Հայաստան

Հայաստանը Ռուսի Ու Թուրքի Արանքում

ԱՄՆ հոգսը ոչ թե մեզ համար թանկ այս կամ այն ճանապարհը կամ բարձունքն է, գյուղը կամ արցախցի մեր եղբայրների կյանքն է, այլ ռուս-թուրքական պրոյեկտը խափանելը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է հերթական անգամ կիսկսվի թուրքերի և ռուսների միջև:

Միքայել Հայրապետյան

Ռուսների ու թուրքերի պայմանավորվածությունների ամենից սոսկալի փուլերը դեռ առջևում են

Lragir.am-ի զրուցակիցն է հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Հայրապետյանը

Պարոն Հայրապետյան, Բերձորը հայաթափվեց, Արցախի կապը Հայաստանի հետ իրականացվելու է նոր ճանապարհով։ Ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացները, ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում։

-Զարգացումները վաղուց էին սկսված, հիմա ընդամենը շարունակվում են: Այն պահին, երբ ասացինք. «Աղդամն իմ հայրենիքը չէ», ու մոռացանք, որ Աղդամի տակ երկու հազար տարի անտեր թողնված Տիգրանակերտ կա, սկսվեց Բերձորի հանձնումը: Արտառոց ոչինչ չի եղել, այլ ընդամենը հերթական ապտակն ենք ստացել մեր ապաքաղաքական մտքի պատճառով:

Ռուս խաղաղապահների՝ Արցախում տեղակայումից հետո հերթական տարածքները հանձնվեցին Բաքվին, սա ի՞նչ է ցույց տալիս։

-Դա ցույց է տալիս, որ անվրեպ գործում է ռուս-թուրքական նախնական պայմանավորվածությունը: Ռուսները և թուրքերը պատերազմից հետո քայլ առ քայլ իրականացնում են այն, ինչի շուրջ հստակ պայմանավորվել էին պատերազմից դեռ շատ առաջ: Այդ պայմանավորվածությունների ամենից սոսկալի փուլերը դեռ առջևում են:

Իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունն ինչպե՞ս եք գնահատում այս համատեքստում, և ի՞նչ պետք է անել ստեղծված իրավիճակում։

-Իշխանությունները միակողմանիորեն հանձնված են ռուսական ողորմածությանը. դա պարտվածի ճակատագիրն է: Որպեսզի բան փոխվեր, պարտված իշխանությունը կա՛մ պետք է ժամանակին հեռանար՝ դեմ գնալով ռուսական արգելանքին, կա՛մ պետք է փորձեր պարտության բեռան տակ չկքած ու որոշակի որձություն ունեցող նոր իշխանություն ձևավորել: Հասկանում եմ, որ դա արիություն կպահանջեր, քանի որ այդպիսի քայլերի դեպքում ամենաբարձրաստիճան իշխանավորներից շատ-շատերը կյանքով կհատուցեին – «Մոսկվան արցունքների չի հավատում», դաժան է ու թաթար-մոնղոլական: Իսկ ստեղծված իրավիճակից ելքերի մասին, որոնք այնուամենայնիվ կան, որևէ բան ասելն անիմաստ է. դա մթնոլորտի լարման իր չափաբաժինը կբերի, մինչդեռ այսօր ուժերի կոնսոլիդացիա է անհրաժեշտ:

ԱՄՆ-ն փորձառու դիվանագետ Ֆիլիպ Ռիքերին Կովկասի հարցերով բանակցություններում գլխավոր խորհրդական նշանակեց, նա նաև Մինսկի խմբի նոր համանախագահն է լինելու։ ԱՄՆ Արցախի հարցում ակտիվանո՞ւմ է, ի՞նչ են ցույց տալիս այս զարգացումները։

-Ո՛չ: ԱՄՆ-ն Արցախի հարցում այս փուլում չի ակտիվանում: Եվ դա շատ պարզ է: Շնորհակալություն, որ դուք, ի տարբերություն մեր «արևմտամետ» ներկայացող խելոքների, հերթականությունը ճիշտ նշեցիք – ոչ թե Մինսկի խմբի ամերիկյան նորանշանակ համանախագահին է վերապահվել Կովկասի հարցերով խորհրդականի պաշտոնը, այլ հակառակը՝ Կովկասի հարցերով խորհրդականին է վերապահվել նաև Մինսկի խմբում ԱՄՆ-ին ներկայացնելու պարտավորությունը: Եթե կարծում ենք, որ դրանով Արցախի վրա ուշադրության բևեռացում է տեղի ունեցել, ապա մենք իսկապես դատապարտված ենք նորանոր աղետների միջով անցնելու: Այս փուլում ԱՄՆ հոգսը ոչ թե մեզ համար թանկ այս կամ այն ճանապարհը կամ բարձունքն է, գյուղը կամ արցախցի մեր եղբայրների կյանքն է, այլ ռուս-թուրքական պրոյեկտը խափանելը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է հերթական անգամ կիսկսվի թուրքերի և ռուսների միջև: Դրա համար Երևան այցելեց ԱՄՆ ԿՀՎ-ի ղեկավարը, նախատեսվում է նաև Փիլոսիի այցը, եթե իհարկե Հայաստանի ռուսասուն իշխանությունները չխափանեն: ԱՄՆ-ն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության երաշխավորի դեր է ստանձնում, ինչի համար մենք երախտապարտ պետք է լինենք, բայց նաև հասկանանք, որ դա աշխարհառազմավարության նոր տեկտոնիկ փոփոխություն թույլ չտալու համար է, ռուս-թուրքական տարածաշրջանային հակաամերիկյան դասավորություն թույլ չտալու համար է: Սա եզակի իրավիճակ է, երբ մոլորակի միակ գերտերության և մեր ազգային շահերը համընկնում են, և դրանից վարպետորեն չօգտվելը դավաճանությանը հավասար բան է լինելու:

Հոդվածը՝ lragir.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *