ՄԵՐ ՈՒՂԻՆ

Շնորհավոր Ավերված Գիտության Օրը

Դեռևս 1910թ. հայ մեծ մանկավարժ ու գրող Ղազարոս Աղայանը շեշտում էր հայկական դպրոցներում առկա կրթական խնդիրները և նշում, թե օրինակ ֆինները ինչպես են լուծում կրթական հարցերը և ինչպես կարելի է վերցնել այդ փորձը: Անցել է հարյուր տասը տարուց ավել, իսկ մենք դեռևս շարունակում ենք հիանալ ֆիննական կրթական համակարգով և բողոքել սեփականից:

Արայիկ Մկրտումյան

Այսօր առավոտից մայրաքաղաքի դպրոցներում աշխուժություն է, իսկ քաղաքի կենտրոնն անսովոր աչքի համար խիստ բազմամարդ է: Սեպտեմբերի մեկն է և հազարավոր ուսանողներ մարզերից եկել են համալսարաններ իրենց ուսումը սկսելու կամ շարունակելու: Ծաղիկներ, շնորհավորանքներ, ճառեր…ամեն ինչ կա:

Բայց եթե որոշել ենք խոսել ասեպտեմբերի մեկի մասին, ուրեմն իրոք ինչ ինչ խնդիրներ կան: 

Եվ այսպես, գիտության օր հռչակված սեպտեմբերի մեկն ունի մոտավորապես նույն կարգավիճակն, ինչպես ասենք Սահմանադրության, Անկախության հռչակագրի և այլ պետական տոներ: Այսինքն անունը կա, իսկ պրակտիկայում այնպիսի այլասերված ու ծվատված վիճակում է, որ ավելի շատ տարելիցի տպավորություն է թողնում, քան թե տոնի:

Իհարկե կարելի է ջերմ շնորհավորանքներ կարդալ ու մաղթել, որ «բարի ճանապարհ, սիրելի՛ դպրոցականներ, դուք մեր ապագան եք», նույնը կարելի է ասել նաև համալսարանականներին, կարելի է նաև ասել, որ գիտելիքը ուժ է և էլի ու էլի խոսել, իսկ վաղվանից անցնել առօրյա հայհոյախառը կենցաղին, որն արդեն սովորական է դարձել ու բողոքել կրթության որակից էլ, դպրոց-համալսարանից էլ, մնացած ամեն ինչից էլ:

Բայց բոլոր նրանք, ովքեր իրոք հասկանում են ու գիտեն գիտությայ կարևորությունը և նաև գիտեն այդ նույն գիտության ողբալի վիճակը Հայաստանում, կարող են իրոք շնորհավորել և նույնիսկ հույս ունենալ, որ ներկայիս սարսափելի վիճակում դատարկ շնորհավորանքները լավ հետևանք կունենան:

Ի՞նչ է փոխվել Հայաստանի գիտության ու կրթության ոլորտում մայիսից սկսած, որ սեպտեմբերին էլ «նորովի ու թարմացած» գնանք դեպի ուժեղ գիտություն: Ոչինչ: 

Խոշոր հաշվով ոչինչ: Ոչինչ չի փոխվել: Հին դպրոցները չեն վերացել: Հին՝ սկզբունքորեն ու հոգեբանությամբ: Ավերված կրթական ծրագրերը չեն նորացվել, ուսուցչական աշխատավարձերն առանձնապես էական փոփոխություն չեն կրել, անգրագետ ու կաշառակեր դասախոսները չեն հեռացել, ժամանցի համար համալսարան եկող ուսանողները չեն հեռացել: 

Բայց դրա փոխարենը այս տարի Հայաստանի բուհերում կա մոտ 15 հազար թափուր տեղ: Կան բազմաթիվ խայտառակ վիճակում գտնվող դպրոցներ, հատկապես մարզերում, ուր սանհանգույցն ասես ԽՍՀՄ տարիների ուղղիչ տների զուգարաններ լինեն: Կան գյուղեր, որտեղ գրեթե աշակերտներ չեն մնացել, կան մի քանի աշակերտ ունեցող դպրոցներ ու դասարաններ, դեռևս կան արատավոր «ֆոնդի փող» ու նմանատիպ այլանդակություններ, որ աշակերտներից գումար են հավաքում ինչ որ անհասկանալի ու դժվարըմբռնելի նպատակներով:

Դպրոցներում դեռևս շարունակվում է «գնահատականի մրցավազքը», շարունակվում է հարուստ-աղքատ թիրախավորումը, ծանոթներով գնահատական ստանում են, մասնավոր պարապմունքների հաճախողները վայելում են այդ ուսուցիչների համակրանքը: Դասընթացները շարունակում են տեղի ունենալ չթարմացվող ու քարացած ձևով, կադրային փոփոխությունները չնչին են: Ապագա քաղաքացի ու հայրենասեր մարդ մեծացնելու փոխարեն աշակերտները դառնում են այդ լճացած ու մեռյալ համակարգի զոհերը: Դպրոցներում այլևս չեն կրթում, պարզապես տալիս են այն մեռյալ նյութը, որ կա գրքերում, իսկ աշակերտի մակարդակը չափվում է տասը միավորանոց բալային համակարգով:

Ահա սա է դպրոցի դեմքը:

Էլ ավելի վատ է վիճակը համալսարաններում՝ թե՛ պետականներում, թե՛ մասնավորներում: 

