Այսօր Արցախը կիսված, պարտված, անվտանգության ճարտարապետությամբ զգալիորեն քանդված, բայց հայկական է:
Հակոբ Բադալյան
Ներեցեք իհարկե ձեւակերպմանս համար, բայց որոշակի կոնտենտային սադոմազոխիզմի մի տեսակ է նաեւ այն, որ Արցախն այլեւս հայկական չէ, այլ ռուսական:
Սրա հիմքն այն է, որ ռազմական իմաստով այսօր անվտանգությունը լայն առումով ռուս խաղաղապահների ձեռքին է: Անշուշտ: Բայց, էդ անվտանգություն ասվածը լոկ ֆիզիկական չափման բաղադրիչները չեն: Անվտանգության կորիզը նախ եւ առաջ հենց այն է, ինչին միտված է արդեն գործողությունը՝ տվյալ դեպքում խաղաղապահ կոչվող առաքելությունը:
Ասենք, եթե չկա իքսը, հնարավոր չէ ապահովել այդ իքսի անվտանգությունը: Թվում է, որ շատ բանալ մի բան է: Բայց, այսօր այդ իքսը հայկական Արցախն է: Որեւէ մեկը ուզում է դարձնել գուցե ռուսական, որեւէ մեկը՝ ադրբեջանական, մեկը՝ իրանական կամ չգիտեմինչական: Այս տարբերակները կարող ենք քննարկել ժամերով եւ օրերով, բայց այսօր Արցախը կիսված, պարտված, անվտանգության ճարտարապետությամբ զգալիորեն քանդված, բայց հայկական է:
Իսկ այդ առումով թե խոցումը, թե ամրացումը սկսվելու է գիտակցությունից, բոլորիս գիտակցությունից՝ պահու՞մ ենք Արցախի հայկականությունը, թե՞ ոչ: Այստեղ է նաեւ, որ տարբեր իրավա-քաղաքական ճաշակներով հայկական մեդիատիրույթը լցնելուց ավելի, կարեւոր է Արցախի հայկականությունը նորանոր ռեսուրսներով լցնելու հնարավորությունների շուրջ խորհելը, մարդկանց Արցախում պահելը:
Եւ պահելը, ոչ իբրեւ հուսահատ, բայց հաստատուն հայրենասիրական առաքելություն, երբ մնոում են իրենց հողում ի հեճուկս ինչ որ մեկի: Այլ մարդիկ, որոնք մնում են լիարժեք ապրելու իրենց իրավունքը իրացնելու համար:
Այո, դժբախտաբար շատ բան ենք ստիպված սկսել զրոյից: Բայց պետք է սկսենք, իսկ մենք առայժմ զբաղված ենք անհատապես միմյանց, եւ հավաքականորեն մեզ զրոյացնելու ավանդական գործով:
Գրառումը՝ Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից։