Հայաստան

Ռուսները Ծանր Են Տանում Հայաստանի Ինքնուրույնությունը

Բաքուն ուղղակի երկու ամիս չի կրակի առհասարակ, կսպասի այնքան, մինչև առաքելությունը ավարտվի։ Սակայն անգամ նման դասավորվածությանը դեպքում՝ երբ սահմանին ուղղակի հանգիստ է, հայկական կողմը շունչ քաշելու ժամանակ կունենա ու կկարողանա կենտրոնանալ բուն գործընթացների, ոչ թե ադրբեջանական չդադարող հարվածների ու դրանց հետևանքների վրա։

Դավիթ Գրիգորյան

Եվրամիությունը՝ Հայաստանի սահմանին․ առաջին խումբը տեղում է

Երեկ ԵՄ դիտորդական նախնական խումբը ժամանեց Երևան։ Առաջինն այս մասին հայտնեց թվիթում Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ կից հրապարակելով լուսանկար։ Նր գրեց․ «ԵՄ անդամ 27 երկրներն արագ են գործել՝ Հայաստանի հարցմանն արձագանքելու համար։ Դիտորդական խմբի տեղակայման նպատակն է լինելու վերահսկել իրավիճակը և աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կայունացմանը»,- հաղորդեց Կլաարը։

Հիշեցնեմ, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։ Արդեն այսօր հայտնի դարձավ, որ առաքելության ժամանման կոնտեքստում հեռախոսազրույց են ունեցել ԱԳ նախարար Միրզոյանն ու Բորելը։ Զրուցակիցները քննարկել են Պրահայում ձեռքբերված պայմանավորվածության համաձայն իրականացվելիք ԵՄ քաղաքացիական առաքելության լիազորություններին, գործունեությանը և տեղակայմանը վերաբերող հարցեր: Կարիք կա նաև հիշեցնել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՊՀ գագաթնաժողովում հայտարարել էր, որ Պրահայում կտրականապես մերժել է Ադրբեջան առաքելություն ուղարկելու Եվրամիության փորձը.

Նա ասել է, որ ժամեր տեւած բանակցությունների արդյունքում միայն, իբրև ադրբեջանական ջանքերի շնորհիվ, որոշում կայացվեց հայ-ադրբեջանական սահմանի՝ Հայաստանի տարածք ուղարկել Եվրամիության, այն էլ 40 հոգուց բաղկացած քաղաքացիական առաքելություն։ Սրանով Ալիևը Աստանայում փորձել է ցույց տալ, որ արել է բացարձակապես ամեն ինչ, որպեսզի օտարի ոտքը չկպնի ՌԴ-ի ազդեցության գոտի՝ կարծես սիրաշահելով Պուտինին։ Թեպետ Ալիևը գոհունակություն է հայտնել, թե եթե այդ առաքելության ժամանումն օգնելու է դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացին՝ ապա իրենք կողմ են առաքելության ժամանմանը։ Նա նաև հավելել է, թե նախնական 40 հոգանոց առաքելության թվակազմն ավելացել է տասով՝ հասնելով 50-ի։ Բաքվի, չակերտավոր խրոխտը գլուխը գովացել է, թե եվրոպացիները թեպետ փորձել են ամեն բան անել՝ դիտորդներին նաև Ադրբեջանի տարածքում տեղակայելու համար, սակայն ինքը՝ Ալիևը, մերժել է բոլոր տեսակ առաջարկները։ Նա մասնավորապես ասել է․ «Այդ առաքելությունը ադրբեջանական կողմ ուղարկելու փորձ է եղել, ինչը մեր կողմից վճռականորեն մերժվել է։ Ուստի առաքելությունը կտեղակայվի Հայաստանի տարածքում՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում»,- նշել է Ալիևը։

Այսկերպ Ալիևը կրկին փորձել է, փաստորեն ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների մոտ ներկայացնել որպես օտար, ինչը, ազնիվ լինենք, ճշմարիտ է։ Սակայն այս քայլով վերջինս նպատակ է ունեցել ՀԱՊԿ-Հայաստան կապերի միջև արդեն իսկ խրված սեպը խորացնել՝ ցույց տալով, որ Հայաստանը չի ճանաչում ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների կամքն ու հզորությունները։

Ինչևէ, ԵՄ առաքելության ժամանումը առանձին ծանր են տանում նաև Ռուսաստանում։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան էր նախօրեին ոչ դիվանագիտական մոտեցմամբ բողոքել եվրոպացիներինց՝ ասելով, թե Մոսկվան տեսնում է Եվրոպական Միության հերթական փորձերը՝ ամեն գնով միջամտելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, դուրս մղելու Ռուսաստանին:

Որքան էլ Մոսկվան ծանր տանի այս փաստը՝ միևնույն է, թեկուզ փորքթիվ, թեկուզ քաղաքացիական, բայց առաքելությունը ժամանելու է։ Այն գործելու է երկու ամիս։ Հստակ չէ, թե որտեղ ու որ ուղղություններով է այն տեղակայվելու։ Հավանաբար այն ուղղակիորեն աշխատելու է պաշտպանության նախարարության ու սահմանապահների հետ։ Բայց քանի որ ադրբեջանական ագրեսիայի աշխարհագրությունը շատ է ընդլայնվել՝ ամենայն հավանականությամբ առաքելությունը կիրականացվի շրջիկ կամ օպերատիվ խմբերով, որոնք հարկ եղած դեպքում շտապ կհասնեն ադրբեջանական հերթական սադրանքի վայր՝ մշտադիտարկելու ադրբեջանական զինված ուժերի գործողությունները։

Հավանական է նաև այլ բան․ Բաքուն ուղղակի երկու ամիս չի կրակի առհասարակ, կսպասի այնքան, մինչև առաքելությունը ավարտվի։ Սակայն անգամ նման դասավորվածությանը դեպքում՝ երբ սահմանին ուղղակի հանգիստ է, հայկական կողմը շունչ քաշելու ժամանակ կունենա ու կկարողանա կենտրոնանալ բուն գործընթացների, ոչ թե ադրբեջանական չդադարող հարվածների ու դրանց հետևանքների վրա։ Դիվանագիտական կորպուսը զբաղված կլինի ոչ թե ադրբեջանական ագրեսիան միջազգային կառույցներին հասցնելով, այլ առկա գործընթացները համակարգելով։ Այս առաքելությունը պարզապես թարմ օդ է, հանգիստ շնչելու երկամսյա հնարավորություն։ Այլ հարց է, թե ինչպես են այս միջազգային ներկայությունը հետագայում կապիտալիզացնելու մերոնք։ Ամեն դեպքում՝ այս պահին Հայաստանի ղեկավարը գտնվում է մեծամասամբ թյուրքալեզու պետությունների ղեկավարների ընկերակցության մեջ՝ Աստանայում։

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *