Հայաստան

Հանրապետություն

Որոշվել էր զերծ մնալ ազգամիջյան բախումներից, թույլ չտալ, որ սադրիչներն ու տարբեր գործակալներ փորձեն ազդել բնակչության տրամադրությունների վրա։

1918թ. աշնան սկզբին իրադրությունն Արցախում գնալով տագնապալի էր դառնում: Որքան Բաքվի ուղղությամբ թուրքական բանակը հաջողություններ էր արձանագրում, այնքան Ղարաբաղում ակտիվանում էին թաթարական հարձակումները։

Դեռեւս 1918թ. սկզբին, երբ սկսվել էր թուրքական բանակի արշավանքն Անդրկովկաս, եւ հայերի դեմ ոտնձգություններն ամենուր էին, Ղարաբաղի բնակչությունը քայլեր էր ձեռնարկում ազգային կառավարման մարմին ստեղծելու ուղղությամբ։ Գարնանը տարբեր կուսակցությունների 14 ներկայացուցիչների անդամակցությամբ ստեղծվում է Միջկուսակցական բյուրո Հայրապետ Մուսայելյանի նախագահությամբ։ Այս մարմինը պետք է իրականացներ Ղարաբաղի պաշտպանությունը, պարենի ապահովումը, հստակեցներ հարաբերությունները թաթարների հետ։ Ղարաբաղի պաշտպանության կազմակերպումը, զենքի հայթայթումը ամենահրատապ խնդիրն էր, քանի որ մարզը պարբերաբար ենթարկվում էր թաթարական հարձակումներին։ 1917թ. վերջին Թիֆլիսում կազմավորված Արցախի կամ Շուշվա գունդը չէր կարողացել հասնել Ղարաբաղ. մայիսին զորամասը մասնակցել էր Սարդարապատի ճակատամարտին, իսկ ամռան ամիսներին հաստատվել Զանգեզուրում եւ միացել Անդրանիկի հրամանատարությամբ գործող Առանձին հարվածային զորամասին։

Ղարաբաղում ապրող թաթարների հետ հարաբերությունները հարթ չէին. նրանք պարբերաբար հրաժարվում էին հայ գյուղացիներին ապրանք վաճառել կամ փոխանակել, ինչի պատճառով մարզում առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս կար։ Սակայն հայ-թաթարական հարաբերությունների ամենակնճռոտ խնդիրը, թերեւս, քոչի հարցն էր. ավանդաբար թաթարներն ամռան ամիսներին իրենց ընտանիքներով, անասունների մեծաքանակ հոտերով տեղափոխվում էին Ղարաբաղի լեռները։

Նրանց այդ տեղափոխությունը երբեմն ուղեկցվում էր զինված հարձակումներով, ավազակությամբ, ինչն առաջացնում էր հայերի դժգոհությունը։ Առկա խնդիրները կարգավորելու նպատակով 1918թ. ապրիլի սկզբին Ղարաբաղում տեղի էր ունեցել հայ-թաթարական առաջին համագումարը, որտեղ քննարկվել էին խնդիրները։ Որոշվել էր զերծ մնալ ազգամիջյան բախումներից, թույլ չտալ, որ սադրիչներն ու տարբեր գործակալներ փորձեն ազդել բնակչության տրամադրությունների վրա, իսկ քոչի հարցի վերջնական կարգավորումը թողել էին հաջորդ համագումարին։ Ապրիլի վերջին Խաչենի եւ Վարանդայի գյուղացիական ժողովում Հայրապետ Մուսայելյանը պարզաբանել էր, որ եթե թույլ չտան թաթարներին օգտվել Ղարաբաղի արոտավայրերից, ապա բախումները անխուսափելի կլինեն, քանի որ դեպի արեւելք ընկած շոգ հարթավայրում անասունները հիվանդանում եւ ոչնչանում էին, ինչը թաթարական բնակչության զգալի մասի համար հավասարազոր էր սովի մատնվելու։ Որպես փոխզիջումային տարբերակ՝ առաջարկվել էր թույլատրել քոչը, սակայն խստորեն վերահսկել, որպեսզի թաթարները սարերը բարձրանան առանց զենքի։ Չնայած այս պայմանավորվածություններին՝ 1918թ. հունիսի սկզբին տեղի են ունենում առաջին բախումները հայերի եւ Ղարաբաղի տարածքում հայտնված թաթարների միջեւ։

Ադրբեջանի հավակնությունները Զանգեզուրի եւ Ղարաբաղի նկատմամբ

Հայերի ու թաթարների հարաբերություններն օրեցօր սկսում են վատանալ Անդրկովկասյան սեյմի լուծարումից եւ անկախությունների հռչակումից հետո. նորաստեղծ Ադրբեջանը հավակնություններ ուներ Զանգեզուրի եւ Ղարաբաղի նկատմամբ, իսկ Բաթումում կնքված պայմանագրով էլ այդ շրջանները ամրագրված չէին Հայաստանի Հանրապետության տարածքում, եւ Ղարաբաղի ու Զանգեզուրի ճակատագիրը պետք է որոշվեր Գերմանիայի, Ավստրիայի, Թուրքիայի մասնակցությամբ Պոլսում ընթացող բանակցությունների արդյունքում։

«Արցախը թողնված էր իր բախտին եւ ամենուրեք տիրական դարձած քաոսի, թուրք-թաթարական թշնամանքի ու խարդավանքների պայմաններում պիտի ապրեր, ստեղծեր իր սեփական ինքնուրույն գոյության կերպն ու ճանապարհը։ Մանավանդ միայնակ, որովհետեւ Հայաստանի Հանրապետության կառավարողներ դեռ Բաթումի խորհրդաժողովում հրաժարվել էին Արցախից» (Բագրատ Ուլուբաբյան, Արցախյան գոյապայքարը, Երեւան, 1994)։

Թուրքական կանոնավոր զորքերն արդեն վերցրել էին Գանձակը եւ ակտիվորեն իրենց դիրքերն էին ամրապնդում Ղարաբաղի հարակից շրջաններում։

Իրադրությունը Ղարաբաղում կարգավորելու եւ հրատապ խնդիրները լուծելու համար որոշվում է ստեղծել կառավարման նոր մարմին, եւ 1918թ. հուլիսի վերջին Շուշիում հրավիրված համագումարն ընտրում է Ղարաբաղի ժողովրդական կառավարություն։

Հուլիսի վերջին Ղարաբաղ են հասնում շուրջ 3 500 արեւմտահայ գաղթականներ, որոնց ճանապարհը Զարիսլուի մոտ փակել էին թուրքերը։ Արցախից եկած մարտիկների օգնությամբ նրանք կարողացել էին ճեղքել պաշարումը եւ առանց զոհերի հասնել Ղարաբաղ։

Բերդաձորի մարտը

1918թ. օգոստոսի վերջին հարձակում է սկսվում Բերդաձոր գյուղի վրա, որը Զանգեզուրն եւ Ղարաբաղը կապող օղակն էր եւ կարեւոր ռազմավարական նշանակություն ուներ։ Ղարաբաղի ուժերը, ստանալով հարձակման լուրը, օգնության են շտապում։ Թուրքերը ստիպված իրենց զինվորների մի մասին ուղարկում են Ղարաբաղի կողմից եկող ուժերին դիմագրավելու, եւ արդյունքում թուլանում է ճնշումը Բերդաձորում։ Օգտվելով մառախլապատ եղանակից՝ բերդաձորցիները գրոհում են եւ զգալի կորուստներ պատճառում թուրքերին։ Չնայած այս հաջողությանը՝ ուժերն անհավասար էին. սպառվում էր ռազմամթերքը, Գորիսից սպասվող օգնությունը չէր կարողանում տեղ հասնել։

«Ղարաղշլաղը (Բերդաձորը) տասը օր հերոսական դիմադրություն է ցույց տալիս։ Երբ ռազմամթերքը սպառվում է, յուրաքանչյուր հրացանակիր հազիվ 15-20 փամփուշտ է ունենում, այդ պայմաններում շարունակել դիմադրությունը եւ վերջին փամփուշտը կրակելուց հետո յաթաղանի զոհ դառնալ անմտություն էր, ուստի որոշում են գյուղը լքել եւ ուղղվել դեպի քաղաք։ Սարերի գագաթներին որպես ազդանշան վառված խարույկներին Գորիսի կողմից չեն պատասխանում։ Կռվողները տասն օրվա կռիվների ընթացքին տալիս են 12 սպանված եւ 20 վիրավոր։ Թուրքերի զոհերը շատ ավելի են եղել» (Եղիշե Իշխանյան, Լեռնային Ղարաբաղ. 1917-1920, Երեւան, 1999)։

