Հայաստան

Դաշնակի՞ց Թե Թշնամի

Ռուսաստանի ռազմական ներկայությունը ոչ միայն չի պաշտպանում Հայաստանը ներխուժումներից և ագրեսիայից, այլև առաջնորդում է դրանք՝ չեզոքացնելով Հայաստանի դիմադրության և 2020 թվականի իրողություններին վերադառնալու հնարավորությունները:

Նաիրա Հայրումյան

ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբh

Ռուսաստանը արդարացնում է իրեն որպես դաշնակից, ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` Պրիմակովյան ընթերցումների շրջանակում պատասխանելով Երեւանի հանդեպ Մոսկվայի դաշնակցային պարտավորությունների մասին հարցին։ «Ռուսաստանի Դաշնությունը պահպանում է իր ռազմական ներկայությունը այստեղ, և դա անվտանգության և հետագա էսկալացիայի կանխման առանցքային գործոն է», ասել է Կոպիրկինը։

Նա կոչ է արել չմոռանալ «գետնի վրա» ռուս խաղաղապահների, զինվորականների գործնական դերի մասին, որոնք կապ են պահպանում բոլոր կողմերի հետ, և որոնց ջանքերը նպաստում են, որ այդ էսկալացիան չլինի և չզարգանա։ «Ես խոսում եմ նաև մեր ներկայացուցիչների՝ թե՛ քաղաքական ղեկավարության, թե՛ տեղում գտնվող զինվորականների դերի մասին սեպտեմբերի 13-14-ը ռազմական գործողությունների դադարեցման գործում», ասել է Կոպիրկինը։

ՌԴ դեսպանի այս հայտարարությունները տրամաբանորեն նշանակում են Ռուսաստանի մասնակցությունը Հայաստանի դեմ ագրեսիային, որովհետեւ նման տպավորիչ ռազմական ներկայությամբ ագրեսիան այլ բան չի նշանակում։ 102-րդ ռուսական բազան տեղակայված է Գյումրիում, ռուսական ռազմաօդային ուժերի ստորաբաժանումը՝ Երևանի Էրեբունի օդանավակայանում, Հայաստանի սահմանները Թուրքիայի և Իրանի հետ հսկում են ԱԴԾ սահմանապահները, իսկ ռուսական զորքերը մտցվել են Արցախ։ Հայաստանն ու Ռուսաստանը ունեն զորքերի միացյալ խումբ և միացյալ հակաօդային պաշտպանություն։ Չհաշված կազակական և այլ ռազմականացված միավորումները։

Ռուսական նման ազդու ներկայությամբ 2020 թվականին ծավալվեց Հայաստանի դեմ Արցախում պատերազմը, հայերի երաշխավորված պարտությամբ եւ ռուսական զորքի մուտքով Արցախ՝ Հադրութն ու Շուշին թուրքերին հանձնելու դիմաց, եւ հայկական օկուպացված Ակնայում ռուս-թուրքական հետախուզական կենտրոնի հիմնմամբ։

2020-ի նոյեմբերի 9-ից հետո ռուսական զորքի նման ազդու ներկայությամբ շարունակվեցին հարձակումներն ու հայկական հողի նոր կտորների յուրացումներն Արցախում և Հայաստանում՝ Հին Թաղեր-Խծաբերդ, Գորիս-Կապան ճանապարհ, Իշխանասար, Փառուխ, Աղավնո-Բերձոր, Ջերմուկ և Սոթք։ Այս իրադարձություններում ռուսական զորքերի դերը Բաքվի զորքերին հայկական նոր տարածքներ հանձնելն էր։ ՌԴ-ն մինչ օրս չի պահանջում Բաքվի զորքերի վերադարձ ելման դիրքեր, գտնելով, որ դրանք սահմանային բախումներ են վիճելի տարածքներում։ Դա նշանակում է, որ ՌԴ-ն չի ճանաչում ՀՀ տարածքը եւ սահմանները։

Այդպիսով, Ռուսաստանի ռազմական ներկայությունը ոչ միայն չի պաշտպանում Հայաստանը ներխուժումներից և ագրեսիայից, այլև առաջնորդում է դրանք՝ չեզոքացնելով Հայաստանի դիմադրության և 2020 թվականի իրողություններին վերադառնալու հնարավորությունները (Բաքուն և Մոսկվան դա անվանում են ռեւանշիզմի ճնշում), ինչպես նաև բացառում է Հայաստանի անվտանգության դիվերսիֆիկացիան: Ինչ վերաբերում է սեպտեմբեր 13-14-ի ագրեսիային եւ դրա ակնկալվող արդյունքին, դա չիրականացվեց Իրանի ու Արեւմուտքի ուժգին հակազդման, եւ ոչ թե ռուս զինվորականների միջամտության արդյունքում։

Ռուսական ռազմական ներկայության մասին Կոպիրկինի հայտարարությունը սպառնալիք է Հայաստանին երեկ Սոչիում կայացած հանդիպման ֆոնին, որտեղ Պուտինը անկեղծորեն հայտարարեց հիմնական նպատակը՝ Եվրոպան չի կարող Ռուսաստանին հեռացնել տարածաշրջանից։ Կոպիրկինը, ըստ էության, շարունակում է ՌԴ նախագահի միտքը՝ եթե Եվրոպան և Հայաստանը ցանկանում են «դուրս մղել» Ռուսաստանին, ապա գործ կունենան Ռուսաստանի «ռազմական ներկայության» հետ։

Բերձորից հետո Ռուսաստանն արդեն իր դեմքով է Հայաստանի դեմ, ռազմական ուժ կիրառելու ուղիղ սպառնալիքով։ Այդ առումով, նա լիովին արդարացնում է իրեն որպես դաշնակից Բաքվին։

Հոդվածը՝ lragir.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *