Հայաստան

Ընդդեմ Պետականության

Պարզվում է սակայն, որ Հայաստանի հասցեին առաջին «ուղիղ մեղադրանքը» գալու է հենց Հայաստանից, հայաստանյան ընդդիմադիր շրջանակներից, այն էլ նախկինում պետական, անվտանգության համակարգի բարձրագույն պաշտոններից մեկը զբաղեցրած անձից՝ «Հայաստանը մասնակցում է տեռորիստական գործողությունների»::

Հակոբ Բադալյան

Քաղաքական մանրախնդրության հակապետական սինդրոմը

Պաշպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ասուլիսում հայտարարել է, թե Հայաստանը փաստորեն ԵԱՏՄ տարածք պայթուցիկ է արտահանում տեռորի համար: Խոսքը վերաբերում է իհարկե Ղրիմի կամրջի հայտնի պայթյունին և դրա քննության արդյունքներին, որի վերաբերյալ արդեն հանրահայատ հաղորդագրությունը տարածվել էր նախօրեին: Եվ ահա, Հայաստանի նախկին կառավարող համակարգում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած անձը շտապում է իր իսկ պետությանը մեղադրել մի բանում, որի մասին որևէ խոսք չկա անգամ ՌԴ ԱԴԾ հայտարարարության մեջ: Դրա մեջ չկա ակնարկ անգամ:

Անկասկած է, որ խնդիրը բավականին լուրջ է և պահանջում է Հայաստանի աչալուրջ և օպերատիվ արձագանքը, ինչը զգալիորեն եղել է, նախօրեին հայտարարություն են տարածել թե գլխավոր դատախազությունը, թե ՊԵԿ-ը, և անկասկած է, որ ներգրավված են ու աշխատում են այլ կառույցներ, այդ թվում բնականաբար ԱԱԾ: Ինչ կպարզվի այդ աշխատանքի ընթացքում, ցույց կտա ժամանակը, հասկանալի դարձնելով, թե որքան է այստեղ իրականությունը, որքան է քաղաքական մոտիվը և շահարկումը: Բայց, միևնույն ժամանակ, գործի մանրամասնների բացահայտումը Հայաստանում հնարավոր որևէ օղակի թերի կամ հանցավոր աշխատանքի ռիսկի առումով, հույժ կարևոր է նաև Հայաստանի անվտանգոության համար:

Այդ ամենին հանգամանալից անդրադարձ կատարեցի նախօրեին, Առաջին լրատվականի երկու հրապարակումներում: Դրանցում իհարկե անդրադարձ կատարեցի հանրային արձագանքի զգոնության, հասարակական-քաղաքական շրջանակների պատասխանատվոության մասին, նկատի ոունենալով և այն, որ տարածված  տեղեկությունը Հայաստանի դեմ օգտագործելու հարցում հատկապես փութաջան են լինելու թե Ադրբեջանը, թե Թուրքիան, թե ռուսական որոշակի տնտեսա-քաղաքական վերնախավային խմբեր, որոնք Հայաստանում տարիներ շարունակ ունեցել են տնտեսական և քաղաքական շահեր, և որոնք խաթարվել են 2018-ին տեղի ունեցած փոփոխություններից հետո:

Պարզվում է սակայն, որ Հայաստանի հասցեին առաջին «ուղիղ մեղադրանքը» գալու է հենց Հայաստանից, հայաստանյան ընդդիմադիր շրջանակներից, այն էլ նախկինում պետական, անվտանգության համակարգի բարձրագույն պաշտոններից մեկը զբաղեցրած անձից՝ «Հայաստանը մասնակցում է տեռորիստական գործողությունների»: Փաստորեն, Հայաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնյան պատրաստ է իր իսկ պետության հասցեին հնչեցնել այդօրինակ «մեղադրանք», որն անկասկած մեծ հաճույքով որսալու են Հայաստանի պետական սուբյեկտության թշնամի կամ հակառակորդ սուբյեկտները: Ավելին, հնչեցվում է «մեղադրանք», որը չունի գործնական, առարկայական, փաստական որևէ հիմք, բացի այն, որ պայթուցիկով բեռն անցել է նաև Հայաստանով, հատել է Հայաստանի սահմանը:

Նույն տրամաբանությամբ, միանգամայն հանգիստ կերպով հնարավոր է մեղադրանք հղել Ռուսաստանին, առ այն, որ Ռուսաստանն է մասնակցել ինքն իր դեմ տեռորիստական գործողության, որովհետև պայթուցիկով լեցուն բեռնատարը հատել է նաև Ռուսաստանի սահմանը, անցել այդ երկրի տարածքով, բեռնաթափվել, հետո դարձյալ բեռնվել և անցել կամրջով: Եվ այդ ամենի մի գոտում, որը փաստացի մերձճակատային է: Եվ, ավելին, Ռուսաստանի զգոնությունը պետք է բազմապատկվեր ոչ միայն պատերազմի հանգամանքով ինքնին, այլ նաև նրանով, որ մինչ այդ ՌԴ տարածքում եղել են նաև որոշակի դիվերսիոն գործողություններ, ինչը պետք է բերեր աչալրջության բազմակի ավելացման: Ըստ այմ, եթե խոսք է գնում «տեռորիզմի մասնակցելու» մասին, ապա այդ մեղադրանքը կարող է տրամաբանական հնչել հենց Ռուսաստանի հասցեին: Բայց, սա չի նշանակում, թե Հայաստանից որևէ մեկը պետք է հնչեցնի այդ մեղադրանքը:

Ի վերջո, Ռուսաստանի և Ռուսաստանի հանրության «ներքին գործն» է, թե ինչպես է ապահովվում անվտանգությունը ՌԴ սահմանից ներս: Հայաստանի գործն ու խնդիրը պետք է լինի Հայաստանի անվտանգությունը, ու այդ թվում նաև Հայաստանի անվտանգությունը այդօրինակ տեղեկատվական և քարոզչական ռիսկերից և գրոհներից պաշտպանելը, Հայաստանն այդօրինակ լրջության հանիրավի կամ մտացածին որևէ մեղադրանքից կամ կասկածից պաշտպանելը: Եթե կլինի իսկապես ծանրակշիռ որևէ փաստ, որը կհաստատի մեղադրանքը, այդ թվում նաև Հայաստանի համար թե անվտանգության, թե քաղաքական-դիվանագիտական ռիսկերով, անկասկած պետք է լինի հանրային-քաղաքական միարժեք  գնահատական և պետք է լինի խստագույն պատասխանատվություն: Բայց, քանի դեռ չկա դրա որևէ հիմք, ապա գերխնդիրը Հայաստանը որևէ հանիրավի մեղադրանքից պաշտպանելն է: Մի բան, որի հարցում Հայաստանում չի կարող լինել նախկին կամ ներկա, չի կարող լինել քաղաքական աջ կամ ձախ, սև, թե սպիտակ, պետք է լինի մեկ նպատակ՝ ինչպես արտաքին որևէ ագրեսիայի պարագայում: Սակայն, դժբախտաբար, Հայաստանում կա քաղաքական մանրախնդրության և հակապետական մտածողության ահռելի պաշար, որը նույնիսկ ավելորդ է դարձնում Հայաստանի տեղեկատվա-քարոզչական թիրախավորման որևէ արտաքին ջանք, ներսում «մեխանիզմը» աշխատում է «անթերի»:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *