Սփիւռք

Անվտանգություն Եվ Կողմնորոշում

ՀԱՊԿ-ը մարտական գործողություններից մեկ շաբաթ հետո հայտարարում է, որ քննիչ հանձնախումբ է ուղարկելու, որպեսզի տեղում հասկանան, թե ինչ է կատարվել, ասես տեղյակ չեն թե ինչ, որտեղ և երբ:

Ստեփան Ասդուրյան

1inAm-ը զրուցել է ամերիկահայ պատմաբան, Բերկլիի համալսարանի դասախոս Ստեփան Ասդուրյանի հետ:
Զրույցի հիմնական թեման շոշափել է անվտանգության, արտաքին քաղաքականության մեջ կողմնորոշման և ներքին առումով ազգային-հասարակական-պետական պատրաստվածության ուղղությունները:
Արտաքին քաղաքական կողմնորոշման հեռանկարում տարբեր ուղղություններ են եղել, և հիմա առավել հայտնի ու տարածված է ուժային հարաբերակցության տեսակը: Դրան տարբեր կերպ են անվանում, բայց էությունը նույնն է:
Ընդհանուր առմամբ չկա որևէ կողմնորոշում, որը հարյուր տոկոսանոց անվտանգության երաշխիք կտա ու հենց այդ պատճառով էլ միակողմանիությունն առավել վտանգավոր է:
Ստեփան Ասդուրյանն ասաց, որ հիմա կոնկրետ Հայաստանում սկզբունքային խնդիր է հասունացել այն առումով, որ անվտանգության երաշխիքների ապահովումը ոչ թե ներհայաստանյան ուղղվածության է, այլ արտաքին կողմից ակնկալվող հովանավորչության: Հայաստանում այսօր կան բազմաթիվ լրատվականներ, կուսակցություններ, որոնք կամ ռուսամետ են, կամ ամերիկամետ: Ամերիկամետ հատվածն առաջարկում է միանգամից փոխել ուղղությունը և գնալ ամերիկյան ուղղությամբ, առանց հաշվի առնելու, որ այդ ոչ միայն մեծ բարդությունների հետ է կապված, այլև
կան նաև էական տնտեսական գործոններ, որոնք կարող են խնդիրներ առաջացնել: Օրինակ եթե ռուսների հետ մենք մեր բոլոր կապերը միանգամից ու կոպիտ կերպով կտրենք, ինչպե՞ս ենք այդպես միանգամից էլ ապահովելու այն ողջ ծավալի ներկրումն ու արտահանումը, որ ունենք այս պահին ռուսական շուկայի հետ: Իսկ դա կատակ բան չէ: Եվ նույնպես այն ուժերը, որոնք ռուսական կողմնորոշման ջատագովներն են ու մշտապես պնդել են, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է ու ինչ էլ լինի անհնար է, որ նա որևէ լուրջ մակարդակի ռազմական բախում
թույլ տա Արցախում, հիմա հո տեսնում են, որ ոչ միայն Արցախում ծանր պատերազմ տեղի ունեցավ, դեռ մի բան էլ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք: Այս դեպքում էլ ՀԱՊԿ-ը մարտական գործողություններից մեկ շաբաթ հետո հայտարարում է, որ քննիչ հանձնախումբ է ուղարկելու, որպեսզի տեղում հասկանան, թե ինչ է կատարվել, ասես տեղյակ չեն թե ինչ, որտեղ և երբ: Ստեփան Ասդուրյանն այն միտքը զարգացրեց, որ երեսուն տարում մենք այդպես էլ չկարողացանք իրապես պետություն կառուցել ու բազմաթիվ առումներով արհեստական մնացինք, չգիտակցեցինք պետական մակարդակի լրջություն ասվածը:
Նա համեմատական անցկացրեց Հայաստանի ու Ադրբեջանի կողմից վարվող արտաքին քաղաքականության մեջ վերջին տասնամյակներում: Ադրբեջանը, հատկապես Հեյդար Ալիևի ժամանակաշրջանում բազմակի անգամ ավելի ճարպիկ էր վարում իր արտաքին քաղաքականությունը: Եթե Հայաստանը բավարարվում էր միայն ռուսների վրա հույսը դնելով, Ադրբեջանն աշխատեց շատերի հետ: Արդյունքը եղավ նաև 44 օրյա պատերազում: Ի՞նչ արձագանք ստացանք աշխարհից: Խոշոր հաշվով ոչ մի: Երբ Մակրոնը բազմաթիվ գովեստի խոսքեր էր ասում հայ ժողովրդի
հասցեին և քննադատում էր Ալիևին, ի՞նչ օգուտ տվեց այդ մեզ: Ոչ մի: Որովհետև Ադրբեջանը տարիներ է ի վեր աշխատում է բոլորի հետ: Ինչո՞ւ որևէ երկիր այդ պատերազմի ընթացքում այդպես էլ Հայաստանի կողմը չկանգնեց, որովհետև Ադրբեջանը վաղուց էր նրանցից շատերին գնել իսկ շատերի վրա էլ լավ տպավորություն թողել:
Բազմաթիվ են օտարալեզու ադրբեջանամետ դասախոսությունները, գրքերը, տեսահոլովակները, գիտական ամսագրերն ու հրապարակումները ու դրանք տարածված են ողջ աշխարհով մեկ: Բայց ի՞նչ են հակադրել հայերը:
Գրեթե ոչինչ: Ադրբեջանական տասը գրքի դիմաց մեկ հայկական հոդված լինի-չլինի:
Ասդուրյանը նաև շեշտեց, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանը, ի տարբերություն հայերի ու վրացիների, որոնք էթնիկ խնդիրներ չունեին, սկսեց իր խորհրդային ժառանգության պատմականացումը, այսինքն ամեն կերպ փորձելով հիմնավորել իրենց՝ այս տարածաշրջանում էթնիկական բնիկությունը: Արհեստական Ադրբեջանն ուներ էթնիկական

հաստատման, ինքնաարդարացման խնդիր, և քանի դեռ նրանք զբաղված էին իրենց աղվանական ժառանգորդներ հռչակելով, ինչը տեսնում ենք այսօր հայկական տաճարների մշակութային զավթման գործողություններում, ապա հայերը պարզապես պարապ նստեցին ու ոչինչ չարեցին, հուսալով, որ ամեն բան լավ կլինի:
Մենք նույնիսկ չենք հասկանում, թե այսօր երբ Բայդենը, Մակրոնը կամ մեկ այլ ուրիշը որևէ խոստումներ է տալիս, ինչքանո՞վ են դրանք իրական և հուսալի: Ի՞նչ կարող ենք մենք ակնկալել ու որքանո՞վ վստահ լինենք ու այդ
միջոցում էլ հասցնենք կտրուկ փոխել մեր կողմնորոշումը:
Ինչ վերաբերում է այն թեզին, որ Ռուսաստանը շատ արագ լքում է տարածաշրջանը, Ասդուրյանը ամբողջովին չհամաձայնեց և ասաց, որ դա դեռ պիտի լինի: Մենք չափից ավելի վստահ ենք այնտեղ, ուր հարկավոր է գեթ փոքր ինչ կասկածանքով վերաբերվել:
Ստեփան Ասդուրյանն անդրադարձավ նաև Հայաստան-Սփյուռք կապերին, դրա անհրաժեշտության գիտակցմանն ու նշեց, որ ինքը ևս մասնակից էր վերջերս տեղի ունեցած խորհրդաժողովին: Ուրախալին այն էր, որ մասնակիցների մեծ մասը հանդիսանում էր իր ոլորտի մասնագետ կամ երկար ժամանակ աշխատելու փորձ ուներ: Այն բոլոր հանդիպումներին, որոնց ինքը ներկա էր եղել, շոշափվել էին հստակ կետեր ու հստակ ուղղություններ: Այլ հարց է, թե այդ խորհրդաժողովի արդյունքը ինչ պիտի լինի: Անշուշտ մեկ օրում հնարավոր չէ միանգամից արդյունք քաղել:
Արժեվորել է պետք, բազմաթիվ խորքային հարցեր կան Ինչպես ասում էր Ֆրանսիայի նախագահ Միտերանը. «նույիսկ ժամանակին ժամանակ է պետք»: Այս հանդիպումը հստակ նպատակ ուներ Սփյուռքի մասնագետների հետ աշխատելու և դա շատ լավ է ու հակառակը պնդելն անհեթեթություն է: Պետք չէ դատել, վարկաբեկել: Ցավալի է, որ շատ կարևոր անձինք և կազմակերպություններ չմասնակցեցին: Եթե նրանք ասելիք և ծրագիր ունեն, թող գան և ազատ արտահայտվեն: Պետք է միասնականության հասնել, գոնե նվազագույն չափի, մանավանդ, որ մեր դաշնակիցը
թուրքի հետ է համագործակցում ու մենք հիմա պիտի ըմբռնենք գոնե դա ու համախմբմամբ կառուցենք պետությունը:
Բոլոր հարցերը պետք է թողնել մի կողմ և Հայաստանի ու Արցախի պաշտպանությունը վեր դասել ամեն ինչից: Թող մերժողները գան և իրենց խոսքն ասեն: Ի՞նչ են ուզում: Բացի հուզական խոսքից ոչինչ չունեն: Միայն դավաճան են գոռում ու եթե թեկուզ դա այդպես էլ լինի, թեև այդպես չէ, ապա ո՞րն է նրանց հստակ ծրագիրը:

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *