22.4 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Հետա­գա օրե­րին տեղի ունե­ցած ջարդե­րը ցույց տվե­ցին, որ բնակչության անվտանգության մասին խոստումներն ընդա­մե­նը դատարկ հայտա­րա­րություններ էին։

1918թ. սեպտեմբե­րի 15‑ին՝կեսօ­րից հետո, առա­ջին թուրք զինվորնե­րը մուտք են գործում Բաքու։ 

Եղի­շե քահա­նա Գեղամյա­նը գրում է, որ կեսօ­րից հետո ինքը Ստա­նիսլավսկի փողո­ցում տեսնում է թուրք սպա­յի, որը մի քանի զինվո­րի ուղեկցությամբ շրջում էր սպի­տակ դրո­շով։ Սպան խնդրում է Գեղամյա­նին ուղեկցել իրեն եւ կոչ անել քաղա­քի բնա­կիչնե­րին ու զինվորնե­րին չկրա­կել թուրք զինվորնե­րի վրա, որոնք պատրաստվում էին քաղաք մտնել։ Կառքում կար նաեւ մեկ ռուս, որը բարձրա­ձայն հայտա­րա­րում էր, որ 5 ժամ հետո թուրքա­կան զորքը քաղաք է մտնե­լու, եւ նրանց վրա կրա­կողնե­րը խստո­րեն կպատժվեն։ «Մտանք Տելեֆոնյան փողո­ցը։ Կատարյալ մեռե­լություն էր տիրում։ Ժողո­վուրդը կիսա­բաց պատուհաննե­րից մեզ էր նայում։ Ես երբեմն նշա­նով կամ խոսքով միամտացնում էի, որ չվա­խե­նան։ Մի քանի տեղե­րում հանդի­պե­ցինք քաղա­քում մնա­ցած զինվորնե­րի, որոնք կրա­կե­լով փախչում էին» (Եղի­շե քահա­նա Գեղամյան, «Տաճիկնե­րը Կովկա­սում եւ Բաքվի անկումը»

Մի քանի ժամ անց Բաքվում հայտնվում են առա­ջին հեծյալ եւ հետիոտն զինվորնե­րը, որոնք անմի­ջա­պես պարե­տա­յին ժամ են հաստա­տում։ Նրանք հրա­մա­յում են բնա­կիչնե­րին տնա­յին կոմի­տե­նե­րի միջո­ցով հավա­քել եւ հանձնել զենքն ու զինամթերքը, ինչպես նաեւ խոստա­նում են, որ եթե հարձա­կումներ չլի­նեն զինվորնե­րի վրա, ապա բնակչությա­նը ոչինչ չի սպառնա։ Հետա­գա օրե­րին տեղի ունե­ցած ջարդե­րը ցույց տվե­ցին, որ բնակչության անվտանգության մասին խոստումներն ընդա­մե­նը դատարկ հայտա­րա­րություններ էին։

Դաժան տանջանքներ

Սեպտեմբե­րի 18-ին Բաքվում չեզոք երկրնե­րի հյուպա­տոսնե­րը բողոք են հղում Նուրի փաշա­յին քաղա­քում տեղի ունե­ցած գազա­նություննե­րի վերա­բերյալ։ Հյուպա­տոսնե­րը նշում էին, որ թուրքա­կան բանա­կի հրա­մա­նա­տա­րությունը խոստա­ցել էր եւ բոլոր հնա­րա­վո­րություններն ուներ բնակչության անվտանգությունն ապա­հո­վե­լու համար։

Կոտո­րա­ծից առաջ ձերբա­կալվում եւ դաժա­նա­բար սպանվում են Բաքվի շուրջ չորս տասնյակ հայտնի հայեր, Հայոց ազգա­յին խորհրդի անդամներ։ Չեն փրկվում անգամ նրանք, ովքեր թուրքե­րի հետ լավ հարա­բե­րություններ ունեին ժամա­նա­կին, խնա­միա­կան կապեր, նրանք, ովքեր 1918թ. մարտի վերջի բախումնե­րի ու ջարդե­րի օրե­րին օգնել եւ ապաստան էին տվել թաթարնե­րին։

 «Հայտնի հայ մտա­վո­րա­կաններ անգամ ենթարկել էին ամե­նա­դա­ժան տանջանքնե­րի։ Դահիճնե­րը այրել կամ ծակո­տել էին նրանց մարմիննե­րը… Այս ձեւով սպանվե­ցան Ազգա­յին խորհրդի անդամ եւ Կուլտուրա­կան միության նախա­գահ հայտնի բժշկա­պետ Թադեւոս Զաքարյա­նը, բժշկա­պետ Աղա­միրզյա­նը, քաղա­քագլխի տեղա­պահ եւ հայտնի թրքա­սեր, որի աղջի­կը ամուսնա­ցել էր թուրք Հաջինսկու հետ, Ջումշուդ Հարությունյա­նը, ինժե­ներներ Ս. Ամիրյա­նը, Հ. Քալանթարյա­նը, Սերոբ Բաբա­յա­նը, որը ամե­նաազդե­ցիկ թուրք Միրզա Ասա­գուլաեւի նավթա­հանքե­րի գլխա­վոր կառա­վա­րիչն էր եւ այդ օրե­րին եղել է նրա տանը» (Սերգեյ Մելիք-Յոլչյան, Բաքվի հերո­սա­մարտը, Հայրե­նիք, թիվ 11, 1925թ. Բոստոն

Թուրքա­կան բանա­կում գերմա­նա­կան շտա­բի սպա, փոխգնդա­պետ Պարա­կե­նը գրում է, որ սեպտեմբե­րի 16–17-ին Բաքվի խանութներն ու տնե­րը գրե­թե առանց բացա­ռության բոլո­րը թալանված էին:

«…Երեւա­ցին ծանր հանցա­գործություննե­րի ակնհայտ հետքեր: Ճանա­պարհին ընկած էին երկու սպանված երե­խա, անմի­ջա­պես մեր կողքին, մի նրբանցքում կրա­կոց հնչեց, մի պատուհա­նից կանայք ծայրա­հեղ հուսա­հա­տությամբ օգնություն էին կանչում: Մեր մեքե­նա­նե­րը կանգնեցնե­լով, շտապ մտանք շենքը, բայց չարա­գործնե­րը փախել էին հետնա­մուտքից: Այն ժամա­նակ արդեն իշխում էր այն համընդհա­նուր համոզմունքը, որ քաղա­քում չկա կարգ ու կանոն եւ որ քրիստոնյա բնակչությունը թալանվել, բռնա­բարվել ու սպանվել է»,- գրում էր փոխգնդա­պե­տը։

Միայն սեպտեմբե­րի 17-ին թուրքա­կան հրա­մա­նա­տա­րությունը սկսում է պայքա­րել թալա­նի ու կողո­պուտի դեմ, որոշ տեղե­րում անգամ մի քանի կողոպտիչ կախա­ղան է բարձրացվում, սակայն դրանք լիո­վին ուշա­ցած քայլեր էին։

Պարա­կե­նը գրում էր, որ սպա­նություննե­րը հիմնա­կա­նում արվում էին տնե­րի ներսում եւ բակե­րում, ինչի պատճա­ռով քաղա­քում դիակներ քիչ էին հանդի­պում։

«…Գերա­զանցա­պես անկյուննե­րում էին դարսված, այնպես որ հաճախ միայն հոտից կարե­լի էր իմա­նալ: Մի տեղում ես իրար վրա դարսած 7 դիակ տեսա՝ այդ թվում մի քանի երե­խա… Գրե­թե բոլոր դիակնե­րը ծածկված էին կապտուկնե­րով, որոնք առա­ջա­ցել էին հրա­ցաննե­րի խզա­կո­թե­րի հարվածնե­րից եւ խողխո­ղումնե­րից: Նկուղնե­րից դիա­հոտ էր փչում: …Մի գերմա­նա­ցի պատմեց ինձ, որ Նուրի փաշա­յի համհարզի հետ մի տուն է մտել, որտեղ սպանված էին տասնե­րեք վրա­ցի: Երբ նա ուշադրություն է հրա­վի­րել այն բանի վրա, որ վրա­ցի­ներ են, այսինքն՝ գերմա­նա­ցի­նե­րի հովա­նա­վո­րության տակ գտնվող անձինք, Նուրիի համհարզը ուսե­րը թոթվե­լով ասել է. «Նրանց պարզա­պես հայե­րի տեղ են դրել»»:

Սպա­նություննե­րի օրի­նա­չա­փությունը

Ջարդե­րի օրե­րին Բաքու է գալիս նաեւ Ադրբե­ջա­նի կառա­վա­րությունը վարչա­պետ Խան-Խոյսկու գլխա­վո­րությամբ։ Նորաստեղծ կառա­վա­րության ներքին գործե­րի նախա­րա­րը Բեհբութ աղա Ջեւանշիրն էր, որը Բաքվում գործած հանցանքնե­րի համար 1921թ. հուլի­սի 18-ին սպանվում է վրի­ժա­ռու Միսաք Թոռլաքյա­նի գնդա­կից։ Վերջի­նիս դատա­վա­րության ընթացքում վկա­նե­րը բազմա­թիվ մանրա­մասներ են հաղորդում Բաքվի սարսափնե­րի մասին։

Բաքվի անկմանն ու ջարդե­րին արձա­գանքում է նաեւ Խորհրդա­յին Ռուսաստա­նը. սեպտեմբե­րի 20-ին արտա­քին գործե­րի ժողկոմ Չիչե­րի­նը բողո­քի նոտա է հղում Թուրքիա­յի արտա­քին գործե­րի նախա­րա­րին, որտեղ նշվում էր, որ Թուրքիան պարբե­րա­բար խախտում է Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմա­նա­գի­րը եւ նորա­նոր տարածքներ գրա­վում Կովկա­սում։

Բաքվի գրավման նախօ­րեին քաղա­քի հայե­րի թիվը մոտա­վո­րա­պես 100–110 հազար էր: Տարհանման ժամա­նակ քաղա­քից կարո­ղա­նում է հեռա­նալ մոտ 31 000 հայ: Ավե­լի քան 57 000 հայ հեռա­նա­լու հնա­րա­վո­րություն չի ունե­նում եւ մնում է քաղա­քում:

Սեպտեմբե­րի 15–17‑ի ժամա­նա­կա­հատվա­ծում, ըստ Բախշի Իշխանյա­նի տվյալնե­րի, սպանվում է 5 248 հայ: Սակայն նրանք այն մարդիկ էին, որոնց մասին հնա­րա­վոր է եղել ձեռք բերել ամբողջա­կան տեղե­կություններ, իսկ սպանված հայե­րի ընդհա­նուր թիվը հասնում է շուրջ 9 հազա­րի:

Մեկնա­բա­նե­լով սպա­նություննե­րի օրի­նա­չա­փությունը՝ Իշխանյա­նը գրում է.

«Կոտո­րածնե­րի համար, իբրեւ երեւույթի, մի ընդհա­նուր կշռա­չափ, մի բնո­րոշ գիծ կամ տենդենց գտնել դժվար է, որովհե­տեւ երեւույթը եղել է տարե­րա­յին, բանդա­նե­րի միջո­ցով կազմա­կերպված: Չի կարե­լի ասել, որ հատկա­պես հայա­շատ փողոցնե­րը ամե­նից շատ են տուժել… Նայած թե ինչ բանդա­ներ են պտտել այս կամ այն փողո­ցը եւ ինչ մտադրություններ ու տրա­մադրություններ են ունե­ցել նրանք, ըստ այնմ էլ արտա­հայտվել է կոտո­րածնե­րի այս կամ այն չափը: Եղել են բակեր, ուր սրի են անցվել խմբված ահա­գին բազմություններ (օր.՝ Չադրո­վա­յա փողոց 245, ուր սպանվել են 70-ից ավե­լի մարդիկ) եւ այնպի­սի բակեր (Ստա­նիսլավսկի, Տելեֆոննի, Բոնդարնի եւ այլ փողոցներ), ուր մի քանի հարյուրի հասնող եւ նույնիսկ դրսից ապաստան գտած մեծա­թիվ հայ բնա­կիչնե­րի հետ չի պատա­հել սպա­նության ոչ մի դեպք:

…Մեր աշխա­տա­կիցնե­րի տված հարցե­րի բազմա­թիվ պատասխաննե­րից երեւում է, որ այնտեղ, ուր առատ թալան է եղել կամ դրա­մա­կան խոշոր տուգանք, մարդկա­յին զոհեր կամ չեն եղել, կամ սակավ են պատա­հել: Մանա­վանդ այն բանդա­նե­րը, որոնք ուղեկցել են տաճիկ ասկյարնե­րին կամ բաղկա­ցած են եղել առա­վե­լա­պես ասկյարնե­րից, այնտեղ մեծա­գույն մասով եղել են թալան, կողո­պուտ, դրա­մա­կան փրկանք: Եղել են ընտա­նիքներ, որոնց միայն տղա­մարդն է սպանվել, իսկ կին ու երե­խա­ներ փրկվել են: Եղել են ընտա­նիքներ, որոնց արա­կան սեռը՝ հասա­կա­վոր, թե փոքրա­հա­սակ, սրի են անցրած ամբողջա­պես, իսկ կանայք թե օրիորդներ բռնա­բարվել են անգթա­բար: Բայց պակաս չեն եղել նաեւ այնպի­սի ընտա­նիքներ, որոնք կամ ամբողջա­պես սրի են անցվել եւ կամ ընտա­նի­քի անդամնե­րից միայն մեկը կամ երկուսն են փրկվել հրաշքով (Բախշի Իշխանյան, Բաքվի մեծ սարսափնե­րը: Անկե­տա­յին ուսումնա­սի­րություն սեպտեմբերյան անցքե­րի, 1918թ.: Հրա­տա­րա­կություն Բաքվի Հայոց Ազգա­յին խորհրդի անկե­տա­յին հանձնա­ժո­ղո­վի: Թիֆլիս, 1920թ.)

Հայ գերի­նե­րի ճակա­տա­գի­րը

«Էվա­կուա­ցիան շտապ եւ անկազմա­կերպ լինե­լու պատճա­ռով, Բաքվի ճակա­տում մի քանի հազար զորք էր մնա­ցել եւ գերի ընկել տաճիկնե­րի ձեռքը. դրանց մեջ եղել են հայեր, ռուսներ եւ շատ սակա­վա­թիվ անգլիա­ցի­ներ: Առա­ջին իսկ շաբաթնե­րում տաճիկ հրա­մա­նա­տա­րությունը բանակցե­լով Բիչե­րա­խո­վի եւ Ցենտրո­կասպիի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ, ազա­տում է ռուս եւ անգլիա­ցի գերի­նե­րին, փոխա­նա­կե­լով նրանց Նարգին կղզում գտնվող թուրք գերի­նե­րի հետ: Հայ գերի­նե­րը պահվում են մինչեւ վերջ»,- գրում է Բախշի Իշխանյա­նը:

«Ալիա­թից սկսած մինչեւ Փոյլի կայա­րա­նը (Վրաստա­նի սահմա­նը), Ազերբեյջա­նի ողջ երկա­թուղա­յին գծի վրա հազարնե­րի հասնող անմեղ զոհե­րի բանակներ էին տեղա­վորված, որոնց կացության եւ աշխա­տեցնե­լու պայմաննե­րի զարհուրե­լիության պատկե­րա­ցումը վեր է երեւա­կա­յության բոլոր թռիչքնե­րից: Շաբաթնե­րի ընթացքում ողջ-առողջ, առնա­կան մարդիկ, հետզհե­տե տառա­պե­լով, սովի ճիրաննե­րում գալարվե­լով եւ հյուծվե­լով, մեկը մյուսի հետեւից գերեզման էին իջնում:

Թեեւ տաճկա­կան տիրա­պե­տությունը Բաքվում տեւել է միայն երկու ամիս՝ սեպտեմբե­րի 15-ից մինչեւ նոյեմբե­րի 17‑ը, բայց հայ գերի­նե­րը, հատկա­պես կայա­րաննե­րում, մնա­ցել են նույն ստրկա­կան զարհուրե­լի վիճա­կի մեջ շատ երկար՝ մոտ երեք ամիս եւս»,- փաստում է Իշխանյա­նը։ 

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