Հայաստանում չկա և չի էլ կարող լինել հարյուրավոր բուհերում աշխատող հազարավոր դասախոսներ և բոլորն էլ լինեն այնքան կիրթ ու գիտակից, որ ուսանողներին մտածել, գնահատել սովորեցնեն:  Մի կերպ 3 մլն հասնող Հայաստանում ուղղակի անհնար է ունենալ մի քանի հարյուր համալսարանին հերիքող պրոֆեսորադասախոսական նորմալ կազմ: Կաշառակերների ու անգրագետների պակաս էլ չկա:

Դեռևս 1910թ. հայ մեծ մանկավարժ ու գրող Ղազարոս Աղայանը շեշտում էր հայկական դպրոցներում առկա կրթական խնդիրները և նշում, թե օրինակ ֆինները ինչպես են լուծում կրթական հարցերը և ինչպես կարելի է վերցնել այդ փորձը:

Անցել է հարյուր տասը տարուց ավել, իսկ մենք դեռևս շարունակում ենք հիանալ ֆիննական կրթական համակարգով և բողոքել սեփականից: 

Եվ այս վիճակում կանգնել ու մաղթել, որ բարի ուսում ձեզ, սիրելի աշակերտներ, նշանակում է կամ չհասկանալ, որ այս պարագայում պետք է ավելի շատ վախենալ, թե ինչ է սպասվում աշակերտին և ուսանողին, կամ էլ ուղղակի ծաղրել աշակերտ-ուսանողին էլ, ինքն իրեն էլ:

Մենք դեռևս չենք ուզում հասկանալ, որ նույն կառավարման ձևով, տարբեր իրավիճակներում անհնար է լավ արդյունք ստանալ: Կամ ընդհանրապես անհնար է որևէ արդյունք ստանալ:Իսկ արդյունքն այս դեպքում միայն դիպլոմն է:

Իսկ այդ դիպլոմը դատավճի՞ռ է թե նվաճում:

Ի վերջո մենք ե՞րբ ենք հասկանալու, որ համալսարան պետք է գնալ սովորելու, ոչ թե դիպլոմ ստանալու համար։ 

Ի վերջո կրթական մակարդակն ինչո՞ւ է այսքան ընկած։ Ինչո՞ւ են բոլորը դժգոհ։ Առաջ լա՞վ էր։ Եթե լավ էր, ինչո՞ւ այդպես էլ չմնաց։ Հիմա բոլորը բողոքում են, որ լավ չէ։ Եթե լավ չէ, ինչո՞ւ չի լավացվում վիճակը։ Չե՞նք ուզում, թե չենք հասկանում։ Թե չենք ուզում հասկանալ։ 

Դիպլոմը վաղո՜ւց դարձել է ոչ թե որակավորումը հաստատող թերթիկ այլ ինքնառեկլամ, սոցիալական ստատուս, ինքնախաբեություն, կեղծ արժեք, երկակի ստանդարտ, անորակ մի թղթի կտոր, որով խելացի ուսումնասիրողը հավասարվում է բութ անգիր անողին, սեփական ուժերով գիտությունը յուրացնողը հավասարվում է կաշառատու ու ծույլ տխմարին։

Եվ մի՞թե կարծում ենք, թե դիպլոմը կարող է այս դեպքում ուժ ունենալ, կրթությունը՝ որակ, մասնագետը՝ պահանջված, համալսարանը՝ զարգացնող, հասարակությունը՝ խելացի։ 

Ոչ ևս հազար անգամ ոչ։ 

Այսօրվա ՀՀ բուհի դիպլոմը դատավճիռ է։ Դատավճիռ, որով խելացի ուսանողն և զբոսնելու եկածը նույնն են դառնում։ Դիպլոմն այսօր հոտած ապրանք է, որ բուհը ծախում է մարդկանց ու մարդիկէլ ռեկլամի տակ մնացած միլիոնավոր դրամներ ու տարիներ են վճարում այդ անպետք ու ոչ կիրառելի «ստատուսը» ստանալու համար։ Մենք առաջատար ենք դիպլոմակիրների թվով ու անհետ կորում ենք այդ դիպլոմի ուժի չափման դեպքում։ Մեր կրթական որակը ուղիղ համեմատական է մեր պետության հզորությանն ու մեր հասարակական առողջությանը։ 

Ի վերջո բոլորը գիտնական չեն։ Չեն կարող։ Չեն ուզում։ 

Ինչո՞ւ պիտի դիպլոմն այդքան հասանելի լինի, այդքան հեշտ, այդքան էժան։ Ի վերջո շատ գնորդ ունենում է միայն անորակ ու էժան ապրանքը։ 

Հասարակությունը կրթված չէ, դիպլոմն է էժան։ Իսկ այդ էժան դիպլոմը շատ թանկ է նստում հասարակության ու պետության վրա: 

Էժան դիպլոմով աթս չես ստեղծի, տնտեսություն չես կառուցի, բանակ չես զինի, կիրթ ու գիտակից հասարակություն չես ունենա:

Էժան դիպլոմով միայն մի բան կարող ես ունենալ՝ շարունակաբար ավերվող հասարակություն իր բոլոր հետևանքներով:

Եվ այս ամենում լավ աշակերտն ու լավ ուսուցիչը, դասախոսը այլևս որոշիչ դեր չեն խաղում: Չեն կարող: Անհնար է: Ու այդ բարեխիղճ սակավաթիվ մանկավարժներն ու դասախոսները իրենք ևս դառնում են այդ համակարգի զոհը, իսկ աշակերտներն ու ուսանողները՝ այդ համակարգից հաճախ դուրս են գալիս կամ այլանդակված, կամ հիասթափված:

Սեպտեմբերի մեկը ևս մի հիշեցում է հայաստանյան ավերված կրթական ու գիտական համակարգի մասին ու բարի շնորհավորանքները միամտության չափիչ են: Ոչինչ ավելի:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *