Հայաստան

Մարգարեացում Վանոյական Ձեւով

Մաս II

Մեղրին հասարակության քննարկման դնելը բլեֆ էր: Հիմա հո հասկանալի է, որ Մեղրին նույնիսկ Ալիեւը չի քննարկել: Ղարաբաղցիք իրար մեջ գուցե քննարկել են: Իսկ բլեֆը պետք էր, որպեսզի վերջում պարզվի, որ սուտ է: Եթե սուտ է, ուրեմն Քոչարյան-Վազգեն կոնֆլիկտն էլ սուտ էր: Եվ ապա՝ եթե Մեղրին չտրվեց, Քոչարյանը հերոս է: Վերջապես՝ Ստամբուլի ուրացումը քողարկելու համար:

Վարդ Սիմոնյան

Իսկ ինչի՞ համար էին այս տարիները: Այս երեք տարիների՝ միլիոնի հասնող արտագաղթը, մնացած ժողովրդի թշվառությունը, կուսակցությունների ավերմունքը, գործիչների բարոյալքումը, պառլամենտի արյունահեղությունը … Ոչ մի բանի համար: Եվ վստահ եղեք, որ առանց հետին մտքի: Պարզապես մտքի բացակայությունից: 
Եվ ոչ մի Մեղրի էլ չի եղել, որ դրանից բխող հոկտեմբերի 27 լիներ: Եղել է Ստամբուլի փաստաթղթի ստորագրելու հարց՝ հոկտեմբերի 27-ից անմիջապես առաջ: Եվ եթե պրոբլեմ է եղել մի կողմից՝ Քոչարյանի, մյուս կողմից՝ Դեմիրճյանի ու Սարգսյանի միջեւ, ապա դա այն է եղել, որ Ստամբուլում Թուրքիայից ու Ադրբեջանից հողային պահանջներ չունենալը հաստատող ստորագրություն դրած Քոչարյանը հնարավոր է, որ չկարողանար վերադառնալ Հայաստան: 
Ռուսաստանը կախ սրտով  էր գնում այդ վեհաժողովին (հիշենք Ելցինի վաղաժամ վերադարձը): Վավերացվելու էր քաղաքական նոր իրողությունը Եվրոպա մայրցամաքում՝ իր համար ամենաանբարենպաստ ժամանակ, եւ Ռուսաստանին, երեւի թե, այդ պահին տարածաշրջանում պետք էր Բելոռուսի նման դաշնակից-դեստրուկտիվ մի երկիր, որը կստանձներ քաղաքական խուլիգանի դերը, որը վայել չէր Ռուսաստանին: Կարծես թե սույն հանձնառությամբ էլ «հայտնի ուժերը» ստացել էին Մոսկվայի համաձայնությունը՝ 1998-ի իշխանափոխության վերաբերյալ:
Կարծո՞ւմ էր Ռուսաստանը, թե հնարավոր է խափանել Ստամբուլի հռչակագրի ընդունումը: Հազիվ թե: Բայց կամակոր-կամակատար երկրի հաշվին կարող էր զիջումներ պոկել իր համար: Ասենք թե՝ Վրաստանից իր զորքերի դուրսբերումը գլխանց ետ գցեր 20 տարով, փոխանակ հիմա Վրաստանի հետ քյալա տար մի 5 տարվա համար: Արեւմուտքի այդ զիջման դիմաց կհամոզեր Հայաստանին՝ էլի ստորագրել փաստաթուղթը կամ սրտանց չէր պնդի…  Բայց դա անցած բան է: Ցավալին այն է, որ Ռուսաստանի չկամությունը կարող էր ոգեւորած լինել Դեմիրճյանին եւ Սարգսյանին: 
Իր համար ամենաանպաստ ելքի դեպքում էլ Ռուսաստանը շահում էր: Այն էր շահում, որ Քոչարյան-Սարգսյան հակառակությանը հետեւում էր դեպքերի տրամաբանությունից բխող հաջորդ քայլը-դավաճան Քոչարյանին փոխարինում էր Վազգեն Սարգսյանը: Էլի նույն իշխանությունն էր լինում-մինուս ղարաբաղցու նեղացածությունը Ռուսաստանից՝ Արցախը Ադրբեջանին վերադարձնելուց հետո: 
Իսկ Մեղրին հասարակության քննարկման դնելը բլեֆ էր: Հիմա հո հասկանալի է, որ Մեղրին նույնիսկ Ալիեւը չի քննարկել: Ղարաբաղցիք իրար մեջ գուցե քննարկել են: Իսկ բլեֆը պետք էր, որպեսզի վերջում պարզվի, որ սուտ է: Եթե սուտ է, ուրեմն Քոչարյան-Վազգեն կոնֆլիկտն էլ սուտ էր: Եվ ապա՝ եթե Մեղրին չտրվեց, Քոչարյանը հերոս է: Վերջապես՝ Ստամբուլի ուրացումը քողարկելու համար:
 Եվ ընդհանրապես, այս երեք տարիների ընթացքում ոչ դրսում, ոչ իշխանության ներսում ոչ մի հարց չի քննարկվել՝ Ստամբուլի փաստաթղթից բացի: 
Եվ ուշադրություն դարձրեք՝ հարյուրամյա Դաշնակցությունը ի՜նչ անամոթությամբ է իր շարքերից ու ժողովրդից թաքցնում իրողությունը: Արեւմտահայերից ու արեւելահայերից հավաքած փողով հրատարակված թերթերում «Հայ դատի» ծխածածկույթ կապել ու քողարկում է Թուրքիայից ու Ադրբեջանից հողային պահանջ ունենալուց պետականորեն հրաժարվելու փաստերը: Ինչ խանդավառությամբ է պաշտպանում հողերը ոչ թե «ծախող», այլ արդեն ծախած մարդուն, որովհետեւ խորն է խրվել իշխանության այն կերատաշտի մեջ, որը զզվելի է միայն, երբ ուրիշներն են խրված լինում: 
Իսկ գուցե արժե՞ր Տեր-Պետրոսյանը ինքը կուսակցություններին կապեր կերի տաշտին՝ հանուն «ազգային համաձայնության»: 
Երեւի խնայեց: Երեւի լուրջ էր կարծում, թե «Դաշնակցությունը ազգային արժեք է»: Երեւի լուրջ էր վերաբերվում քաղաքական օպոզիցիայի անհրաժեշտությանը: Թե չէ, հո չի կարելի մտածել, որ իրեն ենթակա ջահելների չափ էլ խելք չուներ հասկանալու համար, որ բյուջեի չնչինագույն մասն իսկ կհերիքի մի քանի պառավ բանաստեղծուհու բերան փակելու, մի քանի մանր կուսակցություններ իրենով անելու համար: Էլ չեմ ասում՝ գունավոր մետաղի ջարդոնից մի քիչ ետ գցեր՝ մեդալներ ձուլելու համար: 
Կարելի է ողջամիտ գտնվել եւ այլեւս չմտածել, չխոսել այս մասին, մանավանդ որ, անշրջելի է Ստամբուլի անիվը: Մանավանդ որ, այդպես էլ վարվում են բոլոր կուսակցությունները: Կարող կուսակցությունները չեն միջամտում, իշխանության չեն հավակնում ոչ թե այն պատճառով, որ վախենում են, այլ որ առաջնորդվում են «Շունը սատկացնողին են քարշ տալ տալիս» իմաստնությամբ: Ոչ ոք չի ուզում նրանց դե յուրե ծախած հողի դե ֆակտո հանձնողը լինել: Բայց կա մի հանգամանք, որը մնացողներին պիտի խորապես անհանգստացնի: Բանն այն է, որ որեւէ կուսակցություն, նույնիսկ հարյուրամյա, չի կարող 100 տարում 2 անգամ երկիրը հանձնել: Այսինքն կարող է նաեւ երկրորդ անգամ, բայց երեք պարտադիր պայմանով՝    պետք է չկորցնել «համազգային թեկնածուի» վրայից թռչելու պահը պետք է պատմության կեղծումը իրագործել նախապես, ոչ թե դարասկզբի նման հետին թվով.    հողերը պիտի հանձնել միայն արյունով: Սա նշանակում է, որ Ստամբուլի որոշման տեխնիկական մասը չի կարելի իրագործել «պարտվողական» եղանակով եւ հրամայել զորքերը դուրս բերել Ադրբեջանից: Նախ՝ ճիշտ չէ, հետո՝  հրամանը կարող են չկատարել: Այդ պատճառով էլ գործը կձգեն քանի տարի որ հնարավոր եղավ, մինչեւ որ բանակն ու թիկունքը կազմալուծված լինեն: Բայց կազմալուծվելը բավական չէ: Պատմության համար՝ կհրահրվի մի փոքր պատերազմ՝ մի քանի հարյուր կամ մի քանի հազար զոհով, ռազմական օգնություն կխնդրվի հավանական դաշնակից պետությունից, հավանական դաշնակիցը չի գա, եւ կստացվի ամեն անգամվա պես, դաշնակիցները ուխտադրուժ դուրս եկան, իսկ Զոդի ճակատամարտը կարելի է բարոյական հաղթանակ համարել, որովհետեւ թշնամին Էջմիածին չմտավ:
 Այլ հարց է, որ դեռ 5-10 տարի բանակցություններ կվարենք՝ ոսոխի զորքը Զանգեզուրից դուրս բերելու հարցի շուրջ: Այդ ընթացքում Եթովպիայի պառլամենտը կդատապարտի հայերի ցեղասպանությունը, Սփյուռքը ժամանակ առ ժամանակ ցույցեր կանի Ադրբեջանի ու Թուրքիայի դեսպանատների դիմաց՝ զորքերը դուրս բերելու պահանջով… բայց այդ արդեն կլինի ճակատագրի հեգնանքը: Ճակատագիր, որից պրծում չկա․․․ 
Վանո Սիրադեղյան

Գրառումը՝ Վարդ Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *