Մաս 2
Ընտրելով պատմության «հիշողությունն» արթնացնելու ուղին՝ Հ. Դինքը «Մենք մոռնալու կարիքը ունինք» կարգախոսով առաջնորդվողներին լուրջ չէր ընդունում, քանի որ հակված էր գիտակցելու, որ ճշմարիտ ուղին ոչ թե մոռանալն է, այլ հիշելը:
Էլինա Միրզոյան
Հայ ազգային ինքնության բարդ խնդիրների նկատմամբ շաբաթաթերթը նախընտրում է հեղափոխական մոտեցում, որի մասին Հ. Դինքը գրում է. «Հայ ինքնութիւնը պէտք ունի նոր նախադասութիններու»: Այդ փնտրտուքի մեջ կարևոր տեղ էր հատկացվելու պատմական փաստերի անկոմնակալ և խորքային ներկայացմանը, որը Թուրքիայի պարագայում ձեռք էր բերում անասելի նշանակություն, քանի որ պետության կողմից իրականացվող ազգային քաղաքականությունն արդարացնելու նպատակով թուրքական պատմագրությունը տասնամյակներ շարունակ իր հասարակությանն է ներկայացրել կեղծ, պատմական անցյալը խեղաթյուրող տեղեկություններ: Ընտրելով պատմության «հիշողությունն» արթնացնելու ուղին՝ Հ. Դինքը «Մենք մոռնալու կարիքը ունինք» կարգախոսով առաջնորդվողներին լուրջ չէր ընդունում, քանի որ հակված էր գիտակցելու, որ ճշմարիտ ուղին ոչ թե մոռանալն է, այլ հիշելը: Այս մասին նա գրում է. «Պէտք է որ բոլորս ջանանք խնդիրներուն խորքին թափանցել, ճշմարտութիւններուն հասնիլ»: Իսկ Թուրքիայում, անժխտելի է, որ 1923 թ. հանրապետության հռչակումից ի վեր արգելվել է պատմական հիշողության, այն է՝ անցյալի իրադարձություններին առնչվող ստույգ, իրականությանը համապատասխանող տեղեկությունների փոխանցումը: Այդ տաբուի կոտրումը թեև բարդ էր, բայց՝ հույժ կարևոր:
Հայ ազգային ինքնության հետ կապված` «Ակօս»-ի գործունեությունը կարելի է պայմանականորեն բաժանել երկու ուղղության: Առաջինը, որը կապված է ազգային արժեքները, մշակույթը յուրացնելու հետ, ուղղորդում է և կոչ անում ճանաչելու սեփական ազգային-մշակութային արժեքները: Այն խնդիր է դնում հրատարակելու հայ նշանավոր գրողների ստեղծագործությունները, ինչպես նաև ազգագրական նյութեր` արժևորելով դրանք որպես հայեցի դաստիարակության ուղիներ: Այդ ուղղությամբ «Ակօս»-ը անդրադառնում է հայ մշակույթի այնպիսի դեմքերի, ինչպիսիք են` Կոմիտասը, Խրիմյան Հայրիկը, Պարույր Սևակը, Պետրոս Դուրյանը, Երվանդ Օտյանը, Գրիգոր Զոհրապը, Եղիշե Չարենցը և այլք: Նմանատիպ նյութերի ընտրությունը պատահական չէ, քանի որ շաբաթաթերթը, ընթերցողին ծանոթացնելով մշակութային արժեքների, մշակույթի նշանավոր դեմքերի հետ, դառնում է ազգային ինքնության որակների, արժեքների արտահայտիչը:
Հայ ազգային ինքնության առումով «Ակօս»-ի երկրորդ և կարևոր ուղղությունը կապված է տարբեր դարերում և հատկապես 1915 թ. Հայոց ցեղասպանության տարիներին բռնի իսլամացված հայերի և նրանց սերունդների արմատների փնտրտուքի գործընթացի հետ:
Սկսած առաջին իսկ համարներից՝ Հ. Դինքը «Հայ ինքնության շուրջ» ընդհանուր խորագրի ներքո տպագրում է հոդվածաշար, որով լայն քննության նյութ է դարձնում իսլամացված հայերի իրական ծագման և ինքնության խնդիրը: Նրան հաջողվում է դիտարկել ազգային ինքնության խնդիրը նոր մտածելակերպով և ձևերով, անել էթնոհոգեբանական, փիլիսոփայական և պատմական լայն ընդհանրացումներ: Նա մի ամբողջ ծրագիր է ներկայացնում սեփական ազգային ինքնության հետ առերեսվելու, ծանոթանալու, ազգայինը յուրացնելու ուղղությամբ:
«Ակօս»-ը բազմաթիվ առիթներով անդրադառնում է իսլամացված հայերի առանձին ուշագրավ պատմություններին, որոնք երբևէ լուսաբանված չեն եղել մինչ պարբերաթերթում տպագրվելը, և այդ գործում հատկապես մեծ է Հ. Դինքի գործոնը: Նա շաբաթաթերթում բազմաթիվ հոդվածներ է տրամադրում իսլամացված հայերի ամենատարբեր խնդիրներին՝ այդ հարցում որդեգրելով հետևողական դիրքորոշում: Իսլամացված հայության թեմայով Դինքի հեղինակած հոդվածները, փաստորեն, դառնում են «Ակօս»-ի կարևոր ուղղություններից մեկը: Դինքն այնքան է տարվում այդ թեմայով, որ հանդիպումներից մեկի ժամանակ անգամ նշում է. «Երանի գիտնական լինեի և միայն այս թեմայով զբաղվեի»:
Էլինա Միրզոյան
Բ.գ.թ. թուրքագետ, սփյուռքագետ, բանասեր, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող, ԵՊՀ դասախոս