ՄԵՐ ՈՒՂԻՆ

Ի՞նչն Է Մեզ Միավորելու

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ ափսոսում է, որ նույնիսկ այս իրավիճակում, նույնիսկ պատերազմական վիճակում ընդդիմությունը չի կարողանում զսպել իրեն և զերծ մնալ ներքաղաքական հայտարարություններից:

Մեր Ուղին

Սեպտեմբերի 12-ի կեսգիշերից սկսված ադրբեջանական հարձակումները չեն դադարել: Հարձակում է իրականացվում մի քանի ուղղությամբ և մի քանի կետերով: Կատաղի մարտեր են տեղի ունենում:

Առավոտյան ՀՀ ԱԺ-ում օրը սկսվեց բավական դրական տեմպով, բայց շատ արագ կրկին հիասթափեցրեց բոլորին: Պատճա՞ռը: Շատ պարզ է: Իշխանությունն ու ընդդիմությունը իրար հետ խոսել անգամ չեն կարողանում, ուր մնաց համատեղ աշխատեն: 

Հասարակության մի մեծ մասն իրհարկե հուսով էր, որ գոնե այս պարագայում «ներկա-նախկին» կռիվը չի լինի և իշխանությունն ու ընդդիմությունը գոնե հիմա մի կողմ կդնեն միմյանց նկատմամաբ ունեցած թշնամանքը և համատեղ ուժերով կլծվեն աշխատանքի հանուն Հայաստանի Հանրապետության:

Տեղի ունեցավ գրեթե սովորական մի երևույթ: Ընդդիմությունից ներկա էին միայն մի քանի հոգի ու նրանք ժամանակ խնդրեցին՝ իրենց առաջարկները պատշաճ ձևակերպելու, ԱԺ ներկայացնելու համար: Իշխանությունն ընդառաջ գնաց այդ ամենին, ընդդիմությանը ժամանակ տրվեց, որպեսզի նրանք ներկայացնեն իրենց տեսակետն ու առաջարկը:

Դրական թվացող այդ երևույթը միանգամից հօդս ցնդեց, երբ ընդդիմությունից ՀՅԴ կուսակցության անդամ և «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանն առաջարկեց իրենց կողմից առաջ քաշված չորս կետերը: Մինչ այդ ընդդիմադիրները հայտարարեցին, որ իշխանության կողմից մշակված հայտարարության տեքստը, այսինքն այն, որ իշխանությունները դատապարտում են ադրբեջանական հարձակումը, դիմում միջազգային ատյաններին ու ձևաչափերին և այլն, թերի է: Արծվիկ Մինասյանն ասաց, որ իրենց կողմից առաջարկված, բայց իշխանության կողմից մերժված չորս կետերը վերաբերում էին ոչ միայն միջազգային հանրությանը, այլև հայաստանյան հասարակությանը: Ադ չորս կետերն էին՝

Առաջինը՝ Ադրբեջանը շարունակում է 44-օրյա պատերազմում ուժի կիրառման իր քաղաքականությունը, որի հակահայկական նպատակներն ամրագրված են մեզ համար անընդունելի թուրք-ադրբեջանական 2021թ. հունիսի 15-ի Շուշիի հռչակագրով:

Երկրորդը՝ արձանագրում ենք ՀՀ արտաքին քաղաքականության և բանակի վերականգնման ոլորտներում լիակատար ձախողումը:

Տեղի ունեցող ռազմական գործողությունները վերջնականապես բացահայտեցին այսպես կոչված «խաղաղության դարաշրջանի» քաղաքականության սնանկությունը:

Ազգային Ժողովը գտնում է, որ Ադրբեջանի հետ հետագա բանակցությունները կարող են շարունակվել միայն ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի լիակատար դուրսբերման, հայ ռազմագերիների ու այլ, ապօրինի պահվող անձանց վերադարձման պարագայում:

Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իրենց կողմից ներկայացված չորս կետերի նպատակն է նաև այն, որ վերաթարմացվի տարվող քաղաքականությունը: Բայց քանի, որ իրենց առաջարկված կետերը չեն ընդունվում, ապա ընդդիմությունը չի մասնակցի հետագա քննարկմանը, չի միանա հայտարարությանը:

Դրանից հետո ամբիոն բարձրացած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ ափսոսում է, որ նույնիսկ այս իրավիճակում, նույնիսկ պատերազմական վիճակում ընդդիմությունը չի կարողանում զսպել իրեն և զերծ մնալ ներքաղաքական հայտարարություններից:

Ալեն Սիմոնյանը հարց տվեց, թե նրանք ինչու են ընդհանրապես եկել, այն էլ միայն երկու հոգով: Երբ ասում են, որ չեն մասնակցի աշխատանքներին, ապա ի՞նչ պիտի լինի, որ ընդդիմությունը որոշի, որ դա իր օրակարգը ևս սպասարկում է: ԻշխանությունըԱդրբեջանի մասին հայտարարություն է տալիս, իսկ ընդդիմությունը նորից ներքաղաքական հարցեր է բարձրացնում: Իրենք խոսում են պատերազմի մասին, իսկ ընդդիմությունը հարց է բարձրացնում «խաղաղության դարաշրջանի մասին», իրենք խոսում են պատերազմի մասին, իսկ ընդդիմությունը պահանջում է դուրս գալ բանակցություններից: Դուրս գան ի՞նչ անեն: Ինչպե՞ս դուրս գան:

Ալեն Սիմոնյանը կրկին ափսոսանք հայտնեց, որ նույնիսկ այս օրերին ընդդիմությունը չի կարողանում ներքաղաքական հարցուպատասխանի մեջ չմտնել:

Եվ իրոք, երբ նայում ես Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, աչք է ծակում երկպառակության ոգին: Թվում է, թե ոչինչ այլևս չի կարող միավորել հայկական քաղաքական դաշտը: Ցավը, որ սովորաբար մոտեցնում է մարդկանց, իսկ ընդհանուր ցավը երբեմն ջնջում է նախկին մանր վիրավորանքները, ոչ մի ազդեցություն չունեցավ: 

Քաղաքականության մեջ իհարկե ընկերներ չկան: Կամ միայն մրցակիցներ: Բայց տրամաբանությունը ենթադրում է, որ այդ մրցակցությունը պիտի լինի հանուն երկրի, հանուն պետության, իսկ այս դեպքում ոչ թե մրցակցություն է, այլ խորն արտահայտված թշնամանք ու անզիջում պահվածք միմյանց նկատմամբ: Այնքան խորը ատելություն, որ ավելի վեր է, քան թշնամու ներխուժումը, ավելի կարևոր, քան ընդհանուր ցավը:

Այս վիճակը ուղիղ կործանում տանող է և արդեն չզարմացնող այս երկպառակության ֆոնին միայն մի հարց է առաջանում՝

Ի՞նչ պիտի լինի, որ ի վերջո ավելի ուժեղ լինի, քան մեր փոխադարձ ատելությունն ու անձնական տրամադրվածությունը:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *