Հայաստան

«Վալդայ-Սոչի» Տրանզիտ…

Հայաստանի իշխանությունները դեմոնստրացնում են մեր սուվերենությունն ու ինքնաբավությունը:
Ասած ժողովրդի՝ սկսել են ատամ ցույց տալ ու բացահայտ դժգոհություն հայտնել այս կամ այն դեպքի կապակցությամբ:

Դավիթ Կարապետյան

Ինչեր ասես, որ չենք տեսնում ու լսում:

Այս շաբաթն էլ հագեցած էր էքսցենտրիկ դրվագներով:

Զատուլինին հայտարարեցին «Persona non grata / անցանկալի անձ»՝ արգելելով այսուհետ նրա մուտքը Հայաստան:
Նույն կերպ՝ Մարգարիտա Սիմոնյանին, Անդրանիկ Միհրանյանին:

Կարծում եմ՝ «մերժում ենք ձեզ» շքերթը դեռևս կշարունակվի:

Իսկ Զախարովան, իրեն ոչ բնորոշ սրտաճմլիկ ու հոգեթով բառամթերքով է հանդես գալիս՝ եղբայրական Հայաստանին գովերգելիս:
Վստահեցնում, «որ արտաքին ուժերին չի հաջողվի գժտեցնել Մոսկվային ու Երևանին»…

Դե իսկ «Վալդայ» բանավեճային ակումբում էլ Պուտինն է մի պուտ խոսքով բազմաշերտ վերլուծություն անելու առիթ տալիս:

Ու այսպիսի «խայտաբղետ» իրադարձությունների տեղատարափից փորձում ես վերծանել յուրաքանչյուրի ասածների ու արածների տրամաբանությունն ու հետին մտքերը…

Այսպիսով՝ այս «վինիգրետից» կարելի է ենթադրել հետևյալը:

Հայաստանի իշխանությունները դեմոնստրացնում են մեր սուվերենությունն ու ինքնաբավությունը:
Ասած ժողովրդի՝ սկսել են ատամ ցույց տալ ու բացահայտ դժգոհություն հայտնել այս կամ այն դեպքի կապակցությամբ:

Լավ է, ողջունելի է…
Պետք է հարգել տալ, եթե ոչ քեզ, ապա գոնե՝ քո պետությանը:
Վատ է, եթե նման քայլերն ու հնարավոր ռիսկերը հաշվարկված չեն:
Չնայած՝ պետությունն ու պետականությունը հարգել տալու համար գրողի ծոցը թող գնա ցանկացած ռիսկ ու հաշվարկ…

Եթե Կոնստանտին Զատուլինի հետ կապված, համենայն դեպս, վերապահում ունեմ, ապա տիկին Զախարովայի վերջին հայտարարության մասով կասեմ հետևյալը.
Եղբայրական Հայաստա՞ն… միթե՞…
Ո՞վքեր են այդ արտաքին ուժերը, որոնք գժտում են Մոսկվային ու Երևանին…
Եվ հետո.
Դուք ինքներդ հավատարի՞մ եք ձեր եղբայրական ու դաշնակից երկիր Հայաստանին:
Դուք պայքարու՞մ եք այդ արտաքին ուժերի դեմ, որոնք փորձում են պատնեշ ու անջրպետ ստեղծել մեր միջև:

Ինչպես ես, այնպես էլ շատերը խիստ կասկածում ենք այս հարցերում ու հատկապես՝ ձեր անկեղծությանը:

Ձեր եղբայրական երկրի սուվերեն տարածքը ամենօրյա ռեժիմով կրակահերթի տակ է, մի շարք տարածքներ էլ՝ օկուպացված:
Էլ չեմ խոսում զոհերի, գերիների ու անհետ կորածների մասին:

Իսկ դուք լուռ հետևում եք, բայց բարձր կոչեր անում, մերթընդմերթ էլ խոսում՝ եղբայրական Հայաստանին «հարեհաս» լինելուց, նրան սատար կանգնելուց:

«Հարգելի՛ս», դուք Ձեր հազարամյա պատմության մեջ թույլ տվեցիք աշխարհաքաղաքական մեծ սխալ, երբ կարող էիք, բայց չկանխեցիք 2020 թվականի ադրբեջանական ագրեսիան Արցախի դեմ:
Ի դեպ, որի արդյունքում Հարավային Կովկասում որպես նոր խաղացող հայտնվեց Թուրքիան:

Դուք ոչ մի քայլ չարեցիք՝ կանխելու Ադրբեջանի ագրեսիան ՀԱՊԿ-ի անդամ և ձեր դարավոր դաշնակից, եղբայրական Հայաստանի նկատմամբ, արդյունքում՝ Հարավային Կովկասում առաջացավ թուրք-ադրբեջանական նոր դաշինք, որն ի դեպ, ավելի շատ հակառուսական կոնտեկստ ունի։

Այնպես որ՝ «Боже спаси нас от друзей, от врагов мы сами спасёмся»…

Իսկ «Վալդայում», Պուտինի՝ հայտնի արտահայտությունների մասով, կասեմ հետևյալը.

Երբ Պուտինն ասում է՝ «Ռուսաստանը տարիներ շարունակ Հայաստանին առաջարկում էր լուծել Ղարաբաղի հարցը՝ Բաքվին փոխանցելով 7 շրջաններից 5-ը, իսկ Քարվաճառի ու Քաշաթաղի շրջանները պահել, որպես կապի ապահովում Արցախի հետ, բայց Երևանը չհամաձայնեց ու գնաց իր ճանապարհով»՝ նա խոսում էր հանրությանն ի վերուստ հայտնի՝ առանց ռազմական բաղադրիչով «Լավրովյան պլանից»:

Այո, նման բան եղել է:
Մեր բոլոր ղեկավարների օրոք նման առաջարկ եղել է:

Այդ առաջարկին կից եղել է առաջարկ, որ նման համաձայնության դեպքում էլ Արցախը պետք է ստանար անկախություն:

Ասեմ, որ այս առաջարկին Ադրբեջանն իր համաձայնությունը չի տվել:
Իսկ Սերժ Սարգսյանը՝ ըստ արժանահավատ աղբյուրների ու Կազանյան գործընթացի, դրան համաձայնել է:

Այնպես, ինչպես իր անվտանգության ապահովման համար ստիպված հրաժարվել է ԵՄ-ի հետ ասոցացումից, մտել է ԵԱՏՄ, ընդունել Հայաստանում ռուսական գազային մենաշնորհը, նրան հանձնել երկրի ամբողջ էներգետիկան:

Այնպես որ, երբ Պուտինն ասում է, թե «Հայաստանը Արցախի հարցում բանակցությունների ժամանակ հրաժարվել է ընդունել Ռուսաստանի առաջարկը և վերադարձնել 5 շրջաններն Ադրբեջանին, դրա համար էլ սկսվել է պատերազմը»՝ այդկերպ ոչ կոնստրուկտիվ լենելու մեջ մեղադրելով Հայաստանի բոլոր նախկին ու ներկա ղեկավարներին՝ բացահայտ խեղաթյուրում է փաստերը, քանի որ, թե՛ Տեր-Պետրոսյանը, թե՛ Քոչարյանը, թե՛ Սարգսյանը, թե՛ Փաշինյանը համաձայն են եղել այդ տարբերակին:
Ադրբեջանն է միշտ մերժել այդ առաջարկը։

Եվ հետո, նա այս խոսքով հասկացրեց, որ ՌԴ-ն երբեք չի երաշխավորել նախապատերազմյան ստատուս-քվոյի պահպանումը, իսկ նման վատ սցենարով վերջնարդյունքի համար պատասխանատվության պետք է կանչել նախկին ու ներկա իշխանություններին, այլ ոչ թե մեղքը բարդել Ռուսաստանի վրա:

Այսկերպ, ստեղծված իրավիճակի պատասխանատվության բեռը Պուտինը հմտորեն դնում է Հայաստանի վրա՝ այսպիսով լեգիտիմացնելով Ռուսաստանի հակադաշնակցային վարքագիծը:

Ինչ վերաբերում է Պուտինի՝ «Ո՞ր տարբերակը ընտրել, դա պետք է որոշի Հայաստանը, հայ ժողովուրդը և հայաստանյան ղեկավարությունը:
Մենք ոչ մի տարբերակ չենք պարտադրում, այլ աջակցելու ենք հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը», ապա ասեմ, որ հաճելիների շարքից է, բայց խիստ կասկածում եմ, որ նա այդ հարցում այդքան լոյալ գտնվի:

Համենայն դեպս, նա Սոչիի հանդիպմանն ընդառաջ, փոքր ինչ հստակեցրեց իր դիրքորոշումը, որն ի դեպ, ինչ-որ տեղ մեզ ձեռնտու է:

Այն է՝ Արցախի հարցը լուծված չէ, իսկ լուծումը թողնվում է հետագային:
(Ի դեպ, նորություն չէ, որ Ռուսաստանին ձեռնտու չէ այս կոնֆլիկտի վերջնական լուծումը)…

Այդ իսկ պատճառով Փաշինյանը խոսեց Պուտինի՝ դեռևս սեպտեմբերին տված խոստումը պահելու մասին՝ հույս հայտնելով, որ Սոչիում վերջինս չի դրժի իր առաջարկած տարբերակը, կամ որ կարծիքափոխ չի լինի:
Եվ որ Հայաստանը հավատարիմ է սեպտեմբերի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման ուղղությամբ ՌԴ-ի կողմից ներկայացված այլ սկզբունքներին և պարամետրերին:

Պուտինը գիտի, որ մեզ համար իրենց առաջարկները ընդունելի են, ադրբեջանցիների համար՝ ընդհակառակը…
Հետևաբար՝ մեր իշխանությունները հուսով են, որ Պուտինը կպնդի իր առաջարկությունները և կհամոզի Ալիևին համաձայնել։

Ի դեպ, այս կապակցությամբ Արևմուտքն իր դիրքորոշում կհայտնի ամսի 31-ի հանդիպման արդյունքներից անմիջապես հետո:
Չի բացառվում, որ նրանց կարծիքները համընկնեն ՌԴ-ի առաջարկած ու մեզ ձեռնտու վիճակի հետ…

Իսկ Պուտինի՝ «Հայաստանը մեր ռազմավարական կոլեգան է, դաշնակիցն է և մենք զգալի չափով, աչքի տակ ունենալով նաև Ադրբեջանի շահերը, պետք է ուղղորդվենք դրանով», կրկին հաճելիների շարքից է, որի հիմքում տեսականորեն ընկած են դաշնակցային հարաբերությունները, սակայն գործնականում՝ ձայն բարբառո անապատի…

Իսկ ընդհանուր առմամբ, նրա երկակի ստանդարտներով խոսքի մեջ կային սաբոտաժի, սպառնալիքի ու շանտաժի երանգներ ևս:
Շատ հնարավոր է, որ այս խոսքերն ընդամենը իմիտացիա էին ու բլեֆ:

Ավելին՝ դեռ հարց է՝ արդյո՞ք «կմարսենք» նման լոյալությունը, որը համենայն դեպս, դրսևորեց Պուտինը:
Վերջինս հստակ հասկացրեց, որ փորձեք հանկարծ մեզ փոխարինել Վաշինգթոնով, կամ ընդունել նրանց առաջարկած տարբերակը, որն ի դեպ, ըստ նրա՝ հաստատում է Արցախի պատկանելիությունը Ադրբեջանին…

Պետք չէ մոռանալ, թե ինչպես Պուտինը երկու տարի առաջ հստակ ասեց, որ «Արցախը Ադրբեջան է»:
Չնայած, որ տրված ուղիղ հարցին այլկերպ չէր էլ կարող պատասխանել:

Ինչևէ, պետք է ընդունենք, որ ամեն դեպքում յուրաքանչյուրը շարժվում է իր շահերով ու դոկտրինով:
Իսկ հատկապես Ռուսաստանն այդ հարցում բացառություն չէ:

Այնպես որ, Ռուսաստանն իր շահերից ելնելով՝ կարող է թե՛ մեզ, և թե՛ մեր թշնամուն, երբ նպատակահարմար համարի զինել, զենք վաճառել երկուստեք:
Ավելին՝ եկած տեղն էլ սպառազինության դիմաց գումարը վերցնի, բայց այն չտրամադրի…

Արևմուտքն իր հերթին, իր շահերից ելնելով՝ կարող է մեր գլխի տակ «փափուկ բարձ դնել», երաշխիքներ տալ, հակառուսական տրամադրություններ գեներացնել ու հետո՝ ինչ-որ գործարքի ժամանակ կամ ճակատագրական պահի փաստի առաջ կանգնեցնելով պարզապես թողնել ու գնալ:

Դե իսկ Թուրքիան ու Ադրբեջանն էլ իրենց շահերից ելնելով, ինչեր ասես կարող են խոստանալ, բայց ցանկացած հարմար առիթի դեպքում մեծագույն հաճույքով պատրաստ են մեզ մինչև վերջ կոտորել:

Այնպես որ, ոչ մեկին ապրիորի վստահել չի կարելի:
Առավել ևս այն պարագայում, որ մենք ինքներս, թե՛ նախկին և թե՛ ներկա մեր իշխանություններին նույնիսկ չենք կարող հաստատակամ վստահել…
Եվ դրա համար ունենք լուրջ պատճառներ ու հիմքեր:

Իսկ Սոչիի հանդիպումից հետո, երբ հանկարծ ակնկալիքներն ու հույսերը չարդարանան, չի բացառվում, որ Փաշինյանը իր դեմքը փրկելու համար, ապակողմնորոշելով սեփական հանրությանն՝ ասի, թե ինքը համաձայն էր ռուսական տարբերակին, որի մասին հրապարակավ ասել է, բայց Մոսկվան չպահեց իր խոսքը:
Ավելին՝ որ թուրք-ռուսական դավադրություն կա Հայաստանի դեմ, իսկ այդ պարագայում նա ոչինչ չէր կարող անել:

Սակայն Պուտինը միամիտ չէ, դրա համար էլ նման բանը հետագայում բացառելու ու իրեն նման խոսակցություններից ապահովագրելու համար, որպես նախադրյալ հատուկ շեշտեց, որ իր խոսքով նա դիմում է հայ ժողովրդին ու ասում, որ դուք եք որոշում կայացնում, դեռ ժամանակ ունեք:
Հայաստանի ժողովուրդը պետք է ասի, որ համաձայն չէ Արցախի հարցը հիմա քննարկել:
Որ ինքը դա կպաշտպանի, իսկ եթե ոչ, կհարգի երկու կողմերի որոշումը:

Իսկ առհասարակ, մեր իշխանությունների՝ երկու ֆրոնտով բացահայտ աշխատելը շատ վտանգավոր է:

Ինչևէ, ամեն ինչ պարզ կդառնա հոկտեմբերի 31-ի հանդիպումից:

Եթե այդ օրը Պուտինը պահի իր «խոստումը»՝ ստիպելով Ադրբեջանին ընդունել իր պլանը, ապա բացի այն, որ Արցախի կարգավիճակի հարցը կրկին անորոշ ժամամակով կհետաձգվի ու կմնա հետագայում, Արցախում ռուսական ռազմական կոնտինգենտն էլ իր հերթին ևս, գալիք 5 տարիներին կմնա Արցախում:

Համենայն դեպս, հակված եմ պնդել, որ ամեն դեպքում ՌԴ-ն չի դուրս գալու Արցախից:

Իսկ եթե Պուտինը հրաժարվի իր «խոստումից», ապա դա կարող է նշանակել այն, որ վերջինս Ալիևի հետ եկել է համաձայնության, որի արդյունքում ռուսական կոնտինգենտը դուրս է գալու Արցախից, ըստ այդմ՝ կոնֆլիկտն էլ համարվելու է հանգուցալուծված:

Իսկ այս պարագայում, մեզ համար մեծ հաշվով մեկ է լինելու, ու տարբերություն չի դրվելու, թե հիմա գործարկվեց Պուտինի՞, թե՞ Վաշինգթոնի պլանը, քանի որ որպես վերջնարդյունք՝ Արցախը մնում է Ադրբեջանին:

Ինչևէ, տրամադրվենք լավատեսությամբ ու ակնկալենք լավ վերջնարդյունք:

Աստված մեզ հետ:

Գրառումը՝ Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *