Շատ ձեւակերպումներ, որ նախապես համաձայնեցվել եւ ամրագրվել էին հայտարարության տեքստում մասնագետների մակարդակում, դուրս են մնացել երեք երկրների ղեկավարների մակարդակով համաձայնեցված վերջնական տարբերակից:
Հակոբ Բադալյան
Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած բանակցային բազմաձևաչափ քննարկումներից հետո, որոնք ամփոփվեցին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջին դեմքերի եռակողմ հանդիպումով, տարածվեց այդ հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարությունը, որը փաստորեն 2020 թվականի նոյեմբերի 9‑ից ի վեր երեք ղեկավարների ստորագրությամբ արդեն չորորդ հայտարարությունն է՝ նոյեմբերի 9, 2021 թվականի հունվարի 11 և նոյեմբերի 26, և այժմ արդեն 2022 թվականի հոկտեմբերի 31: Ընդունված հայտարարությունը հղում է անում նախորդ երեքին, արձանագրելով «հավատարմությունը» այդ պայմանավորվածությունների «անվերապահ կատարմանը» և միաժամանակ նշելով, որ «համաձայնել են գործադրել լրացուցիչ ջանքեր, որոնք ուղղված կլինեն մնացած խնդիրների անհետաձգելի լուծմանը, ներառյալ հումանտիար բլոկի հարցերը»:
Այստեղ անկասկած ներառվում է նաև հայ գերիների վերադարձի հարցը, ինչը իհարկե հույժ կարևոր է: Միևնույն ժամանակ սակայն, այդ արձանագրումներով հանդերձ, առանցքային հարցը այն է, թե՝ նախորդ երեք հայտարարություններից հետո իրողությունների ֆոնին, որքանո՞վ կարող է գործունակ կամ կենսունակ լինեն չորորդը, այն դեպքում, երբ նախորդ երեքը խախտվել են, այն էլ մի քանի անգամ և կոպտորեն: Այդ համատեքստում, մեծ հարցական է առաջացնում նաև հոկտեմբերի 31‑ի հայտարարության այն դրույթը, թե՝ «պայմանավորվել են ձեռնպահ մնալ ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից և քննարկել ու լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն ՄԱԿ Կանոնադրության և Ալմա-Աթայի 1991 թվականի Հռչակագրի: Ադրբեջանը ձեռնպա՞հ կմնա ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից, եթե մինչ այժմ իր քաղաքականությունը գործնականում կառուցել է հենց դրա վրա: Ռուսաստանն ի վիճակի՞ է ապահովել այդ պայմանավորվածության իրագործումը: Թե՞ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած «բազմահարկ» բանակցությունն ու եռակողմ նոր հայտարարությունը Ռուսաստանի Դաշնության համար ընդամենը ռեգիոնալ ազդեցության պայքարում սեփական տեղի և դերի ամրացման հարցը լուծելու միտված գործընթաց էր, որն առավել երկարաժամկետ գործողությունների հիմք է, սակայն ամենևին ոչ բացարձակ երաշխիք: Համենայն դեպս, եռակողմ հայտարարության մեջ ներառված է նաև ռուս խաղաղապահների հանգամանքը, որի առնչությամբ նշվում է, որ շեշտադրվել է խաղաղապահ առաքելության պահանջվածությունը՝ ռեգիոնում իրավիճակի կայունության համար:
Միաժամանակ, եռակողմ հայտարարությունն արձանագրում է երկու նոր բաղադրիչ՝ ՌԴ մոդերատորական դերակատարումով: Ըստ հայտարարության, հանդիպման մասնակից կողմերը շեշտադրել են Հայաստանի և Ադրբեջանի միջև դրական մթնոլորտի կարեւորությունը, ինչն ապահովելու համար դիտարկվում է միջխորհրդարանական ձևաչափով՝ ՌԴ միջնորդական մասնակցությամբ եռակողմ շփումների միտքը, և երկխոսությունը հասարակական շրջանակների և կրոնական առաջնորդների մակարդակով՝ ռուսական միջնորդությամբ: Վերջում արձանագրվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ողջունել են Հարավային Կովկասի կայունության և ծաղկման համար Հայաստանի և Ադրբեջանի հարաբերության կարգավորմանը համակողմանի նպաստելու ՌԴ պատրաստակամությունը: Մի կողմից բավականին պարզ է եռակողմ չորորդ հայտարարության շարադրանքը, մյուս կողմից իհարկե ինչպես նախորդ երեքը, այն՝ առավել եւս այդ նախորդների «հարաբերական» ընթացքի ֆոնին, առաջացնում է բազմաթիվ հարցեր և պարունակում հարցականներ: Իհարկե դրանք խոստովանել է նաեւ Պուտինը՝ եռակողմ հանդիպման ավարտի իր խոսքում, նշելով, որ ոչ բոլոր հանգամանքներն է հնարավոր եղել համաձայնեցնել և շատ ձեւակերպումներ, որ նախապես համաձայնեցվել եւ ամրագրվել էին հայտարարության տեքստում մասնագետների մակարդակում, դուրս են մնացել երեք երկրների ղեկավարների մակարդակով համաձայնեցված վերջնական տարբերակից: Իհարկե մնում է «գուշակել», կամ սպասել զանազան «արտահոսքերի», թե հատկապես ու՞մ համար անընդունելի կետեր են դուրս մնացել տեքստից, մյուս կողմից տարօրինակ կլիներ, եթե Սոչիի հանդիպումից հետո հայտարարվեր, թե համաձայնեցվել են բոլոր հարցերը: Ավելին, գործնականում, հոկտեմբերի 31‑ի հայտարարությունը թերևս այն մասին, որ համաձայնեցված միակ հարցը գուցե այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը չեն գործելու ռեգիոնում Ռուսաստանի շահերի դեմ՝ իսկ միմյանց դեմ կգործեն, թե ոչ, սա արդեն կախված է բոլորովին այլ հանգամանքներից:
Բոլոր դեպքերում, հնարավոր չէ իհարկե պնդել այդ գնահատականը, քանի որ ի վերջո իրադարձությունների հերթական զարգացումը ցույց կտա՝ Սոչիում «մու՞կ» է ծնվել, թե՞ «լեռ»: Դա առաջինն ըստ ամենայնի կփորձի Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ, որը մոդերատորության աշխույժ ձեռնոց է նետել Ռուսաստանին և Սոչիի հանդիպմանը զուգահեռ ռեգիոնալ այցով Կովկաս է ժամանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի ու Եվրասիայի բյուրոյի ղեկավարը: Մյուս կողմից, կարծես թե նկատելի է, որ այս «պարտիան» Ռուսաստանը խաղում է Իրանի հետ, որը Սոչիի հանդիպումներին զուգահեռ տաչածեց տեղեկություն, որ նոյեմբերի 1‑ին Թեհրան կայցելի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ իրանական մեդիայի, նրա այցի ընթացքում նախատեսվում է նաև փաստաթղթերի ստորագրում: Միաժամանակ, ինչպես նկատել էի առավոտյան անդրադարձում, ուշադրության էր արժան Սոչիից առաջ Իրանի արտգործնախարարի հեռախոսազանգը Բաքու, որի ընթացքում նա խոսելով Բայրամովի հետ հայտնել էր, որ Իրանը դեմ է ռեգիոնալ հարցերի լուծմանն օտար տերությունների ներգրավմանը: Անկասկած է, որ պայքարը ոչ միայն ավարտված չէ, այլ թերևս մտնում է նոր փուլ:
Հոդվածը՝ 1in.am կայքից։