Սեպտեմբերի 3-ին թանձր մառախուղից օգտվելով՝ բերդաձորցիները դուրս են գալիս գյուղից եւ անկորուստ հասնում Շուշի։

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 4-ին, Ղարաբաղի ժողովրդական կառավարությունը ստանում է թուրքերի վերջնագիրը՝ հանձնել զենքը եւ ենթարկվել Ադրբեջանի իշխանություններին։ Մի քանի օր անց Շուշիում կրկին համագումար է հրավիրվում, որին ներկա էին 66 պատգամավոր Ղարաբաղի տարբեր շրջաններից։

«Մշակ», 10 սեպտեմբերի, 1918թ., թիվ 181

«Խնդիրը Ղարաբաղի վիճելի հարցի եւ տեղի տիրապետող հայ ազգաբնակության մասին է, եւ մեզ բոլորովին հայտնի չէ, թե Ղարաբաղը կմիանա Հայաստանին կամ Ադրբեջանին, կամ թե իրանից կներկայացնի ինքնավար քաղաքական միավոր։ Այս վիճելի խնդիրը իր վերջնական լուծումը կստանա կամ Կ.Պոլսի կոնֆերենցիայում կամ Ղարաբաղի ազգաբնակության ազատ կամքի արտահայտությամբ»։

Անդրադառնալով Ղարաբաղի պատգամավորների երկրորդ համագումարին՝ Եղիշե Իշխանյանը նույնպես գրում էր, որ իրենք ընդունելու էին Ղարաբաղի վերաբերյալ համաժողովի որոշումները եւ «մինչեւ կոնֆերանսի որոշումը պիտի պահպանվի ներկա վիճակը»։ Համագումարը մերժում է ընդունել Ադրբեջանի պահանջը։ Այնուհետեւ ընտրվում է նոր կառավարություն, որը որոշում է սեպտեմբերի 12-ին բանագնացներ ուղարկել Աղդամ՝ Իսմայիլ Հաքքի բեյին ներկայացնելու ղարաբաղցիների դիրքորոշումը։

Աղդամում պատվիրակներին ընդունում է թուրքական Գալիպոլյան դիվիզիայի հրամանատար Ջամիլ Ջահիդ բեյը, որը Բաքվի գրավմանը մասնակցած հրամանատարներից մեկն էր։ Ջամիլը ձերբակալում է արցախցի պատվիրակներին, կրկին ներկայացնում զենքն անհապաղ հանձնելու եւ Ասկերանի ճանապարհը բացելու պահանջը։ Պատվիրակության անդամներից երեքին պատանդ է պահում, իսկ Հայրապետ Մուսայելյանին եւ Արշավիր Քամալյանին հետ է ուղարկում նոր պայմանները Ղարաբաղում քննարկելու համար։

Նոր համագումար

Սեպտեմբերի 18-ին Ղարաբաղում նոր համագումար է հրավիրվում՝ քննարկելու Ջամիլ բեյի պահանջները։ Համագումարի ընթացքում տեղեկություն է ստացվում, որ թուրքերը Քյոսալարից հարձակվել են Ղայբալի, Կրկժան, Փահլուլ գյուղերի վրա, եւ Խաչենի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Ալեքսան դայու գլխավորությամբ գյուղացիները համառ մարտեր են մղում։ Հարություն Թումյանը՝ որպես Ղարաբաղի կառավարության զինվորական պատասխանատու, մանրամասն ներկայացնում է իրենց ունեցած սպառազինությունն ու փամփուշտների քանակը։

Պատկերը հուսադրող չէր. սպառազինությունը բավարար չէր թուրքական հարձակմանը դիմակայելու համար։ «Բոլորը հոգնած ու ջղակոտոր վիճակ ունեին։ Նախագահը, փակելով նիստը, խնդրեց, որ յուրաքանչյուրը մեն-մենակ լուրջ քննության առնե խնդիրը, սառն դատողությամբ եզրակացության հանգած ներկայանա նիստին, պատասխան տալու տաճկական հրամանատարին»,- գրում է Եղիշե Իշխանյանը։

Սեպտեմբերի 19-ին հայտնի են դառնում Կրկժանի եւ Փահլուլի վրա հարձակման մանրամասները, որոնց մասնակցում էին նաեւ Հաջի Սամլուի քրդերը. հայ մարտիկները վճռական ու կազմակերպված հակահարված էին տվել։

«Քրդերը առատ փամփուշտ ունենալով անդադար համազարկ էին տալիս։ Կեցցեն մեր տղերքը։ Բանի տեղ չէին դնում ոչ նրանց գոռում-գոչյունին, ոչ համազարկերին, ոչ էլ դում-դում փամփուշտների պայթյուններին, խնայողությամբ էին գնդակ արձակում, անտեղի չէին կրակում։ Բոլորը կարգապահության ենթակա էին։ Քրդերը այսօր առավոտյան նահանջելու նշան ցույց տվին, եւ մերոնք «ուռռա» գոռալով առաջ նետվեցին։ Մենք ահագին տարածություն կտրեցինք, քրդերի նահանջը փոխվեց փախուստի, եւ մենք կանգ առանք, այլեւս առաջ չգնացինք։ Քրդերը յոթանասունվեց դիակ էին թողել նահանջելիս» (Եղիշե Իշխանյան, Լեռնային Ղարաբաղ. 1917-1920, Երեւան, 1999)։

Սակայն շուտով արդեն թուրքական բանակը հարձակում է սկսում Ասկերանի հատվածում՝ Խրամորթից մինչեւ Մյուրիշեն։ Միաժամանակ համագումարի դահլիճ է գալիս երկու երիտասարդ, ովքեր հայտնում են Բաքվի անկման եւ հայերի կոտորածների լուրը, որը ճնշող ազդեցություն է ունենում համագումարի մասնակիցների վրա։ Սեպտեմբերի 20-ին ստեղծված իրադրության վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնում արդեն Ղարաբաղի կառավարությունը։ Եղիշե Իշխանյանը ներկաներին ասում է, որ ստիպված են չարյաց փոքրագույնը ընտրել.

1. Զենքը հանձնելու թուրքերի պահանջը կատարել մասամբ՝ տալ ժողովրդի ձեռքին եղած հին ու անպիտան հրացանները, իսկ գործող զենքերը խնամքով թաքցնել։

2. Քանի որ Ղարաբաղի հարցի վերջնական լուծումը պետք է տար Կ. Պոլսի խորհրդաժողովը՝ ժամանակավորապես ճանաչել Ադրբեջանի իշխանությունը։

3. Համաձայնել, որ թուրքական մեկ վաշտ տեղակայվի Շուշիում։

4. Զինված ուժերը ի ցույց չդնել թուրքերին, սակայն միշտ պատրաստ լինել, որպեսզի հարձակման կամ ջարդերի դեպքում դիմադրություն կազմակերպվի։

Համագումարի օրերին Աղդամ է գալիս թուրքական բանակի հրամանատար Նուրի փաշան, եւ ռազմական գործողությունները շարունակվում են ողջ ծավալով։ Սեպտեմբերի 22-ին թուրքերը գրավում են Դամրազ գյուղը՝ սպառնալիք ստեղծելով Փրջամալ եւ Վարազաբույն գյուղերի համար, հաջորդ օրը ծանր մարտերից հետո թուրքերը գրավում են Խրամորթ, Քարագլուխ, Քյաթուկ, Ասկերան, Նախիջեւանիկ, Վարազաբույն գյուղերը։ Սեպտեմբերի 23-ին թուրքերը նոր վերջնագիր են ներկայացնում՝ պահանջելով անհապաղ հանձնել զենքը։ Ղարաբաղի կառավարության որոշմամբ սկսում են բնակչությունից հավաքել զենքը։

Կտրված լինելով մյուս շրջաններից եւ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ կապից՝ Արցախը հարկադրված էր թույլ տալ թուրքական ստորաբաժանումների մուտքը։ Սեպտեմբերի 26-ին Ջամիլ Ջահիդ բեյը, Գալիպոլյան դիվիզիայի գլուխ անցած, 9 դաշտային թնդանոթով, գնդացիրներով ու զրահապատ 3 մեքենայով մտնում է Շուշի, ինչը մեծ խանդավառությամբ են ընդունում տեղի թուրքերն ու թաթարները։

***

Նախագծի վրա աշխատել են՝ Միքայել Յալանուզյանը, Մարի Թարյանը, Լուսինե Ղարիբյանը

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվածը՝ Mediamax.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *