շղթայէ մեր նոր ազատ հայրենիքին, որու որդեգրած ուղին վաղը քաղաքականապէս եւ տնտեսապէս անազատ ժողովուրդներու ուղին ըլլալուն հաւատքն ունիմ: Ուր որ ըլլամ պիտի ծառայեմ հայութեան եւ տառապող մարդկութեան»: Նա խմբագրել է Հարավային Ամերիկայի հնչակյանների պաշտոնաթերթ «Շարժում»-ը, ապա «Նոր Երկիր», «Նոր Աշխարհ» թերթերը: Այս մասին առավել մանրամասն տե՛ս Սիրվարդ, Ընկեր Վահան Զեյթունցեան, Երիտասարդ Հայաստան (Նիւ Եորք), 56-րդ Տարի, Թիւ 69, 15 Յունուար, 1960:
[21] Հայ պարբերական մամուլի մատենագիտություն (1794-1967), 325:
[22] Հայոց պարբերական մամուլը, 59, 100:
[23] «Մեր հրատարակութեան պատճառները», Հայ Աշխարհ, Ա. Տարի, Կ.Պոլիս, թիւ 1, 14/27 Յունուար, 1919, 1:
[24] Նույն տեղում։
[25] Վահան Շահրիման, «Իթթիհատականներու համաիսլամական քաղաքականութիւնը եւ 1915ի հայասպան եղեռնին գաղտնիքը», Հայ Աշխարհ, Ա. Տարի, 14/27 Յունուար, 1919, թիւ 1, 3:
[26] Նույն տեղում:
[27] Երբեմն մենք, թեև ոչ ուղղակի խոսքում, անհրաժեշտաբար պահպանում ենք թերթի բառապաշարային առանձնահատկություններն ընդգծող ձևակերպումներ, որով ևս ընթերցողը կարող է ձևավորել իր մոտեցումը թերթի տվյալ հարցի շուրջ դիրքորոշման մասին:
[28] Շահրիման, «Իթթիհատականներու համաիսլամական քաղաքականութիւնը», 3:
[29] Նույն տեղում:
[30] Նույն տեղում:
[31] Նույն տեղում, 3:
[32] Նույն տեղում:
[33] Նույն տեղում, 3-6:
[34] Նույն տեղում:
[35] Նույն տեղում:
[36] Նույն տեղում:
[37] Նույն տեղում, 4:
[38] Նույն տեղում:
[39] Նույն տեղում:
[40] Նույն տեղում, 6:
[41] Նույն տեղում:
[42] Նույն տեղում:
[43] «Արեւելքի ժողովուրդներու մէջ բաղդատութեան երկու եզրեր», Հայ Աշխարհ, Ա. Տարի, 9 Փետրուար, թիւ 3, 34:
[44] Վահան Զեյթունցեան, «Թէ ի՛նչպէս կը դատենք թուրք ժողովուրդը», Հայ Աշխարհ, Ա տարի, 18/31 Յնվր., թիւ 2, 1919, 21, նաև թիւ 3, 1919, 36, 37:
[45] Նույն տեղում, 21:
[46] Նույն տեղում:
[47] Նույն տեղում, 22:
[48] Օսմաներենից թարգմանաբար՝ eşraf- 1. հարուստները, տեղանքի նշանավորները, 2. հարգված մարդիկ, ազնվականությունը, 3. երևելիները, 5. մեծարգո, ականավոր երեցները։
[49] Նույն տեղում:
[50] Նույն տեղում, 23:
[51] Նույն տեղում:
[52] Անվանաձևը պահպանվել է միայն այն պատճառով, որ ուղիղ մեջբերում է:
[53] Վահան Զեյթունցեան, «Թէ ի՛նչպէս կը դատենք թուրք ժողովուրդը», Հայ Աշխարհ, Ա տարի, 9 Փետրուար, թիւ 3, 1919, 36:
[54] Նույն տեղում:
[55] Նույն տեղում:
[56] Նույն տեղում, 37:
[57] Չեթե – սերբո-հորվաթերեն «չեթնիկ»՝ աշխարհազորային բառի թուրքերեն աղավաղված ձևն է:
[58] Յովհ. Յակոբեան, «Թուրք ազգայնական շարժումը», Հայ Աշխարհ, Ա տարի, 23 Փետրուար, թիւ 5, 1919, 68-70:
[59] Նույն տեղում, 68:
[60] Նույն տեղում:
[61] Նույն տեղում:
[62] Նույն տեղում:
[63] Յովհ. Յակոբեան, «Թուրք ազգայնական շարժումը», Հայ Աշխարհ, Ա տարի, 1 Մարտ, թիւ 6, 1919, 83-87:
Akunq.net
Հոդվածը՝ yerkir.am կայքից։