Շատ ձեւակերպումներ, որ նախապես համաձայնեցվել եւ ամրագրվել էին հայտարարության տեքստում մասնագետների մակարդակում, դուրս են մնացել երեք երկրների ղեկավարների մակարդակով համաձայնեցված վերջնական տարբերակից:
Հակոբ Բադալյան
Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած բանակցային բազմաձևաչափ քննարկումներից հետո, որոնք ամփոփվեցին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջին դեմքերի եռակողմ հանդիպումով, տարածվեց այդ հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարությունը, որը փաստորեն 2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր երեք ղեկավարների ստորագրությամբ արդեն չորորդ հայտարարությունն է՝ նոյեմբերի 9, 2021 թվականի հունվարի 11 և նոյեմբերի 26, և այժմ արդեն 2022 թվականի հոկտեմբերի 31: Ընդունված հայտարարությունը հղում է անում նախորդ երեքին, արձանագրելով «հավատարմությունը» այդ պայմանավորվածությունների «անվերապահ կատարմանը» և միաժամանակ նշելով, որ «համաձայնել են գործադրել լրացուցիչ ջանքեր, որոնք ուղղված կլինեն մնացած խնդիրների անհետաձգելի լուծմանը, ներառյալ հումանտիար բլոկի հարցերը»:
Այստեղ անկասկած ներառվում է նաև հայ գերիների վերադարձի հարցը, ինչը իհարկե հույժ կարևոր է: Միևնույն ժամանակ սակայն, այդ արձանագրումներով հանդերձ, առանցքային հարցը այն է, թե՝ նախորդ երեք հայտարարություններից հետո իրողությունների ֆոնին, որքանո՞վ կարող է գործունակ կամ կենսունակ լինեն չորորդը, այն դեպքում, երբ նախորդ երեքը խախտվել են, այն էլ մի քանի անգամ և կոպտորեն: Այդ համատեքստում, մեծ հարցական է առաջացնում նաև հոկտեմբերի 31-ի հայտարարության այն դրույթը, թե՝ «պայմանավորվել են ձեռնպահ մնալ ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից և քննարկել ու լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն ՄԱԿ Կանոնադրության և Ալմա-Աթայի 1991 թվականի Հռչակագրի: Ադրբեջանը ձեռնպա՞հ կմնա ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից, եթե մինչ այժմ իր քաղաքականությունը գործնականում կառուցել է հենց դրա վրա: Ռուսաստանն ի վիճակի՞ է ապահովել այդ պայմանավորվածության իրագործումը: Թե՞ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած «բազմահարկ» բանակցությունն ու եռակողմ նոր հայտարարությունը Ռուսաստանի Դաշնության համար ընդամենը ռեգիոնալ ազդեցության պայքարում սեփական տեղի և դերի ամրացման հարցը լուծելու միտված գործընթաց էր, որն առավել երկարաժամկետ գործողությունների հիմք է, սակայն ամենևին ոչ բացարձակ երաշխիք: Համենայն դեպս, եռակողմ հայտարարության մեջ ներառված է նաև ռուս խաղաղապահների հանգամանքը, որի առնչությամբ նշվում է, որ շեշտադրվել է խաղաղապահ առաքելության պահանջվածությունը՝ ռեգիոնում իրավիճակի կայունության համար:
Միաժամանակ, եռակողմ հայտարարությունն արձանագրում է երկու նոր բաղադրիչ՝ ՌԴ մոդերատորական դերակատարումով: Ըստ հայտարարության, հանդիպման մասնակից կողմերը շեշտադրել են Հայաստանի և Ադրբեջանի միջև դրական մթնոլորտի կարեւորությունը, ինչն ապահովելու համար դիտարկվում է միջխորհրդարանական ձևաչափով՝ ՌԴ միջնորդական մասնակցությամբ եռակողմ շփումների միտքը, և երկխոսությունը հասարակական շրջանակների և կրոնական առաջնորդների մակարդակով՝ ռուսական միջնորդությամբ: Վերջում արձանագրվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ողջունել են Հարավային Կովկասի կայունության և ծաղկման համար Հայաստանի և Ադրբեջանի հարաբերության կարգավորմանը համակողմանի նպաստելու ՌԴ պատրաստակամությունը: Մի կողմից բավականին պարզ է եռակողմ չորորդ հայտարարության շարադրանքը, մյուս կողմից իհարկե ինչպես նախորդ երեքը, այն՝ առավել եւս այդ նախորդների «հարաբերական» ընթացքի ֆոնին, առաջացնում է բազմաթիվ հարցեր և պարունակում հարցականներ: Իհարկե դրանք խոստովանել է նաեւ Պուտինը՝ եռակողմ հանդիպման ավարտի իր խոսքում, նշելով, որ ոչ բոլոր հանգամանքներն է հնարավոր եղել համաձայնեցնել և շատ ձեւակերպումներ, որ նախապես համաձայնեցվել եւ ամրագրվել էին հայտարարության տեքստում մասնագետների մակարդակում, դուրս են մնացել երեք երկրների ղեկավարների մակարդակով համաձայնեցված վերջնական տարբերակից: Իհարկե մնում է «գուշակել», կամ սպասել զանազան «արտահոսքերի», թե հատկապես ու՞մ համար անընդունելի կետեր են դուրս մնացել տեքստից, մյուս կողմից տարօրինակ կլիներ, եթե Սոչիի հանդիպումից հետո հայտարարվեր, թե համաձայնեցվել են բոլոր հարցերը: Ավելին, գործնականում, հոկտեմբերի 31-ի հայտարարությունը թերևս այն մասին, որ համաձայնեցված միակ հարցը գուցե այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը չեն գործելու ռեգիոնում Ռուսաստանի շահերի դեմ՝ իսկ միմյանց դեմ կգործեն, թե ոչ, սա արդեն կախված է բոլորովին այլ հանգամանքներից:
Բոլոր դեպքերում, հնարավոր չէ իհարկե պնդել այդ գնահատականը, քանի որ ի վերջո իրադարձությունների հերթական զարգացումը ցույց կտա՝ Սոչիում «մու՞կ» է ծնվել, թե՞ «լեռ»: Դա առաջինն ըստ ամենայնի կփորձի Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ, որը մոդերատորության աշխույժ ձեռնոց է նետել Ռուսաստանին և Սոչիի հանդիպմանը զուգահեռ ռեգիոնալ այցով Կովկաս է ժամանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի ու Եվրասիայի բյուրոյի ղեկավարը: Մյուս կողմից, կարծես թե նկատելի է, որ այս «պարտիան» Ռուսաստանը խաղում է Իրանի հետ, որը Սոչիի հանդիպումներին զուգահեռ տաչածեց տեղեկություն, որ նոյեմբերի 1-ին Թեհրան կայցելի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ իրանական մեդիայի, նրա այցի ընթացքում նախատեսվում է նաև փաստաթղթերի ստորագրում: Միաժամանակ, ինչպես նկատել էի առավոտյան անդրադարձում, ուշադրության էր արժան Սոչիից առաջ Իրանի արտգործնախարարի հեռախոսազանգը Բաքու, որի ընթացքում նա խոսելով Բայրամովի հետ հայտնել էր, որ Իրանը դեմ է ռեգիոնալ հարցերի լուծմանն օտար տերությունների ներգրավմանը: Անկասկած է, որ պայքարը ոչ միայն ավարտված չէ, այլ թերևս մտնում է նոր փուլ:
Հոդվածը՝ 1in.am կայքից։